ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գ ործ թիվ ԼԴ/0039/01/15 |
ԼԴ/0039/01/15 |
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան |
Դատավորներ` |
Ռ. Բարսեղյան |
Վ. Ռշտունի |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի |
2016 թվականի մարտի 30-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Արմեն Ռոբերտի Թամարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 71112014 քրեական գործը: Նույն օրը Արմեն Թամարյանը ձերբակալվել է:
2014 թվականի հոկտեմբերի 26-ին Ա. Թամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2014 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է թիվ 71112214 քրեական գործը: Նույն օրը որոշում է կայացվել թիվ 71112014 և թիվ 71112214 քրեական գործերը միացնել մեկ վարույթում և նախաքննությունը շարունակել թիվ 71112014 քրեական գործի համարով:
2014 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է թիվ 71112314 քրեական գործը: Նույն օրը որոշում է կայացվել թիվ 71112014 և թիվ 71112314 քրեական գործերը միացնել մեկ վարույթում և նախաքննությունը շարունակել թիվ 71112014 քրեական գործի համարով:
2015 թվականի մարտի 13-ին Ա. Թամարյանին առաջադրված մեղադրանքը փոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով (երկու դրվագ), 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
1. 1. 2015 թվականի մարտի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մուտք է եղել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2015 թվականի մայիսի 27-ին մեղադրող Ռ. Մինասյանի որոշմամբ ամբաստանյալ Ա. Թամարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագ) և 137-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի մայիսի 29-ի դատավճռով Ա. Թամարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագ) և 137-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով դրվագներից յուրաքանչյուրի համար պատիժ նշանակելով տուգանք` 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 տարի 6 ամիս ժամկետով: Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով Ա. Թամարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա վերոհիշյալ դատավճռով նշանակված պատժին մասնակի գումարելով նախորդ` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հունվարի 27-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիսը` Ա. Թամարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
3. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 29-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Ա. Թամարյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի և փոփոխել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը. Ա. Թամարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագ)` առանց պատիժ նշանակելու, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված վերջնական պատիժը` թողել անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկամսյա ժամկետում չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
4. 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Վճռաբեկ դատարան է մուտք եղել Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը, որում վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ և 412-րդ հոդվածի 2-րդ մասերը` բողոքի հեղինակը խնդրել է այն ընդունել վարույթ:
Վճռաբեկ դատարանը 2015 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է` տրամադրելով 5-օրյա ժամկետ` բողոքի ձևական սխալը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:
Վճռաբեկ դատարանի որոշմամբ տրամադրված 5-օրյա ժամկետում բողոքի ձևական սխալը շտկելով` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել դատապարտյալ Ա. Թամարյանը, որն իր անհամաձայնությունն է հայտնել վճռաբեկ բողոքի հետ և խնդրել է այն քննության չառնել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագ) նախատեսված հանցավոր արարքների համար ամբաստանյալի նկատմամբ նշանակելով տուգանքի ձևով պատիժ, իր դատավճռում արձանագրել է. «(...) [Դ]ատարանը հաստատված է համարում, որ Արմեն Թամարյանը 2014թ. հոկտեմբերի 21-ին, կենցաղային վեճի ընթացքում Վանաձոր քաղաքի Թամանցիների 2ա հասցեում գտնվող տանը ծեծի է ենթարկել կնոջը` Նաիրա Խաչատրյանին` դիտավորությամբ ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Բացի այդ նա` 2014թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 9-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2 հասցեում գտնվող բնակարանում կրկին վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան` դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, քաշել մազերից և պատճառել ֆիզիկական ցավ:
(...)
Նախաքննական մարմնի կողմից Արմեն Թամարյանի կատարած արարքին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական: Նա կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, 118 հոդվածով (...) նախատեսված հանցավոր արարքներ, որոնց համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:
(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 235-245):
6. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի նշանակման հնարավորությունը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ այդ պատժատեսակը չի կարող նշանակվել նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի ուժով ամբաստանյալ Ա. Թամարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի կանոններով նշանակված պատիժը չի կարող պակաս լինել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի` կալանքի երկու երրորդից:
Քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի սանկցիայով նախատեսված կալանքի նշանակման հնարավորությանը` ՀՀ վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ այդ պատժատեսակը չի կարող կիրառվել, քանի որ նա գտնվել է նախնական կալանքի տակ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 57 հոդվածի 1-ին մասի համաձայն` «/…/ կալանքը կարող է նշանակվել…, երբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել»:
(...)
Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով` 2 դրվագով նրան պետք է դատապարտել առանց պատիժ նշանակելու:
(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 50-57):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Վճռաբեկ բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, Ա. Թամարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (2 դրվագ) պատիժ չնշանակելով, թույլ է տվել դատական սխալ, մասնավորապես` կիրառել է քրեական օրենքի այն նորմը, որը ենթակա չէր կիրառման, արդյունքում խախտվել է նաև քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը:
Ի հիմնավորումն վերոգրյալ փաստարկների` բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասում առկա «սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատիժ» ձևակերպումը, ելնելով, այդ թվում, տվյալ հոդվածի նորմատիվային նշանակությունից, ենթադրում է Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված «հնարավոր թույլատրելի» պատժատեսակներից առավելագույնը: Այլ խոսքով` եթե Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված այլընտրանքային պատժատեսակներից մեկը Ընդհանուր մասի հոդվածների ուժով հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառելի չէ (անթույլատրելի պատժատեսակ), այն չի կարող հաշվի առնվել ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի իմաստով «առավելագույն պատիժը» որոշելիս:
Արդյունքում բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով սահմանված նորմերը: Քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառմամբ արտահայտված դատական սխալը հանգեցրել է հանցանք կատարած անձին օրենքով նախատեսված պայմանների բացակայության դեպքում պատժից ազատելուն, ուստի կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունն ու խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
8. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշումը և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 29-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնների առնչությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստիև անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագ) նախատեսված հանցավոր արարքների համար ամբաստանյալ Ա. Թամարյանի նկատմամբ պատիժ չպետք է նշանակվի:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը հիմնվում է օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության սկզբունքների վրա»:
ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության:
2. Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` «1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:
2. Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի` «Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական օրենսդրության սկզբունքներն այն ելակետային, հիմնարար, ղեկավար դրույթներն են, որոնք ընկած են քրեական օրենսդրության հիմքում. այդ դրույթների վրա հենվում, դրանց համապատասխան է կառուցվում քրեական իրավունքի համակարգը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես քրեական օրենսդրության, այնպես էլ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է առաջնորդվի և ղեկավարվի դատարանը: Ընդ որում, պատիժ նշանակելիս դա ունի առանցքային նշանակություն: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործությանը քրեաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից (տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 16-րդ կետը):
Վերլուծելով քրեական օրենսդրության սկզբունքներից պատասխանատվության անխուսափելիության հիմնարար դրույթը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերջինիս էությունը հանգում է հետևյալին. յուրաքանչյուր անձ, ով հանցագործություն է կատարել, ենթակա է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության, եթե առկա չեն քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու` քրեական օրենսգրքով սահմանված հիմքեր և պայմաններ: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակները (սոցիալական արդարության վերականգնում, պատժի ենթարկված անձի ուղղում, հանցագործությունների կանխում) քրեաիրավական միջոցներով իրականացնելիս առաջնահերթ նշանակություն ունի քրեական պատասխանատվության անխուսափելիությունը: Այն սերտորեն փոխկապակցված է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի հետ, և այդ սկզբունքների անվերապահ կենսագործումը ուղիղ համեմատական է արդարադատության նկատմամբ հանրության վստահության աստիճանին:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Կալանքը կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով և միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել»:
Մեջբերված քրեաիրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ քրեական դատավարության շրջանակներում անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված լինելու պարագայում կալանքի ձևով պատիժ չի կարող նշանակվել, այսինքն` «կալանք» պատժատեսակի կիրառումը նման իրավիճակում վերածվում է օրենքի ուժով նշանակման ոչ ենթակա քրեաիրավական միջոցի:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է. «Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածը սահմանում է. «1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները:
2. Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:
Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:
Հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից»:
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցագործությունների ռեցիդիվը հանցագործությունների բազմակիության տարատեսակ է, որը պետք է ունենա ինքնուրույն նորմատիվային արժեք և ուրույն դեր քրեաիրավական հարաբերությունների կարգավորման կառուցակարգում: Հակառակ պարագայում կստացվի, որ հանցագործությունների ռեցիդիվը կազմող իրավադրույթները հասարակական հարաբերությունների որևէ շրջանակ չեն կանոնակարգում և առարկայազուրկ են, որպիսի ենթադրությունը չի բխում օրենսդրական կարգավորման տրամաբանությունից, արդյունքում վտանգվում է քրեական օրենսդրության խնդիրների իրականացումը (տե՛ս mutatis mutandis, Արմեն Պապիկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-149/07 որոշումը):
Անդրադառնալով հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդպիսի կանոնների` օրենսդրի կողմից սահմանումը, ըստ էության, պայմանավորված է ռեցիդիվային հանցավորության դեպքում անձի` հանրային բարձր վտանգավորությամբ, ինչը դրսևորվում է նրանում, որ նա, իր նախկին հակաօրինական գործունեությանը պետության կողմից տրված բացասական գնահատականի պայմաններում նոր հանցանք կատարելով, արտահայտում է իր արհամարհական վերաբերմունքը հասարակության և պետության շահերի նկատմամբ (տե՛ս mսtatis mսtaոdis, Արամայիս Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՍԴ/0204/01/13 որոշման 16-րդ կետը): Սույն նկատառումներից ելնելով էլ օրենսդիրը սահմանել է ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու հատուկ կանոններ` բացառելու, ի թիվս այլնի, չարդարացված մեղմ պատիժների նշանակման հնարավորությունը:
Վերոգրյալի համատեքստում վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատժաչափ որոշելիս դատարանի լիազորությունները որոշակիորեն սահմանափակված են: Մասնավորապես` հասարակ, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում դատական հայեցողության սահմանները արգելափակված են առավելագույն պատժաչափի համապատասխանաբար` կեսից, երկու երրորդից, երեք քառորդից ոչ պակաս չափով պատժի նշանակմամբ:
13.1. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «առավելագույն պատիժ» եզրույթը ենթադրում է սանկցիայով նախատեսված և նշանակման համար թույլատրելի, այսինքն` կիրառման ենթակա պատժատեսակներից առավել խիստը: Այլ կերպ` այն դեպքում, երբ սանկցիայով նախատեսված են մեկից ավելի պատժատեսակներ, իսկ դրանցից առավել խիստը ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի համապատասխան նորմի ուժով կիրառման ենթակա չէ, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով որպես «առավելագույն պատիժ» պետք է համարել խստությամբ դրան նախորդող պատժատեսակը: Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը պայմանավորված է թե՛ քրեական օրենսդրության (մասնավորապես` պատասխանատվության անխուսափելիության) և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների ապահովման անհրաժեշտությամբ, թե՛ ռեցիդիվային հանցավորության` քրեաիրավական հարաբերությունների կարգավորման կառուցակարգում ունեցած դերով և նշանակությամբ: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանի այդպիսի մոտեցումը կոչված է բացառելու այն իրավիճակը, երբ հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը անձի համար կարող է ստեղծել ավելի բարենպաստ վիճակ, քան դրա բացակայությունը` խաթարելով ռեցիդիվի ինստիտուտի, ինչպես նաև քրեական օրենսդրության և պատժի նշանակման սկզբունքների տրամաբանությունը: Ավելին` այն հանգամանքը, որ դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում միևնույն է անձի նկատմամբ պատիժ չի նշանակվելու, կարող է կանխորոշվել դեռևս մինչդատական վարույթում` պատժի մասով կայացվելիք դատական ակտը վերածելով կանխատեսելի իրողության, ինչն անթույլատրելի է, և բովանդակազրկում է արդարադատության էությունը: Այդպիսի իրավիճակ կարող է առաջանալ, օրինակ, բոլոր այն դեպքերում, երբ անձին մեղսագրվող հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասը նախատեսում է միայն տուգանք կամ կալանք պատժատեսակներից որևէ մեկի կիրառման հնարավորություն (ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, 118-րդ, 144-րդ, 155-րդ, 156-րդ, 160-րդ, 197-րդ, 260-րդ հոդվածներ, 120-րդ և 121-րդ, 124-րդ, 129-րդ, 130-րդ, 147-րդ հոդվածների 1-ին մասեր և այլն), և այդ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում կալանավորումը:
14. Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն իր` 2015 թվականի մայիսի 29-ի դատավճռով Ա. Թամարյանին մեղավոր է ճանաչել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագ)` դրվագներից յուրաքանչյուրի համար նշանակելով պատիժ տուգանքի ձևով (տե՛ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը):
Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի նշանակման հնարավորությունը, արձանագրել է, որ ամբաստանյալի նկատմամբ այդ պատժատեսակը չի կարող նշանակվել, քանի որ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի ուժով ամբաստանյալ Ա. Թամարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի կանոններով նշանակված պատիժը չի կարող պակաս լինել նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի` կալանքի երկու երրորդից: Քննարկելով ամբաստանյալի նկատմամբ կալանքի նշանակման հնարավորությանը` Վերաքննիչ դատարանը փաստել է, որ այդ պատժատեսակը չի կարող կիրառվել, քանի որ Ա. Թամարյանը գտնվել է նախնական կալանքի տակ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (2 դրվագ)` առանց պատիժ նշանակելու (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը):
15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ կիրառելով 11-13.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ պայմանավորված ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով սահմանված կանոններով` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի նշանակումը ամբաստանյալի նկատմամբ հնարավոր չէ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժի` կալանքի կիրառումը նույն օրենսգրքի ընդհանուր մասի 57-րդ հոդվածի 1-ին մասի ուժով սույն գործով կիրառելի չլինելու պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով որպես «առավելագույն պատիժ» պետք է դիտարկվեր տուգանքը:
Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ ամբաստանյալին մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագ) սահմանված հանցագործությունների համար պատիժ չպետք է նշանակվի` նույն օրենսգրքի 67.1-րդ հոդվածի սխալ մեկնաբանության արդյունք է: Այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագ) նախատեսված հանցավոր արարքների համար ամբաստանյալ Ա. Թամարյանի նկատմամբ պատիժ չպետք է նշանակվի, հիմնավոր չէ:
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 48-րդ, 61-րդ և 67.1-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Նշված խախտումներն իրենց բնույթով էական են, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 419-րդ հոդվածների` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագ) նախատեսված հանցավոր արարքների համար ամբաստանյալ Ա. Թամարյանի նկատմամբ նշանակելով տուգանքի ձևով պատիժ, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 29-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը, խախտել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արմեն Ռոբերտի Թամարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 29-ի դատավճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|