Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.03/70(1250).1 Հոդ.910.6
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.07.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0866/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0866/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝  

Լ. Գրիգորյան

Մ. Հարթենյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Միհրան և Ինգա Սարգսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ Միհրան Սարգսյանի հայցի ընդդեմ Գայանե, Լիլիթ, Լուսինե և Մարտին Շիրակյանների և Արմինե Մաթևոսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Գայանե, Լիլիթ, Լուսինե, Մարտին Շիրակյանների և Արմինե Մաթևոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Միհրան և Ինգա Սարգսյանների` վտարելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Միհրան Սարգսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 32 հասցեի անշարժ գույքի շինության` ըստ 26.12.2011 թվականին տրված թիվ 2853434 սեփականության իրավունքի գրանցման վկայականի «Շենքի հատակագիծը» բաժնի կիսանկուղի թիվ 5-17,2քմ մակերեսով և թիվ 6-20,1քմ մակերեսով սենյակների նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը, իսկ թիվ 5-17,2քմ և թիվ 6-20,1քմ մակերեսներով օրինական շինություններով, թիվ 1-17,4քմ մակերեսով ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված, դրանց սպասարկման համար անհրաժեշտ, ինչպես նաև փողոցի կողմից Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 32 հասցեի հողամասի մուտքային տարածքի նկատմամբ ճանաչել իր` պատասխանողների հետ համատեղ սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գայանե Շիրակյանը, Արմինե Մաթևոսյանը, Լիլիթ, Լուսինե և Մարտին Շիրակյանները պահանջել են Միհրան և Ինգա Սարգսյաններին վտարել Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 տնից:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Դավթյան) (այսուհետ` Դատարան) 16.02.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է ձեռքբերման վաղեմության ուժով Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 32 հասցեի անշարժ գույքի` ըստ 26.12.2011 թվականի տրված թիվ 2853434 սեփականության իրավունքի գրանցման վկայականի «Շենքի հատակագիծը» բաժնի կիսանկուղի թիվ 5-17,2քմ մակերեսով և թիվ 6-20,1քմ մակերեսով օրինական տարածքների նկատմամբ ճանաչել Միհրան Սարգսյանի սեփականության իրավունքը, թիվ 5-17,2քմ և թիվ 6-20,1քմ մակերեսներով օրինական շինություններով, թիվ 1-17,4քմ մակերեսով ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչել Միհրան Սարգսյանի համատեղ սեփականության իրավունքը Գայանե Շիրակյանի, Արմինե Մաթևոսյանի, Լիլիթ, Լուսինե, Մարտին Շիրակյանների հետ: Հայցը՝ մնացած մասով, և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2015 թվականի որոշմամբ Գայանե Շիրակյանի, Արմինե Մաթևոսյանի, Լիլիթ, Լուսինե և Մարտին Շիրակյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 16.02.2015 թվականի վճիռը՝ սկզբնական հայցի մասնակի բավարարման և հակընդդեմ հայցի մերժման մասերով, բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել. Միհրան և Ինգա Սարգսյանները վտարվել են Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող տնից:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Միհրան և Ինգա Սարգսյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գայանե, Լիլիթ, Լուսինե և Մարտին Շիրակյանները, Արմինե Մաթևոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 274-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Սույն քաղաքացիական գործով Միհրան Սարգսյանը Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 32 հասցեի անշարժ գույքի շինության կիսանկուղային հարկի առանձին մուտքով 20,25քմ և 22,3քմ մակերեսներով օրինական սենյակները և 19,7քմ մակերեսով ինքնակամ կառույց տարածքն ու դրանցով ծանրաբեռնված հողամասը 16.02.1990 թվականին հատուցմամբ ձեռք է բերել այդ գույքի միակ սեփականատեր Վահագն Շիրակյանից, որի վերաբերյալ Վահագն Շիրակյանը գրավոր կազմել ու ստորագրել է «Պարտավորագիր» և «Ստացական» վերտառությամբ փաստաթղթերը: Նշված առուվաճառքի գործարքից հետո մինչ օրս, 10 տարուց ավելի՝ շուրջ 26 տարի, Միհրան Սարգսյանը Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 32 հասցեի շինության վերոնշյալ գույքը բացահայտ, բարեխիղճ ու անընդմեջ օգտագործում և տիրապետում է որպես սեփական գույք, որպես առանձին տնտեսություն պայմանագրեր է կնքել ջրի, գազի, հեռախոսի և էլեկտրաէներգիայի ծառայություններից օգտվելու և սպասարկման համար, կատարել վճարումներ: Գույքը ձեռք բերելու բարեխղճությունը հիմնավորվում է նաև մեկ վարույթում միացված թիվ 2-22 և 2-951 քաղաքացիական գործերով Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ժողդատարանի օրինական ուժի մեջ մտած 01.10.1992 թվականի վճռով, որով դատարանը հաստատված է համարել, որ Վահագն Շիրակյանը` որպես Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոց, թիվ 32 հասցեի գույքի միակ սեփականատեր, 16.02.1990 թվականի գրավոր պայմանագրով վերոնշյալ գույքը վաճառել է Միհրան Սարգսյանին, որի համար Միհրան Սարգսյանը Վահագն Շիրակյանին վճարել է 30.000 ռուբլի:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ Միհրան Սարգսյանը չէր կարող համոզված լինել, որ գույքը տիրապետում է սեփականության իրավունքով, քանի որ ունեցել է վարձակալի կարգավիճակ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել գործի փաստերը, մասնավորապես՝ Միհրան Սարգսյանը վիճելի գույքը վարձակալել է 1989 թվականից մինչև 16.02.1990 թվականը, այսինքն՝ մինչ այն պահը, երբ գնել է գույքը՝ համոզված լինելով, որ այն իր գույքն է, և որպես այդ գույքի սեփականատեր՝ այն օգտագործել ու տիրապետել է: Հետևաբար Միհրան Սարգսյանի մոտ գույքն օգտագործելու բարեխղճությունը ծագել է 16.02.1990 թվականից:

Վիճելի գույքի սեփականատերը կամ սեփականատերերը 1992 թվականից ի վեր ընդհանրապես որևէ գործողություն չեն արել կամ խոչընդոտ չեն ստեղծել այդ գույքը Միհրան Սարգսյանի կողմից որպես իր սեփականն օգտագործելու, այն վերադարձնելու ուղղությամբ, քանի որ նրանք էլ են գիտակցել, որ այդ գույքը Միհրան Սարգսյանին վաճառվել է, և վերջինս այն որպես իր սեփականն է օգտագործում:

Ձեռքբերման վաղեմության ուժով Միհրան Սարգսյանի սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ ճանաչելու պահանջի հիմնավոր լինելու պայմաններում բացառվում է նաև հակընդդեմ հայցի բավարարումը: Հետևաբար անհիմն է նաև հակընդդեմ հայց բավարարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2015 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանն իրականացրել է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն` հիմնավորելով հայցվորի մոտ տիրապետման բարեխղճության բացակայությունը, որպիսի պայմաններում բացառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառումը:

Վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն եզրահանգել է, որ 1989 թվականին վարձակալի կարգավիճակով վիճելի հասցե մուտք գործած Միհրան Սարգսյանը չէր կարող ունենալ համոզմունք այն մասին, որ վարձակալած տարածքը տիրապետում է որպես սեփականություն: Գրավոր ստացականը կողմերի մտադրությունը և որոշակի գործողությունների կատարման անհրաժեշտությունը հավաստող փաստաթուղթ է, որով ստանձնած պարտավորությունները կողմերը մինչ օրս չեն կատարել:

Բացի այդ, 1992 թվականի դատական ակտով Գայանե Շիրակյանի սեփականության իրավունքը ճանաչվելու հետ մեկտեղ մերժվել է հայցվորի հայցը, արձանագրվել է Գայանե Շիրակյանի կամահայտնության բացակայությունը, ինչպես նաև հայցվորի՝ վարձակալ լինելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն հաստատված է համարել, որ գույքի նկատմամբ ժառանգություն ընդունելը, բանկում գրավադրում կատարելը պետք է դիտել որպես սեփականատիրոջ կողմից կատարված ակտիվ գործողություններ՝ բացառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի կիրառումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 29.09.1969 թվականին կազմված հատակագծի, 02.10.1969 թվականին տրված գույքային թերթի և 03.08.1989 թվականին տրված բնակելի տան տեխնիկական անձնագրի համաձայն՝ Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող բնակելի տունը պատկանել է Մարտիկ Շիրակյանին (հատոր 1-ին, գ.թ. 23-25):

2. Մարտիկ Շիրակյանի որդին` Վահագն Շիրակյանը, 12.09.1989 թվականին ստացել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որի համաձայն՝ վերջինս ժառանգել է Մարտիկ Շիրակյանին պատկանող` Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող տունը (հատոր 1-ին, գ.թ. 30):

3. 14.09.1989 թվականին Վահագն Շիրակյանի անվամբ կազմվել է Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող բնակելի տան տեխնիկական անձնագիրը (հատոր 1-ին, գ.թ. 13-15):

4. 16.02.1990 թվականին Վահագն Շիրակյանի կողմից ստորագրվել է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթ, ըստ որի՝ Վահագն Շիրակյանն իր շենքի առաջին հարկի առուվաճառքի հետ կապված Միհրան Սարգսյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ պարտավորվել է շենքի առաջին հարկը դարձնել բնակելի, հանել շենքի առանձնացված հատակագիծ, որպեսզի իրավունք ունենա այն վաճառելու Միհրան Սարգսյանին, ինչպես նաև պարտավորվել է անցկացնել բնական գազ, կոյուղի: Պարտավորագիրը ստորագրել է նաև Արմինե Մաթևոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 16):

5. 16.02.1990 թվականին Վահագն Շիրակյանի և Միհրան Սարգսյանի միջև ստորագրվել է «Ստացական» վերտառությամբ փաստաթուղթ, որի համաձայն՝ Վահագն Շիրակյանը Միհրան Սարգսյանից ստացել է երեսուն հազար (30 հազար) ռուբլի իր շենքի առաջին հարկի ձախ հարկաբաժնի, ինչպես նաև բակի ընդհանուր հողամասի վաճառքի դիմաց: Փաստաթուղթը վաճառող Վահագն Շիրակյանի կողմից ստորագրել են նաև Արմինե Մաթևոսյանը և Լիդա Գրիգորյանը, իսկ գնորդ Միհրան Սարգսյանի կողմից՝ նաև Գեորգի Միքայելյանը, Սեդա Սարգսյանը, Վոլոդյա Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 17):

6. Մեկ վարույթում միացված թիվ 2-22 և թիվ 2-951 քաղաքացիական գործերով՝ ըստ հայցի Մելանյա, Հռիփսիմե և Գայանե Շիրակյանների ընդդեմ Վահագն Շիրակյանի և Երևանի թիվ 1 պետական նոտարական գրասենյակի` ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ հայցի Միհրան Սարգսյանի ընդդեմ Վահագն Շիրակյանի` բնակելի տան առուծախի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Վահագն Շիրակյանի ընդդեմ Միհրան Սարգսյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին, Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ժողդատարանը 01.10.1992 թվականի վճռով Մելանյա, Հռիփսիմե և Գայանե Շիրակյանների հայցը բավարարել է մասնակիորեն` Մելանյա և Հռիփսիմե Շիրակյանների պահանջը մերժել է, իսկ Գայանե Շիրակյանի պահանջը բավարարել է՝ անվավեր ճանաչելով Վահագն Շիրակյանին տրված ժառանգության իրավունքի վկայականը 1/2 մասով՝ թողնելով նրան Երևանի Ավան 6-րդ փողոցի թիվ 32 տան 1/2 մասի սեփականատեր: Միհրան Սարգսյանի հայցը և Վահագն Շիրակյանի հակընդդեմ հայցը մերժվել են:

Նշված վճռով դատարանը գտել է, որ Միհրան Սարգսյանի հայցը պետք է մերժել, քանի որ ըստ Երևանի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 տան տեխնիկական անձնագրի՝ նշված տան կիսանկուղային հարկի ձախ հարկաբաժինն օժանդակ մակերեսներ են, և որպես այդպիսին առուծախի ինքնուրույն առարկա դառնալ չեն կարող:

Դատարանը, մերժելով Վահագն Շիրակյանի հակընդդեմ հայցը, նշել է, որ ըստ կողմերի՝ Միհրան Սարգսյանն իր ընտանիքով վիճելի մակերեսը զբաղեցրել է փոխադարձ համաձայնությամբ՝ որպես վարձակալ, իսկ առուծախի մասին վերը նշված պայմանավորվածությունը եղել է 16.02.1990 թվականին, որի ժամանակ Միհրան Սարգսյանը Վահագն Շիրակյանին է տվել 30.000 ռուբլի՝ 10.000 ռուբլին առուծախն օրինականացնելուց հետո տալու պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 18-20):

7. 18.01.1993 թվականին տրված սեփականության վկայագրի համաձայն՝ Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 տունը՝ բաղկացած 69,35քմ բնակելի, 23քմ օժանդակ, 98,6քմ այլ մակերեսից, սեփականության իրավունքով պատկանում է Վահագն Շիրակյանին (1/2 մաս) և Գայանե Շիրակյանին (1/2 մաս) (հատոր 1-ին, գ.թ. 35):

8. 18.11.2011 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Վահագն Շիրակյանի` մահացած 07.03.2004 թվականին, գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում կինը՝ Արմինե Մաթևոսյանը, որդին՝ Մարտին Շիրակյանը, դուստրերը՝ Լիլիթ Շիրակյանը և Լուսինե Շիրակյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Երևանի Ավանի 6-րդ փողոցի 32 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 37):

9. 26.12.2011 թվականի թիվ 2853434 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Գայանե Շիրակյանի (1/2), Արմինե Մաթևոսյանի, Լիլիթ, Լուսինե և Մարտին Շիրակյանների (1/8-ական) սեփականության իրավունքը: Նույն վկայականի «Շենքի հատակագիծը» բաժնի համաձայն՝ կիսանկուղը, ի թիվս այլնի, բաղկացած է հետևյալ մասերից՝ 1-17,4քմ, 5-17,2քմ և 6-20,1քմ (հատոր 1-ին, գ.թ. 40-42):

10. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից 09.12.2011 թվականին տրված թիվ 2605600335 հաշվառման մասին տեղեկանքի համաձայն՝ Միհրան Սարգսյանը 16.02.1990 թվականից հաշվառված է Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 հասցեում (հատոր 1-ին, գ.թ.47):

11. Ավան վարչական շրջանի թիվ 2 տնատիրության նախագահի կողմից 05.01.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Միհրան Սարգսյանը հաշվառված բնակվում է Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 տանը՝ ընտանիքի հետևյալ կազմով՝ Վլադիմիր, Ինգա, Էլեն Սարգսյաններ և Ալիսա Գևորգյան (հատոր 1-ին, գ.թ. 45):

12. 2003 թվականից սկսած տարբեր ժամանակահատվածներում Միհրան Սարգսյանը կնքել է Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 32 տան հեռախոսակապի ծառայությունների մատուցման, գազամատակարարման և ջրամատակարարման պայմանագրեր, ինչպես նաև 1999 թվականից սկսած մինչև 2012 թվականն ընկած տարբեր ժամանակահատվածներում կատարել է էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի, ջրամատակարարման և գազամատակարարման դիմաց վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 51-84):

13. «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության և Արմինե Մաթևոսյանի միջև 17.05.2012 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որի համաձայն՝ գրավ է դրվել Երևանի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 բնակելի տունը՝ համաձայն 17.05.2012 թվականին կնքված հիփոթեքի պայմանագրի (հատոր 2-րդ, գ.թ. 9-10):

14. 09.07.2014 թվականին Վարդիթեր Զոպունյանի, Աննա Տոնոյանի, Լիանա Ալավերդյանի և Հասմիկ Աղաջանյանի կողմից տրված և նոտարական կարգով վավերացված հայտարարությամբ վերջիններս հայտնել են, որ Միհրան Սարգսյանը Շիրակյաններից դեռևս 1989 թվականին գնել է Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող տան առաջին հարկը և ընտանիքով բնակվել նշված հասցեում, որտեղ բնակվում է մինչ օրս (հատոր 2-րդ, գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին և 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, օրինակ, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին՝ արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով մասնակիորեն և հակընդդեմ հայցը մերժելով, հաստատված է համարել Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 հասցեի անշարժ գույքի` ըստ 26.12.2011 թվականին տրված թիվ 2853434 սեփականության իրավունքի գրանցման վկայականի «Շենքի հատակագիծը» բաժնի կիսանկուղի թիվ 5-17,2քմ մակերեսով, թիվ 6-20,1քմ մակերեսով օրինական տարածքները և թիվ 5-17,2քմ, թիվ 6-20,1քմ մակերեսներով օրինական շինություններով, թիվ 1-17,4քմ մակերեսով ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված հողամասը Միհրան Սարգսյանի կողմից որպես իր սեփականը 10 տարի անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տիրապետելու հանգամանքը: Դատարանը նշել է, որ տան մասի ներքին առուվաճառքի գործարքի հիման վրա սեփականատեր Վահագն Շիրակյանը 16.02.1990 թվականին վաճառած գույքը՝ որպես սեփականություն, հանձնել է Միհրան Սարգսյանին՝ հրաժարվելով դրա նկատմամբ իր սեփականության իրավունքից, իսկ Միհրան Սարգսյանն ընդունել է այն որպես սեփական գույք՝ վճարելով դրա դիմաց:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և հայցը մասնակի բավարարելու ու հակընդդեմ հայցը մերժելու մասերով բեկանելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ սույն գործով հիմնավորված չէ տիրապետման բարեխղճությունը: Վերաքննիչ դատարանը նման հետևության է հանգել՝ մասնավորապես նշելով, որ վարձակալի կարգավիճակ ունեցող Միհրան Սարգսյանը չէր կարող ունենալ համոզմունք այն մասին, որ վարձակալած տարածքը տիրապետում է որպես սեփականություն: Հայցվորը չէր կարող չգիտակցել, որ ստորագրված փաստաթղթերից չեն կարող ծագել իր կողմից վիճելի տարածքի՝ որպես իր սեփականի տիրապետման օրինական հիմքեր, քանի որ կողմերն օրենքով սահմանված կարգով առուվաճառքի վավեր պայմանագիր չեն կնքել: Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ հայցվորի մոտ վիճելի տարածքը՝ որպես իր սեփականը, տիրապետելու համոզմունք չէր կարող ծագել նաև Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանի վճռի պարագայում, քանի որ նշված վճռով ամրագրվել է Գայանե Շիրակյանի՝ գույքի համասեփականատեր հանդիսացած լինելու, ինչպես նաև հայցվորի և Վահագն Շիրակյանի միջև պայմանավորվածության ձեռքբերման պահին (16.02.1990 թվականին) և դրանից հետո Գայանե Շիրակյանի կամահայտնության բացակայության փաստերը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ գույքի համասեփականատերերի՝ գույքը պահպանելու մտադրության և այդ հարցում նրանց հետևողականության մասին է վկայում 1993 թվականին սեփականության իրավունքի գրանցումը, Վահագն Շիրակյանի մահից հետո նրա ժառանգների կողմից ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, գույքի նկատմամբ նրանց ընդհանուր սեփականության իրավունքի գրանցումը 2011 թվականին, գույքի գրավադրումը 2012 թվականին:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա փաստերով հաստատվում է Միհրան Սարգսյանի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, որպես սեփականը, 10 տարի անընդմեջ տիրապետելու և օգտագործելու փաստը։ Այսպես` սույն գործի փաստերի, մասնավորապես՝ 16.02.1990 թվականին կազմված «Պարտավորագիր» և «Ստացական» վերտառությամբ փաստաթղթերի, մեկ վարույթում միացված թիվ 2-22 և 2-951 քաղաքացիական գործերով Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ժողդատարանի 01.10.1992 թվականի վճռի հիման վրա հիմնավորվում է Միհրան Սարգսյանի կողմից վիճելի գույքն առուվաճառքի ներքին պայմանավորվածության հիման վրա ձեռք բերելու փաստը տվյալ պահի դրությամբ սեփականատեր Վահագն Շիրակյանից: Նշված փաստը Միհրան Սարգսյանի մոտ ձևավորել է համոզմունք այն մասին, որ վիճելի գույքը ձեռք է բերում որպես սեփականություն՝ վճարելով դրա դիմաց: Վիճելի գույքը որպես սեփական գույք ձեռք բերելու և ապա տիրապետելու մասին է վկայում նաև այն, որ գույք ձեռք բերելուց հետո Միհրան Սարգսյանը կնքել է հեռախոսակապի ծառայությունների մատուցման, գազամատակարարման և ջրամատակարարման պայմանագրեր, կատարել համապատասխան վճարումներ: Ավելին, գործում առկա ապացույցներով, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ավան վարչական շրջանի թիվ 2 տնատիրության նախագահի կողմից տրված տեղեկանքներով, հարևանների գրավոր հայտարարությամբ հիմնավորվել է, որ 16.02.1990 թվականից Միհրան Սարգսյանը հաշվառված բնակվել է Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցի թիվ 32 հասցեում:

Նման պայմաններում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասին, որ Միհրան Սարգսյանը, լինելով վարձակալ, չէր կարող ունենալ համոզմունք այն մասին, որ գույքը ձեռք է բերում որպես սեփականություն, քանի որ գործարքը վավեր չէր, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն զուրկ է իրավական և փաստական հիմնավորումից, նախ` քանի որ գործով առկա ապացույցներով, մասնավորապես՝ Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանի վճռով, հիմնավորվում է, որ Միհրան Սարգսյանը մինչև 16.02.1990 թվականն է եղել վարձակալ, բացի այդ, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու համար էական նշանակություն ունի ոչ թե գործարքի վավեր լինելը, մասնավորապես՝ ձևը պահպանված լինելու տեսանկյունից, այլ գույքը ձեռք բերելու պահին ձեռքբերողի օրինական ակնկալիքն այն մասին, որ նախկին սեփականատերը վերջնականապես հրաժարվել է գույքի նկատմամբ ցանկացած իրավունքներից: Այլ կերպ ասած` գործարքի վավեր չլինելը չի կարող արգելք հանդիսանալ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառման համար: Ավելին, գործարքը վավեր լինելու պարագայում սեփականության իրավունքը կարող էր ճանաչվել՝ հիմնվելով հենց գործարքի, այլ ոչ թե՝ ձեռքբերման վաղեմության հիմքի վրա: Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ Վահագն Շիրակյանի կողմից «Պարտավորագիր» և «Ստացական» վերտառությամբ փաստաթղթերով ստանձնած իր պարտականությունները չկատարելը և Միհրան Սարգսյանի հետ սահմանված կարգով առուվաճառքի պայմանագիր չկնքելը չի կարող ինքնին փաստել Միհրան Սարգսյանի մոտ բարեխղճության բացակայության մասին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ժողդատարանի վճռով Վահագն Շիրակյանի` բնակելի տան առուծախի պայմանագիրը վավեր ճանաչելու մասին պահանջը մերժվել է բացառապես այն պատճառաբանությամբ, որ վիճելի տան կիսանկուղային հարկի ձախ հարկաբաժինը ոչ թե բնակելի, այլ օժանդակ մակերեսներ են և առուծախի ինքնուրույն առարկա դառնալ չեն կարող: Ուստի նշված վճիռը ոչ միայն չի կարող խոչընդոտ հանդիսանալ Միհրան Սարգսյանի տիրապետման բարեխղճությունը հաստատելու համար, այլև լրացուցիչ ապացույց է Միհրան Սարգսյանի բարեխղճությունը գույքը ձեռք բերելու պահին գնահատելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում հիմնավորվում է, որ գույքի սեփականատերերի կողմից իրականացվել են գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից վերջիններիս մեկուսացման մասին։ Մասնավորապես՝ 16.02.1990 թվականին Վահագն Շիրակյանի կողմից ստորագրված «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթով Վահագն Շիրակյանն ընդունել է, որ իր սեփական շենքի առաջին հարկի առուվաճառքի հետ կապված գնորդ Միհրան Սարգսյանի հետ ունեցել է նախնական պայմանավորվածություն: Նույն օրը կազմված «Ստացական» վերտառությամբ փաստաթղթով Վահագն Շիրակյանն ընդունել է, որ Միհրան Սարգսյանից ստացել է երեսուն հազար ռուբլի՝ իրեն պատկանող շենքի առաջին հարկի և ընդհանուր հողամասի վաճառքի համար: Բացի այդ, Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ժողդատարանի 01.10.1992 թվականի վճռով նույնպես հաստատվել է, որ առուծախի մասին կողմերի պայմանավորվածությունը եղել է 16.02.1990 թվականին, որի ժամանակ Միհրան Սարգսյանը Վահագն Շիրակյանին է տվել 30.000 ռուբլի: Ինչ վերաբերում է Գայանե Շիրակյանի իրավունքների ծագման, սեփականության իրավունքի գրանցման, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու, գույքի գրավադրման կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ նախկինում արտահայտված դիրքորոշման համաձայն՝ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումը ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը: Վճռաբեկ դատարանը շեշտում է, որ բարեխղճությունը գնահատել պետք է ինչպես գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին, այնպես էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Հետևաբար ամբողջ գույքի (որի մի մասի նկատմամբ պահանջ է ներկայացրել Միհրան Սարգսյանը) սեփականատերերի կազմի փոփոխությունը, իրավունքների պետական գրանցմանը հետամուտ լինելը վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում դեռևս բավարար չէ բարեխղճության բացակայությունն արձանագրելու համար:

Միաժամանակ անդրադառնալով գույքը գրավադրելու հիմնավորմամբ նախկին սեփականատերերի կողմից գույքի նկատմամբ իրավունքներից հրաժարվելու մտադրության բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման եզրահանգումը ևս անհիմն է՝ հաշվի առնելով այն, որ գույքը գրավադրվել է միայն 2014 թվականին, այսինքն՝ Միհրան Սարգսյանի կողմից գույքը փաստացի որպես սեփականը տիրապետելու պահից մոտ 24 տարի անց: Հետևաբար անգամ գույքը գրավ դնելը չի կարող բացառել Միհրան Սարգսյանի բարեխղճությունը գույքի փաստացի տիրապետելու պահի դրությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առուվաճառքի պայմանավորվածության ձեռք բերման պահից ի վեր մինչև օրս՝ ավելի քան 26 տարի անընդմեջ, Միհրան Սարգսյանը բարեխիղճ, բացահայտ, փաստացի տիրապետել է այդ գույքը: Ընդ որում, ինչպես Վահագն Շիրակյանը, հետագայում նաև վերջինիս իրավահաջորդները, այնպես էլ Գայանե Շիրակյանը բավարար չափով հետևողականություն չեն ցուցաբերել անշարժ գույքի վիճելի մասի նկատմամբ, մասնավորապես՝ չեն խոչընդոտել Միհրան Սարգսյանի կողմից վիճելի գույքի բացահայտ, որպես իր սեփականը տիրապետելուն, գույքն ազատելու պահանջով կամ գույքի պահպանման հոգսը կրելու նախաձեռնությամբ հանդես չեն եկել՝ նման անգործությամբ իրենց ակնհայտ մեկուսացնելով վիճելի գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են վիճելի գույքի նկատմամբ Միհրան Սարգսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ նախապայմանները, հետևաբար հայցը մասնակիորեն բավարարելով և հակընդդեմ հայցը մերժելով՝ Դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման, մինչդեռ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցների սխալ գնահատման արդյունքում սխալ եզրահանգման է եկել նաև սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

 Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ Գայանե, Լիլիթ, Լուսինե և Մարտին Շիրակյաններից և Արմինե Մաթևոսյանից համապարտության կարգով հօգուտ Միհրան Սարգսյանի ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2015 թվականի վճռին։

2. Գայանե, Լիլիթ, Լուսինե և Մարտին Շիրակյաններից և Արմինե Մաթևոսյանից համապարտության կարգով հօգուտ Միհրան Սարգսյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան