ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 հոկտեմբերի 2016 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2016 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին (Համաձայնագիր) միանալու մասին արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին` Մոսկվայում:
2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը միանալով Համաձայնագրին, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` դեղամիջոցների շրջանառության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և միասնականացման համար,
բ) ձեռնարկել միջոցներ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային պահանջների սահմանման համար` անդամ պետությունների պետական դեղագրքերի դեղագրքային հոդվածների (ընդհանուր և մասնակի) հետևողական ներդաշնակեցման միջոցով,
գ) պետական դեղագրքերի ներդաշնակեցումն իրականացնել ազգային դեղագրքային պահանջների ներդաշնակեցման միջազգային փորձի օգտագործմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող հայեցակարգին համապատասխան,
դ) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայում շրջանառության համար նախատեսված դեղամիջոցների գրանցումը և փորձաքննությունն իրականացնել դեղամիջոցների գրանցման և փորձաքննության` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող կանոններին համապատասխան,
ե) դեղամիջոցների գրանցման և փորձաքննության գործընթացն իրականացնելիս փոխադարձ ճանաչել դեղամիջոցների նախակլինիկական (ոչ կլինիկական), կլինիկական և այլ հետազոտությունների (փորձարկումների) արդյունքները, դեղամիջոցների արտադրության, նախակլինիկական (ոչ կլինիկական), կլինիկական հետազոտությունների (փորձարկումների), դեղազգոնության համակարգերի` պատշաճ դեղագործական գործելակերպի կանոնների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող պահանջների հետ համապատասխանության տեսչական ստուգման արդյունքները,
զ) պայմաններ ստեղծել դեղամիջոցների` միջազգային ստանդարտներին համապատասխան հետազոտությունների (փորձարկումների) անցկացման համար և ապահովել դրանց արդյունքների համադրելիությունը,
է) դեղամիջոցների մեծածախ իրացումը, տրանսպորտային փոխադրումը և պահպանումն իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող` պատշաճ բաշխման գործելակերպի կանոններին համապատասխան:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և նպատակաուղղված են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձևավորելու դեղամիջոցների ընդհանուր շուկա, օպտիմալ պայմաններ ստեղծելու դեղագործական արդյունաբերության զարգացման համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
4 հոկտեմբերի 2016 թ. ՍԴՈ-1313 |
|