Գլխավոր տեղեկություն
Համար
N 265-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2016.11.09/8(83) Հոդ.273
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.09.2016
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հոկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016325

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 սեպտեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 265-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 1.1 կետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«դիմող անձ` անձ, որը դիմում է իր նոր կառուցվող կամ վերակառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը.

նոր գազասպառման համակարգ` նոր կառուցվող կամ վերակառուցվող գազասպառման համակարգ,».

2) Կանոնների 1.1 կետի 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«միացման պայմանագիր` նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար մատակարարի և դիմող անձի միջև սույն կանոններով սահմանված դեպքերում և կարգով կնքվող պայմանագիր.».

3) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 2.13 և 2.14 կետերը և 5.1 կետի «ա» ենթակետը.

4) Կանոնների 4-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ».

 

5) Կանոնների 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 9

 

ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9.1 Գազիֆիկացված բնակավայրերում դիմող անձի նոր գազասպառման համակարգի (բացառությամբ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերի) միացումը գազամատակարարման ցանցին իրականացնում է մատակարարը, իսկ միացման աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված հիմնական միջոցները (գույքը) հանդիսանում են վերջինիս սեփականությունը:

9.2 Չգազիֆիկացված բնակավայրերում գտնվող գազասպառման համակարգերը, կամ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս գտնվող գազասպառման համակարգերը կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերը միացվում են գազամատակարարման ցանցին մատակարարի կողմից դիմող անձին տրված տեխնիկական պայմանների հիման վրա սույն կանոնների 10.1 գլխում նշված ընթացակարգով, իսկ միացման աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված հիմնական միջոցները (գույքը) հանդիսանում են դիմող անձի սեփականությունը:

9.3 Առանձին բնակավայրերի գազիֆիկացման գործընթացն իրականացվում է բնակավայրի` սահմանված կարգով մշակված ու հաստատված կառուցապատման գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման պայմաններին համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումի համաձայն` մատակարարի կողմից տրված տեխնիկական պայմանների հիման վրա` սույն կանոնների 10.2 գլխում նշված ընթացակարգով:

9.4 Գազիֆիկացված բնակավայրերում գտնվող դիմող անձի նոր գազասպառման համակարգը (բացառությամբ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգի) գազամատակարարման ցանցին միացնելու համար դիմող անձը սույն կանոնների 11-րդ գլխով սահմանված կարգով վճարում է մատակարարին միացման համար անհրաժեշտ աշխատանքներին համարժեք վճար (այսուհետ` Վճար), որը ձևակերպվում է որպես հետագայում սպառվելիք բնական գազի դիմաց կանխավճար և մարվում է սպառած բնական գազի արժեքից այն նվազեցնելու միջոցով` սույն որոշման 11-րդ գլխով սահմանված կարգով: Եթե մատակարարը, ելնելով գազամատակարարման ցանցի հետագա հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից, նախատեսում է կառուցել դիմող անձի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար անհրաժեշտ հարաչափերը գերազանցող գազամատակարարման ցանց, ապա այդ մասով մատակարարի կողմից կատարվելիք ծախսերը Վճարի հաշվարկում չեն ներառվում: Գազիֆիկացված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների և կազմակերպությունների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման դեպքում Վճար չի գանձվում:».

 

«ԳԼՈՒԽ 10

 

ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10.1 Նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացվում է դիմող անձի դիմումի հիման վրա:

10.2 Նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դիմումը պետք է պարունակի`

1) ֆիզիկական անձանց դեպքում` դիմող անձի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անունը, ազգանունը, փաստաթղթի անվանումը, սերիան և համարը), գազասպառման համակարգի տեղակայման վայրը, դիմող անձի բնակության հասցեն (ծանուցման հասցեն), հեռախոսահամարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը, դիմող անձի ստորագրությունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` նաև հարկ վճարողի հաշվառման համարը.

2) իրավաբանական անձի դեպքում` դիմող անձի անվանումը, գտնվելու վայրը (ծանուցման հասցեն), իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, ազգանունը, գազասպառման համակարգի տեղակայման վայրը, հեռախոսահամարը, հարկ վճարողի հաշվառման համարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը, դիմող անձի ներկայացուցչի ստորագրությունը:

10.3 Սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումի հետ պետք է ներկայացվի`

1) ֆիզիկական անձի դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ անհատ ձեռնարակատիրոջ դեպքում` նաև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող (հավաստող) փաստաթղթեր, այդ թվում` իրավունքի պետական գրանցման վկայական կամ պետական կառավարման, կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտեր կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր.

3) շինության էսքիզը կամ տարածքի հատակագիծը.

4) գազասարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն.

5) լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է դիմող անձի կողմից լիազորված անձի միջոցով.

6) դիմող անձի, բացառությամբ գազիֆիկացված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների և կազմակերպությունների նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար գազամատակարարման ցանցի ընդլայնման աշխատանքների իրականացման անհրաժեշտության դեպքում` Վճարի խոշորացված նախահաշիվ կազմելու համար 10000 դրամի (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) չափով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.

7) չգազիֆիկացված բնակավայրերում գտնվող գազասպառման համակարգերը կամ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս գտնվող գազասպառման համակարգերը, կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում` տեխնիկական պայմաններ տրամադրելու համար 15000 դրամի (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) չափով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.

8) բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դեպքում` գազասպառման համակարգերի տեխնիկական պայմանների և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար 6000 դրամի չափով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:

10.4 Մատակարարն իրավունք չունի դիմող անձից պահանջել ներկայացնելու տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրան ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն կանոններով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով, միացման կամ մատակարարման պայմանագրերով:

10.5 Մատակարարը, սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումն ստանալուց հետո, սույն կանոնների 10.6 կետում սահմանված ժամկետներում`

1) մշակում է տեխնիկական պայմանները` ըստ գազասպառման համակարգի առավելագույն սպառման ծավալների` ելնելով գազամատակարարման ցանցի թողունակության, գազամատակարարման հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և դիմող անձի նոր գազասպառման համակարգի միացման համար անհրաժեշտ` գազամատակարարման ցանցի ընդլայնման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմաններից: Տեխնիկական պայմանները համաձայնեցվում են դիմող անձի հետ: Առևտրային հաշվառքի սարքի (հանգույցի) տեղակայման վայրն ընտրվում է սույն կանոնների 4.1 կետին համապատասխան: Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման վայրի կամ տեխնիկական պայմանների ապահովման համար հողատարածքի գնման, վարձակալության կամ հողատարածքից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում համապատասխան ծախսերը կատարում է դիմող անձը` առանց փոխհատուցման պահանջի: Այն դեպքում, երբ որպես առևտրային հաշվառքի սարքի (հանգույցի) տեղակայման վայր ընտրվել է դիմող անձի տիրապետման ներքո գտնվող տարածքը, դիմող անձը պարտավոր է ապահովել մատակարարի ներկայացուցչի անխոչընդոտ մուտքը նշված տարածք.

2) դիմող անձին է ներկայացնում միացման պայմանագիր կնքելու առաջարկություն` վերջինիս ուղարկելով իր ստորագրությամբ միացման պայմանագիրը` երկու օրինակից` համաձայն N 1 հավելվածի:

10.6 Սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումն ստանալու օրվանից մինչև միացման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) 15 աշխատանքային օրը, եթե դիմող անձը բնակիչ կամ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

2) 20 աշխատանքային օրը, եթե դիմող անձը ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

3) 30 աշխատանքային օրը, եթե դիմող անձը նոր կառուցվող շենքի կամ թաղամասի կառուցապատող է:

10.7 Դիմող անձը մատակարարի կողմից ստորագրված միացման պայմանագիրն ստանալուց հետո վճարում է պայմանագրում ամրագրված Վճարի 80%-ը և իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակն ու վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնում է մատակարարին: Դիմող անձի կողմից միացման պայմանագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դրա ստորագրված օրինակն ու Վճարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը մատակարարին չներկայացնելու դեպքում պայմանագրի կնքման առաջարկությունը համարվում է անվավեր:

10.8 Մատակարարը կարող է մերժել սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումը, եթե`

1) դիմումը կամ դրան կցված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնների 10.2 և 10.3 կետերի պահանջներին,

2) դիմող անձի նոր գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին հակասում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին, շինարարական նորմերին ու կանոններին, խախտում է այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

10.9 Սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումի մերժման դեպքում մատակարարն այդ մասին 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմող անձին` նշելով մերժման պատճառները և հիմնավորումները:

10.10 Նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման պայմանագիրը և Վճարի 80%-ի վճարման անդորրագրի պատճենը սույն կանոնների 10.7 կետի համաձայն մատակարարին ներկայացման օրվանից մինչև դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) 30 աշխատանքային օրը, եթե դիմող անձը բնակիչ կամ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

2) 90 աշխատանքային օրը, եթե դիմող անձը ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

3) 120 աշխատանքային օրը, եթե դիմող անձը նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի կառուցապատող է: Մատակարարի և դիմող անձի փոխադարձ համաձայնությամբ միացման պայմանագրում կարող է սահմանվել դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու այլ ժամկետ:

10.11 Սույն կանոնների 10.10 կետում սահմանված ժամկետներում մատակարարը.

1) իրականացնում է նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքները,

2) դիմող անձին է ներկայացնում Պայմանագիր կնքելու առաջարկություն:

10.12 Դիմող անձը, մատակարարից Պայմանագիր կնքելու առաջարկությունն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է ներկայացնում.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականի պատճենը,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` լիազորված մարմնի կողմից տրված գազասպառման համակարգի գործարկման եզրակացության պատճենը:

10.13 Դիմող անձի կողմից սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացնելու կամ դիմող անձի նոր գազասպառման համակարգի կառուցումը ավարտված չլինելու դեպքում մատակարարը Պայմանագիր չի կնքում և չի սկսում դիմող անձի գազամատակարարումը:

10.14 Մատակարարը դիմող անձից սույն կանոնների 10.12 կետում նշված փաստաթղթերն ստանալուց և նրա հետ փաստացի ճշգրտված Վճարի վերջնահաշվարկը կատարելուց հետո, տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող գազասպառման համակարգի առկայության դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներմիացման աշխատանքները, վերջինիս հետ կնքում Պայմանագիր և սկսում գազամատակարարումը:

10.15 Հանձնաժողովը, բաժանորդի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, ինչպես նաև, ելնելով նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալներից, մատակարարի կամ դիմող անձի դիմումի հիման վրա առանձին դեպքերում կարող է ընդունել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման անհատական որոշումներ:

10.16 Սույն գլխում նշված բոլոր ծանուցումները, առաջարկություններն ու համաձայնեցումները մատակարարն իրականացնում է գրավոր: Դրանք դիմող անձին կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմին ներկայացնելու ծախսերը կրում է մատակարարը:».

 

«ԳԼՈՒԽ 11

 

ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՎՃԱՐԸ

 

11.1 Վճարի մեծությունն ընդունվում է հավասար դիմող անձի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման աշխատանքների, ներառյալ դրա նախագծման, կառուցման և կարգաբերման, ինչպես նաև սույն կանոնների 4.2 կետով նախատեսված դեպքերում առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման նպատակով մատակարարի կողմից դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի արժեքին և ճշգրտվում է միացման պայմանագրով սահմանված կարգով: Վճարը չի ներառում գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման ծախսերը:

11.2 Պայմանագիր կնքելու պահից մատակարարը դիմող անձից գանձած Վճարը ձևակերպում է որպես տվյալ միացման կետում սպառվելիք բնական գազի արժեքի դիմաց կանխավճար: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում Վճարի գումարը հավասարաչափ բաշխվում է միացման կետերի միջև և ձևակերպվում է յուրաքանչյուր միացման կետի համար Պայմանագիր կնքած անձի հաշվին` որպես բնական գազի արժեքի դիմաց կանխավճար:

11.3 Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում և բաժանորդների սպասարկման կետերում հրապարակել սույն կարգի 11.1 կետում նշված աշխատանքների` գազամատակարարման ընդլայնմանն ուղղված բոլոր նախահաշիվները և գազասպառման համակարգի կառուցման օրինակելի նախահաշիվները:

11.4 Վճարը պայմանագրի կնքման օրվանից հետո, մինչև նրա ամբողջական մարումը, յուրաքանչյուր ամիս նվազեցվում է բացառապես տվյալ սպառման կետում բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից` հետևյալ բանաձևով`

 

ՆՏi
ՆԳ = ԳԱ x

_____

,
      100  

      

  

որտեղ`

ՆԳ-ն նվազեցվող գումարն է,

ԳԱ-ն բաժանորդի կողմից տվյալ ամսում սպառած բնական գազի արժեքն է` հաշվարկված գործող սակագներով (առանց ավելացված արժեքի հարկի),

ՆՏi -ն i-րդ սպառողական խմբի համար մատակարարված բնական գազի արժեքից նվազեցվող գումարի տոկոսային մեծությունն է:

