Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.11.2016-06.02.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.12/15(605) Հոդ.233
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 փետրվարի 2003 թվականի N 138-Ն

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱՑՄԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյուղատնտեսության քիմիացման հետազոտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Ստեղծել «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր՝ համաձայն N 2 հավելվածի:

4. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

հողերի ագրոքիմիական հետազոտությունների իրականացումը,

գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության պահպանմանն ուղղված պետական ծրագրերի մշակմանը մասնակցությունը, իրականացումը, պարարտանյութերի և կենսախթանիչների հետազոտությունը, որակի որոշումը և գնահատումը, բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշումը:

5. Թույլատրել «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) հողերի ագրոքիմիական հետազոտություն,

բ) պարարտանյութերի որակի հետազոտություն,

գ) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշում:

6. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

7. Սահմանել, որ՝

ա) «Գյուղատնտեսության քիմիացման հետազոտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման արդյունքում վերջինիս տնօրինության՝ 25276,7 հազ. դրամ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության « Գյուղատնտեսության քիմիացման հետազոտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

բ) «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ պետական ռեգիստրում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման և նրա գործունեության իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության քիմիացման հետազոտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 18
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 6-ի N 138-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշմամբ՝ «Գյուղատնտեսության քիմիացման հետազոտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման միջոցով:

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք ու դրոշմակնիք, ինչպես նաև ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտականությունների համար:

6. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով: Նա կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Կազմակերպության անվանումն է՝

հայերեն՝ «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ռուսերեն՝ «Агроxимическая служба» государственная некоммерческая организацизя:

8. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 22/9։

(8-րդ կետը փոփ. 20.10.16 N 1084-Ն)

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

9. Պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

ա) գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական հետազոտությունների, դրանց բարելավման և բերրիության պահպանման ու վերարտադրության միջոցառումների ծրագրերի մշակումն ու իրականացումը.

բ) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշումն ու որակի ցուցանիշների գնահատումը.

գ) գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր և առողջ բերքի ստացմանը նպաստումը.

դ) պարարտանյութերի և մշակաբույսերի աճի խթանիչների գործածության ընթացքում շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումների իրականացումը.

ե) պարարտանյութերի և կենսախթանիչների լաբորատոր հետազոտությունների իրականացումն ու դրանց որակի ցուցանիշների գնահատումը:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Կազմակերպությունը՝

ա) հետազոտում և գնահատում է գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական վիճակը, անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու հողօգտագործողներին իրազեկում հողերում սննդատարրերի քանակի և դրանց պակասի համալրման միջոցառումների մասին.

բ) մշակում և իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության պահպանման ու անընդմեջ վերարտադրության ապահովման միջոցառումների ծրագրեր.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իր լաբորատորիայի փորձաքննության տվյալների հիման վրա վերահսկող մարմիններին և գործարարներին տալիս է եզրակացություն՝ ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների վերաբերյալ.

դ) հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով և չափով:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են՝

ա) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ու այլ հողօգտագործողների հողատեսքերում ագրոքիմիական հետազոտությունների կատարումը և հրահանգների կազմումը,

բ) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշումն ու որակի գնահատումը,

գ) պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարումը և որակի գնահատումը,

դ) պարարտանյութերի և կենսախթանիչների կիրառման հարցում հրահանգների կազմումը, մասնագիտական խորհրդատվության իրականացումը։

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝

ա) հիմնադիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

բ) լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը,

գ) գործադիր մարմինը (տնօրենը)։

13. Կազմակերպության հիմնադիրն իրավունք ունի վերջնական լուծում տալու կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նրա բացառիկ լիազորություններն են՝

ա) կազմակերպության ստեղծումը, կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:

14. Լիազորված պետական մարմինը՝

ա) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմը.

բ) իրականացնում է կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

գ) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

դ) ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները, վաղաժամկետ դադարեցնում նրանց լիազորությունները.

ե) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները և ցուցումները.

է) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

ը) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, ինչպես նաև օրենքով, հիմնադրի որոշմամբ համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժ) հաստատում է կազմակերպության տարեկան նախահաշիվները, հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

15. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

16. Կազմակերպության տնօրենն իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։

17. Լիազորված պետական մարմնի ղեկավարը հիմնադրի անունից կազմակերպության տնօրենի գործառույթներ իրականացնող անձի հետ կնքում է պայմանագրեր:

18. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

19. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:

20. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու և պարտականությունները չկատարելու համար:

21. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել վերադաս կառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության։

22. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում նրան պաշտոնի նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

Կազմակերպության տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:

23. Կազմակերպության տնօրենը՝

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

ե) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

զ) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

է) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման մարմիններին չվերապահված մյուս լիազորությունները.

ժ) հաստատում է կազմակերպության մասնաճյուղերի կանոնադրությունները.

ժա) նշանակում է մասնաճյուղերի ղեկավարներին և տալիս համապատասխան լիազորագրեր:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

 

24. Կազմակերպությունն ունի մասնաճյուղեր։ Կազմակերպության մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն, գործում են իրենց կանոնադրություններին համապատասխան։

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող և իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

26. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

27. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

28. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

29. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:

 

VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

30. Հիմնադրի որոշմամբ պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց ամրացվում է գույք:

Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

31. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

32. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից վարձակալության հանձնելու: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

33. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:

34. Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

35. Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

36. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

IX. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

37. Կազմակերպության շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝

ա) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերման համար.

բ) կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացման, պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման համար.

գ) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավման, այդ թվում՝ հիմնական միջոցների ձեռքբերման համար.

դ) կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպման, դասընթացներին մասնակցության ապահովման համար.

ե) հիմնադրի և օրենքով նախատեսված այլ նպատակներով:

 

X. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

38. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

39. Կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

 

XI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

40. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

41. Կազմակերպության լուծարմամբ դադարում է նրա գործունեությունը՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

42. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:

43. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

44. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը փոփ. 20.10.16 N 1084-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 6-ի N 138-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ

 

«Գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական գնահատման Երևանի լաբորատորիա» մասնաճյուղ

 

«Պարարտանյութերի և կենսախթանիչների որակի հետազոտման ու գնահատման Երևանի լաբորատորիա» մասնաճյուղ

 

«Բուսական մթերքի և կերերի որակի հետազոտման ու գնահատման Երևանի լաբորատորիա» մասնաճյուղ

 

Արագածոտնի մարզային մասնաճյուղ

 

Արարատի մարզային մասնաճյուղ

 

Արմավիրի մարզային մասնաճյուղ

 

Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ

 

Լոռու մարզային մասնաճյուղ

 

Կոտայքի մարզային մասնաճյուղ

 

Շիրակի մարզային մասնաճյուղ

 

Սյունիքի մարզային մասնաճյուղ

 

Վայոց ձորի մարզային մասնաճյուղ

 

Տավուշի մարզային մասնաճյուղ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան