Գլխավոր տեղեկություն
Համար
N 1033-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.09/81(1261) Հոդ.979
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 1033-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ժ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ` ՌԱՀ) գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով, ինչպես նաև ներդրումային կամ պետական հատուկ նպատակային հիմնադրամներ ստեղծելու միջոցով.

2) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերը ներառվում են ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրերում` հանդիսանալով դրանց պարտադիր բաղկացուցիչ մասը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1033-Ն որոշման

 

Ա Ռ Ա Ջ Ն Ա Հ Ե Ր Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ՝ ՌԱՀ) գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության (այսուհետ՝ պետական աջակցություն) առաջնահերթությունները որոշվում են ըստ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականության:

ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովում, և քննարկման արդյունքում ստացված առաջարկությունները հաշվի են առնվում առաջնահերթությունների հետագա մշակման ընթացքում:

2. Պետական աջակցության իրականացման շրջանակներում առաջնահերթությունը տրվում է ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպություններին:

3. Ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող ոչ բազային կազմակերպություններին պետական աջակցության իրականացման շրջանակներում առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում գործունեություն իրականացնող սուբյեկտներին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման առանձնահատկությունները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1033-Ն որոշման

 

Ձ Ե Վ Ե Ր

 

ՌԱՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության ձևերն են՝

1) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին ֆինանսական աջակցությունը (այդ թվում՝ վարկային երաշխավորությունների տրամադրումը).

2) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ուղղակի վարկավորումը և սեփական կապիտալի ֆինանսավորումը.

3) ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար ֆինանսական վարձակալության (լիզինգի) տոկոսադրույքի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորումը.

4) մրցութային կարգով դրամաշնորհների հատկացումը.

5) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերի իրականացումը.

6) անհատույց կամ շուկայականից էական ցածր գներով պետական անշարժ և շարժական գույքի օգտագործման իրավունքի տրամադրումը կամ կառավարման հանձնումը.

7) տեղեկատվության և խորհրդատվության ապահովումը.

8) լաբորատոր, գիտաարտադրական և անհրաժեշտ այլ ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծումը.

9) նորագույն տեխնոլոգիաների օգտագործման իրավունքների ձեռքբերումը.

10) նոր ստանդարտների մշակումը.

11) անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացումը.

12) միջազգային ցուցահանդեսներին և գործարար համագործակցության հաստատման այլ միջոցառումներին մասնակցության ապահովումը:

2. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, որպես ֆինանսական աջակցության գործիք, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին կարող են տրամադրվել վարկային երաշխավորություններ:

3. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների աջակցության կազմակերպությունների կողմից նախատեսվում է տրամադրել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին ֆինանսական վարձակալությամբ (լիզինգ) ոչ ընթացիկ ակտիվներ:

4. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գույքային աջակցությունն իրականացվում է անշարժ կամ շարժական պետական գույքը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին անհատույց օգտագործման իրավունքով կամ հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով, որը պետք է օգտագործվի ըստ նպատակային նշանակության` համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով՝ պայմանագրում որպես պարտադիր պայման նախատեսելով գույքը տնօրինման և գրավադրման իրավունքով չհանձնելը:

5. Գույքային աջակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ռազմարդյունաբերության զարգացման պետական ծրագրերի, աջակցության պետական ծրագրերի և այլ ծրագրերի համաձայն ու դրանց հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների աջակցության կազմակերպությունների կողմից:

6. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին տեղեկատվության և խորհրդատվության հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով պարբերաբար կազմակերպվում են խմբային և անհատական հանդիպումներ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչների հետ, որոնք անցկացվում են հատուկ մշակված ձևաչափով: Հանդիպումների ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում տեղի ունեցած ու նախատեսվող փոփոխությունները, տնտեսագիտական, իրավական, արտադրատեխնոլոգիական, վիճակագրական, մարքետինգային տեղեկատվությունները, և տրվում են պարզաբանումներ:

7. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման աջակցությունն իրականացվում է կադրերի պատրաստման պետական կրթական չափորոշիչների և դրանց հիման վրա մասնագիտական կրթական համապատասխան նյութական բազայի ստեղծման ծրագրերի հաստատմամբ, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին ուսումնամեթոդական և գիտամեթոդական օժանդակությամբ:

8. Արտաքին տնտեսական գործառույթներ իրականացնող ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության համատեքստում, նպատակ ունենալով խթանելու ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, հնարավորինս պետք է ապահովվի ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, տոնավաճառներին ու գործարար համագործակցության հաստատման այլ միջոցառումներին և այլ պետություններում մտավոր գործունեության արդյունքների արտոնագրային իրավունքների պաշտպանությունը:

9. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության մեխանիզմներ և գործիքներ են նոր ստանդարտների մշակումը, ՌԱՀ-ի սուբյեկտների գործունեությունը կարգավորող օրենսդրական ակտերի ազդեցության գնահատումը, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների հետ անհատական և խմբային քննարկումները, դրանց հիման վրա օրենսդրական ակտերի լրամշակումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան