Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Booklet Հոդ.910.16
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.07.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0402/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0402/02/14

2016թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ`

Ա. Խառատյան

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Ս. Անտոնյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

ռ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հերմինե Խանզատյանի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հերմինե Խանզատյանի ընդդեմ Կարեն, Հովհաննես Մանվելյանների և Հայկանուշ Գրիգորյանի` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հերմինե Խանզատյանը պահանջել է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59/20 հասցեի բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 05.03.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2015 թվականի որոշմամբ Հերմինե Խանզատյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 05.03.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հերմինե Խանզատյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, 200-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետը, 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 1498 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հերմինե Խանզատյանի ներկայացուցչի` ապացույց պահանջելու մասին միջնորդությունն ամբողջությամբ չի կատարվել: Մասնավորապես` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից չի ներկայացվել ապացույց այն մասին, թե արդյոք հարկադիր կատարման գործողությունների ընթացքում հայտնաբերվել է Կարեն Մանվելյանին պատկանող այլ գույք, ներառյալ` ֆինանսական միջոցներ, բացի Վանաձորի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59/20 հասցեի բնակարանից, որի միջոցով Կարեն Մանվելյանը կկարողանա կատարել Հերմինե Խանզատյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները: Ծառայության կողմից 31.10.2014 թվականի թիվ 13379 գրությամբ տրամադրվել է միայն տեղեկատվություն այն մասին, որ իրականացվում են կատարողական գործողություններ նրա գույքի և դրամական միջոցների հայտնաբերման ուղղությամբ: Մինչդեռ սույն գործով Դատարանը վճիռը կայացվել է տվյալ գրությունից ավելի, քան 4 ամիս հետո, և այդ ընթացքում Դատարանը հետևողական չի եղել իր կողմից պահանջված ապացույցը ձեռք բերելու համար: Հետևաբար վկայակոչված փաստի հաստատման համար ապացույց ներկայացնելու և դրա ապացուցման բեռը հայցվոր կողմի վրա դնելն անհիմն է, քանի որ նշված ապացույցը գտնվել է Ծառայության Լոռու մարզային բաժնում: Այսինքն՝ Դատարանի կողմից սխալ է կատարվել նաև ապացուցման բեռի բաշխումը, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ըստ Հերմինե Խանզատյանի հայցի ընդդեմ Կարեն Մանվելյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 10.08.2005 թվականի թիվ 2/3157 վճռով Կարեն Մանվելյանից հօգուտ Հերմինե Խանզատյանի, որպես անչափահաս երեխայի համար սահմանված ալիմենտ, բռնագանձվել է ամսական 10.000 ՀՀ դրամ` մինչև Հովհաննես Կարենի Մանվելյանի (ծնված` 09.11.2003թ.) չափահաս դառնալը (հատոր 1-ին, գ.թ. 10)։

2. ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0438/02/14 քաղաքացիական գործով 23.08.2013 թվականին կայացված վճռով Հերմինե Խանզատյանի հայցն ընդդեմ Կարեն Մանվելյանի` ալիմենտի վճարման պարտավորությունը վերականգնելու և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Վճռվել է վերականգնել Կարեն Մանվելյանի նկատմամբ 10.08.2005 թվականի ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 2/3157 քաղաքացիական գործով կայացված վճռով Հովհաննես Կարենի Մանվելյանի (ծնված՝ 09.11.2003թ.) օգտին սահմանված ալիմենտի վճարման պարտականությունը, սահմանել և որպես հայցվոր Հերմինե Խանզատյանի խնամքին գտնվող 09.11.2003 թվականին ծնված անչափահաս երեխա` Հովհաննես Կարենի Մանվելյանի ապրուստի միջոց, Կարեն Մանվելյանից հօգուտ Հերմինե Խանզատյանի բռնագանձել ամսական ալիմենտ 25.000 ՀՀ դրամի չափով` մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից որևէ մեկի վրա հասնելը, բռնագանձման ենթակա ալիմենտի հաշվարկը կատարել այն ստանալու համար հայցվորի կողմից միջոցներ ձեռնարկվելու պահից, այն է՝ 28.06.2011 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 33-42)։

