Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2004.09.07/3(11) Հոդ.331
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.07.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011402

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հուլիսի 2011 թ.

թիվ 190-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել բանկերի միացման գործընթացի ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից այդ գործընթացի արդյունավետ վերահսկողությունը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 68-րդ, 69-րդ հոդվածները, «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի միացման կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի մարտի 19-ի «Բանկերի միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնության ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող միացման ծրագրում ընդգրկվող տեղեկությունների ցանկը» թիվ 68-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. հուլիսի 22
ք. Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հուլիսի 17-ի

թիվ 190-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից միացման պայմանագրի կնքման նախնական հավանություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացվող տեղեկությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, միացման պայմանագրի հաստատման համար ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, հաստատված փոխանցման ակտի և պահպանվող բանկի կանոնադրությունը կամ կանոնադրության փոփոխությունները և լրացումները գրանցելու համար այդ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը, ինչպես նաև միացման մասին հայտարարության հրապարակման կարգը:

2. Սույն Կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում՝ համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը» կանոնակարգ 1-ի (այսուհետ` Կանոնակարգ 1) գլուխ 1-ով սահմանված կարգի:

(2-րդ կետը խմբ. 15.07.14 թիվ 191-Ն)

2.1. Նախկինում ղեկավարի վերաբերյալ Կանոնակարգ 1-ի Հավելված 11-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը Կենտրոնական բանկ ներկայացրած լինելու դեպքում ղեկավարի գրանցման համար կրկին ներկայացվում է Կանոնակարգ 1-ի Հավելված 11-ի միայն 3.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 3.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է:

(2.1-ին կետը լրաց. 15.07.14 թիվ 191-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

3. Միացման պայմանագրի կնքմանը Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու նպատակով միացման մասին որոշման ընդունումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում միացող և պահպանվող բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

1) միացման նախնական հավանություն ստանալու վերաբերյալ դիմում` համաձայն Հավելված 1-ի,

2) միացման մասին միացող և պահպանվող բանկերի կառավարման իրավասու մարմինների որոշումները,

3) գործարքի էական պայմանները ներկայացվում են միացման պայմանագրի նախագծում ներառման միջոցով, որում ընդգրկվում են նաև հետևյալ տեղեկությունները.

ա. միացող և պահպանվող բանկերի անվանումները և գրանցման տվյալները,

բ. միացման կարգը, պայմաններն ու ժամկետները,

բ.1. միացող բանկի բաժնետոմսերի (բաժնեմասերի) և այլ արժեթղթերի փոխարկման (դրանց դիմաց հատուցման) կարգը` բանաձևային կամ այլ ստանդարտ ձևով: Ընդ որում, նշված կարգի համաձայն կարող է նախատեսվել միացող բանկի բաժնետոմսերի (բաժնեմասերի) դիմաց պահպանվող բանկի բաժնետոմսերի (բաժնեմասերի) տրամադրում, այլ արժեթղթերի տրամադրում և(կամ) դրամական (փողային) հատուցման տրամադրում միացող բանկի բաժնետերերին, 

գ. միացող և պահպանվող բանկերի բաժնետոմսերի (բաժնեմասերի) դիմաց շահութաբաժիններ (շահույթ) ստանալու կարգը և պայմանները,

դ. համատեղ ժողովում քվեարկության և որոշումների ընդունման կարգը,

ե. միացմանը մասնակցող բանկերի համատեղ ժողովի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը,

զ. կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

է. դրույթ կողմերի պարտավորության մասին, համաձայն որի` կողմերը կապահովեն, որպեսզի պայմանագիրը Կենտրոնական բանկի հաստատմանը ներկայացնելու պահին առկա չլինեն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը,

ը. այլ տեղեկություններ` միացմանը մասնակցող կողմերի հայեցողությամբ:

4) Միացման արդյունքում պահպանվող բանկի առաջիկա երեք տարիների տնտեսական ծրագիրը, որը ներկայացվում է համաձայն Կանոնակարգ 1-ով սահմանված Հավելված 4-ի:

5) Պահպանվող բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ այլ մասնակցություն ձեռք բերող անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացվում են համաձայն Կանոնակարգ 1-ի:

6) Միացման հիմնավորումը, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա. միացման անհրաժեշտության ու նպատակի հիմնավորում,

բ. պահպանվող բանկի կանխատեսումները, թե, արդյոք, միացման արդյունքում ձեռք չի բերում որևիցե ոլորտում գերիշխող դիրք (կոնկրետ հաշվարկներով),

գ. հիմնավորում, որ նախատեսվող գործարքը կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը և հաճախորդների շահերի ոտնահարում տեղի չի ունենա (կոնկրետ հաշվարկներով):

7) Միացման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ միացող և պահպանվող բանկերի հաշվապահական հաշվեկշիռը, վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի, հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվական ձևերը` համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի պահանջների:

8) Անկախ աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը՝ միացման պայմանագրի նախագծի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվների պահանջներին միացման արդյունքում պահպանվող բանկի համապատասխանության մասին:

9) Փոխանցման ակտի նախագիծը:

10) Պահպանվող բանկի կանոնադրության փոփոխության դեպքում` պահպանվող բանկի նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրության նախագիծը կամ կանոնադրության լրացումների ու փոփոխությունների նախագիծը, պահպանվող բանկի ներքին կազմակերպական կառուցվածքը` սխեմատիկ տեսքով:

11) Միացման արդյունքում պահպանվող բանկի ղեկավարների փոփոխության դեպքում նոր ղեկավարների մասին Կանոնակարգ 1-ի Հավելված 10-ով սահմանված դիմումը և Հավելված 11-ով սահմանված տեղեկանքը:

12) Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի գլուխ 2-ով սահմանված տեղեկություններն այն անձանց մասին, որոնց կանոնադրական կապիտալում, միացման արդյունքում, պահպանվող բանկը ձեռք է բերում նշանակալից մասնակցություն, կամ մասնակցությունը մեկ այլ անձի կանոնադրական կապիտալում կկազմի 4.99 տոկոս և ավելի կամ իր ընդհանուր կապիտալի 15 տոկոսը գերազանցող մասնակցություն, կամ այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը գերազանցող մասնակցություն:

13) Միացմանը մասնակցող կողմերի հայեցողությամբ այլ էական տեղեկություններ, որոնք կարտացոլեն միացման առանձնահատկությունները:

(3-րդ կետը փոփ., խմբ. 15.07.14 թիվ 191-Ն, խմբ., լրաց. 08.11.16 թիվ 193-Ն)

4. Կենտրոնական բանկը կարող է պահանջել այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են 3-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:

5. Անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալուց հետո բանկերի միացման նախնական հավանության վերաբերյալ որոշման կայացման (ընդունման) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

6. Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում միացող և պահպանվող բանկերը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից միացման պայմանագրի հաստատման համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

1) միջնորդագիր` համաձայն սույն կարգի Հավելված 2-ի,

2) միացման պայմանագիրը` ստորագրված միացող և պահպանվող բանկերի գործադիր մարմնի ղեկավարի կողմից, որին կցվում է բանկերի մասնակիցների ընդհանուր ժողովների որոշումները կամ համապատասխան արձանագրություններից քաղվածքներ միացման պայմանագիրը հաստատելու մասին,

3) միացման պայմանագրի կնքման նախնական հավանություն ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացված սույն կարգի 3-րդ կետով (բացառությամբ 8-րդ ենթակետի) նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները, եթե դրանցում տեղի են ունեցել փոփոխություններ:

7. Սույն Կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում և գրանցում է միացման պայմանագիրը, եթե այն համապատասխանում է ստացված նախնական հավանության պայմաններին:

8. Միացման պայմանագիրը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվելուց և գրանցվելուց հետո և միացման պայմանագրով սահմանված ժամկետներում միացման պայմանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելուց հետո տասնօրյա ժամկետում միացման մասին որոշում ընդունած բանկերը Կենտրոնական բանկի գրանցմանն են ներկայացնում`

1) միացման մասին որոշում ընդունած բանկերի հաստատած փոխանցման ակտը (որում պետք է նշվի, որ այն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի կողմից գրանցման պահից 10-րդ աշխատանքային օրը)՝ միացող և պահպանվող բանկերի իրավասու անձանց ստորագրություններով և ընկերությունների կնիքներով (առկայության դեպքում),

2) պահպանվող բանկի` նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը կամ կանոնադրության փոփոխությունները և լրացումները` համաձայն Կանոնակարգ 1-ի պահանջների,

