Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1319
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.30/86(1266) Հոդ.1084.4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

1 նոյեմբերի 2016 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա. Մանուկյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. խմբագրությամբ) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38, 68 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ գլխավոր դատախազի՝ 25.08.2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև ձևավորված իրավակիրառական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (ՀՕ-248) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:

Օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող` «Կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը» վերտառությամբ 21-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.

«4. Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում»:

Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածը փոփոխության և լրացման է ենթարկվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համապատասխանաբար՝ 25.05.2006 թվականի ՀՕ-91-Ն, 21.02.2007 թվականի ՀՕ-93-Ն և 28.11.07 թվականի ՀՕ-270-Ն ՀՀ օրենքներով: Իսկ վիճարկվող դրույթների բովանդակությունը լրացվել է 21.02.2007 թվականի՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-93-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի փետրվարի 21-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի մարտի 15-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի ապրիլի 7-ին:

 

2. Դիմող կողմը գտնում է, որ դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին տրված մեկնաբանությունը, որը ՀՀ գլխավոր դատախազին հնարավորություն չի տալիս, ի թիվս գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների, վերացնելու նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, զրկում է ՀՀ դատախազությանը, որպես քրեական հետապնդման բացառիկ գործառույթ ունեցող հանրային իշխանության կրողի, արդյունավետ ձևով հանցագործությունից տուժած անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից: Ըստ դիմողի` նման մեկնաբանությամբ արհեստականորեն սահմանափակվում է հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը, քանի որ կոնկրետ անձի վերաբերյալ կայացրած որոշումները վերացնելու հնարավորության պայմաններում (քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին), գլխավոր դատախազը, որպես քրեական հետապնդում հարուցելու սահմանադրական բացառիկ առաքելություն իրականացնող մարմին, զրկվում է պարզապես քրեական վարույթ նախաձեռնելու հնարավորությունից:

Ըստ դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի` իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանումը, որը ՀՀ գլխավոր դատախազին կզրկի օրենքի խախտմամբ կայացված քրեական գործը կարճելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը վերացնելու իրավունքից, սահմանափակում է ՀՀ դատախազության՝ քրեական հետապնդման սահմանադրական գործառույթը, ուստի հակասում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի դրույթներին:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1236 որոշմանը` դիմողը ներկայացնում է փաստարկներ այն մասին, որ «…առանձին կետերով դիրքորոշում հայտնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ գլխավոր դատախազի դիմումներով ՀՀ սահմանադրական դատարանի առջև բարձրացված սահմանադրաիրավական տեսանկյունից վիճահարույց երեք հիմնական հարցի վերաբերյալ, որոշման եզրափակիչ մասում որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումում ներկայացված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությանը սահմանադրաիրավական գնահատական տալու խնդրանքին։ Արդյունքում, ինչպես ՀՀ վճռաբեկ, այնպես էլ ընդհանուր իրավասության այլ դատարանների կողմից ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1236 որոշման մեկնաբանությունը, ուստիև՝ իրավակիրառական պրակտիկայում ՍԴՈ-1236 որոշման նկատմամբ իրավաընկալումը հանգում է նրան, որ տվյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն ընդհանրապես չի անդրադարձել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությանը»։

 

3. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին: Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը` պատասխանողը գտնում է, որ դատախազի կամ գլխավոր դատախազի կողմից քրեական գործի նորոգումը՝ դատախազական հսկողության գործառույթի սահմաններում որոշակի սահմանափակ ժամկետներում վիճարկվող դրույթով նախատեսված համապատասխան որոշումների վերացման միջոցով, չի հակասում Եվրոպական կոնվենցիայի պահանջներին:

Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին, իսկ ինչ վերաբերում է իրավակիրառական պրակտիկային, ապա ըստ պատասխանողի` «...Դիմողը չի ներկայացրել որևէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որ հնարավորություն կտար գնահատելու դատարանի համապատասխան դիրքորոշման հիմքերը և հիմնավորումները՝ համադրելով գործի կոնկրետ փաստական հանգամանքների հետ»։ Հետևաբար, ինչպես գտնում է պատասխանող կողմը` «...հնարավոր չէ իրավակիրառական պրակտիկայի սահմանադրականության վերաբերյալ գնահատական տալը»։

 

4. Սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին՝ ելնելով նաև ձևավորված իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրման արդյունքներից, ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է իր՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1236 որոշմամբ, որի եզրափակիչ մասում օրենսգրքի վերոհիշյալ նորմը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը (2005 թվականի փոփոխություններով) համապատասխանող՝ այդ որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում։

