Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1299
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.03/70(1250).1 Հոդ.873
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.09.2016
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 սեպտեմբերի 2016 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 16-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 18 հուլիսի 2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրությունն ստորագրվել է 2013 թվականի հոկտեմբերի 2-ին` Ստրասբուրգում: Արձանագրության նպատակն է ընդլայնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) իրավասությունը՝ ուժեղացնելով ՄԻԵԴ-ի և ազգային իշխանությունների միջև փոխգործակցությունը:

 

2. Կոնվենցիայի 16-րդ արձանագրությունն ստորագրման համար բաց է Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերի համար: Այն ուժի մեջ է մտնում Կոնվենցիայի տասը Բարձր պայմանավորվող կողմերի կողմից Արձանագրության 7-րդ հոդվածի դրույթների համաձայն Արձանագրությամբ պարտավորված լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունը հայտնելու ամսաթվից հետո եռամսյա ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։

Հարկ է նշել, որ 2016 թվականի հուլիսի 22-ի դրությամբ Արձանագրությունն ստորագրել են 16 և վավերացրել 6 պետություններ (իրենց` կից հայտարարություններում նշելով ներպետական այն դատարանները կամ տրիբունալները, որոնց նշանակում են Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասի նպատակներով):

 

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- երաշխավորել Արձանագրության 10-րդ հոդվածին համապատասխան նշանակված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատարանների ՄԻԵԴ դիմելու իրավունքի իրացումը՝ Կոնվենցիայով կամ դրա արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների տրամադրման համար /հոդված 1/,

- Արձանագրության 1-5-րդ հոդվածները դիտարկել որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառել համապատասխանաբար /հոդված 6/,

- ստորագրման ժամանակ կամ վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով նշել այն դատարանները, որոնց Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասի նպատակներով՝ հետագայում` ցանկացած ժամանակ և նույն կարգով այդ հայտարարությունը փոփոխելու հնարավորությամբ /հոդված 10/:

 

4. ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա.

քննության առարկա Արձանագրությունն ստորագրելիս ի գիտություն է ընդունվել Կոնվենցիայի 16-րդ արձանագրության Բացատրական զեկույցը /Explanatory Report/:

 Բացատրական զեկույցում ներկայացվում է Արձանագրության ընդունման նախապատմությունը և տրվում են առանձին հոդվածների մեկնաբանություններ: Մասնավորապես, ի թիվս այլնի, դրանում նշվում է, որ խորհրդատվական կարծիքի համար Դատարան կարող է դիմել այն ներպետական մարմինը, որը հանդիսանում է «բարձր դատարան կամ տրիբունալ,… որը նշված է /Բարձր պայմանավորվող կողմից/ 10-րդ հոդվածի համաձայն»: Այս ձևակերպումը կոչված է խուսափելու հնարավոր բարդությունից՝ տալով ընտրության որոշակի ազատություն: «Բարձր դատարան կամ տրիբունալ» արտահայտությունը վերաբերում է ազգային դատական համակարգի գագաթին գտնվող դատարաններին և տրիբունալներին: «Բարձր» եզրույթի կիրառումը` ի հակադրություն «բարձրագույն» եզրույթի, հնարավորություն է տալիս ընդգրկել այնպիսի դատարանների կամ տրիբունալների, որոնք, չնայած նրան, որ զիջում են սահմանադրական կամ գերագույն դատարաններին, այնուամենայնիվ, հանդիսանում են «բարձր» տվյալ կատեգորիայի գործերի համար: Սա, այն պահանջի հետ մեկտեղ, համաձայն որի` Բարձր պայմանավորվող կողմն է նշում այն դատարանները կամ տրիբունալները, որոնք կարող են հայցել խորհրդատվական կարծիք, թույլ է տալիս ցուցաբերել անհրաժեշտ ճկունություն՝ ելնելով ազգային դատական համակարգերի առանձնահատկություններից:… /կետ 8/:

 

5. ՀՀ սահմանադրական դատարանը, նշված Բացատրական զեկույցի և Արձանագրության 10-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության համեմատական վերլուծության արդյունքում, միաժամանակ նկատի ունենալով, որ Արձանագրության հայերեն պաշտոնական թարգմանության տեքստում, ինչպես նաև դրան կից պաշտոնական փաստաթղթերում օգտագործվում է «Բարձրագույն դատարաններ կամ տրիբունալներ» ձևակերպումը, արձանագրում է հետևյալը. որպեսզի Արձանագրության հայերեն պաշտոնական թարգմանության տեքստում և դրան կից պաշտոնական փաստաթղթերում օգտագործվող` «Բարձրագույն դատարաններ կամ տրիբունալներ» ձևակերպումը չվտանգի Արձանագրության 10-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների ազգային օրենսդրական իմպլեմենտացիայի բարեխիղճ իրականացումը, պետք է նկատի ունենալ, որ չնայած ՀՀ դատական համակարգի առանձին ատյաններ իրենց սահմանադրաիրավական կարգավիճակից ելնելով չեն կրում «բարձր» կամ «բարձրագույն» անվանումը, սակայն օրենսդրությամբ նախատեսված կոնկրետ գործերով իրավունք ունեն կայացնել վերջնական որոշում: Այլ կերպ ասած` դրանք հանդես են գալիս որպես տվյալ կոնկրետ գործով վերջնական որոշում կայացնող «բարձր» դատարան:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


13 սեպտեմբերի 2016 թ.
ՍԴՈ-1299