Բաժանորդին վերադարձվող գումարը կիրառվում է միայն ՆԳ մեծության դրական արժեքի դեպքում:

11.5 Սույն կանոնների 11.4 կետում նշված ՆՏi մեծությունը, ըստ սպառողների խմբերի, հրապարակվում է Ընկերության պաշտոնական կայքում և բաժանորդների սպասարկման կետերում, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Սi x Ki - Գ x Փ
ՆՏi =

_____________

x 100

,
Սi x Ki

 

որտեղ`

Սi-ն` i-րդ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագինն է կամ սակագնի հաշվարկման բանաձևը` առանց ավելացված արժեքի հարկի,

Ki-ն` i-րդ սպառողական խմբի համար գազի համակարգի կորուստները, սեփական կարիքները, ինչպես նաև մեկ բաժանորդի ավելացման հետ կապված մատակարարի կողմից կատարվող լրացուցիչ ծախսերը հաշվի առնող գործակիցն է, որի մեծությունը ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար սահմանվում է 0.72, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար` 0.93,

Գ-ն` մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին ձեռք բերվող հազար խորանարդ մետր բնական գազի գնման գինն է` արտարժույթով,

Փ-ն` հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մատակարարի կողմից գազի գնման տարադրամի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

11.6 Վճարի արդյունքում ձևավորված կանխավճարն այլ եղանակով վերադարձման կամ փոխհատուցման ենթակա չէ, այդ թվում` նույն բաժանորդի այլ միացման կետում մատակարարված բնական գազի արժեքից նվազեցման միջոցով:

11.7 Բազմաբնակարան շենքերի կամ առանձին թաղամասերի կառուցապատողների կողմից բնակարանները կամ բնակելի տներն այլ անձանց օտարելու դեպքում կառուցապատողների վճարած Վճարի գումարը ձևակերպվում է բնակարանը կամ բնակելի տունը կառուցապատողից ձեռք բերած անձի հաշվին, եթե վերջինս օրենքով սահմանված կարգով կնքել է կառուցապատողի հետ Վճարի համապատասխան մասի նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագիր և սահմանված կարգով ծանուցել է դրա մասին մատակարարին` ներկայացնելով այդ պայմանագրի մեկ օրինակը:»:

 

6) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1, 10.2 և 10.3 գլուխներով.

 

«ԳԼՈՒԽ 10.1

 

ՉԳԱԶԻՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ, ԿԱՄ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ 100 ԽՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԺԱՄԱՅԻՆ ՍՊԱՌՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10.1.1 Չգազիֆիկացված բնակավայրերում գտնվող գազասպառման համակարգերը կամ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս գտնվող գազասպառման համակարգերը, կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու համար դիմող անձը մատակարարին է ներկայացնում սույն կանոնների 10.2 և 10.3 կետերի պահանջներին համապատասխանող դիմում և փաստաթղթեր` դիմումի մեջ կատարելով համապատասխան նշում տեխնիկական պայմաններ տրամադրելու վերաբերյալ:

10.1.2 Մատակարարը դիմող անձի` սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում մշակում և դիմող անձին է ներկայացնում վերջինիս նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանները:

10.1.3 Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, եթե դրանցում այլ ժամկետ նախատեսված չէ:

10.1.4 Գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են դիմող անձի միջոցների հաշվին` համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից: Գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման աշխատանքները կատարվում են մատակարարի հետ համաձայնեցված նախագծով` տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի ու կանոնների պահանջներին համապատասխան: Դիմող անձի պատվերով կառուցված գազատարի և գազամատակարարման ցանցի ներմիացման աշխատանքները պետք է կատարվեն մատակարարի վերահսկողությամբ և մասնակցությամբ:

10.1.5 Գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ գազամատակարարման ցանցի ընդլայնման աշխատանքները սույն կանոններով սահմանված կարգով իրականացնելուց հետո, Պայմանագիր կնքելու նպատակով, դիմող անձը մատակարարին է ներկայացնում`

1) շինարարությամբ ավարտված գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերի, այդ թվում` իրավունքի պետական գրանցման վկայականի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտերի, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պատճենները,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականի պատճենը,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` լիազորված մարմնի կողմից տրված գազասպառման համակարգի գործարկման եզրակացության պատճենը:

10.1.6 Մատակարարը` դիմող անձից սույն կանոնների 10.1.5 կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո, տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող գազասպառման համակարգի առկայության դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներմիացման աշխատանքները և դիմող անձի հետ կնքում Պայմանագիր:

 

ԳԼՈՒԽ 10.2

 

ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10.2.1 Առանձին բնակավայրերի գազիֆիկացման նպատակով գազամատակարարման ցանցի նախագծման, կառուցման, փորձարկման և շահագործման համար անհրաժեշտ այլ աշխատանքներն իրականացվում են դիմող անձի միջոցների հաշվին` համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից: Գազամատակարարման ցանցի նախագծման, կառուցման, փորձարկման և շահագործման համար անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվում են մատակարարի հետ համաձայնեցված կարգով: Դիմող անձի պատվերով կառուցված գազատարի և գազամատակարարման ցանցի ներմիացման աշխատանքները պետք է կատարվեն մատակարարի վերահսկողությամբ և մասնակցությամբ:

10.2.2 Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան գազիֆիկացվող բնակավայրի կառուցված գազամատակարարման ցանցը հանդիսանում է դիմող անձի սեփականությունը:

10.2.3 Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան բնակավայրի գազիֆիկացման նպատակով կառուցված գազամատակարարման ցանցի սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները կատարվում են մատակարարի կողմից գազամատակարարման ցանցի սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 10.3

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

 

10.3.1 Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների նոր գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքներն իրականացնում է մատակարարը` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով որոշված գնով: Աշխատանքների արդյունքը մատակարարը հանձնում է դիմող անձին, իսկ դիմող անձը վճարում է այդ աշխատանքների արժեքը:

10.3.2 Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների նոր գազասպառման համակարգերը նախագծվում, կառուցվում և կարգաբերվում են դիմող անձի դիմումի հիման վրա:

10.3.3 Մատակարարը, դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմող անձին է ներկայացնում բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման պայմանագիր կնքելու առաջարկություն` վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված պայմանագիրը` երկու օրինակից` համաձայն N 2 հավելվածի:

10.3.4 Դիմող անձը մատակարարի կողմից ստորագրված` սույն կանոնների 10.3.3 կետում նշված պայմանագիրն ստանալուց հետո վճարում է գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման վճարը և իր կողմից ստորագրված` սույն կանոնների 10.3.3 կետում նշված պայմանագրի մեկ օրինակն ու վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնում է մատակարարին: Դիմող անձի կողմից պայմանագիրը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դրա ստորագրված օրինակը ու գազասպառման համակարգի կառուցման և կարգաբերման համար կատարված վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը մատակարարին չներկայացնելու դեպքում պայմանագրի կնքման առաջարկը համարվում է անվավեր:

10.3.5 Դիմող անձի գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքների արժեքը չի հանդիսանում 9.4 կետում նշված Վճարի մաս:»:

7) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների «Միացման պայմանագիր» հավելվածը:

8) Կանոնները լրացնել նոր N 1 և N 2 հավելվածներով` համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի սեպտեմբերի 20-ի
N 265-Ն որոշման

 

 

«Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն
որոշմամբ հաստատված բնական
գազի մատակարարման և
օգտագործման կանոնների

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N___

 

ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԻ ԿԱՄ ԲԱԺԱՆՈՐԴԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ

 

_______________________

(կնքման վայրը)

«___»_________20   թվական

 

Նոր բաժանորդը կամ կառուցապատողը, կամ գազասպառման համակարգը վերակառուցող բաժանորդը (այսուհետ` Պատվիրատու),

 

________________________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության անվանումը)

 

ի դեմս __________________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է __________________________________________________________հիման վրա,

 (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մի կողմից, և Մատակարարը` ______________________________________________________,

 (կազմակերպության անվանումը)

_________________________________________________________________________________

(մասնաճյուղի անվանումը)

 

ի դեմս __________________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է__________________________________________________________հիման վրա,

 (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն` մատակարարը Պատվիրատուի նոր գազասպառման համակարգը միացնում է գազամատակարարման ցանցին, իսկ Պատվիրատուն վճարում է միացման համար անհրաժեշտ աշխատանքներին համարժեք վճար, որը ձևակերպվում է որպես հետագայում սպառվելիք բնական գազի դիմաց կանխավճար և մարվում է սպառած բնական գազի արժեքից այն նվազեցնելու միջոցով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ` ԳՄՕԿ) 11-րդ գլխով սահմանված կարգով:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Մատակարարը պարտավոր է`

1) Պատվիրատուի դիմումի հիման վրա, ելնելով գազամատակարարման ցանցի թողունակության առավելագույն օգտագործման հնարավորությունից ու գազամատակարարման հասանելիությունից, նրա գազասպառման համակարգը միացնել գազամատակարարման ցանցին` ապահովելով դիմումում նշված տեխնիկական հարաչափերով գազամատակարարման և հաշվառման հնարավորությունը.

2) Ավարտել Պատվիրատուի գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին և

Պատվիրատուին ներկայացնել գազամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ

__________________.

(օրը, ամիսը, տարին)

3. Պատվիրատուն պարտավոր է`

1) իր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար վճարել կանխավճարը _________ դրամ` սույն պայմանագրի 3-րդ գլխում սահմանված կարգով.

2) Մատակարարին գրավոր տեղեկացնել ցանկացած փոփոխության մասին, որը կարող է ազդեցություն ունենալ միացման կամ կանխավճարի վճարման ժամկետի վրա.

3) բազմաբնակարան շենքում չգտնվող կազմակերպությունների դեպքում գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքները սահմանված կարգով ավարտել սույն պայմանագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետից 5 օր առաջ:

 

3. ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Պատվիրատուի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքների արժեքը որոշվում է Մատակարարի կողմից կազմված և սույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող` աշխատանքների խոշորացված նախահաշվի հիման վրա: Սույն պայմանագիրը կնքելու հետ մեկտեղ Պատվիրատուն Մատակարարին է ներկայացնում աշխատանքների խոշորացված նախահաշվի հիման վրա որոշված կանխավճարի գումարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթուղթը:

5. Կանխավճարի չափը, Պատվիրատուի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ավարտից 3 աշխատանքային օրվա ընթացքում, ենթակա է ճշգրտման` ելնելով Պատվիրատուի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ փաստացի կատարված աշխատանքների արժեքից: Եթե ճշգրտված կանխավճարի չափը տարբերվում է խոշորացված նախահաշվով որոշված կանխավճարի չափից, Կողմերը պարտավոր են 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարել փոխադարձ հաշվարկներ:

6. Պատվիրատուի կողմից վճարված կանխավճարը մարվում է բացառապես ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:

7. Բազմաբնակարան շենքերի կամ առանձին թաղամասերի կառուցապատողների կողմից կատարված կանխավճարը հավասարաչափ բաշխվում է միացման կետերի միջև և ձևակերպվում յուրաքանչյուր միացման կետի համար գազամատակարարման Պայմանագիր կնքած անձի հաշվին` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

9. Սույն պայմանագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի խախտման դեպքում Մատակարարը Պատվիրատուին վճարում է տույժ` օրական սույն պայմանագրի 4-րդ կետում նշված կանխավճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան կանխավճարը:

10. Սույն պայմանագրի 2-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման դեպքում Պատվիրատուն Մատակարարին վճարում է տույժ` օրական սույն պայմանագրի 4-րդ կետում նշված կանխավճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան կանխավճարը:

 

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

11. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

12. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

13. Մատակարարն ազատվում է սույն պայմանագրի 4-րդ գլխով սահմանված պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չկատարելը պայմանավորված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կամ այլ անձանց կողմից Մատակարարին իրավունքների, թույլտվությունների, եզրակացությունների կամ այլ փաստաթղթերի տրամադրմամբ, որոնց արդյունքում անհնար է դարձել գազասպառման համակարգի` սույն պայմանագրում սահմանված ժամկետում գազամատակարարման համակարգին միացումը: Նման հանգամանքեր ի հայտ գալու դեպքում Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղյակ պահել պատվիրատուին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իր պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետներում ապահովելու նպատակով:

 

7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ (լրացնում են Կողմերը)

 

14. Սույն գլխում Կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, ԳՄՕԿ-ին և այլ իրավական ակտերին:

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

15. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:

17. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

18. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Մատակարար`

Գտնվելու վայրը ______________________

Հեռախոս ___________________________

Ֆաքս ______________________________

Էլ. փոստ ___________________________

Հ/հ ________________________________

Բանկ ______________________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Պատվիրատու՝

Բնակության վայրը____________________

Ծանուցման հասցեն____________________

Անձնագիր___________________________

Գտնվելու վայրը_______________________

Հեռախոս____________________________

Ֆաքս_______________________________

Էլ. փոստ____________________________

ՀՎՀՀ_______________________________

Հ/հ_________________________________

Բանկ_______________________________

Ղեկավար (ֆիզիկական անձ)

__________________________________»։

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 2
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի սեպտեմբերի 20-ի
N 265-Ն որոշման

 

«Հավելված N 2
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն
որոշմամբ հաստատված բնական
գազի մատակարարման և
օգտագործման կանոնների

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N___

 

ԲՆԱԿՉԻ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ

 

___ _________20    թվական

_______________________

(կնքման վայրը)

 

________________________________________________________________________________ ,

 քաղաքացու անունը, ազգանունը և բնակության վայրը կամ կազմակերպության

 անվանումը և գտնվելու վայրը (այսուհետ` Պատվիրատու), ի դեմս

 _______________________________________________________________________________ ,

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

մի կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, և

___________________________________________________________________________

 (մատակարար ընկերության և նրա մասնաճյուղի անվանումը)

________________________________________________________________________________ ,

 

այսուհետ` Մատակարար, ի դեմս ____________________________________________________

 _______________________________________________________________________________ ,

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

 1. Սույն պայմանագրի համաձայն` Պատվիրատուն պատվիրում է, իսկ Մատակարարն ապահովում է հետևյալ ծառայությունների մատուցումը.

1) Պատվիրատուի նոր գազասպառման համակարգի (այդ թվում` ծխատարների և օդատարների) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, նախագծի համաձայնեցում իրավասու մարմինների և պատվիրատուի հետ.

2) Պատվիրատուի նոր գազասպառման համակարգի բոլոր շինհավաքակցման աշխատանքների կատարում` ըստ համաձայնեցված նախագծի, միացում բնական գազի բաշխիչ ցանցին (հաշվառքի սարքին), պատվիրատուի տրամադրած գազօգտագործող սարքավորման միացում գազասպառման համակարգին.

3) ներտնային գազասպառման համակարգի ստուգումների և փորձարկումների իրականացում, գազօգտագործող սարքավորման կարգաբերում, սահմանված կարգով ներտնային գազասպառման համակարգի շահագործման ընդունման ակտի կազմում.

4) ներտնային գազասպառման համակարգի թողարկում և գազամատակարման պայմանագրի կնքում:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Մատակարարը պարտավորվում է`

1) ապահովել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումը սույն պայմանագրով սահմանված պայմաններով.

2) ապահովել նոր գազասպառման համակարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

3. Պատվիրատուն պարտավորվում է`

1) թույլատրել Մատակարարի ներկայացուցիչների և լիազոր անձանց մուտքն իր տիրապետման տակ գտնվող տարածք` սույն պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար.

2) նոր գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքների ընթացքում Մատակարարին տրամադրել նախագծով նախատեսված գազօգտագործող սարքավորումը.

3) Պայմանագրով սահմանված ժամկետներում և չափով կատարել վճարումներ շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար:

 

3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Պայմանագրի 1-ին կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար (բացառությամբ Պայմանագրի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ծառայության), Պայմանագրի կնքման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, Պատվիրատուն նախապես վճարում է Մատակարարին ___________ դրամ:

5. Շինհավաքակցման աշխատանքներն ավարտելուց հետո Պատվիրատուի և Մատակարարի միջև կազմվում է կատարողական ակտ, որում նշվում է փաստացի կատարված աշխատանքների ծավալը: Կողմերը պարտավորվում են կատարողական ակտը կազմելու օրվանից 5 օրվա ընթացքում կատարել փոխադարձ հաշվարկներ:

 

4. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ ԿՈՂՄԵՐԸ)

 

6. Սույն գլխում Կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններին (այսուհետ` ԳՄՕԿ) և այլ իրավական ակտերին:

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Սույն պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

8. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

9. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

7. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

10. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 20____ թվականի ________-ը:

12. Պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

13. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի համար:

 

9. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Մատակարար`

Գտնվելու վայրը ______________________

Հեռախոս ___________________________

Ֆաքս ______________________________

Էլ. փոստ ___________________________

Հ/հ ________________________________

Բանկ ______________________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Պատվիրատու՝

Բնակության վայրը____________________

Ծանուցման հասցեն____________________

Անձնագիր___________________________

Գտնվելու վայրը_______________________

Հեռախոս____________________________

Ֆաքս_______________________________

Էլ. փոստ____________________________

ՀՎՀՀ_______________________________

Հ/հ_________________________________

Բանկ_______________________________

Ղեկավար (ֆիզիկական անձ)

__________________________________»։

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան