Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-24-Ո-23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.30/86(1266) Հոդ.1084.23
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.10.2016
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-24-Ո-23

2016 թ.


ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
   
մասնակցությամբ` ԱԽ անդամներ Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի,
Ռ. Բարսեղյանի, Ա. Դարբինյանի,
Ա. Խաչատրյանի, Մ. Հարթենյանի,
Գ. Ղազինյանի, Ս. Չիչոյանի,
Ե. Սողոմոնյանի, Վ. Ստեփանյանի,
Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի
   
մասնակցությամբ` դատավոր Ի. Բարսեղյանի
   

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական

շրջանի ընդհանուր իրավասության

առաջին ատյանի դատարանի

դատավոր Ի. Բարսեղյանի փաստաբան

Կ. Հովհաննիսյանի
  
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի
   
քարտուղարությամբ` Շ. Վարդանյանի

 

2016 թվականի հոկտեմբերի 28-ին դռնփակ նիստում Արդարադատության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը,

 

ՊԱՐԶԵՑ

 

ՀՀ գլխավոր դատախազը Խորհուրդ ներկայացրել է միջնորդություն` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ:

 

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը.

Ըստ միջնորդության`

«2016 թվականի հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի բնակիչ Նորիկ Քաջիկի Հակոբյանը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը տարբեր պատճառաբանություններով մոտ երեք ամիս վարույթ չի ընդունել իր փաստաբան Կիմա Սարյանի ներկայացրած հակընդդեմ հայցը: Իր «հարցով» դատավորին միջնորդելու համար Կիմա Սարյանն իրեն է փոխանցել ոմն Էլզայի բջջային հեռախոսահամարը: Ինքը զանգահարել և հանդիպել է Էլզային, ում առաջարկով իր ավտոմեքենայով գնացել են դատարանի շենքի մոտ, որտեղ ինքը սպասել է, իսկ Էլզան բարձրացել է դատավորի մոտ: Մոտ 10-15 րոպե անց Էլզան վերադարձել է և ասել, որ դատավորն իր գործին դրական լուծում կտա, եթե մինչև երեկո ինքը տա 1000 ԱՄՆ դոլար գումար: Խնդրել է Էլզային` դատավորից ճշտել գումարը հաջորդ օրը տալու հնարավորության հարցը, քանի որ այդ պահին գումար չի ունեցել, սակայն Էլզան դատավորի մոտ կրկին գնալուց և վերադառնալուց հետո հայտնել է, որ դատավորը պահանջում է գումարը տալ նույն օրը:

Համոզվելով, որ դատավորի կողմից իրենից կաշառք է պահանջվում, այդ փաստից վրդովված, որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին տալ հանցագործության մասին հաղորդում:

Հաղորդման հիման վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումների հիման վրա իրականացվել են «արտաքին դիտում», «ներքին դիտում» և «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում Իշխան Բարսեղյանը հանդիպել է Նորիկ Հակոբյանին և վերջինիցս անձամբ ստացել օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում որպես կաշառքի առարկա Նորիկ Հակոբյանին փոխանցված 1000 ԱՄՆ դոլար գումարը:

«Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում պարզվել է, որ ինչպես Իշխան Բարսեղյանի մոտից հայտնաբերված 10 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամների, այնպես էլ Իշխան Բարսեղյանի աջ ձեռքի և նրա հագին եղած բաճկոնի գրպանի աստառի վրա հայտնաբերվել են քիմիական փոշու հետքեր:

«Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ավարտից հետո Իշխան Բարսեղյանը կաշառք ստանալու հանցանք կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն:

Իրենից կաշառք պահանջելու և «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում կաշառքի գումարը դատավոր Իշխան Բարսեղյանին փոխանցելու հանգամանքների վերաբերյալ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին բացատրություններ են վերցվել հանցագործության մասին հաղորդած Նորիկ Հակոբյանից: Նորիկ Հակոբյանը բացատրություններով հաստատել է հանցագործության մասին հաղորդմամբ իր հայտնած հանգամանքները և հաստատել «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2016 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 19.40-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում կաշառքի գումար հանդիսացող 1000 ԱՄՆ դոլարը դատավոր Իշխան Բարսեղյանին փոխանցելու, իսկ վերջինիս կողմից այդ գումարը ստանալու հանգամանքները:

Դատավորի կողմից, իր լիազորությունների շրջանակներում, Նորիկ Հակոբյանի օգտին գործողություններ կատարելու համար խոշոր չափերով` 475.230 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Դատավոր Իշխան Բարսեղյանը 2016 թվականի հոկտեմբերի 28-ին` ժամը 01.45-ին, ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, այն հիմքերով, որ նա բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելիս, նրա մոտ հայտնաբերվել են քրեական օրենքով չթույլատրված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր, ինչպես նաև դեպքի վայրից թաքնվելու փորձ է կատարել:

Գործով ձեռք են բերվել դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու մասին վկայող հետևյալ փաստական տվյալները.

Նորիկ Հակոբյանի հաղորդումը և որպես վկա տված ցուցմունքն այն մասին, որ իր ներկայացուցիչ Կիմա Սարյանի միջոցով մոտ երեք ամիս առաջ` 2016 թվականի հուլիսի վերջերին, հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան: Իր կարծիքով, հայցը մուտքագրվել է դատարանի գրասենյակ, քանի որ Կիմա Սարյանը իրեն ցույց է տվել դրա մեկ օրինակը, որի վրա առկա է եղել դատարանի գրասենյակի կնիքի դրոշմը: Հետագայում Կիման իրեն ասել է, որ դատավոր Բարսեղյանը այդ հակընդդեմ հայցը չի ընդունում վարույթ, ինչպես նաև չի ուղարկում որևէ պատասխան մերժման վերաբերյալ: Ինքը խնդրել է Կիմային, որ գնա դատավորի մոտ և հետաքրքրվի գործի ընթացքով ու խնդրի այն արդարացի լուծել, սակայն Կիման ասել է, որ ինքը չի կարող և չի ցանկանում այդ դատավորի մոտ գնալ, բայց գիտի «Էլզա» անունով մի փաստաբանի, ով կարող է մտնել դատավորի մոտ, քանի որ ծանոթ է նրան: Սույն թվականի հոկտեմբերի 27-ին, Կիման իրեն տվել է Էլզայի հեռախոսի համարը, որով ինքը կապ է հաստատել Էլզայի հետ, հանդիպել նրան, պատմել իր խնդրի մասին: Հետո միասին գնացել են Շենգավիթի դատարան, որտեղ ինքը սպասել է դրսում, իսկ Էլզան մտել դատավոր Իշխան Բարսեղյանի մոտ, որոշ ժամանակ անց դուրս եկել և ասել, որ խոսել է դատավորի հետ, վերջինս ասել է, որ հակընդդեմ հայցը վարույթ չի ընդունել և մերժել է: Էլզայի ասելուց հասկացել է, որ դատավորը հարցը իր օգտին լուծելու համար գումար է պահանջում: Էլզան հարցրել է, թե որքան է պատրաստ տալ, ինքը պատասխանել է, որ չի կարող ասել, թող ինքը ասի: Էլզան նորից է մտել դատավորի մոտ և վերադարձել ու ասել, որ դատավորը պահանջում է 1000 ԱՄՆ դոլար` վտարման հարցը իր օգտին լուծելու համար: Ընդ որում, դատավորը պայման է դրել, որ այդ 1000 ԱՄՆ դոլարը պետք է իրեն տա մինչև օրվա վերջ, հակառակ դեպքում, հարցը իր օգտին չի լուծի, իսկ եթե այդ գումարը այդ օրը տա, ապա կասի, թե ինչ ձևով նոր հակընդդեմ հայց ներկայացնի (քանի որ նախորդը, դատավորի ասելով, ճիշտ գրված չի եղել), որից հետո իր օգտին վճիռ կկայացնի: Ինքն ընկել է անելանելի դրության մեջ, քանի որ, նախ, չի ունեցել այդքան գումար, բացի այդ, իր համոզմամբ, իր հակընդդեմ հայցի պահանջը եղել է օրինական, իսկ դատավորը անհիմն այն չի ընդունել և ձգձգել, որ իրենից գումար կորզի: Դրա համար էլ նույն օրը` 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, հաղորդում է տվել ազգային անվտանգության ծառայությունում դատավորի կողմից իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որից հետո Էլզայի միջոցով պայմանավորվել է երեկոյան հանդիպել դատավոր Իշխան Բարսեղյանի հետ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, որտեղ գտնվող գետնանցումում Իշխան Բարսեղյանին հաշվել և տվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից նախապես մշակված 1000 ԱՄՆ դոլարը` 100 դոլարանոց 10 թղթադրամներով, որոնք Իշխան Բարսեղյանը վերցրել ու դրել է իր բաճկոնի գրպանը: Քանի որ տվյալ քաղաքացիական գործով 2016 թվականի հոկտեմբերի 31-ին դատական նիստ է նշանակված եղել, դատավորը, գումարը վերցնելով, իրեն հայտնել է, որ այդ օրվա դատական նիստը կհետաձգի, իսկ իր փաստաբան Կիմային էլ կզանգի և կասի, թե ինչ բովանդակությամբ հակընդդեմ հայց պետք է ներկայացվի, որ նա կարողանա գործը լուծել իր օգտին: Դրանով իրենց խոսակցությունը ավարտվել է և ինքը հեռացել է:

Իշխան Բարսեղյանին ձերբակալելու մասին 2016 թվականի հոկտեմբերի 28-ին կազմված արձանագրությունը:

Գումարը քիմիական մշակման ենթարկելու մասին 2016 թվականի հոկտեմբերի 27-ին կազմված արձանագրությունը:

«Արտաքին դիտում» և «ներքին դիտում», «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները:

Իշխան Բարսեղյանը որպես կասկածյալ հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Արամայիսի Բարսեղյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք` 2016 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում Նորիկ Հակոբյանից վերջինիս օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար խոշոր չափերով` 475.230 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով:

Վերը թվարկված փաստական տվյալները վկայում են Իշխան Բարսեղյանի կողմից իր լիազորությունների շրջանակներում, Նորիկ Հակոբյանի օգտին գործողություններ կատարելու համար խոշոր չափերով` 475.230 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու հիմնավոր կասկածի առկայության մասին, ինչը ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի ուժով պարտադիր պայման է մարդուն ազատությունից զրկելու, տվյալ դեպքում` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Բացի առերևույթ հանցանք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածից, առկա են նաև Իշխան Բարսեղյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար հիմքեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը: (...)»:

Դատավորի կողմից, իր լիազորությունների շրջանակներում, Նորիկ Հակոբյանի օգտին գործողություններ կատարելու համար խոշոր չափերով` 475.230 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Իշխան Արամայիսի Բարսեղյանը, ազատության մեջ մնալով, կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, որպիսի հավանական վարքագծի մասին հիմք է տալիս ենթադրելու` «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ Իշխան Բարսեղյանի կողմից դեպքի վայրից փախուստի փորձ կատարելը, ինչպես նաև նրան վերագրվող` քրեական օրենսգրքով արգելված արարքի հասարակական հնչեղության հնարավոր ազդեցությունը և սպասվող պատժի խստության մտավախությունը,

 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով, որպիսի հավանական վարքագծի մասին հիմք է տալիս ենթադրելու այն հանգամանքը, որ Իշխան Բարսեղյանը 1996 թվականից զբաղեցրել է դատավորի պաշտոնը, որի շնորհիվ անձանց որոշակի շրջանակի հետ իր ունեցած անձնական կապերն օգտագործելով կամ անձամբ կարող է փորձել` համոզելու, հարկադրելու կամ այլ անօրինական եղանակով ներգործել ինչպես Նորիկ Հակոբյանի, այնպես էլ առերևույթ կաշառքի միջնորդ հանդես եկած ոմն Էլզայի և հետագայում քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա, որպեսզի նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կամ ընդհանրապես հրաժարվեն ցուցմունք տալուց:

Ավելին, գործով ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ վկայում են Ի. Բարսեղյանի և առերևույթ կաշառքի միջնորդ հանդես եկած ոմն Էլզայի մտերիմ հարաբերությունների մասին, ինչը բավարար հիմք է տալիս ենթադրելու, որ Ի. Բարսեղյանը, մնալով ազատության մեջ, անօրինական ներգործությամբ կփորձի Էլզայի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել գործի համար նշանակություն ունեցող նյութերը, տվյալները թաքցնելու, կեղծելու շուրջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 97-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ, 168-րդ և 170-րդ հոդվածներով,

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ  Ե Մ`

 

Առաջարկ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Արամայիսի Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին»:

 

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով (...) առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին (...) դատավորին կալանավորելու (...) համաձայնություն տալու մասին»:

ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորին կալանավորելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցով Արդարադատության խորհուրդ է դիմում ՀՀ գլխավոր դատախազը (...)»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «ՀՀ գլխավոր դատախազը (...) Արդարադատության խորհրդին է ներկայացնում դատավորին կալանավորելու (...) համար հիմք հանդիսացող նյութերը»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատավորին կալանավորելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը և դրա հիման վրա տրված Հանրապետության Նախագահի համաձայնությունը չեն նշանակում դատավորին կալանավորելու, նրան դատական կարգով քրեական (...) պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում և չեն կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս»:

Քննարկելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու միջնորդությունը, լսելով ՀՀ գլխավոր դատախազի, ինչպես նաև դատավոր Ի. Բարսեղյանի փաստաբանի դիրքորոշումները և ուսումնասիրելով ներկայացված նյութերը` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը և դրան կից նյութերը բավարար են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու համար:

Խորհրդի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավոր Ի. Բարսեղյանը կասկածվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ), ինչպես նաև այն, որ ելնելով դատավորի կարգավիճակից, կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչդատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին կալանավորելու վերաբերյալ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Ա. Բաբայան

Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Ա. Դարբինյան  

Ա. Խաչատրյան

Մ. Հարթենյան

Գ. Ղազինյան

Ս. Չիչոյան

Ե. Սողոմոնյան

Վ. Ստեփանյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան