Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-21-Ո-18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.26/77(1257) Հոդ.1012
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.09.2016
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-21-Ո-18

2016 թ.


ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արդարադատության խորհուրդը

 

հետեվյալ կազմով`

 

նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
   
մասնակցությամբ` ԱԽ անդամներ Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի,
  Ռ. Բարսեղյանի, Ա. Դարբինյանի,
  Գ. Խանդանյանի, Մ. Հարթենյանի,
  Գ. Ղազինյանի, Ե. Սողոմոնյանի,
  Վ. Ստեփանյանի, Հ. Փանոսյանի
   
մասնակցությամբ` դատավոր Ա. Հովհաննիսյանի
   
ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանի
   

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ

Մ. Մինասյանի
   
քարտուղարությամբ` Շ. Վարդանյանի

 

2016 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 17.06.2016թ. թիվ 220-Ա հրամանով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի դիմումները` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«1. Գործի փաստական հանգամանքները թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործով.

1.1 «Պետրոլոգ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև` Հայցվոր) 27.08.2015թ-ին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի (այսուհետ նաև` Պատասխանող)` պահանջելով վերացնել «Պետրոլոգ» ՍՊԸ-ի հողօգտագործման իրավունքի խախտումը` պարտավորեցնել հանույթ իրականացնելու նպատակով տեղակայած տեխնիկական սարքերի հետ միասին «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ին ազատել ապօրինի զբաղեցրած` «Պետրոլոգ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքը: Հայցադիմումը նույն օրը Դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ:

1.2 Հայցվորը 07.09.2015թ-ին միջնորդություն է ներկայացրել` Դատարան հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ: Խնդրել է անհապաղ դադարեցնել Հայցվորին վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքում Պատասխանողի կողմից իրականացվող ընդերքօգտագործման աշխատանքները, ինչպես նաև պարտավորեցնել Պատասխանողին ազատել Հայցվորին վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքը` իր կողմից օգտագործվող և այդ տարածքում գտնվող տեխնիկայի կուտակումներից:

1.3 Դատարանի 07.09.2015թ-ի որոշմամբ միջնորդությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ քանի դեռ ապացուցված չէ, որ Պատասխանողը հանքարդյունաբերական աշխատանքներ է իրականացնում` խախտելով այլ ընկերության իրավունքները և օրինական շահերը, Հայցվորի միջնորդած եղանակով հայցի ապահովում կիրառելով կխոչընդոտվի տնտեսվարող սուբյեկտի բնականոն գործունեությունը: Միաժամանակ Դատարանը գտել է, որ Հայցվորը չի ներկայացրել միջնորդությունը հիմնավորող որևէ ապացույց, ինչը դատարանին հիմք կտար հանգելու այն հետևության, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը:

1.4 Հայցվորը 02.12.2015թ-ին կրկին միջնորդություն է ներկայացրել Դատարան` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ: Խնդրել է ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի (այսուհետ նաև` Համայնք) և Հայցվորի միջև 04.02.2015թ-ին կնքված թիվ 281 հողամասի վարձակալության պայմանագրի հիմքով Հայցվորին հատկացված հողատարածքն ազատել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքից, տեխնիկական սարքերից և այլ կոմունիկացիաներից, ինչպես նաև ճանապարհին տեղադրված անցակետ-պատնեշից: Միջնորդությանը կից ներկայացվել են նաև հողամասի իրադրական հատակագիծը, վարձակալության պայմանագրի պատճենը և 4 լուսանկար:

1.5 Դատարանի 02.12.2015թ. որոշմամբ միջնորդությունը բավարարվել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի և Հայցվորի միջև առկա է հողամասի վարձակալության պայմանագիր, մինչդեռ Պատասխանող ընկերությունը գործունեություն է ծավալել այդ տարածքում:

 

2. Գործի փաստական հանգամանքները թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործով.

2.1 Ավշարի գյուղապետարանը (այսուհետ նաև` Համայնք) 13.10.2015թ-ին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Պետրոլոգ» ՍՊԸ-ի և «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի (այսուհետ նաև` Պատասխանող, իսկ սույն գործով միասին նաև` Պատասխանողներ)` պահանջելով վերացնել Համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները: Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածին` հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Պատասխանողները սահմանազանցել են իրենց լիազորությունները: Մասնավորապես, ընդերքօգտագործման թույլտվության սահմաններում հանքարդյունաբերական նպատակներով շահագործվող հողատարածքից բացի` վերջիններիս կողմից շահագործվում են նաև Համայնքին պատկանող հողատարածքները, ինչի հետևանքով խախտվել է մոտ 2000քմ մակերեսով համայնքային նշանակության հողատարածքի սկզբնական բնական վիճակը, ինչն էլ խոչընդոտում է նշված տարածքը հետագայում այլ անձանց վարձակալությամբ տրամադրելուն:

2.2 Հայցադիմումը Դատարանի 13.10.2015թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:

2.3 Դատարանը նույն օրը Համայնքի միջնորդությամբ կիրառել է նաև հայցի ապահովման միջոց, այն է` արգելել Պատասխանողներին ընդերքօգտագործման թույլտվությունների առարկան կազմող գործողությունների շրջանակում կատարել որևէ գործողություն, որն ուղղակիորեն կապված է Համայնքին պատկանող հողատարածքների շահագործման հետ:

2.4 Պատասխանող «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն 22.10.2015թ-ին միջնորդել է վերացնել կիրառված հայցի ապահովումը, իսկ այն մերժելու դեպքում կիրառել հնարավոր վնասների հատուցման ապահովում:

2.5 Դատարանը, 03.11.2015թ-ին քննարկելով միջնորդությունը, այն բավարարել է մասնակի: Մասնավորապես` 29.01.2003թ-ին ՀՀ Գոռավանի գյուղապետարանի և «Լեմ Սեմ» ՍՊԸ-ի («Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի իրավանախորդ) միջև կնքված 5 հա հողամասի մասով կիրառված հայցի ապահովումը վերացվել է, իսկ հնարավոր վնասների հատուցման ապահովում կիրառելու մասով միջնորդությունը մերժվել է:

