Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 167-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.15/23(566) Հոդ.295
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.10.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016356

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հոկտեմբերի 2016 թ.

թիվ 167-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել վարկային կազմակերպությունների գործունեության տեսակի փոփոխման միջոցով որպես բանկ վերագրանցվելու հետ կապված` վարկային կազմակերպության հաճախորդներին տեղեկացման հարաբերությունները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.2-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգ 1-ի 49-րդ կետի 5)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) վարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկային գործունեության լիցենզիա ստանալու դեպքում վարկային կազմակերպության բոլոր մասնաճյուղերը և ներկայացուցչությունները` որպես բանկի համապատասխան մասնաճյուղ և ներկայացուցչություն գրանցելու կամ դրանց մի մասի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ,»,

2) Կանոնակարգ 1-ը լրացնել 54.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«54.1. Որպես բանկ վերագրանցվելու պահից հետո ողջամիտ ժամկետում բանկը մինչև վերագրանցումը գործող վարկային կազմակերպության հաճախորդներին ծանուցում է վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման գործընթացի ավարտի վերաբերյալ, հաճախորդների հետագա սպասարկման ընթացակարգերի մասին, ինչպես նաև գործող հեռախոսահամարներ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան սպառիչ տեղեկատվություն ստանալ նշված ընթացակարգերի վերաբերյալ:»,

3) Կանոնակարգ 1-ի Հավելված 25-ի 8-րդ կետի 16-րդ ենթակետում «բողոքներին» բառը փոխարինել «բողոքների քննման և» բառերով,

4) Կանոնակարգ 1-ի Հավելված 25-ի 8-րդ կետը լրացնել 18)-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«18) բանկի կողմից տեղեկատվության հրապարակման և տրամադրման քաղաքականությունը, տեղեկատվության հրապարակման ուղիները, թիրախը, թարմացման հաճախականությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2016 թ. հոկտեմբերի 20

Երևան