ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 սեպտեմբերի 2016 թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Գևորգյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի հուլիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը ՀՀ սահմանադրական դատարան` մուտքագրված 11.08.2016թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի հուլիսի 19-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունն (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2016թ. մայիսի 19-ին` նշված համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մի շարք հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականի հուլիսի 19-ին և գործում է 2002 թվականի հունվարի 1-ից: Մինչդեռ 2000 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում տեղի են ունեցել փոփոխություններ, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել նշված Համաձայնագրով ամրագրված որոշակի դրույթներ: Միաժամանակ, Արձանագրությամբ Համաձայնագրի դրույթները համապատասխանեցվել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակված հարկային կոնվենցիայի 2010 թվականի մոդելային տարբերակին, որը կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերի կնքման ժամանակ հանդիսանում է որպես հիմնական տիպային մոդել:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● Համաձայնագիրը կիրառել իրավաբանական անձանց շահութահարկի, ֆիզիկական անձանց եկամտահարկի և գույքահարկի նկատմամբ,
● չհարկել բելառուսական կողմի ռեզիդենտ հանդիսացող կամ անմիջապես մինչև ՀՀ ժամանելը բելառուսական կողմի ռեզիդենտ հանդիսացած և իրար հաջորդող երկու տարին չգերազանցող ժամանակահատվածի ընթացքում գտնվող Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես կրթական հաստատություն հավատարմագրված ցանկացած համալսարանի, քոլեջի, դպրոցի կամ այլ կրթական հաստատության հրավերով և Հայաստանի Հանրապետությունում այդ կրթական հաստատությունում բացառապես դասավանդման և (կամ) գիտական աշխատանք կատարելու նպատակով գտնվող պրոֆեսորին, մանկավարժին կամ հետազոտողին՝ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի դասավանդման կամ գիտական աշխատանքի իրականացման համար վարձատրության առնչությամբ,
● ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Բելառուսի Հանրապետության իրավասու մարմինների հետ փոխանակեն տեղեկություններ Համաձայնագրի դրույթների կատարման կամ ՀՀ և Բելառուսի Հանրապետության կամ նրանց իշխանության տեղական մարմինների անունից գանձվող ցանկացած տեսակի և բնույթի հարկին առնչվող՝ ազգային օրենսդրությունների կիրառման կամ հարկադիր կատարման վերաբերյալ` այն չափով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրի դրույթներին և այլն:
4. 2016 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի հուլիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի հուլիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
27 սեպտեմբերի 2016 թ. ՍԴՈ-1305 |
|