2.6 Համայնքը 24.12.2015թ-ին կրկին հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել` խնդրելով պարտավորեցնել ապամոնտաժել` հանել Համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքում տեղադրված և փաստացի Պատասխանող «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման նպատակով շահագործվող համապատասխան սարքավորումները և տեխնիկան, այդ թվում` դրանց սպասարկման համար նախատեսված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և անվտանգության համակարգերը, ինչպես նաև արգելել վերջինիս հետագայում ընդերքօգտագործման նպատակով տեղադրել, տեղակայել կամ որևէ այլ տեխնիկական գործողությունների միջոցով ամրացնել սարքավորումներ և տեխնիկա, այդ թվում` դրանց սպասարկման համար նախատեսված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և անվտանգության համակարգերը Համայնքի տարածքում: Դատարանի 25.12.2015թ. որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:

2.7 25.12.2015թ-ին տրված կատարողական թերթը Համայնքի կողմից ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արարատի մարզային բաժնի Վեդու բաժանմունք: Դրա հիման վրա նույն օրը կայացվել են կատարողական վարույթ հարուցելու և որոշակի գործողություններ կատարելը պարտավորեցնելու մասին որոշումներ:

2.8 Պատասխանող «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն 30.12.2015թ-ին միջնորդություն է ներկայացրել Դատարան` կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ: Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Դատարանը կիրառել է օրենքով չնախատեսված հայցի ապահովման միջոցներ, որոնք, ըստ էության, հայցի բավարարում են, դրանցով խախտվել են Պատասխանողի իրավունքները, և ընկերությանը պատճառվել է էական վնաս: Օրենսդիրը չի նախատեսել այնպիսի հայցի ապահովման միջոց, որը նախատեսում է որոշակի տարածքից պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող իրերն ապամոնտաժելը, տեղահանելը:

2.9 Դատարանի 18.01.2016թ-ի որոշմամբ միջնորդությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ վերոնշյալ քաղաքացիական գործով հայցի ապահովում չկիրառելով` ոչ միայն կդժվարանա վերջնական դատական ակտի կատարումը, այլև կվատթարացվի վեճի առարկա գույքի վիճակը, քանի որ վեճի առարկա գույքը հող է, որն օգտագործվում է հանքարդյունաբերական նպատակով: Հողի հետագա շահագործումը կարող է բերել հողի վիճակի վատթարացման և մինչև վերջնական դատական ակտի կայացումը կարող է կորցնել իր նպատակային օգտագործման նշանակությունը: Անդրադառնալով Պատասխանողի այն պնդմանը, որ օրենսդիրը չի նախատեսել այնպիսի հայցի ապահովման միջոց, որը նախատեսում է որոշակի տարածքից պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող իրերի ապամոնտաժում, տեղահանում, Դատարանը, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 98-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին, նշել է, որ հողի հետագա վիճակի վատթարացումը կանխելու, դրա նպատակային օգտագործման արժեքը չկորցնելու նկատառումով արգելել է հետագա հանքարդյունաբերական գործունեության և որոշակի գործողությունների կատարումը` մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը:

2.10 Համայնքը 21.03.2016թ-ին միջնորդություն է ներկայացրել Դատարան` հայցից հրաժարվելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին: Արդյունքում Դատարանի 30.05.2016թ. վճռով գործի վարույթը կարճվել է, և կիրառված հայցի ապահովման միջոցները վերացվել են:

 

3. Դատավորի կողմից դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալը.

3.1 Դատարանը, թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով օրենքով չնախատեսված հայցի ապահովման միջոցներ կիրառելով, խախտել է Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործով Դատարանը, բավարարելով Հայցվորի կողմից 02.12.2015թ-ին ներկայացրած միջնորդությունը, նույն օրը կիրառել է հայցի ապահովման միջոց հետևյալ բովանդակությամբ. Համայնքի և Հայցվոր «Պետրոլոգ» ՍՊԸ-ի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրի հիմքով Հայցվորին հատկացված հողատարածքն ազատել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքից, տեխնիկական սարքերից և այլ կոմունիկացիաներից, ինչպես նաև ճանապարհին տեղադրված անցակետ-պատնեշից:

Թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործով Դատարանը, բավարարելով Համայնքի կողմից ներկայացրած միջնորդությունը, 25.12.2015թ-ին կիրառել է հայցի ապահովման միջոց հետևյալ բովանդակությամբ. ապամոնտաժել` հանել Համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքում տեղադրված և փաստացի Պատասխանող «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման նպատակով շահագործվող համապատասխան սարքավորումները և տեխնիկան, այդ թվում` դրանց սպասարկման համար նախատեսված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և անվտանգության համակարգերը, արգելել վերջինիս հետագայում ընդերքօգտագործման նպատակով տեղադրել, տեղակայել կամ որևէ այլ տեխնիկական գործողությունների միջոցով ամրացնել սարքավորումներ և տեխնիկա, այդ թվում` դրանց սպասարկման համար նախատեսված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և անվտանգության համակարգերը Համայնքի տարածքում:

Օրենսգիրքը սպառիչ կերպով թվարկում է հայցի ապահովման միջոցների ցանկը: Մասնավորապես, Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են`

1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.

3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.

5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:

Օրենսգիրքը, վերը թվարկված հինգ միջոցներից բացի, հայցի ապահովման միջոցների այլ տեսակներ չի նախատեսում:

Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը:

Այս առումով անհրաժեշտ է նշել, որ հայցի ապահովում կիրառելը չի կարող լինել ինքնանպատակ: Դրա նպատակը մասնավորապես վեճի առարկայի պահպանումն է` դրա վիճակի վատթարացման հանգամանքների հնարավոր կանխարգելումը: Այս հարցին անդրադարձել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանն իր 30.07.2010թ. թիվ ԵՇԴ/0550/02/09 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ` արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտի կարևորագույն նպատակն է ապահովել որոշակի երաշխիքներ` հարուցված հայցով ապագա վճռի կատարումն ապահովելու և հայցվորի օրինական շահերը ցանկացած բացասական հետևանքներից պաշտպանելու համար: Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն իր 27.11.2015թ. թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցի ապահովման ինստիտուտի նպատակը վերջնական դատական ակտի կատարման երաշխավորումն է, այլ ոչ թե լրացուցիչ` վերջնական դատական ակտի կատարումը չերաշխավորող գույքային իրավունքների սահմանափակումը:

Ասվածից բխում է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այդպիսի միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկայի վիճակի վատթարացմանը: Օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված հայցի ապահովման միջոցներն իրենց բովանդակությամբ զուտ ժամանակավոր բնույթի գործողություններ են` ուղղված վեճի առարկա գույքի պահպանմանը` մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը: Հենց այդ նպատակով է օրենսդիրը նախատեսել որոշակի գործողությունների կատարման արգելքը` որպես հայցի ապահովման միջոց, որի տառացի մեկնաբանության պարագայում պետք է հասկանալ որևէ բան անելու, ակտիվ գործելու հնարավորության սահմանափակումը: Հայցի ապահովման այս միջոցի նպատակն է «սառեցնել գույքը» փաստացի վիճակով և ժամանակավորապես կասեցնել վեճի առարկային վերաբերող կոնկրետ գործողությունների կատարումը: Մինչդեռ Դատարանի կողմից թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործով հողատարածքը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքից, տեխնիկական սարքերից և այլ կոմունիկացիաներից, ինչպես նաև ճանապարհին տեղադրված անցակետ-պատնեշից ազատելու տեսքով, ինչպես նաև թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցի առաջին մասը` սարքերի, տեխնիկայի ապամոնտաժման տեսքով հայցի ապահովման միջոցները Պատասխանողին որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու պահանջ են (այլ ոչ թե որոշակի գործողություններ կատարելու արգելք), այն պարագայում, երբ Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի ապահովման միջոցներից ոչ մեկը նման բովանդակություն չունի:

Ուստի ակնհայտ է, որ Դատարանը երկու դեպքում էլ կիրառել է հայցի ապահովման` օրենքով չնախատեսված միջոցներ:

Ընդ որում, թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործով Դատարանը, Պատասխանող

«Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի` կիրառված հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին իր 18.01.2016թ. որոշմամբ անդրադառնալով Պատասխանողի այն պնդմանը, որ օրենսդիրը չի նախատեսել այնպիսի հայցի ապահովման միջոց, որը նախատեսում է որոշակի տարածքից պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող իրերի ապամոնտաժում, տեղահանում, հղում կատարելով Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին` նշել է, որ հողի հետագա վիճակի վատթարացումը կանխելու, դրա նպատակային օգտագործման արժեքը չկորցնելու նկատառումով արգելվել է հետագա հանքարդյունաբերական գործունեության և որոշակի գործողությունների կատարումը` մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը: Ստացվում է, որ Դատարանը շրջանցելով Պատասխանողի կողմից ներկայացված` տեխնիկայի, սարքավորումների ապամոնտաժելուն, հանելուն պարտավորեցնելու տեսքով հայցի ապահովման միջոցը օրենքով նախատեսված լինելու-չլինելու հարցը, իր որոշման մեջ հիշատակել է միայն իր կողմից կիրառված հայցի ապահովման միջոցի 2-րդ մասը, այն է` արգելել Պատասխանող «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ին հետագայում ընդերքօգտագործման նպատակով Համայնքի տարածքում տեղադրել, տեղակայել կամ որևէ այլ տեխնիկական գործողությունների միջոցով ամրացնել սարքավորումներ և տեխնիկա:

Արդյունքում Պատասխանող «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման նպատակով շահագործվող համապատասխան սարքավորումները և տեխնիկան ապամոնտաժելը որպես գործողությունների կատարմանը պարտավորեցնող հայցի ապահովման միջոց օրենքով նախատեսված չլինելու հարցին Դատարանի կողմից չանդրադառնալը հանգեցրել է Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի խախտմանը (տե'ս ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007թ. թիվ 3-1176(ՎԴ) և 09.11.2007թ. 3-1762(ՎԴ) գործերով կայացված նախադեպային որոշումները), ինչը ևս հաստատում է խախտում թույլ տալու հանգամանքը:

Նշված խախտման կապակցությամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանը (այսուհետ` նաև Դատավոր) 30.06.2016թ-ին ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված բացատրությամբ (այսուհետ` Բացատրություն) նշել է, որ եզրակացության նախագծում նշված դիրքորոշումը չի բխում իրավակիրառ պրակտիկայից:

Ըստ Դատավորի` թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով կիրառված հայցի ապահովման միջոցները հիմնավոր են, քանի որ ուղղակիորեն բխում են օրենսդրորեն նախատեսված` այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների «կատարումն արգելելը» տեսակից, որն էլ` որպես հայցի ապահովման միջոց, կիրառվել է դատարանի կողմից:

Նշված փաստարկները հերքվում են սույն եզրակացությամբ բերված հիմնավորումներով:

3.2 Դատարանը, թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով հայցի ապահովումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները բավարարելով և արդյունքում հայցապահանջներին համընկնող հայցի ապահովման միջոցներ կիրառելով, խախտել է Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործով հայցապահանջն է` վերացնել Հայցվորի հողօգտագործման իրավունքի խախտումը` պարտավորեցնել հանույթ իրականացնելու նպատակով տեղակայած տեխնիկական սարքերի հետ միասին Պատասխանողին ազատել ապօրինի զբաղեցրած` Հայցվորին վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքը: Մինչդեռ Դատարանի 02.12.2015թ. որոշմամբ կիրառվել է հայցի ապահովում, այն է` Համայնքի և Հայցվոր «Պետրոլոգ» ՍՊԸ-ի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրի հիմքով «Պետրոլոգ» ՍՊԸ-ին հատկացված հողատարածքն ազատել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքից, տեխնիկական սարքերից և այլ կոմունիկացիաներից, ինչպես նաև ճանապարհին տեղադրված անցակետ-պատնեշից:

Նշված հայցապահանջի և Դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցի համադրումից ակնհայտ է, որ դրանք ըստ էության նույնն են: Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման բովանդակությունն ամբողջությամբ ընդգրկում է հայցային պահանջի ծավալը: Ուստի նման ծավալով հայցի ապահովման միջոցի կիրառման արդյունքում Հայցվորը փաստացի հասել է իր հայցապահանջի բավարարմանը:

Ավելին` Դատարանը, մերժելով Հայցվորի կողմից 07.09.2015թ-ին ներկայացրած հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, որպես հիմնավորում նշել է, որ քանի դեռ ապացուցված չէ, որ Պատասխանողը հանքարդյունաբերական աշխատանքներ է իրականացնում` խախտելով այլ ընկերության իրավունքները և օրինական շահերը, Հայցվորի միջնորդած եղանակով հայցի ապահովում կիրառելով` կխոչընդոտվի տնտեսվարող սուբյեկտի բնականոն գործունեությունը: Այսինքն` սկզբում Դատարանը ևս ընդունել է, որ այլ ընկերությանը հատկացված հողատարածքում Պատասխանողի կողմից հանքարդյունաբերական աշխատանքներ կատարելու փաստը դեռ վիճելի է և ապացուցման կարիք ունի: Իսկ այդ փաստը կարող էր ապացուցվել միայն համապատասխան դատավարական ընթացակարգերի պահպանման` գործի ըստ էության քննության, ապացույցների ուսումնասիրության և այլ դատավարական գործողությունների իրականացման արդյունքում:

Մինչդեռ Հայցվորի կողմից 02.12.2015թ-ին ներկայացված միջնորդությունը Դատարանի` նույն օրը կայացրած որոշմամբ բավարարվել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Համայնքի և «Պետրոլոգ» ՍՊԸ-ի միջև առկա է հողամասի վարձակալության պայմանագիր, իսկ Պատասխանող ընկերությունը գործունեություն է ծավալել այդ տարածքում (Հայցվորի կողմից նշված հայցի ապահովումը կիրառելու միջնորդության հիմքում դրվել է Համայնքի և «Պետրոլոգ» ՍՊԸ-ի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը):

Փաստորեն, 02.12.2015թ-ին բավարարելով Հայցվորի` հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ նույնանման միջնորդությունը` Դատարանը գործի նախապատրաստական փուլում արդեն իսկ հաստատված է համարել, որ Համայնքի և «Պետրոլոգ» ՍՊԸ-ի միջև առկա է հողամասի վարձակալության պայմանագիր, իսկ Պատասխանողը գործունեություն է ծավալել այդ տարածքում: Արդյունքում, ըստ էության, ընդունել է, որ առկա է Հայցվորի հողօգտագործման իրավունքի խախտում, և բավարարել է հայցը:

Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վեճն ըստ էության լուծելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ: Սույն գործը դեռ քննության փուլում է, բայց Դատարանի` հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ Հայցվորի միջնորդությունը բավարարելու որոշումը վերջնական դատական ակտին բնորոշ հատկանիշներ է պարունակում այնքանով, որ իր բովանդակությամբ կանխորոշում է գործի ելքը:

Ինչպես արդեն նշվել է վերևում, Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Մինչդեռ սույն գործով հայցի ապահովման նման միջոցը ոչ թե կանխարգելիչ գործողություն է, որն իրականում համապատասխանում է հայցի ապահովման էությանն ու դրա նպատակներին, այլ ըստ էության վեճի լուծման արդյունքում վերջնական դատական ակտով նախատեսվելիք հայցի բավարարմանն ուղղված գործողություն:

Նույնանման խախտում առկա է նաև թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործով: Սույն գործով Համայնքի հայցապահանջն է վերացնել սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները: Մինչդեռ 25.12.2015թ-ին Դատարանի կողմից կիրառվել է հայցի ապահովման միջոց հետևյալ բովանդակությամբ. ապամոնտաժել` հանել Համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքում տեղադրված և փաստացի Պատասխանող «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման նպատակով շահագործվող համապատասխան սարքավորումները և տեխնիկան: Արդյունքում, սույն գործով ևս Դատարանը, բավարարելով Հայցվորի կողմից ներկայացրած միջնորդությունը, իրականում ըստ էության բավարարել է վերջինիս կողմից ներկայացված հայցապահանջը:

 Հայցի ապահովումը բնութագրող անհրաժեշտ հատկանիշներից մեկն էլ հենց այն է, որ դրանց կիրառումը ժամանակավոր բնույթ է կրում: Ուստի, հաշվի առնելով այդ հանգամանքը` անհրաժեշտ է ապահովել ողջամիտ համաչափության առկայությունը ձեռնարկված հայցի ապահովման միջոցի և հետապնդվող նպատակի միջև: Նման դիրքորոշում է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում (օրինակ` «Էյր Կանադան ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով): Հայցի ապահովման նպատակը գործով դատարանի վճռի կատարման երաշխավորումն է, սակայն դա չի նշանակում, որ հայցի ապահովման նպատակից ելնելով` հայցի ապահովման միջոցը և ապահովման ենթակա անմիջական օբյեկտը` հայցապահանջը, պետք է համընկնեն միմյանց:

Քանի որ հայցի ապահովման միջոցի կիրառման նպատակն է նաև իրավունքների խախտման կանխարգելումը, հայցի ապահովման այս կամ այն միջոցը կիրառելիս Դատարանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ այդ միջոցների կիրառումը կարող է վնաս պատճառել պատասխանողի շահերին: Ուստի հայցի ապահովման մասին որոշումը կայացնելիս Դատարանը պետք է ելներ ոչ միայն Հայցվորի, այլ նաև Պատասխանողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից: Մինչդեռ, թե՛ ԱՎԴ1/1423/02/15 և թե՛ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործերով կիրառված հայցի ապահովման միջոցների բովանդակությունն այնպիսին է, որ Պատասխանողն ըստ էության զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող սարքավորումներն ու տեխնիկան իր հայեցողությամբ տիրապետելու, ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից: Ուստի Դատարանի ընտրած հայցի ապահովման միջոցն անարդարացիորեն սահմանափակել է Պատասխանողի գույքային իրավունքները:

Նշված խախտման կապակցությամբ Դատավորը, Բացատրությամբ վկայակոչելով Օրենսգրքի 32-րդ հոդվածը, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերոնշյալ գործերով հայցի ապահովումները կիրառվել են դատաքննության նախապատրաստության փուլով, երբ դեռևս առկա չեն եղել վիճելի իրավահարաբերության բնույթի հետևանք հանդիսացող վերջնական հայցի առարկաները: Նշված հանգամանքը, ըստ դատավորի, բացառում է այն մոտեցումը, որ առկա է հայցի առարկաների համադրում և հայցապահանջների բավարարում:

Դատավորը, հղում կատարելով Օրենսգրքի 14-րդ և 97-րդ հոդվածներին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի` 30.07.2010թ. թիվ ԵՇԴ/0550/02/09 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով 01.03.2010թ. կայացրած վճռով արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ դատարանի գործողությունները բխել են բացառապես առկա իրադրությունից այն մասով, որ կիրառված հայցի ապահովման միջոցների հետևանքով ուղղակիորեն կանխվել է ընդերքօգտագործումը, ինչը բացառել է հետագա հողային աշխատանքների կատարումը` չթույլատրելով հողային մակերևույթի հետագա ձևափոխում: Ուստի Դատարանի գործողությունները բխել են անձի արդար դատաքննության իրավունքից, ինչն ուղղված էր բացառելու վերջնական դատական ակտի անկատար մնալը: Հակառակ պարագայում, ըստ դատավորի` ներկայացված հայցապահանջները կդառնային առարկայազուրկ:

Դատավորը նաև հավելել է, որ հայցի ապահովումներ կիրառելիս վերջինս առաջնորդվել է Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով` բացառելով դատական ակտի կատարման անհնարինությունը կամ դժվարացումը և արդյունքում կանխելով նաև վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացումը:

Վերջում որպես օրինակ վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դրանով որպես հայցի ապահովման առանձին տեսակ նախատեսված է նաև հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը` Դատավորը եզրահանգել է, որ վերոնշյալ հայցի ապահովումների կիրառումը չի խաթարում արդարադատության իրականացումը:

Անդրադառնալով Բացատրությամբ ներկայացրած այն դիրքորոշմանը, որ «...թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով քննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստության փուլով, և հենց այդ փուլում կիրառվել են հայցի ապահովումները, ինչը նշանակում է, որ դեռևս առկա չեն եղել վիճելի իրավահարաբերության բնույթի հետևանք հանդիսացող վերջնական հայցի առարկաները: Նշված հանգամանքը, ըստ դատավորի, բացառում է այն մոտեցումը, որ առկա է հայցի առարկաների համադրում և հայցապահանջների բավարարում», պետք է նշել, որ Օրենսգրքի 32-րդ հոդվածով հայցվորին տրված հայցի հիմքը և առարկան փոխելու իրավունքը բխում է քաղաքացիական դատավարության բաղկացուցիչ սկզբունք հանդիսացող տնօրինչականության սկզբունքից, որը կողմերին օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իրենց նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: Ուստի այն հանգամանքը, որ վերոնշյալ գործերով Հայցվորները կարող էին օգտվել տնօրինչականության սկզբունքից բխող իրենց իրավունքներից, դեռ չի նշանակում, որ նրանք անպայմանորեն իրացնելու էին դրանք, և հետևաբար չի արդարացնում ներկայացված հայցապահանջների և կիրառված հայցի ապահովման միջոցների համընկնումը:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից վկայակոչված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին և դրա կապակցությամբ արտահայտած դիրքորոշմանը, հարկ է նկատել, որ հայցի ապահովման նշված տեսակը նախատեսված է և կիրառելի է միայն վարչական դատավարության շրջանակներում, ուստի տվյալ իրավիճակում վերաբերելի չէ: Բացի այդ, կարելի է ասել, որ վերոնշյալ դիրքորոշմամբ Դատավորն ըստ էության ընդունել է, որ կիրառված հայցի ապահովումների արդյունքում վերոնշյալ գործերով Հայցվորները հասել են իրենց հայցապահանջների բավարարմանը:

Բացատրությամբ ներկայացված մյուս փաստարկները և պարզաբանումները հերքվում են սույն եզրակացությամբ բերված հիմնավորումներով:

Դատավորի կողմից լրացուցիչ ստուգումներ կատարելու միջնորդություն կամ լրացուցիչ բացատրություններ չեն ներկայացվել:

 

4. Եզրակացություն

Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանը թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ հետևյալ խախտումները:

Ակնհայտ ու կոպիտ է դատավորի կողմից թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով օրենքով չնախատեսված հայցի ապահովման միջոցներ կիրառելը, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Ակնհայտ և կոպիտ է նաև դատավորի կողմից թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով հայցի ապահովումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները բավարարելը և արդյունքում հայցապահանջներին համընկնող հայցի ապահովման միջոցներ կիրառելը, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Գտնում ենք, որ նշված դատավարական նորմերի խախտումները չեն կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ, ինչպես նաև կատարված են կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Գտնում ենք, որ վերոնշյալ հանգամանքները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ա. Հովհաննիսյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործով հայցվոր` «Պետրոլոգ» ՍՊԸ-ն պահանջել է վերացնել «Պետրոլոգ» ՍՊԸ-ի հողօգտագործման իրավունքի խախտումը` պարտավորեցնել հանույթ իրականացնելու նպատակով տեղակայված տեխնիկական սարքերի հետ միասին «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ին ազատել ապօրինի զբաղեցրած` «Պետրոլոգ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքը:

Նշված գործով Դատարանի կողմից կիրառվել է հետևյալ հայցի ապահովումը. ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի և «Պետրոլոգ» ՍՊԸ միջև 04.02.2015 թվականին կնքված թիվ 281 հողամասի վարձակալության պայմանագրի հիմքով հայցվորին հատկացված հողատարածքն ազատել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքից, տեխնիկական սարքերից և այլ կոմունիկացիաներից, ինչպես նաև ճանապարհին տեղադրված անցակետ-պատնեշից:

Թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործով Ավշարի գյուղապետարանը պահանջել է վերացնել Ավշար համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները:

Նշված գործով Դատարանի կողմից կիրառվել է հետևյալ հայցի ապահովումը. ապամոնտաժել` հանել Ավշար համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքում տեղադրված և փաստացի «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման նպատակով շահագործվող համապատասխան սարքավորումները և տեխնիկան, այդ թվում` դրանց սպասարկման համար նախատեսված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և անվտանգության համակարգերը, արգելել «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ին հետագայում ընդերքօգտագործման նպատակով տեղադրել, տեղակայել կամ որևէ այլ տեխնիկական գործողությունների միջոցով ամրացնել սարքավորումներ և տեխնիկա, այդ թվում` դրանց սպասարկման համար նախատեսված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և անվտանգության համակարգերն Ավշար համայնքի տարածքում:

Վերը նշված քաղաքացիական գործերով կիրառված հայցի ապահովման միջոցները եզրակացության նախագծով (այսուհետ` Նախագիծ) գնահատվել են որպես ներկայացված հայցի առարկաների համադրում, ինչի արդյունքում փաստացի առկա է հայցապահանջների բավարարում, ինչպես նաև գնահատվել են որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով չնախատեսված հայցի ապահովման հինգ միջոցներից դուրս կիրառված` չնախատեսված տեսակ:

Նախագծի եզրափակիչ մասով արձանագրվել է, որ դատավորը թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ:

Ներկայացված դիրքորոշումն ակնհայտ անհիմն է և չի բխում վերը նշված գործերում առկա իրավափաստական հանգամանքներից, այն միակողմանի վերլուծության արդյունք է, որպիսի հանգամանքը բացառում է Նախագծով ներկայացված դատավարական որևէ նորմի խախտում հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով քննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստության փուլով, և հենց այդ փուլում կիրառվել են հայցի ապահովումները, ինչը նշանակում է, որ դեռևս առկա չեն եղել վիճելի իրավահարաբերության բնույթի հետևանք հանդիսացող վերջնական հայցի առարկանները, որպիսի հանգամանքը բացառում է այն մոտեցումը, թե կան ներկայացված հայցի առարկաների համադրում և հայցապահանջների փաստացի բավարարում:

Ավելին` թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով ներկայացված պահանջներն ուղղակիորեն որևէ աղերս չունեն խնդրո առարկա միջանկյալ դատական ակտերի հետ, այն պատճառաբանությամբ, որ դրանք բոլորովին նույնական չեն ներկայացված պահանջների հետ:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

Նշված իրավադրույթի բովանդակային-համադրված վերլուծությունից բխում է, որ այն ուղղակիորեն միտված է պաշտպանելու սեփականատիրոջ (նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով) օրինաչափ հավակնություններն ու իրավական պահանջներն այն դեպքերում, երբ իր իրավունքները խախտվել են այլ սուբյեկտների ոտնձգություններից և հակաիրավական գործողություններից:

Տվյալ դեպքում ներկայացվել են նեգատոր հայցեր որպես գույքի սեփականատիրոջ և այն անձի կողմից, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է պայմանագրով նախատեսված հիմքով, ինչը սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը:

Հայցի ապահովման դատավարական ինստիտուտի կարևորագույն նպատակն է ապահովել որոշակի երաշխիքներ` հարուցված հայցով ապագա վճռի կատարումն ապահովելու և հայցվորի օրինական շահերը ցանկացած բացասական հետևանքներից պաշտպանելու համար (ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի թիվ ԵՇԴ/0550/02/09 քաղաքացիական գործով կայացված դիրքորոշում):

Ավելին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), քննելով Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, 01.03.2010 թվականի վճռում նշել է. «Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունքը», որի ասպեկտներից մեկը դատարանի մատչելիության իրավունքն է, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը: Մինչդեռ այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի: Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին կետը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարություն և գործերի քննության անընդհատության սկզբունք)` առանց դատական որոշումների կատարման երաշխիքների: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության և դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում հավանաբար կառաջացներ մի իրավիճակ, որն անհամատեղելի կլիներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել: Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (տե՛ս նաև Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի վճիռը, կետ 34)»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

Այս հիմքով գտնում եմ, որ անհրաժեշտ է առարկայացնել այն, որ թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով ներկայացված պահանջներն իրենց իրավափաստական մասով վերաբերում էին ընդերքօգտագործման իրավունքի իրացմանը` հանքարդյունաբերական գործունեությանը, մի դեպքում վարձակալի կողմից, մյուսով` սեփականատիրոջ: Դատական ակտերը վերաբերում են ընդերքօգտագործման նպատակով շահագործվող համապատասխան սարքավորումներին, ուստի ստեղծված պայմաններում Դատարանի իրավաչափ գործողությունները բխել են բացառապես առկա իրադրությունից այն մասով, որ կիրառված հայցի ապահովման միջոցների հետևանքով ուղղակիորեն կանխվել է ընդերքօգտագործումը, ինչը բացառել է հետագա հողային աշխատանքների կատարումը` չթույլատրելով հողային մակերևույթի (ռելիեֆի) հետագա ձևափոխում:

Վերոգրյալն ուղղակիորեն վկայում է, որ Դատարանի գործողությունները բխել են անձի արդար դատաքննության իրավունքից, ինչն ուղղված էր բացառելու հետագայում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անկատար մնալուն, հակառակ պարագայում նշված գործերով վերջնական դատական ակտի` պայմանական հայցի բավարարման դեպքում հանքարդյունաբերության նպատակով շահագործված հողային շերտից հայցվորի համար որևէ նյութաիրավական ակնկալիք այլևս չէր լինի (առավել ևս եռաստիճան դատական համակարգով ակտերի բողոքարկման պայմաններում, առկա ժամկետների դեպքում), իսկ ներկայացված պահանջները կդառնային առարկայազուրկ:

Տվյալ դեպքում նշված գործերով կարծում եմ, որ երաշխավորվել է դատավարության մասնակիցների իրական իրավունքների և ազատությունների ծավալը, ինչն ապահովել է իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքների, դատավարության և դատական ակտի կատարման փուլերի անքակտելիությունը:

Ստեղծված պայմաններում Դատարանն առաջնորդվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետով` բացառելով դատական ակտի անհնարինությունը կամ դատական ակտի կատարման դժվարացումը, ինչը տվյալ դեպքում կարող էր հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը:

Խնդրո առարկա միջանկյալ դատական ակտերի հիմքում Դատարանի կողմից դրվել է բացառապես վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացման եզրույթը, ինչի հիման վրա ձեռնարկվել են համապատասխան հայցի ապահովման միջոցներ:

Ավելին` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով որպես հայցի ապահովման միջոց Օրենսդիրը նախատեսել է նաև հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը, ինչը նշանակում է, որ տվյալ իրավատիրույթում առկա գործառույթի կիրառումն նույնպես չի խաթարում արդարադատության իրականացմանը:

 

2. Անդրադառնալով Նախագծում առկա այն դիրքորոշմանը, որ Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ 1-ին մասով չնախատեսված հայցի ապահովման հինգ միջոցներից դուրս կիրառված՝ չնախատեսված տեսակ, ապա կարծում եմ, որ նշված դիրքորոշումը վերը նշված փաստարկների ուժով չի բխում իրավակիրառ պրակտիկայից:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են

2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.