3. Ծառայության ‹‹Կատարողական վարույթ հարուցելու մասին›› 18.04.2014 թվականի որոշման համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 31.03.2014 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 06-1593/14 կատարողական վարույթը՝ Կարեն Մանվելյանից հօգուտ Հերմինե Խանզատյանի ամսական 25.000 ՀՀ դրամ ալիմենտ բռնագանձելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 56)։

4. ‹‹Ապացույցը պահանջելու մասին›› 07.08.2014 թվականի միջնորդությամբ հայցվորի ներկայացուցիչը միջնորդել է Դատարանին Ծառայությունից պահանջել տրամադրելու հետևյալ տեղեկատվությունը՝ 1) Ծառայության վարույթում գտնվող թիվ 06-1593/4 կատարողական վարույթով որքա՞ն է կազմում Կարեն Մանվելյանից հօգուտ Հերմինե Խանզատյանի բռնագանձվելիք գումարի չափը յուրաքանչյուր տարվա կտրվածքով, 2) հարկադիր գործողությունների ընթացքում հայտնաբերվե՞լ են արդյոք Կարեն Մանվելյանին պատկանող այլ գույք, ներառյալ` ֆինանսական միջոցներ, բացի Վանաձոր քաղաքի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59/20 հասցեի բնակարանից (հատոր 2-րդ, գ.թ. 49-52)։

5. 21.08.2014 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ Դատարանը բավարարել է հայցվորի ներկայացուցչի ‹‹Ապացույցը պահանջելու մասին›› 07.08.2014 թվականի միջնորդությունը (հատոր 2-րդ, գ.թ. 63)։

6. Ծառայության Լոռու մարզային բաժնի պետ Ա. Բաղդագուլյանի կողմից 31.10.2014 թվականին Դատարան ներկայացրած թիվ 13380 գրության համաձայն` պահանջատեր Հերմինե Խանզատյանի կողմից 21.10.2014 թվականին Ծառայության Լոռու մարզային բաժին է ներկայացվել Կարեն Մանվելյանի ճշգրտված հասցեն և անձնագրային տվյալները, իրականացվում են համապատասխան կատարողական գործողություններ նրա գույքի և դրամական միջոցների հայտնաբերման ուղղությամբ, իսկ Կարեն Մանվելյանի ալիմենտային պարտքն ըստ տարիների կազմում է` 28.06.2011 թվականից մինչև 28.06.2012 թվականը` 300.000 ՀՀ դրամ, 28.06.2012 թվականից մինչև 28.06.2013 թվականը` 300.000 ՀՀ դրամ, 28.06.2013 թվականից մինչև 28.06.2014 թվականը` 300.000 ՀՀ դրամ, 28.06.2014 թվականից մինչև 28.10.2014 թվականը`100.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 83)։

7. Սեփականության իրավունքի պետական գրանցման 02.04.2004 թվականի թիվ 1739434 վկայականի համաձայն` Վանաձոր քաղաքի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59/20 հասցեի բնակարանը համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Հովհաննես Մանվելյանի, Հայկանուշ Գրիգորյանի և Կարեն Մանվելյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 49-50):

8. «Մել և Միլ» գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի 04.11.2014 թվականի եզրակացության համաձայն ՝ Վանաձոր քաղաքի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59 շենքի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքն առանց էականորեն վնաս պատճառելու հնարավոր չէ բաժանել և Կարեն Մանվելյանին պատկանող մասն առանձնացնել (հատոր 2-րդ, գ.թ. 79)։

9. Սույն գործով 22.01.2015 թվականի դատական նիստի ընթացքում պատասխանող Կարեն Մանվելյանի ներկայացուցիչն առարկել է ներկայացված հայցապահանջի դեմ (հատոր 2-րդ, գ.թ. 130)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 200-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 53-րդ, 1498 -րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու հայցապահանջներով պարտապանի մոտ այլ գույքի բացակայությունը հիմնավորելու խնդրին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնել եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի համաձայն` բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ պահանջի իրավունքը ծագում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված այն դեպքի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման համար: Նման իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովելու ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ, 197-րդ հոդվածների վերլուծությանը` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ օրենսդիրը, ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների համար իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ սահմանելով հանդերձ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, այն է՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության, ինչպես նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու պարագայում, նախատեսել է այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, որի նպատակն է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների և պարտատիրոջ իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելը: Նման իրավիճակում օրենսդիրը պարտատիրոջ իրավունքների պաշտպանության միակ հնարավոր միջոց է համարել պարտատիրոջ իրավունքը՝ պահանջելու ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ դրանից ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելով և բռնագանձումը պարտապանի բաժին գումարի վրա տարածելով (տե՛ս Լուարա Դավթյանն ընդդեմ Արսեն Մակարյանի և մյուսների թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է նաև այն իրավական հարցին, թե երբ է կարելի պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով վաճառել: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,

2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,

3. պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,

4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Դերենիկ Մարգարյանի և մյուսների թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 -րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցներ հավաքելու և դատարան ներկայացնելու պարտականությունը կրում են կողմերը` ապացուցման բեռի բաշխմանը համամասնորեն: Դատավարական օրենքը դատարանին պարտավորեցնում է միայն կողմերի միջնորդությամբ օժանդակել ապացույցների ձեռքբերման հարցում: Նման միջնորդության ներկայացման համար նախապայման է այն, որ միջնորդող կողմը պետք է հիմնավորի (ապացուցի), որ չունի հնարավորություն ինքնուրույն ձեռք բերելու ապացույցները։ Միջնորդությունը պետք է պարունակի կոնկրետ տեղեկություն հայցվող ապացույցի, ապացուցման ենթակա փաստի, իսկ հայտնի լինելու դեպքում` նաև ապացույցի գտնվելու վայրի վերաբերյալ: Միջնորդությունը ոչ հստակ լինելու դեպքում դատարանը, ելնելով գործի քննության արդյունավետությունից, կարող է պահանջել միջնորդություն ներկայացրած կողմին հստակեցնել այն (տե′ս Հենրիկ Երիցյանն ընդդեմ Մերուժան Ղզրոյանի և մյուսների թիվ ՇԴ3/0325/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավադրույթների և դրանց մեկնաբանմանն ուղղված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով պարտապանի մոտ այլ գույքի առկայության փաստն ապացուցելու պարտականության բաշխման խնդրին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ պարտատերն ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնելու իր իրավունքը կարող է իրացնել միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում, հետևաբար և պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտատերը: Միաժամանակ այն դեպքում, երբ պարտապանն առարկում է նշված փաստի դեմ, վերջինս է կրում այլ գույքի առկայությունն ապացուցելու պարտականությունը, հետևաբար նաև այդ փաստի վիճելի լինելու դեպքում՝ դրանից բխող բացասական հետևանքները: Ընդ որում, նման դեպքերում դատարանները պարտավոր են ապացուցման գործընթացը կազմակերպել և ապացուցման բեռը բաշխել` հավասարակշռելով կողմերի շահերը և ապացուցման գործընթացին մասնակցելու իրական հնարավորությունները:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ հայցվորի կողմից Դատարան չի ներկայացվել ապացույց՝ պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության մասին:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով հայցվորն ալիմենտային պարտավորությունների գծով ծագած պարտքի գումարի բռնագանձումն ապահովելու նպատակով դիմելով դատարան` պահանջել է Վանաձոր քաղաքի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59/20 հասցեի բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ: Հայցվորի կողմից դատարան է ներկայացվել սեփականության իրավունքի գրանցման 02.04.2004 թվականի թիվ 1739434 վկայականը, համաձայն որի՝ Վանաձոր քաղաքի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59/20 հասցեի բնակարանը համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Հովհաննես Մանվելյանի, Հայկանուշ Գրիգորյանի և Կարեն Մանվելյանի անվամբ: Ներկայացվել է նաև «Մել և Միլ» գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի 04.11.2014 թվականի եզրակացությունը, համաձայն որի՝ Վանաձոր քաղաքի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59 շենքի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքն առանց էականորեն վնաս պատճառելու հնարավոր չէ բաժանել և Կարեն Մանվելյանին պատկանող մասն առանձնացնել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հերմինե Խանզատյանը, իրացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով իրեն վերապահված իրավունքը, ձեռնարկել է հնարավոր բոլոր իրական և ողջամիտ միջոցները պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության փաստն ապացուցելու ուղղությամբ: Այսպես, սույն գործի փաստերից հետևում է, որ Հերմինե Խանզատյանի ներկայացուցիչը գործի քննության ընթացքում միջնորդել է Դատարանին Ծառայության Լոռու մարզային բաժնից պահանջել ապացույց Կարեն Մանվելյանին պատկանող այլ գույքի և դրամական միջոցների առկայության մասին՝ պատճառաբանելով, որ հայցվոր կողմը հնարավորություն չունի ինքնուրույն ձեռք բերել պահանջվող ապացույցը, քանի որ Ծառայությանը հասցեագրված իրենց գրությունները մնացել են անպատասխան: Դատարանը բավարարել է վերոգրյալ միջնորդությունը և Ծառայության Լոռու մարզային բաժնի պետից պահանջել է տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե հարկադիր կատարման գործողությունների ընթացքում հայտնաբերվել է արդյոք Վանաձոր քաղաքի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59/20 հասցեի բնակարանից բացի Կարեն Մանվելյանին պատկանող այլ գույք, ներառյալ ֆինանսական միջոցներ, որի միջոցով վերջինս կկարողանա կատարել Հերմինե Խանզատյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները: Մինչդեռ Ծառայության Լոռու մարզային բաժնի պետի կողմից կազմված գրությունով Ծառայությունը Կարեն Մանվելյանին պատկանող այլ գույքի առկայության կամ բացակայության մասին որևէ տեղեկություն չի ներկայացրել Դատարան՝ հայտնելով միայն, որ շարունակվում են համապատասխան կատարողական գործողությունները նրա գույքի և դրամական միջոցների հայտնաբերման ուղղությամբ: Այսինքն` Դատարանի` 21.08.2014 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ բարձրացված հարցադրմանն ըստ էության պատասխան չի տրվել:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության նշված գրությամբ Կարեն Մանվելյանին պատկանող այլ գույքի առկայության կամ բացակայության մասին ըստ էության որևէ տեղեկություն չներկայացվելու պայմաններում Դատարանը չէր կարող հաստատված համարել Կարեն Մանվելյանին պատկանող այլ գույքի անբավարարության փաստը հայցվորի կողմից ապացուցված չլինելու հանգամանքը և դրանից բխող բացասական հետևանքները կիրառել վերջինիս նկատմամբ նամանավանդ այն պարագայում, երբ 21.08.2014 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ արձանագրել էր, որ հայցվորի ներկայացուցիչը հնարավորություն չունի ինքնուրույն ձեռք բերել միջնորդությամբ պահանջվող ապացույցը: Ավելին, սույն գործով պատասխանող Կարեն Մանվելյանի ներկայացուցիչը, գործի քննության ընթացքում առարկելով ներկայացված հայցի դեմ, չի ներկայացրել առարկություն այն հիմքով, որ Վանաձոր քաղաքի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59/20 հասցեի բնակարանից բացի Կարեն Մանվելյանին սեփականության իրավունքով պատկանում է այլ գույք, որը բավարար է նրա՝ Հերմինե Խանզատյանի նկատմամբ առկա պարտավորությունների բավարարման համար: Այնինչ վերը շարադրված հանգամանքները պատշաճ գնահատման չեն արժանացել ստորադաս դատարանների կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել լրիվ և բազմակողմանի քննություն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու ուղղությամբ, հետևաբար սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը՝ Վանաձոր քաղաքի Տարոն թիվ 4, Սեբաստիա թիվ 59/20 հասցեի բնակարանից բացի Կարեն Մանվելյանին պատկանող այլ գույքի առկայությունը կամ բացակայությունը, պարզելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

    Ս. Անտոնյան
    Մ. Դրմեյան
    Գ. Հակոբյան
    Ռ. Հակոբյան
    Ե. Սողոմոնյան
    Ն. Տավարացյան