ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2010 թվականի N 1206-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. գիտատեխնիկական քաղաքականության վարչությունը, բնակարանային ապահովման, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ քաղաքականության վարչությունն ու շինարարության քաղաքականության վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության բաժնի, բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության, շինարարության քաղաքականության բաժնի,
բ. ճարտարապետության քաղաքականության և քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների համակարգման վարչությունը վերանվանել ճարտարապետության վարչություն,
գ. լիցենզավորման բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Լիցենզավորման կենտրոն» գործակալության` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով,
դ. տնտեսական և տեխնիկական սպասարկման բաժինը վերանվանել տնտեսական բաժին,
ե. արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժինը վերանվանել արտաքին կապերի բաժին,
զ. քարտուղարությունն ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել քարտուղարության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի.
3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 13.10.16 N 1111-Ն)
3. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 4 հավելվածի:
(3-րդ կետը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ենթակայության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ։
(4-րդ կետը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսավորման, այդ թվում` ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։
6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1206-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
(1-ին կետը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու հիմնարկները:
7. Նախարարության գործունեության նպատակը ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման ու քաղաքաշինական միջոցներով բնակչության կյանքի որակի հետևողական բարելավման, ինչպես նաև քաղաքաշինական համակարգերի անվտանգության ապահովման համար պայմանների ստեղծումն է` քաղաքաշինության քաղաքականության մշակման, իրականացման, համակարգման և արդյունքների գնահատման միջոցով:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման բնագավառում նախարարության խնդիրներն են`
1) երկրի տարաբնակեցման համակարգի հավասարակշռման, տարածաշրջանային զարգացման անհամամասնությունների հաղթահարման, բազմակենտրոն տարածական զարգացման պայմանների ապահովումը.
2) քաղաքաշինական համակարգերի անվտանգության և հարատև զարգացման ապահովումը՝ ներառյալ ներդաշնակ կենսատարածքի ձևավորումը և բնակչության տարածքային համաչափ բաշխվածության համար նախադրյալների ստեղծումը.
3) անկառավարելի ուրբանիզացման հնարավոր սպառնալիքների չեզոքացումը.
4) բնակավայրերի կայուն զարգացման խթանումը, դրանց ինքնատիպության, գրավչության բարձրացումը, պատմամշակութային միջավայրերի քաղաքաշինական վերազարգացումը (ռեաբիլիտացիա).
5) «կանաչ քաղաքաշինության» սկզբունքի ձևավորումը, բնական և մշակութային լանդշաֆտների ներդաշնակ փոխլրացնող զարգացման ապահովումը.
6) ազգային ճարտարապետության հոգևոր ու մշակութային ավանդույթների պահպանումը, դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.
7) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում բարձրարժեք կառուցապատման միջավայրի ստեղծման ու զարգացման պայմանների ապահովումը.
8) հողային պաշարների պետական կառավարումը` բնակավայրերի, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի՝ սահմանված կարգով օգտագործման մասով.
9) քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավումը և մրցակցային դաշտի ձևավորումը, ներդրումային նախաձեռնությունների խրախուսումը և ներդրումների պաշտպանությունը.
10) բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրագործման, բազմաբնակարան շենքերի պահպանման, անվտանգ շահագործման և կառավարման մարմինների կարողությունների հզորացման, ինչպես նաև կոմունալ ենթակառուցվածքների զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
11) քաղաքաշինության ոլորտի գիտական, տեխնիկական զարգացումը և նորարարության խթանումը.
12) շենքերի և շինությունների սեյսմակայունության, վտանգավոր երկրաբանական երևույթներից դրանց ինժեներական պաշտպանության ապահովումը.
13) շինարարության զարգացման և իրականացման, շինարարական արտադրանքի և ծառայությունների որակական չափանիշների բարձրացման, տեխնոլոգիաների արդիականացման պայմանների ապահովումը.
14) քաղաքաշինության ոլորտում պետական և համայնքների բյուջեների հաշվին իրականացվող աշխատանքների գնագոյացման սկզբունքների ձևավորումը.
15) կառույցների շինարարության և շահագործման ընթացքում մարդկանց ու միջավայրի անվտանգության, քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունը.
16) ոլորտում ծառայությունների որակի բարձրացման, սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով քաղաքաշինական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը.
17) քաղաքաշինական տեղեկատվական համակարգի ձևավորումը, Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային տվյալների ամփոփումը.
18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նախարարությունն իր նպատակի և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) պետական քաղաքաշինական քաղաքականության հիմնադրույթների, տարածական զարգացման ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
2) քաղաքաշինության ոլորտի զարգացումն ապահովող ու գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը, նախարարության գործունեությանն առնչվող իրավական ակտերի կիրառման պրակտիկայի ընդհանրացում, դրանց կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը.
3) ազգային և տարածաշրջանային (միկրոտարածաշրջանային) մակարդակների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում.
4) համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման աշխատանքների համակարգում, տարածքների և բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացման ռազմավարության մշակում.
5) հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման, պատմամշակութային ու բնության հատուկ պահպանվող տարածքներ ներառող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում.
6) հանրապետությունում քաղաքաշինական իրադրության և զարգացման միտումների հետազոտում, կարճաժամկետ, միջնաժամկետ և հեռանկարային զարգացման հիմնական ուղղությունների վերլուծում, բացահայտում ու նախանշում.
7) քաղաքաշինական և լանդշաֆտային համակարգերի ներդաշնակեցման ծրագրերի, տարածական պլանավորման նորմերի ու կանոնների, ինչպես նաև տարբեր գործառական տարածքների քաղաքաշինական և լանդշաֆտային չափորոշիչների մշակում.
8) քաղաքների էկոլոգիական վիճակի բարելավմանը, շրջակա միջավայրի վրա ուրբանիզացիայի բացասական հետևանքների նվազեցմանը նպատակաուղղված, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման (ադապտատիվ) տարածական զարգացման ծրագրերի մշակում.
9) բնակավայրերի պատմաճարտարապետական միջավայրի քաղաքաշինական վերականգնման ու զարգացման ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգի իրականացում.
10) տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների ծրագրերի և զարգացման ծրագրերի՝ քաղաքաշինական փաստաթղթերին առնչվող մասով սահմանված կարգով համաձայնեցում.
11) կառուցապատման համար նախատեսված հողերի քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանում.
12) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման առաջադրանքների և նախագծային փաստաթղթերի՝ սահմանված կարգով համաձայնեցում և վերջիններս Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.
13) քաղաքաշինական նպատակով հողամասերի հատկացումների վերաբերյալ առաջարկությունների, ճարտարապետահատակագծային առաջադրանքների ու ճարտարապետաշինարարական նախագծերի՝ սահմանված կարգով համաձայնեցում.
14) ճարտարապետության ոլորտի պետական քաղաքականության ու զարգացման ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգի իրականացում.
15) քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման և գործունեության կարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների զարգացման ծրագրերի մշակում.
16) բնակարանային ապահովմանը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված պետական աջակցության նպատակային ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգի իրականացում.
17) աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման գործընթացի ամփոփում.
18) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների բաշխում և հատկացում.
19) կոմունալ ենթակառուցվածքների զարգացման, շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման, թափոնների տեղադրման աղբավայրերի (պոլիգոնների) ստեղծման ծրագրերի մշակում.
20) հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարցերի կարգավորում.
21) քաղաքաշինության բնագավառի տեխնիկական զարգացման գիտատեխնիկական պետական նպատակային և նորարարությանը նպատակաուղղված ծրագրերի մշակում.
22) շենքերի անձնագրավորման, սեյսմակայունության ուղղությամբ իրականացվող հետազննական, ինչպես նաև գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպում և համակարգում, շինարարությունում դրանց արդյունքների ներդրում.
23) Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերով սահմանված սահմանային հարկայնությունը գերազանցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության կազմակերպում.
24) վտանգավոր երկրաբանական երևույթներից քաղաքաշինական օբյեկտների պաշտպանության ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգի իրականացում.
25) բնագավառի հանրապետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման, հաստատման (բացի ազգային ստանդարտներից), ինչպես նաև միջպետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ընդունման և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց գործարկման գործընթացի վարում և համակարգում.
26) բնագավառի ստանդարտացման գործընթացի վարում, ինչպես նաև ոլորտի սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների գնահատման և դրանց հավատարմագրման աշխատանքներում համապատասխան փորձագետների ներգրավվածության ապահովում.
27) շինարարության ոլորտի պետական քաղաքականության, զարգացման ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգի իրականացում.
28) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող քաղաքաշինական ծրագրերի պատվիրատուի գործառույթների կատարում.
29) հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման, ինչպես նաև ճյուղային պետական նպատակային ծրագրերի մշակում՝ քաղաքաշինության բնագավառին առնչվող մասով.
30) ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների իրագործմանը մասնակցություն.
31) նախարարության տեղեկատվական քաղաքականության, հասարակայնության հետ կապերի ապահովման կազմակերպում ու իրականացում և մասնագիտական, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն.
32) օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացում:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
11. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող վիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
13. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
14. Նախարարը`
1) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
7) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն ու ցուցումները.
10) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
11) իրականացնում է վերահսկողություն նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
13) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
14) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
15) իր լիազորության սահմաններում հիմնում է գերատեսչական պարգևներ.
16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
17) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
15. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
16. Նախարարի տեղակալը`
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով, տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականները և առաջադրանքները, դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Նախարարի տեղակալներից մեկը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետ:
18. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
19. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին կից կոլեգիան`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
20. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
21. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
22. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
23. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
24. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
25. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
26. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
27. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
28. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
29. Նախարարության աշխատակազմի անվանումն է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ:
(29-րդ կետը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
30. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
31. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
32. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
33. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ։
37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է։
38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
39. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։
40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
42. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
43. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Uահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և պատասխանատվություն կրում օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
45. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
46. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
47. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
48. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները և կարգադրությունները.
13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:
49. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
50. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
51. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
52. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
53. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։»:
(հավելվածը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1206-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչություն
Ճարտարապետության վարչություն
Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
Քարտուղարություն
Իրավաբանական բաժին
Ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման
մեթոդաբանության բաժին
Շինարարության քաղաքականության բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Արտաքին կապերի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Տնտեսական բաժին
Առաջին բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Քաղաքաշինական պետական տեսչություն
«Լիցենզավորման կենտրոն» գործակալություն»։
(հավելվածը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1206-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ քաղաքաշինության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը խմբ. 28.04.11 N 491-Ն, փոփ. 13.10.16 N 1111-Ն)
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
1) քաղաքաշինության բնագավառում ծառայությունների որակի բարձրացումը.
2) քաղաքաշինության բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանությունը.
3) քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված գործունեությամբ զբաղվողների նկատմամբ անհրաժեշտ պայմանների և պահանջների կատարման հսկողությունը.
4) քաղաքաշինության ոլորտում միջազգային և միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստելը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քաղաքաշինության բնագավառում լիցենզավորմանը վերաբերող հարցերի շուրջ խորհրդատվության իրականացում.
2) լիցենզավորման նպատակով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն.
3) քաղաքաշինության բնագավառում լիցենզավորող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում.
4) լիցենզավորող հանձնաժողովին լիցենզավորվող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ եզրակացություն ներկայացնելը.
5) օրենքով սահմանված ժամկետներում լիցենզավորման և որակավորման հանձնաժողովների նիստերի վերաբերյալ լրատվական միջոցներով հայտարարությունների հրապարակման ապահովում.
6) լիցենզիաների տրամադրման, վերաձևակերպման, կրկնօրինակի տրամադրման, գործողության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի` օրենքով սահմանված կարգով պատրաստում.
7) լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ համակարգչային տվյալների բանկի ստեղծում.
8) լիցենզիաների գրանցամատյանի վարում և յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար անհատական գործի կազմում.
9) լիցենզիաների հետ միասին լիցենզավորված անձին քաղաքաշինության բնագավառի գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկի, հաշվետվության ձևերի տրամադրում.
10) պետական մարմիններին, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համապատասխան տեղեկատվության տրամադրման՝ սահմանված կարգով ապահովում.
11) ոլորտին առնչվող պետական տուրքի վճարման պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն.
12) լիցենզավորված սուբյեկտներից հաշվետվությունների ընդունում, համակարգչային բազա դրանց մուտքագրում.
13) լիցենզիա տրամադրելու, լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման մասին որոշումների պատճենները հրապարակման համար գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին ներկայացնելը.
14) լիցենզավորման բնագավառին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման համար իրականացվող, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների համատեղ լիցենզիաների, սերտիֆիկատների փոխճանաչման աշխատանքներին մասնակցություն.
15) լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացում.
16) այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում։
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:
10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է քաղաքաշինության ոլորտի լիցենզավորման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
2) համապատասխան նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
9) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
10) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Գործակալության պետի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը խմբ. 28.04.11 N 491-Ն, փոփ. 13.10.16 N 1111-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1206-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Բաժիններ
Լիցենզավորման բաժին
Տեղեկատվության, վերլուծության և մոնիթորինգի բաժին
(հավելվածը փոփ. 13.10.16 N 1111-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան