Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-728
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.07.1998-20.11.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.05.20/11
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.05.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

030.0728.060597

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման արդյունավետ իրականացումը, որոշում եմ.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման իրականացման հետևյալ կարգը.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն հրամանագրով և այլ իրավական ակտերով:

1.2. Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով:

Մարզպետը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում`

- ֆինանսներ,

- քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն,

- տրանսպորտ և ճանապարհաշինություն,

- գյուղատնտեսություն և հողօգտագործում,

- կրթություն,

- առողջապահություն,

- սոցիալական ապահովություն,

- մշակույթ և սպորտ,

- բնության և շրջակա միջավայրի պահպանություն

- առևտուր, հանրային սնունդ և սպասարկում:

Տարածքային քաղաքականությունը մարզում իրականացվում է նշված բնագավառներում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային ենթակայության կազմակերպությունների ու ձեռնարկությունների միջոցով:

Մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(1.2 կետը լրաց. 20.01.98 ՆՀ-879)

1.3. Մարզպետը համակարգում է ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

Մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը, մարզպետին օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում, ընդգրկում է`

ա) հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպումը.

բ) մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը.

գ) այլ լիազորությունների իրականացում:

(1.3 կետը փոփ. 20.01.98 ՆՀ-879)

1.4. Մարզերում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:

1.5. Մարզպետը`

ա) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը.

բ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին.

գ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը.

դ) համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ և դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերը.

ե) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում կառավարություն` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

զ) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

է) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում վարչապետին.

ը) պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.

թ) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն.

ժ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու համար.

ժա) օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնում կամ կասեցնում է մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարների` օրենսդրությանը հակասող իրավական ակտերը.

ժբ) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

ժգ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրամադրում է լիցենզիաներ.

ժդ) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.

ժե) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը:

ժզ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

1.6. Մարզպետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

Մարզպետի` օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները ուժը կորցրած են ճանաչվում վարչապետի կամ դատարանի որոշմամբ:

Մարզպետը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

1.7. Մարզպետը գլխավորում է մարզպետարանը, որի միջոցով իրականացնում է մարզում պետական կառավարումը:

Մարզպետին պաշտոնի է նշանակում և ազատում կառավարությունը: Մարզպետը հաշվետու և պատասխանատու է կառավարության առջև:

Մարզպետն ունի տեղակալ: Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետարանների օրինակելի կանոնադրությունը հաստատում է կառավարությունը:

Մարզպետարանի կանոնադրությունը հաստատում է մարզպետը:

Մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը մարզպետի ներկայացմամբ հաստատում է վարչապետը:

(1.7 կետը խմբ. 07.07.98 ՆՀ-80)

1.8. Մարզպետարանի քարտուղարը պատասխանատու է մարզպետի որոշումների ու կարգադրությունների, այլ պաշտոնական փաստաթղթերի նախապատրաստման և հրապարակման, մարզպետարանի գործավարության, նամակագրության ու արխիվային գործի կազմակերպման համար:

Մարզպետարանի քարտուղարը կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների և գանգատների սահմանված կարգով քննարկումը, ապահովում կապը հասարակայնության հետ:

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են օրենսդրությամբ և մարզպետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

Մարզպետի նստավայրը գտնվում է մարզի վարչական կենտրոնում: Մարզի վարչական կենտրոնում են գտնվում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները:

Մարզպետարանի շենքի վրա և մարզպետի աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության դրոշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:

Մարզպետարանը իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

1.9. Մարզպետարանի քարտուղարին, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարներին օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և ազատում մարզպետը:

Համապատասխան հանրապետական գործադիր մարմիններ ունեցող մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնի նշանակման մասին եռօրյա ժամկետում տեղեկացվում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:

Հանրապետական գործադիր մարմիններն իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնել մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության տեսչական ստուգումներ:

Համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կարող է մարզպետին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ:

Մարզպետը պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում տեղեկացնում նրան արդյունքների մասին:

Ձեռնարկված միջոցները անբավարար համարելու դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը` վերջնական լուծման համար:

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին, օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատանքի է ընդունում և ազատում մարզպետը:

Մարզպետի տեղակալը, մարզպետարանի քարտուղարը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները չեն կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

1.10. Մարզի խորհրդի նիստերին մարզպետը`

ա) համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, իր որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող` տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.

բ) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին, տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին.

գ) լսում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ.

դ) ապահովում է մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում կազմակերպման այլ հարցեր:

1.11. Մարզպետը մարզի խորհրդի քննարկմանն է ներկայացնում`

ա) կառավարությանը և վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի և իր գործունեության մասին.

բ) իր առաջարկությունները մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ.

գ) իր առաջարկությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից համայնքների բյուջեներին կատարվող հատկացումների վերաբերյալ:

Մարզի խորհրդի նիստերին մարզպետի հրավերով կարող են մասնակցել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և այլ անձինք:

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

 

1.12. Ֆինանսների բնագավառում մարզպետը`

ա) սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.

բ) տնօրինում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը.

գ) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը.

դ) աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:

1.13. Քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառներում մարզպետը`

ա) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում կառավարության հաստատմանը.

բ) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.

գ) եզրակացություն է տալիս հանրապետական տարածքային զարգացման ու տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ.

դ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.

ե) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իր իրավասության շրջանակում, սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը.

զ) կազմակերպում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ-կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատանքը.

է) կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակումը:

1.14. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում մարզպետը`

ա) կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեությունը.

բ) կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը:

1.15. Գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում մարզպետը`

ա) օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետում և օգտագործում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերը.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացնում է պատվիրատուի գործառույթներ.

գ) վերահսկում է մարզի սահմանանիշերի և գեոդեզիական կետերի պահպանումը.

դ) մարզի հողերի օգտագործման սխեմաները սահմանված կարգով ներկայացնում է կառավարության հաստատմանը.

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.

զ) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը.

է) («է» ենթակետը վերացվել է 19.12.97 ՆՀ-861)

ը) օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի ու ամրակայված գույքի սեփականատերերի և (կամ) հողօգտագործողների հետ` մարզի տարածքում մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողի ու ամրակայված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ.

թ) իրականացնում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, պահպանումը և շահագործումը, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.

ժ) համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.

ժա) համակարգում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.

ժբ) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտում տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման գործում.

ժգ) համակարգում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.

ժդ) համակարգում է մարզի տարածքի սերմաբուծական ձեռնարկությունների, տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը:

(1.15 կետը խմբ., փոփ. 19.12.97 ՆՀ-861)

1.16. Կրթության բնագավառում մարզպետը`

ա) իրագործում է պետական հանրակրթական ծրագրերը, կազմակերպում է մարզային ենթակայության պետական կրթական հաստատությունների գործունեությունը և ուսումնադաստիարակչական աշխատանքները, վերահսկում է ոչ պետական կրթական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.

բ) կազմակերպում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

1.17. Առողջապահության բնագավառում մարզպետը`

ա) իրագործում է պետական առողջապահական ծրագրերը, կազմակերպում մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.

բ) մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.

գ) աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.

դ) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

1.18. Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետը`

ա) իրագործում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերը, կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.

բ) կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը.

գ) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.

դ) աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին.

ե) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

զ) աջակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.

է) աջակցում է կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպմանը:

1.19. Մշակույթի և սպորտի բնագավառներում մարզպետը`

ա) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.

բ) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.

գ) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը.

դ) համագործակցում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ:

1.20. Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում մարզպետը`

ա) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում.

բ) մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.

գ) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.

դ) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:

1.20(1). Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում մարզպետը`

ա) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընդլայնման և արդյունավետության ապահովման ուղղությամբ.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում:

(1.20(1) կետը լրաց. 20.01.98 ՆՀ-879)

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

1.21. Մարզպետը մարզի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ հրավիրում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին, անց է կացնում խորհրդակցություններ և վերջիններիս ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով մարզպետն իրավասու է ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալ և կարգադրություններ անել`

ա) տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.

բ) ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ.

գ) ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման վերաբերյալ.

դ) համայնքներում զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ:

1.22. Մարզպետը հանդիսանում է մարզի քաղաքացիական պաշտպանության պետը և պատասխանատվություն է կրում մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության համար:

Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մարզպետը կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքներին:

Մարզպետը իր իրավասության սահմաններում համապատասխան հանձնարարականներ է տալիս և կարգադրություններ անում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայության ղեկավարին:

1.23. Մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ, մարզպետը անց է կացնում հանրապետական գործադիր մարմնի համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Մարզպետը իրավասու է կապի, էներգետիկայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրություններ անել`

ա) մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.

բ) տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ:

(Վերջին պարբերությունը հանվել է 20.01.98 ՆՀ-879)

(1.23 կետը փոփ. 20.01.98 ՆՀ-879)

1.24. Մարզի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման ոլորտներին վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում մարզպետն օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը, ապահովում դրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ:

1.25. Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը համապատասխան տարածքային ծառայության ղեկավարի պաշտոնի նշանակման և ազատման մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է մարզպետին:

Մարզպետը կարող է համապատասխան հանրապետական գործադիր մարմնին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել` վերջինիս տարածքային ծառայության գործունեության, ինչպես նաև ղեկավարի զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ նրա նշանակվելուց վեց ամիս հետո:

Հանրապետական գործադիր մարմինը պարտադիր քննության է առնում մարզպետի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում մարզպետին տեղեկացնում արդյունքների մասին: Ձեռնարկված միջոցները անբավարար համարելու դեպքում մարզպետը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` վերջնական լուծման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին` ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում լրացում կատարելու մասին» հրամանագիրը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան

Երևան
6 մայիսի 1997 թ.
ՆՀ-728