Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1308
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.05/72(1252) Հոդ.927
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
27.09.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

27 սեպտեմբերի 2016 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա.Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Գևորգյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հունվարի 27-ին Նյու Դելիում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություն կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Քննության առարկա արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2016 թվականի հունվարի 27-ին` Նյու Դելիում, որի նպատակն է փոփոխություն կատարել 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Դելիում ստորագրված և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի ապրիլի 28-ին վավերացված (Ն-094-3 որոշմամբ)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 26-րդ հոդվածում:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Հնդկաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ փոխանակեն, համաձայն կանխատեսումների, համապատասխան տեղեկատվություն (ներառյալ փաստաթղթերը կամ փաստաթղթերի վավերացված պատճենները) Կոնվենցիայի դրույթների կիրառման կամ ներպետական օրենքների կիրառման համար Հայաստանի Հանրապետության կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների անունից կիրառվող ցանկացած տեսակի և նկարագրության հարկի վերաբերյալ` այն չափով, որ չափով հարկումը չի հակասում Կոնվենցիային (Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 1-ին կետը` Արձանագրության I կետի խմբագրությամբ),

- երաշխավորել, որ Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից ստացված որևէ տեղեկություն կհամարվի գաղտնի այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության համաձայն ստացված տեղեկատվությունը, և կհաղորդվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում կամ վերահսկում են Կոնվենցիայի 1-ին հոդվածով նշված հարկերը գնահատելը կամ գանձելը, հարկադիր բռնագանձումը կամ դատական հետապնդումը, բողոքարկումների քննությունը, ինչպես նաև երաշխավորել, որ այդ անձինք կամ մարմինները տեղեկությունը կօգտագործեն միայն այդպիսի նպատակների համար (Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 2-րդ կետը` Արձանագրության I կետի խմբագրությամբ),

- Կոնվենցիայի 26-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ եթե Հնդկաստանի Հանրապետությունը տեղեկատվություն է պահանջում, ապա օգտագործել տեղեկատվության հավաքման միջոցները՝ ստանալու համար պահանջված տեղեկատվությունը, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետության հարկային նպատակների համար չկա այդպիսի անհրաժեշտություն (Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ կետը` Արձանագրության I կետի խմբագրությամբ):

Արձանագրությունը պարունակում է նաև դրույթներ Արձանագրության ուժի մեջ մտնելու և անհրաժեշտության դեպքում այն մեկնաբանելու վերաբերյալ:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և միտված են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի հունվարի 27-ին Նյու Դելիում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություն կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

27 սեպտեմբերի 2016 թ.

ՍԴՈ-1308

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան