Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-133-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2006-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.711
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընդերքօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականությունը կատարելագործելու նպատակով, որոշում եմ.

1. Ստեղծել ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման հարցերով խորհուրդ և հաստատել նրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման հարցերով խորհրդի կանոնակարգը` համաձայն 2-րդ հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 17
Երևան
ՆՀ-133-Ն

Հավելված 1
ՀՀ Նախագահի 2006 թ. հունիսի 17-ի
ՆՀ-133-Ն հրամանագրի

Կ Ա Զ Մ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
 
Ա. Գևորգյան

Հավելված 2
ՀՀ Նախագահի 2006 թ. հունիսի 17-ի
ՆՀ-133-Ն հրամանագրի

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման հարցերով խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման պետական քաղաքականության իրականացմանը:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝

1) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտի ռազմավարության, ազգային ծրագրի և հայեցակարգերի քննարկումն ու առաջարկությունների ներկայացումը,

2) ընդերքօգտագործման ոլորտի զարգացման ռազմավարության շրջանակներում իրականացվող միջոցառումների քննարկումը,

3) հանքահումքային հենքի զարգացման և ընդերքի պահպանության ծրագրերի քննարկումն ու համապատասխան առաջարկությունների ներկայացումը,

4) ընդերքի օգտագործմանը և պահպանությանն առնչվող հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերի քննարկումը,

5) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հարաբերությունները կարգավորող նորմատիվ ակտերի նախագծերի քննարկումը և առաջարկությունների ներկայացումը,

6) երկրաբանական ուսումնասիրության արդյունավետության բարձրացման, հանքային հումքի համալիր ուսումնասիրման, ընդերքի բանական օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման հարցերի քննարկումը,

7) օտարերկրյա ներդրողների՝ ուսումնասիրության և հանքարդյունահանման լիցենզիաների դիմումների վերաբերյալ առաջարկությունների քննարկումը,

8) ազգային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման նպատակով առանձին տեղամասերում ընդերքօգտագործման սահմանափակումներին վերաբերող հարցերի քննարկումը,

9) միջազգային բանկերում ընդերքի օգտագործման իրավունքի գրավադրման, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին հանքային իրավունքի փոխանցման հարցերի քննարկումը,

10) ընդերքի առանձին տեղամասերի` պետական կամ համայնքային կարիքների համար հետ վերցնելու հետ կապված հարցերի քննարկումը,

11) ընդերքի ոլորտին առնչվող՝ պետական պատվերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ առաջարկությունների քննարկումը,

12) ընդերքի ոլորտի գիտական, կադրային քաղաքականության խնդիրների վերաբերյալ առաջարկությունների քննարկումը,

13) ռազմավարական նշանակության հանքավայրերի և երևակումների հանքային իրավունքների տրամադրման վերաբերյալ հարցերի քննարկումը և առաջարկությունների ներկայացումը,

14) ընդերքի ոլորտի վերահսկման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը,

15) ընդերքի ոլորտի վճարների (ռոյալթի, բնապահպանական վճար, բնօգտագործման վճար, դրամագլուխ, վնասի հատուցում, բոնուս, կոնցեսիոն վճար) վերաբերյալ առաջարկությունների քննարկումը,

16) պետական կառավարման մարմինների և տնտեսավարող սուբյեկտների արդյունավետ համագործակցության նոր մեխանիզմների ներդրման քննարկումը,

17) լեռնահանքային ոլորտում ներդրումների և վարկերի, արտաբյուջետային աղբյուրից միջոցների ներգրավմանն աջակցող միջոցառումների քննարկումը,

18) անթափոն տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանն ուղղված միջոցառումների քննարկումը,

19) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված խնդիրների լուծման մոտեցումների քննարկումը,

20) լեռնահանքային ոլորտում տվյալների բանկի ստեղծմանը նպատակաուղղված միջոցառումների քննարկումը,

21) ոլորտին վերաբերող այլ հարցերի և խնդիրների քննարկումը և առաջարկությունների ներկայացումը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը երկու անգամ: Արտահերթ նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

5. Խորհրդի նախագահը`

- ղեկավարում է Խորհրդի աշխատանքը,

- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում Խորհրդի նախապատրաստած առաջարկությունները, ինչպես նաև Խորհրդի գործունեությանը վերաբերող այլ տեղեկատվություն,

- նշանակում է Խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը, ժամը, առաջադրում է օրակարգը,

- հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը,

- Խորհրդի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխումը:

6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Խորհրդի նախագահը և Խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:

Խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անձամբ և իրավունք չունեն իրենց լիազորությունները պատվիրակել այլ անձանց:

7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը ստորագրում են Խորհրդի նախագահը և նիստին ներկա Խորհրդի անդամները: Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ Խորհրդի ընդունած որոշման հետ, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և ներառվում Խորհրդի նիստի արձանագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
 
Ա. Գևորգյան