3) ֆիրմային անվանման փոփոխության դեպքում գրանցման հայտը և այլ փաստաթղթեր՝ համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,

4) պահպանվող բանկի ղեկավարների կազմում փոփոխության դեպքում Կանոնակարգ 1-ով ղեկավարների գրանցման համար պահանջվող տեղեկությունները:

(8-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 191-Ն)

9. Կենտրոնական բանկը միացող բանկերի փոխանցման ակտը հաստատելու պահից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ուժը կորցրած է ճանաչում միացող բանկի լիցենզիան:

10. Եթե սույն կարգի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելուց հետո ներկայացված փաստաթղթերում (տեղեկություններում) կատարվել են փոփոխություններ, ապա միացող և պահպանվող բանկերը պարտավոր են ներկայացնել նաև փոփոխված փաստաթղթերը (տեղեկությունները)` մինչև Կենտրոնական բանկի կողմից համապատասխանաբար միացման պայմանագրի կնքմանը նախնական հավանություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու, միացման պայմանագիրը հաստատելու կամ հաստատումը մերժելու կամ 8-րդ կետով սահմանված փաստաթղթերի (տեղեկությունների) գրանցման մասին որոշման կայացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Միացող բանկերը Կենտրոնական բանկի կողմից միացման պայմանագրի կնքմանը նախնական հավանությունը ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում միացման մասին հայտարարությունը հրապարակում են իրենց կայքի` հասցեն մուտքագրելուց հետո հայտնվող առաջին էջում (ընկերության կայքի գլխավոր (առաջին) էջ) անմիջականորեն (ոչ թափվող մենյուի միջոցով) և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

12. Միացող բանկը Կենտրոնական բանկի կողմից փոխանցման ակտը գրանցելու պահից եռօրյա ժամկետում միացման մասին պատվիրված նամակով ծանուցում է ուղարկում իր պարտապաններին և պարտատերերին՝ պայմանագրերում նշված հասցեներով:

13. Հայտարարության և ծանուցման մեջ պետք է առնվազն նշվեն միացող և պահպանվող բանկերի գործունեության վայրերը, հեռախոսահամարները, ինտերնետային կայքի հասցեները, էլեկտրոնային հասցեները, ինչպես նաև պայմանագիրը լուծելու հաճախորդի իրավունքը և այդ իրավունքի իրականացման ժամկետների և կարգի մասին տեղեկություններ:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 15.07.14 թիվ 191-Ն, խմբ., լրաց. 08.11.16 թիվ 193-Ն)

 

Հավելված 1

«Բանկերի միացման կարգ» Հավելվածի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

(միացման նախնական հավանություն ստանալու)

 

  Հարգելի ——————————----------

_________________________________________________________________________________________

 Դիմողների անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գործունեության վայրը

 

Համաձայն միացող բանկի Ընդհանուր ժողովի —/—/20—թվականի թիվ – որոշման և միացման արդյունքում պահպանվող բանկի Ընդհանուր ժողովի —/—/20—թվականի թիվ – որոշման` դիմում ենք միացման նախնական հավանություն ստանալու համար:

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգի»՝ կից ներկայացնում ենք միացման նախնական հավանություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Առդիր՝———- էջ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:

Դիմումը ներկայացնող անձինք՝

 

/պահպանվող բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

—————————————————————————————————————————————

/միացող բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

—————————————————————————————————————————————

 

«——» ———————— 20—թ.

(հավելվածը փոփ. 15.07.14 թիվ 191-Ն)

 

Հավելված 2

«Բանկերի միացման կարգ» Հավելվածի

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

 

(միացման պայմանագիրը հաստատելու)

 

  Հարգելի ——————————----------

___________________________________________________________________________________

 Դիմողների անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գործունեության վայրը

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգի»՝ Ձեր հաստատմանն ենք ներկայացնում միացման պայմանագիրը և կից փաստաթղթերը:

Առդիր՝———- էջ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է միջնորդագրի մերժմանը:

Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:

Դիմումը ներկայացնող անձինք՝

 

/պահպանվող բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

—————————————————————————————————————————————

/միացող բանկի (բանկերի) իրավասու անձի (անձանց) անունը, ազգանունը, ստորագրությունը/

—————————————————————————————————————————————

 

«——» ———————— 20—թ.

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 15.07.14 թիվ 191-Ն, խմբ., լրաց. 08.11.16 թիվ 193-Ն)