Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-100-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.07.2006-19.03.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.03.10/4 Հոդ.724
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման նպատակով պետական լիազորված մարմինների գործունեության համադրման անհրաժեշտությունից և կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու, դրանց կանխարգելման ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը կատարելագործելու նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության կանոնակարգը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունիսի 1
Երևան
ՆՀ-100-Ն

 

 

Հավելված 1
ՀՀ Նախագահի 2004 թ.
հունիսի 1-ի ՆՀ-100-Ն հրամանագրի

 

Կ Ա Զ Մ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:


(հավելվածը փոփ. 21.06.06 ՆՀ-144-Ն)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

Ա. Թումանյան

 

 

Հավելված 2
ՀՀ Նախագահի 2004 թ.
հունիսի 1-ի ՆՀ-100-Ն հրամանագրի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) աջակցում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն պետական քաղաքականության իրականացմանը:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ իրավական ակտերով, սույն կանոնակարգով:

3. Խորհրդին առընթեր ստեղծվում է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհրդի հիմնական գործառույթներն են`

ա) համակարգել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի միջոցառումների իրականացման աշխատանքները և դիտարկումներ (մոնիտորինգ) իրականացնել դրանց նկատմամբ.

բ) հաստատել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմը.

գ) քննարկել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունները.

դ) համադրել համապատասխան լիազորություններով օժտված մարմինների գործունեությունը` կոռուպցիոն դրսևորումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակման ընթացքում.

ե) ձեռնարկել միջոցներ հակակոռուպցիոն ռազմավարությունից և միջազգային պարտավորություններից ու հանձնառություններից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած այլ միջոցառումների իրականացման համար.

զ) ապահովել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

է) կազմակերպել և համակարգել Հայաստանի Հանրապետության գերատեսչական հակակոռուպցիոն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացը.

ը) իր աշխատանքների արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր կիսամյակ զեկույց ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը երկու անգամ: Արտահերթ նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

6. Խորհրդի նախագահը`

- ղեկավարում է Խորհրդի աշխատանքը,

- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում Խորհրդի նախապատրաստած առաջարկությունները, ինչպես նաև Խորհրդի գործունեությանը վերաբերող այլ տեղեկատվություն,

- նշանակում է Խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը, ժամը, առաջադրում է օրակարգը,

- հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը,

- Խորհրդի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում:

7. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Խորհրդի նախագահը և Խորհրդի մյուս անդամների պարզ մեծամասնությունը:

Խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անձամբ և իրավունք չունեն իրենց լիազորությունները պատվիրակել այլ անձանց:

8. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Խորհրդի հրավերով Խորհրդի նիստին կարող են մասնակցել այլ անձինք:

10. Խորհրդի նիստերն արձանագրվում և ստորագրվում են նիստին ներկա բոլոր անդամների կողմից: Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ Խորհրդի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում Խորհրդի նիստի արձանագրության մեջ:

11. Խորհրդի և նրան առընթեր հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

12. Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:

 

IV. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

13. Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի (այսուհետ` Մոնիտորինգի հանձնաժողով) հիմնական գործառույթներն են`

ա) անցկացնել հակակոռուպցիոն ռազմավարության և գերատեսչական հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ դիտարկումներ (մոնիտորինգ)` ներգրավելով հասարակայնության, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներին.

բ) ուսումնասիրել և ընդհանրացնել կոռուպցիայի դեմ պայքարի գործում միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների փորձը և առաջարկություններ նախապատրաստել հակակոռուպցիոն պայքարի մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ.

գ) դիտարկումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունների և հանձնառությունների, միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունների (երաշխավորությունների) ներդրման և կատարման նկատմամբ.

դ) կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով իրականացնել իրավական նորմատիվ ակտերի նախագծերի փորձաքննություն և ներկայացնել առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ:

14. Մոնիտորինգի հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելու ընթացքում իրավունք ունի`

ա) պետական իշխանության հանրապետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններից, օրենքով սահմանված կարգով, պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն.

բ) ձևավորել մշտական և ժամանակավոր աշխատանքային (փորձագիտական) խմբեր.

գ) իր նիստերին հրավիրել հասարակայնության, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներին:

15. Մոնիտորինգի հանձնաժողովը եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում Խորհրդին:

16. Մոնիտորինգի հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Խորհրդի կողմից հաստատված աշխատակարգի համաձայն:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

Ա. Թումանյան