Մասնավորապես, բացահայտելով վերոհիշյալ օրենսգրքի վիճարկվող նորմի՝ «...Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում» բովանդակությամբ դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, սահմանադրական դատարանը գտել է, որ «...մինչդատական վարույթում դատախազական հսկողության շրջանակներում Սահմանադրությամբ և օրենքով ՀՀ գլխավոր դատախազին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված որոշումները պետք է դիտարկել որպես վերջնական և որևէ պայմանավորվածության մեջ չդնել հսկող դատախազի կողմից նման որոշում ընդունված կամ չընդունված լինելու հանգամանքի հետ» (ՍԴՈ-1236 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի երկրորդ մասի երրորդ պարբերություն):

Միաժամանակ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան նորմերի համակարգային վերլուծության և ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 89-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի, 103-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության հետ համադրման արդյունքում գտնելով, որ` քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը՝ դրա պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնելու դատախազի լիազորությունը, իսկ դրանից հետո քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում վերացնելու վերաբերյալ լիազորությունն անառարկելի են (ՍԴՈ-1236 որոշման 6-րդ կետի երկրորդ մասի «Ա» ենթակետի 7-րդ պարբերություն), վիճարկվող հիշյալ դրույթի սահմանադրաիրավական բովանդակության առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր նույն որոշմամբ արտահայտել է նաև մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնց համաձայն, մասնավորապես`

- մի կողմից հետաքննության, նախաքննության մարմինների, մյուս կողմից՝ դատախազության միջև գործառութային տարանջատումը համահունչ է ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 5-րդ հոդվածի, 89-րդ հոդվածի 7-րդ կետի և 103-րդ հոդվածի պահանջներին և կարևոր երաշխիք է հանցավոր ոտնձգություններից մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից (ՍԴՈ-1236 որոշման 6-րդ կետ),

- «...Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գործառույթները (քրեական հետապնդման հարուցում, հետաքննության ու նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն, դատարանում մեղադրանքի պաշտպանություն) իրավակիրառական պրակտիկայում պետք է ընկալվեն, մեկնաբանվեն ու կիրառվեն ելնելով դրանց սահմանադրաիրավական փոխկապակցվածությունից» (ՍԴՈ-1236 որոշում, նույն տեղում),

- «...վեճի առարկա իրավակարգավորման շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերը չեն կարող մեկնաբանվել հայեցողաբար, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (53-րդ հոդված), նաև` «ՀՀ քննչական կոմիտեի մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքների համապատասխան փոխկապակցված նորմերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության համատեքստից դուրս։ Այն անխուսափելիորեն կհանգեցնի ինչպես դատախազության սահմանադրական գործառույթների իմաստազրկմանը, այնպես էլ կվտանգի մարդու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունը՝ ինչպես մինչդատական, այնպես էլ դատական վարույթի շրջանակներում: Արդյունքում` կխախտվի սահմանադրական օրինականությունը» (ՍԴՈ-1236 որոշում, նույն տեղում),

- «ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ իրավունքն ու պարտականությունն է հսկող դատախազի վերը նշված լիազորության կատարումից կամ այդ լիազորության կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ծագած իրավահարաբերությունների շրջանակներում և օրենքով նախանշված ժամկետում ու կարգով վերացնել գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քրեական հետապնդման մարմնի անօրինական որոշումը» (ՍԴՈ-1236 որոշում, նույն տեղում),

- «... ելնելով գլխավոր դատախազի իրավական կարգավիճակի առանձնահատկությունից, քրեական հետապնդման մարմնի հիշյալ որոշումը վերացնելու մասին գլխավոր դատախազի որոշումը մինչդատական վարույթում դատախազական հսկողության շրջանակներում պետք է դիտարկել որպես վերջնական և որևէ պայմանավորվածության մեջ չդնել հսկող դատախազի կողմից նման որոշում ընդունված լինելու կամ չլինելու հանգամանքի հետ: Դատախազական հսկողության այդ փուլում գլխավոր դատախազն իր սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան իրավասու է իրականացնել հսկողություն ինչպես մինչդատական վարույթի նկատմամբ, այնպես էլ գերատեսչական հսկողություն ստորադաս (հսկող) դատախազի նկատմամբ: Հաշվի պետք է առնել նաև այն հանգամանքը, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով դատախազին վերապահված բոլոր լիազորությունները, այդ թվում` քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի և քննիչի որոշումը վերացնելու մասին, հավասարապես վերաբերում են նաև գլխավոր դատախազին» (ՍԴՈ-1236 որոշում, նույն տեղում),

- «...ՀՀ գլխավոր դատախազին բացառիկ իրավունք է վերապահված վերոհիշյալ որոշումների օրինականության վերաբերյալ կայացնելու վերջնական որոշում, որն իրավական լուրջ երաշխիք է մինչդատական վարույթի շրջանակներում թե՛ այդ վարույթի արդյունավետությունն ապահովելու, ծագած իրավական այս կամ այն խնդիրը վերջնական հանգուցալուծելու և թե՛ անձանց իրավունքները ողջամիտ ժամկետներում պաշտպանելու ուղղությամբ: Հետևաբար, վիճարկվող նորմերը սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում ընկալվելու, մեկնաբանվելու և կիրառվելու դեպքում չեն կարող հանգեցնել կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտմանը և դատախազական հսկողության խոչընդոտմանը» (ՍԴՈ-1236 որոշում, 7-րդ կետ):

Անդրադառնալով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների կիրառման դատական պրակտիկային` Սահմանադրական դատարանը հիշյալ որոշման մեջ արձանագրել է, որ` «...ՀՀ դատական պրակտիկան ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի և 53-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական այս բովանդակության հետևողական իրացում չի երաշխավորել» (ՍԴՈ-1236 որոշման 6-րդ կետ)։

Քննելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը` Սահմանադրական դատարանն իր հիշյալ որոշմամբ նաև ի գիտություն է ընդունել պատասխանող կողմի իրազեկումն այն մասին, որ «իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրը շտկելու համար ՀՀ Ազգային ժողովում պատրաստվում է օրենքի նախագիծ» և շրջանառության մեջ է դրված նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որում համարժեք լուծումներ նախատեսված են (ՍԴՈ-1236 որոշման 9-րդ կետ): Պատասխանող կողմն իր՝ ՀՀ սահմանադրական դատարանին հասցեագրած գրավոր բացատրությունում նաև արձանագրել էր վիճարկվող իրավակարգավորման «թերությունը» (Ն.1000, 02.11.15թ. թվակիր գրությանը կից ներկայացված բացատրության 13-րդ էջ)։

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման գործընթացները դեռևս չեն ավարտվել և տվյալ իրավակարգավորման շրջանակներում Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից ելնելով օրենսդրական մակարդակում անհրաժեշտ հստակություն չի ապահովվել:

 

5. Վերահաստատելով ՍԴՈ-1236 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն իրենց ամբողջության մեջ` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ինչպես հետևում է սույն գործի նյութերից և դիմող կողմի հարցադրումներից` իրավակիրառական պրակտիկայում դեռևս պատշաճ ընկալված չեն ՀՀ գլխավոր դատախազի սահմանադրական լիազորություններից բխող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի՝ հետաքննության մարմնի, քննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում վերացնելու վերաբերյալ լիազորության անառարկելիությունը, և այդ լիազորությունը Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշմամբ բացահայտված իրավական բովանդակությանը համապատասխան կիրառելու անհրաժեշտությունը: Դրա մասին են վկայում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 29.01.2016թ. ԵԿԴ/0060/11/15 գործով և ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.04.2016թ. ԱՐԱԴ1/0052/01/15 գործով կայացրած որոշումներում արտահայտված դիրքորոշումները:

Ելնելով սահմանադրական օրինականության ապահովման անհրաժեշտությունից` ՀՀ սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում սահմանադրական դատարանի որոշումների և դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումների անտեսումը կամ կամային մեկնաբանությունն իրավակիրառական պրակտիկայում։ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների բնույթի, իրավաբանական ուժի առանձնահատկության սահմանադրաիրավական բովանդակության խնդիրներին Սահմանադրական դատարանը հանգամանալից անդրադարձել է իր՝ 25.02.2011 թվականի ՍԴՈ-943 որոշմամբ։ Վերահաստատելով այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն և կիրառվեն որպես ՀՀ Սահմանադրության գերակայության ապահովմանն ուղղված պաշտոնական ամբողջական փաստաթղթեր, որոնք բխում են իրավունքի գերակայության սկզբունքի ու իրավական պետության սահմանադրական դրույթի պահանջների իրացման անհրաժեշտությունից, և որոնց իրավաբանական ուժն ու կիրառման նորմատիվ բովանդակությունը կանխորոշված են ՀՀ Սահմանադրությամբ։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նկատի է ունենում այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ (2.1-րդ մասի 2.2-րդ կետի 2-րդ ենթակետ) և 414.2-րդ (2-րդ մասի 2-րդ կետ) հոդվածների պահանջն է` ուղղված վճռաբեկ բողոք բերած անձանց՝ հիմնավորելու ստորադաս դատարանի դատական ակտի և ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման եզրափակիչ մասի միջև առկա հակասությունը որպես դատական բողոքարկվող ակտի վերանայման (բեկանման, փոփոխման) հիմք: Ի դեպ, օրենսգրքի վերոհիշյալ 407-րդ (2.1-րդ մասի 2.2-րդ կետի 3-րդ ենթակետ) և 414.2-րդ (2-րդ մասի 3-րդ կետ) հոդվածներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման առնչությամբ նման շեշտադրումներ՝ որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ, չեն կատարվում: Այս հանգամանքը հիմք ընդունելով` դատական պրակտիկայում պատշաճ ուշադրություն չի դարձվում Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումներին, ինչն իմաստազրկում է Սահմանադրական դատարանի որոշման ամբողջականությունն ու նշանակությունը` որպես իրավունքի աղբյուր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ հոդվածների նորմատիվ պահանջներն ինքնին չեն բխում ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-943 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից: Սակայն դրանց սահմանադրականության գնահատման հարցին բովանդակային անդրադարձը դուրս է քննության առարկա սույն գործի շրջանակներից:

Այդուհանդերձ, սույն գործով Սահմանադրական դատարանն առաջնորդվում է ՀՀ Սահմանադրության գերակայության և, մասնավորապես՝ ՀՀ դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակից բխող գործառույթների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև անձանց` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրաիրավական կարևորությամբ: Ուստի իրավակիրառական պրակտիկայում ստեղծված իրավիճակին սահմանադրաիրավական բովանդակություն հաղորդելու նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դատական պրակտիկան պետք է առաջնորդվի 17.11.2015թ. ՍԴՈ-1236 որոշման ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներով: Դրանց համաձայն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ մինչդատական վարույթում գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի (հետաքննության մարմնի կամ քննիչի) որոշումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից կարող է վերացվել մեկ անգամ և միայն այդպիսի որոշման կայացումից հետո` վեց ամսվա ժամկետում՝ անկախ քրեական հետապնդման մարմնի վերոհիշյալ որևէ որոշման առնչությամբ ստորադաս հսկող դատախազի դատավարական լիազորությունների իրականացումից:

ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ իրավունքն ու պարտականությունն է հսկող դատախազի` օրենքով սահմանված լիազորության կատարումից կամ այդ լիազորության կատարման համար սահմանված ժամկետի (7-օրյա) ավարտից հետո ծագած իրավահարաբերությունների շրջանակներում և օրենքով նախանշված ժամկետում (6 ամիս) ու կարգով վերացնել գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի անօրինական գնահատված որոշումը` կայացնելով վերջնական որոշում, ինչն անհրաժեշտ է ապահովելու տուժողի իրավունքների ու շահերի պաշտպանությունը և խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը:

 

6. Հաշվի առնելով վերոշարադրյալ դիրքորոշումները` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 17 նոյեմբերի 2015թ. ՍԴՈ-1236 որոշմամբ հստակ դիրքորոշում է արտահայտվել վեճի առարկա իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ` այն արտահայտելով որոշման ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում: Իրավական պետության սահմանադրաիրավական հիմնարար չափորոշիչներից ելնելով` այդ դիրքորոշումներով պետք է առաջնորդվեն ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ մարմինները: Հետևաբար, ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1236 որոշման վերանայման և նոր որոշման ընդունման որևէ անհրաժեշտություն կամ հիմք առկա չէ` նկատի ունենալով նաև նշված որոշման ընդունումից հետո տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները:

ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և 60-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, միաժամանակ որոշման եզրափակիչ մասում շեշտելով ՍԴՈ-1236 որոշումից բխող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ գլխավոր դատախազին վերաբերող լիազորության սահմանադրաիրավական բովանդակությունը` ելնելով դատական պրակտիկայի սահմանադրականացման և անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32, 60, 63, 64, 68 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել` հաշվի առնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2015թ. նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1236 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում մինչդատական վարույթում գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի (հետաքննության մարմնի կամ քննիչի) որոշումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից կարող է վերացվել մեկ անգամ և միայն այդպիսի որոշման կայացումից հետո` վեց ամսվա ժամկետում՝ անկախ քրեական հետապնդման մարմնի վերոհիշյալ որևէ որոշման առնչությամբ ստորադաս հսկող դատախազի դատավարական լիազորության իրականացումից: ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ իրավունքն ու սահմանադրաիրավական պարտականությունն է հսկող դատախազի` օրենքով սահմանված լիազորության կատարումից կամ այդ լիազորության կատարման համար սահմանված ժամկետի (7-օրյա) ավարտից հետո ծագած իրավահարաբերությունների շրջանակներում և օրենքով նախանշված ժամկետում (6 ամիս) ու կարգով վերացնել գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը` կայացնելով վերջնական որոշում:

Վեճի առարկա նորմը դատական պրակտիկայում շարունակում է կիրառվել այլ մեկնաբանությամբ, ինչը ենթակա է վերանայման:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

1 նոյեմբերի 2016 թ.

ՍԴՈ-1319