Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2016-13.05.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.09/24(567).1 Հոդ.318.5
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616389

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 նոյեմբերի  2016 թ.
ք. Երևան

N 123-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 83-րդ հոդվածի 12-րդ մասով, 84-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերությամբ, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 87-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 88-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությամբ, 100-րդ հոդվածով, 129-րդ հոդվածի 6-րդ մասով, 130-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ պարբերությամբ, 132-րդ հոդվածի 5-րդ մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 135-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 137-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 141-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել քվեաթերթիկները տպագրելուց հետո քվեաթերթիկները հանելու և մարելու, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի անունը քվեաթերթիկից հանելու, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի անունը ընտրական ցուցակից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 9-ի N 123-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈՒ,
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ
ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ
ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ
ՀԱՆԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկները հանելու և մարելու, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը և թեկնածուների անունը քվեաթերթիկներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո` 

1) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում քվեարկության նախորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովն այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկները չի տրամադրում տեղամասային ընտրական հանձնաժողովներին, իսկ քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրված լինելու դեպքում քվեարկության օրն այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկները չեն հատկացվում ընտրողներին և մարվում են` երկու մասի կտրելու միջոցով.

2) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե նրա անունը նշված է քվեաթերթիկի տարածքային ընտրական ցուցակում, ապա այդ թեկնածուի անունը հանվում է քվեաթերթիկից` մինչև այն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով տվյալ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա:

3. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո`

1) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը հանվում է քվեաթերթիկից` մինչև այն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակող համապատասխան տողի վրա.

2) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե թեկնածուի անունը նշված է քվեաթերթիկում, ապա այդ թեկնածուի անունը հանվում է քվեաթերթիկից` մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով տվյալ թեկնածուի ազգանվան, անվան, հայրանվան վրա:

4. Համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո`

1) թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը հանվում է քվեաթերթիկից` մինչև այն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով տվյալ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա:

5. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում, 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում քվեաթերթիկներում կատարված համապատասխան նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ:

6. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից այդ կուսակցության թեկնածուների անունները հանվում են կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից թեկնածուների անունները պարունակող համապատասխան տողերի վրա հորիզոնական գիծ քաշելու և կուսակցության դաշինքից դուրս գալու մասին իրավական հիմքը նշելու միջոցով: Ազգային ժողովի ընտրությունների դեպքում կուսակցությունների դաշինքից դուրս եկած կուսակցության թեկնածուների անունները հանվում են կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակներից թեկնածուների անունները պարունակող համապատասխան տողերի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:

7. Ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ թեկնածուի անունը հանվում է ընտրական ցուցակից թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով: Ազգային ժողովի ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում տվյալ թեկնածուի անունը հանվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակներից թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:

8. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացվելու դեպքում համապետական և տարածքային ընտրական ցուցակներից այդ թեկնածուների անունները հանվում են` թեկնածուների անունները պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավորի անունը հանվում է տարածքային ընտրական ցուցակից, իսկ տարածքային ընտրական ցուցակով ընդգրկված պատգամավորի անունը` համապետական ցուցակից, համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և հիմքը նշելու միջոցով:

9. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու, ավագանու անդամի ինքնաբացարկի դեպքում այդ թեկնածուի, ավագանու անդամի անունը հանվում է թեկնածուի, ավագանու անդամի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով: