«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հոկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016332
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
5 հոկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 274-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «զ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց կողմից տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, հաշվարկային կենտրոնի, էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման և էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձանց (այսուհետ՝ լիցենզավորված անձինք) կողմից տեղեկատվության հասանելիության ապահովման ընթացակարգը և պայմանները:
2. Լիցենզավորված անձինք պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների (դրանց հասանելիության), դրանց սակագների, ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը՝ համաձայն սույն կարգի:
3. Լիցենզավորված անձինք տեղեկատվության հասանելիությունն ապահովում են՝
1) իրենց պաշտոնական կայքերում հրապարակման միջոցով,
2) շահագրգիռ անձանց գրավոր հարցման համաձայն՝ տեղեկատվության տրամադրման միջոցով:
4. Ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձը, իսկ միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակության, հաղորդման ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձը՝ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գրավոր հարցման հիման վրա:
5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված և լիցենզավորված անձանց պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության ցանկացած փոփոխություն ենթակա է հրապարակման 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Լիցենզավորված անձինք իրականացնում են տեղեկատվության հարցումների հաշվառում, ինչպես նաև պահպանում են տեղեկատվության հարցման վերաբերյալ (հարցումներ, տրամադրված տեղեկատվություն, մերժումներ և այլն) փաստաթղթերի պատճենները՝ 3 տարի ժամկետով:
7. Տեղեկատվության տրամադրման մերժումը, կամ ոչ լիարժեք տրամադրումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կամ դատական կարգով:
8. Լիցենզավորված անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում հրապարակվող կամ տրամադրվող տեղեկատվության ամբողջականության և հավաստիության համար:
9. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված և լիցենզավորված անձանց պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը ենթակա է տրամադրման ցանկացած անձի՝ համապատասխան գրավոր հարցումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, իսկ տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորություններին առնչվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման 30 օրվա ընթացքում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.08.2017, N 344-Ն | 01.10.2017, N 274-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|