3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը:

Տվյալ դեպքում թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովմամբ ուղղակիորեն նախատեսված է վերը նշված եզրույթը` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը: Մասնավորապես դրանով Դատարանն ապահովել է պատասխանողի կողմից որոշակի գործողություններ կատարելուն ուղղված արգելքը, որն առարկայացվել է վիճելի տարածքում ընդերքօգտագործման գործողության սահմանափակմամբ, ինչը չէր կարող կատարվել առանց համապատասխան տեխնիկական բազայի և դրանց սպասարկող միջոցների տարհանմամբ` որպես դրա հետևանք բացառելով նաև դրանց հետագա ամրակցումը` ընդերքօգտագործման նպատակով, մինչև վեճի ավարտը:

Անդրադառնալով թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման իրավաչափությանը` հայցվորին հատկացված հողատարածքն «…այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքից ազատելուն…», ապա կարծում եմ, որ այն նույնպես հիմնավոր է, քանի որ այն ուղղակիորեն բխում է օրենսդրորեն նախատեսված` այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելուն, ինչն էլ որպես հայցի ապահովման միջոց կիրառվել է Դատարանի կողմից:

Վերոգրյալի ուժով կարծում եմ, որ թիվ ԱՎԴ1/1061/02/15 և թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործերով կայացված քննարկման առարկա միջանկյալ դատական ակտերը կայացվել են բացառապես գործող օրենդրության, ինչպես նաև վերը նշված գործերում առկա իրավափաստական հանգամանքների ուժով, որպիսի հանգամանքն ուղղակիորեն բացառում է դատավոր Արտաշես Հովհաննիսյանի կողմից արդարադատություն իրականացնելիս որևէ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալը, որը կարող էր կատարվել չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

Թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործ.

1) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Հովհաննիսյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի «Պետրոլոգ» ՍՊԸ-ի ընդդեմ «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի` հայցվորի հողօգտագործման իրավունքի խախտումը վերացնելու, հանույթ իրականացնելու նպատակով տեղակայված տեխնիկական սարքերի հետ միասին «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ին ապօրինի զբաղեցրած` «Պետրոլոգ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող, հողատարածքն ազատելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

2) Թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործով 02.12.2015թ. կայացված «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» որոշմամբ դատարանը բավարարել է հայցվոր «Պետրոլոգ» ՍՊԸ-ի միջնորդությունը` որոշելով ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի և «Պետրոլոգ» ՍՊԸ-ի միջև 04.02.2015թ. կնքված թիվ 281 հողամասի վարձակալության պայմանագրի հիմքով «Պետրոլոգ» ՍՊԸ-ին հատկացված հողատարածքն ազատել այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող գույքից, տեխնիկական սարքերից և այլ կոմունիկացիաներից, ինչպես նաև ճանապարհին տեղադրված անցակետ-պատնեշից:

 

Թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործ.

1) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Հովհաննիսյան) վարույթում է գտնվել թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղապետարանի ընդդեմ «Պետրոլոգ» ՍՊԸ-ի և «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի` սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները վերացնելու պահանջի մասին:

2) Թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործով 25.12.2015թ. կայացված որոշմամբ դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը` որոշելով որպես հայցի ապահովման միջոց ապամոնտաժել` հանել ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքում տեղադրված և փաստացի «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման նպատակով շահագործվող համապատասխան սարքավորումները և տեխնիկան, այդ թվում` դրանց սպասարկման համար նախատեսված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և անվտանգության համակարգերը, ինչպես նաև արգելել «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ին հետագայում ընդերքօգտագործման նպատակով տեղադրել, տեղակայել կամ որևէ այլ տեխնիկական գործողություններ կատարելու միջոցով ամրացնել սարքավորումներ և տեխնիկա, այդ թվում` դրանց սպասարկման համար նախատեսված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և անվտանգության համակարգեր ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի տարածքում:

3) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Հովհաննիսյան) 30.05.2016թ. վճռով թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ.

 1. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Վերոշարադրյալ սահմանադրական նորմից հետևում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն Սահմանադրությամբ, օրենքներով և դրանց հիման վրա ընդունված օրենսդրական այլ ակտերով նախատեսված գործողություններ և ձեռնպահ մնալու այդ ակտերով չնախատեսված կամ դրանց պահանջներին հակասող որևէ գործողությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում»:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման ինստիտուտի գործառույթներին և նշանակությանը: Մասնավորապես 30.07.2010թ. թիվ ԵՇԴ/0550/02/09 որոշմամբ համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ, 98-րդ և 101-րդ հոդվածները` ՀՀ վճռաբեկ դատարանը դրանք մեկնաբանել է հետևյալ կերպ` «հայցի ապահովման դատավարական ինստիտուտի կարևորագույն նպատակն է ապահովել որոշակի երաշխիքներ` հարուցված հայցով ապագա վճռի կատարումն ապահովելու և հայցվորի օրինական շահերը ցանկացած բացասական հետևանքներից պաշտպանելու համար»:

Թիվ ՎԴ/3511/05/10 գործով 27.04.2011թ. որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը:

Նմանատիպ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Արդարադատության խորհուրդն իր 2007 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱԽ-6-Ո-17 որոշմամբ` նշելով, որ «Հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով պաշտպանելու հայցվորի /ապագա պահանջատիրոջ/ օրինական շահերը վճռի կատարման անհնարինությունից, ինչպես նաև հարուցված հայցը բավարարելու դեպքում երաշխիքներ ապահովելու ապագա վճռի կատարման համար»:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի «Պետրոլոգ» ՍՊԸ-ի ընդդեմ «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի` հայցվորի հողօգտագործման իրավունքի խախտումը վերացնելու, հանույթ իրականացնելու նպատակով տեղակայված տեխնիկական սարքերի հետ միասին «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ին ապօրինի զբաղեցրած` «Պետրոլոգ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող, հողատարածքն ազատելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործով 02.12.2015թ. կայացված «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» որոշմամբ Դատարանը բավարարել է հայցվոր «Պետրոլոգ» ՍՊԸ-ի միջնորդությունը` որոշելով ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի և «Պետրոլոգ» ՍՊԸ-ի միջև 04.02.2015թ. կնքված թիվ 281 հողամասի վարձակալության պայմանագրի հիմքով «Պետրոլոգ» ՍՊԸ-ին հատկացված հողատարածքն ազատել այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող գույքից, տեխնիկական սարքերից և այլ կոմունիկացիաներից, ինչպես նաև ճանապարհին տեղադրված անցակետ-պատնեշից:

Դատարանի վարույթում է գտնվել թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղապետարանի ընդդեմ «Պետրոլոգ» ՍՊԸ-ի և «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի` սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները վերացնելու պահանջի մասին:

Թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործով 25.12.2015թ. կայացված որոշմամբ Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը` որոշելով որպես հայցի ապահովման միջոց ապամոնտաժել` հանել ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքում տեղադրված և փաստացի «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման նպատակով շահագործվող համապատասխան սարքավորումները և տեխնիկան, այդ թվում` դրանց սպասարկման համար նախատեսված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և անվտանգության համակարգերը, ինչպես նաև արգելել «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ին հետագայում ընդերքօգտագործման նպատակով տեղադրել, տեղակայել կամ որևէ այլ տեխնիկական գործողություններ կատարելու միջոցով ամրացնել սարքավորումներ և տեխնիկա, այդ թվում` դրանց սպասարկման համար նախատեսված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և անվտանգության համակարգեր ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի տարածքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայցի ապահովման միջոցներն են`

1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.

3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.

5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում»:

Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայցի ապահովման միջոցները սպառիչ են, և դրանցից զատ հայցի ապահովման այլ միջոցներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չեն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:

Իրավական ակտի մեկնաբանությունը դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ ենթադրում է այդպիսի բառերի և արտահայտությունների տառացի նշանակության վերհանումը և դրանց իմաստային շաղկապումը կամ փոխկապակցումը տրամաբանական կանոնների միջոցով:

Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի կանոններով մեկնաբանությունից հետևում է, որ նշված նորմով սահմանված հայցի ապահովման միջոցներն ուղղված չեն պատասխանողին որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելուն:

Մինչդեռ Դատարանը թիվ ԱՎԴ1/1423/02/15 քաղաքացիական գործով 25.12.2015թ. կայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշմամբ (կիրառված հայցի ապահովման միջոցի առաջին մասը), ինչպես նաև թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործով 02.12.2015թ. կայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշմամբ նշված գործերով պատասխանողներին պարտավորեցրել է կատարել որոշակի գործողություններ:

Համադրելով արձանագրված փաստերը վերոշարադյալի հետ` Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, թիվ ԱՎԴ1/1423/02/15 և թիվ ԱՎԴ1/1061/02/15 քաղաքացիական գործերով կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով չնախատեսված հայցի ապահովման միջոցներ, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ խախտում:

Խորհուրդը գտնում է, որ վերը նշված խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, հեղինակազրկում է արդարադատությունը և կատարված է կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

2. ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր են արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից նյութական և (կամ) դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումները, որոնք կատարվել են չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:

Նույն օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն` եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Վերոշարադրյալից հետևում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ վերջինիս կողմից թույլ տրված խախտումը լինի ակնհայտ և կոպիտ, կատարված լինի չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ, այսինքն` դատավորի կողմից թույլ տրված ցանկացած խախտում չէ, որ կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, այլ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են հետևյալ վավերապայմանների միաժամանակյա առկայությունը.

1. Արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից նյութական և (կամ) դատավարական նորմի խախտում թույլ տալը,

2. Այդ խախտման ակնհայտ և կոպիտ լինելը,

3. Այդ խախտումը չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելը:

ՀՀ դատական օրենսգրքի 153.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով»:

Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ: Կոպիտ է նաև պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:

Նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հասկացության վերաբերյալ իր իրավական դիրքորոշումը Խորհուրդն արտահայտել է նախկինում կայացրած որոշումներում, ըստ որի՝ «Օրենքի նորմերի կոպիտ և ակնհայտ խախտումներ են արդարադատության իրականացման ընթացքում ՀՀ Սահմանադրության, օրենքների նորմերի այնպիսի էական խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը»: (տե՛ս Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 որոշումը):

Խորհրդի մեկ այլ` 2014 թվականի ապրիլի 4-ի ԱԽ-7-Ո-3 որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(...) դատավորին վերագրվող խախտումը չի կարող համարվել ակնհայտ և կոպիտ, եթե այն չի պարունակում ՀՀ Սահմանադրության կամ օրենքների նորմերի այնպիսի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, չհիմնավորված և չպատճառաբանված որոշման կայացմանը: Հետևաբար այն չի կարող նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն`

«Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.

4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.

5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.

6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.

7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

10) վնասներ հատուցելով.

11) տուժանք բռնագանձելով.

12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

13) օրենքով նախատեսված այլ եղանակներով»:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը, ի ապահովումն անձի իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի, նախատեսում է դատարան դիմելու հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է «հայցի առարկա» օրենսդրական եզրույթին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի առարկա ասելով պետք է հասկանալ հայցվորի պաշտպանության ենթակա իրավունքը (տե՛ս Լուսինե Ժամխարյանն ընդդեմ Նորիկ Ղալաչյանի թիվ 3-1696 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ «Հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը» (տե՛ս Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի, Սուրիկ Սեդրակյանն ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում»:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է նաև հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Ելնելով վերոգրյալից` Խորհուրդն արձանագրում է, որ անձանց կողմից իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանության նպատակով դատարանի լուծմանը հանձնվող վեճերի բովանդակությամբ պայմանավորված հայցապահանջները լինում են բազմաբնույթ և բազմատեսակ, ինչպես նաև փաստում է, որ օրենսդիրը` հայցի ապահովման դատավարական ինստիտուտի նպատակն ամրագրելիս չի բացառել հայցի ապահովման համապատասխան միջոցը ձեռնարկելու համար անհրաժեշտ, օրենսդրորեն ամրագրված նախադրյալների առկայության պայմաններում հայցի առարկային համընկնող հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորությունը:

Կարգապահական վարույթի նյութերի հետազոտումը վկայում է այն մասին, որ եզրակացությամբ Դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանին վերագրվող երկրորդ խախտման հիմքում դրված է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակի` վարույթ հարուցողի կողմից արված մեկնաբանությունը, իսկ Խորհրդի գնահատմամբ, այն դեպքում, երբ առկա չէ օրենքի որևէ նորմի ակնհայտ և կոպիտ խախտում (օրենքով նախատեսված չէ այնպիսի նորմ, որը դատավորի կողմից խախտվել է), սոսկ վարույթ հարուցողի` օրենքի մեկնաբանությունը չի կարող ամեն դեպքում դիտարկվել որպես արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, քանի որ այդ պարագայում ուղղակիորեն կխախտվի դատավորի կողմից օրենքը` իր ընկալմամբ մեկնաբանելու համար պատասխանատվության ենթակա չլինելու` ՀՀ դատական օրենսգրքի 153.2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված արգելքը:

Միաժամանակ Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանը փորձառու դատավոր է (պաշտոնավարում է 2008 թվականից) և աչքի է ընկել օրինավոր վարքագծով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Ա. Բաբայան

Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Ա. Դարբինյան

Գ. Խանդանյան

Մ. Հարթենյան

Գ. Ղազինյան

Ե. Սողոմոնյան

Վ. Ստեփանյան

Հ. Փանոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան