Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.02/78(1258) Հոդ.1029
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0217/01/14

ԵԱՔԴ/0217/01/14

Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան  

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

 

Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

ե. դԱՆԻԵԼյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ս. ԱՎԵՏԻՍյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

   
  քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

  մասնակցությամբ
  դատախազ

Ա. Հարությունյանի

  պաշտպան

Ռ. Չիբուխչյանի

 

2016 թվականի մարտի 30-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Տիգրան Գարեգինի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի նոյեմբերի 5-ին Կարինե Ամբարյանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 09132214 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Տիգրան Գարեգինի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մայիսի 15-ի դատավճռով Տ.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին լրիվ գումարվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունիսի 23-ի դատավճռով նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը, և Տ.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Ռ.Չիբուխչյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2015 թվականի հունիսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մայիսի 15-ի դատավճիռը, Տ.Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճել է՝ նրան ազատելով քրեական պատասխանատվությունից:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Ռ.Չիբուխչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը և բողոքարկվող դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Տ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում Երևան քաղաքի Դ.Անհաղթ 3 շենքի 19 բնակարանում, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, իր աջ ձեռքի նախաբազկի ներսի մակերեսին խոհանոցային դանակով քերծվածքներ հասցնելուց հետո, ձեռքում եղած խոհանոցային դանակը առաջ-հետ շարժելով մոտեցել է իրենց բնակարան կանչով մեկնած «Երևան շտապօգնության» թիվ 12 բրիգադի բժշկուհի Կարինե Կարովի Ամբարյանին և սպանության սպառնալիք է տվել նրան` ասելով «կսպանեմ», ստեղծելով իր կողմից տրված սպառնալիքները իրագործելու իրական վտանգ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 63-64):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում փաստել է. «[Գ]ործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, [դատարանը] գտնում է, որ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի մեղավորությունը` սպանության սպառնալիք տալու մեջ, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, ապացուցված է:

Վերոհիշյալ հանցանքի կատարման համար ամբաստանյալը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 65):

7. Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Ռ.Չիբուխչյանը նշել է, որ 2014 թվականի հունիսի 23-ի դատավճռով նշանակված պատիժը՝ 100.000 ՀՀ դրամի չափով տուգանքը, 2015 թվականի հունիսի 11-ին վճարվել է, բացի այդ, դատավճռի կայացումից հետո՝ 2015 թվականի մայիսի 25-ին, ամբաստանյալ Տ.Առաքելյանը հաշտվել է տուժող Կ.Ամբարյանի հետ: Արդյունքում բողոքաբերը պահանջել է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի հիման վրա ամբաստանյալ Տ.Առաքելյանին ազատել քրեական պատասխանատվությունից և կարճել գործի վարույթը (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 2-4):

8. Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-395-րդ, 402-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ իր դատական ակտում նշելով. «(...) Ամբաստանյալի պաշտպան Ռ.Չիբուխչյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից տրված N 011720 տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի կողմից առաջին ատյանի դատարանի 23.06.2014թ. դատավճռով նշանակված տուգանքն ամբողջությամբ 11.06.2015թ-ին վճարվել է:

Բացի այդ` վերաքննիչ բողոքին կից վերաքննիչ դատարան է ներկայացվել նաև տուժող Կարինե Ամբարյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ դատավճռի կայացումից հետո ամբաստանյալ Տ.Առաքելյանը ներողություն է խնդրել իրենից, զղջացել է կատարածի համար, որի հիման վրա էլ ինքը հաշտվել է վերջինիս հետ և նրա դեմ որևէ պահանջ չունի:

Տուժող Կ.Ամբարյանն իր դիմումում նշել է նաև այն մասին, որ ինքը համաձայն է, որպեսզի ամբաստանյալ Տ.Առաքելյանն ազատվի քրեական պատասխանատվությունից:

(...) Այս առումով վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ վերաքննիչ դատարանում պաշտպանության կողմը ներկայացրեց նոտարական հաստատումով հայտարարություն, որով տուժող Կարինե Ամբարյանը հայտնել է, որ հաշտվում է ամբաստանյալ Տիգրան Գարեգինի Առաքելյանի հետ, որ գիտակցում է ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի հետ հաշտվելու իրավական հետևանքների մասին, բավարարված է հանցագործությունից հետո ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի դրսևորած վարքագծից և համաձայն է, որ վերջինս ազատվի քրեական պատասխանատվությունից:

Վերոնշյալ հայտարարությամբ տուժող Կարինե Ամբարյանը հայտնել է նաև այն մասին, որ ինքը ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որևէ պահանջ չունի:

(...) Այսպիսով, վերոնշյալ հանգամանքների հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի պահանջների հիման վրա ամբաստանյալ Տիգրան Գարեգինի Առաքելյանին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից և վերջինիս վերաբերյալ քրեական գործի վարույթը պետք է կարճել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 42-43):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակը նշել է, որ Տ.Առաքելյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելով և վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված է անձին քրեական պատասխանատվությունից ազատելու նյութական հիմքը, որն ինքնին չի կարող դատավարական նորմատիվ հիմք հանդիսանալ քրեական գործերով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու համար, իսկ նման դեպքերում դատարանները պետք է ղեկավարվեն կա՛մ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, կա՛մ 37-րդ հոդվածով:

9.1. Վերլուծելով ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխան նորմերը՝ բողոք բերած անձը նշել է նաև, որ ժամանակային կամ փուլային առումով հաշտության թույլատրելիությունը կարգավորվում է միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված իմպերատիվ կանոնով, այն է` հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը: Այսինքն` տուժողի նշված իրավունքը սահմանափակված է առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննությամբ, հետևաբար, ըստ բողոքաբերի` վերադաս դատական ատյաններում տուժողը զրկված է օրենքով իրեն վերապահված հաշտության իրավունքից, և նրա հաշտվելու մասին դիրքորոշումը չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործի վարույթը կարճելու համար: Մինչդեռ բողոքաբերի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը անտեսել է հաշտության թույլատրելիության պահի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված կանոնը:

10. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, չի ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով: Չնայած որոշման եզրափակիչ մասում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ որոշում կայացնելիս ղեկավարվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածով, սակայն չի պատճառաբանել, թե Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռով գործի ելքի վրա ազդած դատական սխալն արտահայտվել է նյութական, թե՞ դատավարական իրավունքի խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք ներկայացրած անձը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը տուժող Կ.Ամբարյանի և ամբաստանյալ Տ.Առաքելյանի հաշտության հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է դատավարական տվյալ փուլում ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառման անհնարինության պայմաններում: Օրենքով սահմանված պայմանների անտեսմամբ ամբաստանյալ Տ.Առաքելյանին ազատելով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվությունից՝ դրսևորել է բացարձակ հայեցողություն, ինչի արդյունքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի պահանջները՝ կայացրել է չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտ:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մայիսի 15-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության (ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածներ) հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավահարաբերությունները կարգավորող նորմերի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ է արդյոք մասնավոր մեղադրանքի գործով Տ.Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի հիման վրա կարճելու և նրան քրեական պատասխանատվությունից ազատելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝

«Ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 73-րդ (…) հոդված[ով] նախատեսված դեպքերում»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով տուժողի հետ հաշտվելը նախատեսված է որպես հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու ինքնուրույն հիմք: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է քրեական պատասխանատվությունից ազատելու քննարկվող հիմքի կիրառման համար անհրաժեշտ պահանջները: Մասնավորապես, այդպիսիք են՝

1) անձի կողմից ոչ մեծ ծանրության հանցանք կատարած լինելը,

2) տուժողի և հանցանք կատարած անձի հաշտությունը,

3) պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը:

Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պահանջների առկայությունը դեռևս չի հանգեցնում անձին քրեական պատասխանատվությունից ազատելուն. այդ պահանջների առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը քննարկում է անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը և օժտված է հայեցողական լիազորությամբ: Քննարկվող հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու դիսպոզիտիվությունն իր դատավարական արտահայտությունն է գտել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածում, որն ուղղակիորեն նախատեսում է ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու` վարույթն իրականացնող մարմնի հայեցողությունը:

14.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածը սահմանում է.

«1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:

2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն`

«Սույն օրենսգրքի 33 հոդվածի երկրորդ մասում նշված հանցագործությունների վերաբերյալ գործերով վարույթը կարճվում է և փաստվում է քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարում, երբ տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի [համապատասխան հոդվածներով] նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման (…)»:

Մեջբերված դրույթների համադրված վերլուծությունից երևում է, որ քրեադատավարական օրենսդրությունը, արարքի հանրային նվազ վտանգավորության հանգամանքով պայմանավորված, առանձնացնում և հստակ սահմանում է մասնավոր հետապնդման գործերի շրջանակը, որոնց համար նախատեսում է քննության առանձնահատուկ դատավարական կարգ: Մասնավորապես, մասնավոր հետապնդման գործերը կարող են հարուցվել բացառապես տուժողի բողոքի հիման վրա և կասկածյալի կամ մեղադրյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված նորմը կիրառելի է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

ա) առկա է մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդում (անձին մեղսագրվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք): Սույն դիրքորոշումը պայմանավորված է օրենսդրի կողմից քննարկվող նորմում «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում» պայմանի նախատեսմամբ: Մասնավորապես, տուժողի կողմից կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքը վերաբերում է մասնավոր մեղադրանքի գործերով հաշտությանը, որը նախատեսված է նշյալ օրենսգրքի 33-րդ, 36-րդ և 183-րդ հոդվածներով:

բ) տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերը կրում են իմպերատիվ բնույթ, և դրանցից մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ՝ եթե վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման (տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը): Հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքի կիրառելիության` ա) և բ) ենթակետերում շարադրված պայմանների առկայությունը առաջացնում է հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը:

15. Հիմք ընդունելով սույն որոշման 14-րդ և 14.1.-րդ կետերում շարադրված վերլուծությունը, ինչպես նաև վերահաստատելով Ա.Բաբայանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները (տե՛ս Ա.Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշման 15-19-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե΄ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի, թե΄ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կիրառման պահանջներից մեկը տուժողի և հանցագործություն կատարած անձի հաշտությունն է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշտության քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգերը չեն նույնանում: Դրանք տարբերվում են մի շարք հատկանիշներով: Այսպես՝

ա) ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով ամրագրված քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքը նյութաիրավական բնույթ ունի, որի կիրառման դատավարական հիմքն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածը: Ինչ վերաբերում է մասնավոր մեղադրանքի ինստիտուտին, ապա այն քրեադատավարական բնույթ ունի, որի հիմքով քրեական հետապնդման դադարեցումը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,

բ) այն պայմաններում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում առկա են 100-ից ավելի ոչ մեծ ծանրության հանցակազմեր, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում սահմանված են ոչ մեծ ծանրության թվով 26 հանցակազմ: Բացի այդ, նույն հոդվածով նախատեսված է նաև միջին ծանրության թվով 2 հանցակազմ: Այլ խոսքով` եթե մասնավոր մեղադրանքի գործերով քրեական գործի վարույթը կարճելը հնարավոր է միջին ծանրության որոշակի, ինչպես նաև սահմանափակ թվով ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը կարող է կիրառվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում,

գ) ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածում սահմանված է, որ անձը «կարող է» ազատվել քրեական պատասխանատվությունից, դրան համապատասխան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ վարույթն իրականացնող մարմինները «կարող են» հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված է, որ քրեական գործի վարույթը «ենթակա է կարճման»: Այսպիսով, օրենսդիրը հստակ սահմանել է, որ մասնավոր մեղադրանքի գործերով կողմերի հաշտության դեպքում իրավակիրառ մարմինը պարտավոր է կարճել քրեական գործի վարույթը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված` տուժողի հետ հաշտվելու դեպքում կարող է ազատել քրեական պատասխանատվությունից` դադարեցնելով քրեական հետապնդումը և կարճելով քրեական գործի վարույթը: Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելը վարույթն իրականացնող մարմնի համար նախատեսված է որպես տնօրինչական լիազորություն: Մինչդեռ մասնավոր մեղադրանքի գործերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի առկայությունը վարույթն իրականացնող մարմնի համար առաջացնում է քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն:

15.1. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշտության քրեաիրավական և քրեադատավարական ինստիտուտները համապատասխանաբար «անձ և պետություն» ու «անձ և տուժող» քրեաիրավական վեճի հաղթահարման կառուցակարգեր են: Մասնավորապես, հաշտության նյութաիրավական ինստիտուտը հանցագործության հետևանքով խախտված մասնավոր և հանրային շահերի հավասարակշռման կառուցակարգ է, որով էլ պայմանավորված` հանցանք կատարած անձի համար նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատվելու բարդեցված կարգ, քանի որ հանրային շահի բավարարման համար, տուժողի կամահայտնությունից բացի, անհրաժեշտ է նաև սոցիալապես դրական այլ հանգամանքների առկայություն: Վերջիններիս բավարարության գնահատման հայեցողությունն էլ թողնված է պետությանը՝ ի դեմս վարույթն իրականացնող մարմինների: Մինչդեռ մասնավոր մեղադրանքի գործերով հաշտության քրեադատավարական ինստիտուտը հանդիսանում է հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման կառուցակարգ, որով պայմանավորված էլ տուժողի կամահայտնությունը որոշիչ նշանակություն ունի հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս և բացառում է պետության՝ ի դեմս վարույթն իրականացնող մարմինների հայեցողությունը:

Այլ խոսքով` հաշտության նյութաիրական ինստիտուտը (ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածներ) կիրառելի է միայն հանրային հետապնդման գործերով, իսկ քրեադատավարական ինստիտուտը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ և 183-րդ հոդված)՝ մասնավոր հետապնդման գործերով: Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածները կիրառելի չեն մասնավոր հետապնդման այն գործերով, որոնք վերաբերում են ոչ մեծ ծանրության հանցագործություններին: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նաև նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 183-րդ հոդվածը, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի, նախատեսում են քրեական գործի վարույթը կարճելու անվերապահ հիմք, որի առկայությունն արդեն իսկ իմաստազրկում է ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված մնացած պայմանների առկայության քննարկումը, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների հայեցողության դրսևորումը:

16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մասնավոր հետապնդման գործերով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 183-րդ հոդվածով նախատեսված կարգավորումից զատ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը, արտահայտելով քրեական օրենսդրության արդարության և մարդասիրության սկզբունքը, նախատեսում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների վերաբերյալ գործերով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու ինքնուրույն հիմք, որի կիրառման պայմանները և ընթացակարգն էապես տարբերվում են մասնավոր մեղադրանքի գործերով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու կառուցակարգից:

17. Սույն գործի փաստերի համաձայն՝ Տ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, իր աջ ձեռքի նախաբազկի ներսի մակերեսին խոհանոցային դանակով քերծվածքներ հասցնելուց հետո, ձեռքում եղած խոհանոցային դանակը առաջ-հետ շարժելով, մոտեցել է իրենց բնակարան կանչով մեկնած «Երևան շտապօգնության» թիվ 12 բրիգադի բժշկուհի Կ.Ամբարյանին և ասելով «կսպանեմ»՝ տվել սպանության սպառնալիք` ստեղծելով իր կողմից տրված սպառնալիքներն իրագործելու իրական վտանգ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Տ.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքում, և նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով տուժող Կ.Ամբարյանի դիմումը և գրավոր հայտարարությունն առ այն, որ ինքը հաշտվել է ամբաստանյալի հետ և նրա դեմ որևէ պահանջ չունի, գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի պահանջների հիման վրա ամբաստանյալ Տ.Առաքելյանին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից և վերջինիս վերաբերյալ քրեական գործի վարույթը պետք է կարճել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

18. Սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները կիրառելով նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասն ընդգրկված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնավոր հետապնդման գործերի շրջանակում, որի դեպքում տուժողի հետ հաշտվելու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական հենքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն է: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տ.Առաքելյանին հաշտության նյութաիրավական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված հիմքով ազատելով քրեական պատասխանատվությունից՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, մասնավորապես՝ կիրառել է նյութական իրավունքի այն նորմը, որը տվյալ դեպքում ենթակա չէր կիրառման:

19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մասնավոր մեղադրանքի գործով Տ.Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի հիման վրա կարճելու և նրան քրեական պատասխանատվությունից ազատելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական և հիմնավորված չէ:

Վերաքննիչ դատարանը, ոչ ճիշտ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը, դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից՝ խախտելով ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 6-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները (օրինականության սկզբունք): Արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ: Նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու հիմք են:

Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի մնացած փաստարկները (տե՛ս սույն որոշման 9.1.-10-րդ կետերը) կարող են քննարկման առարկա դարձվել Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով (2005 թվականի փոփոխություններով), Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Տիգրան Գարեգինի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ե. Դանիելյան

    Հ. Ասատրյան
    Ս. Ավետիսյան
    Ա. Պողոսյան
   

Ս. Օհանյան