Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-353
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.09.1998-01.01.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/17-18
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.08.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.08.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման ու անցկացման միասնական կարգ սահմանելու, այս գործում չարաշահումներն ու կամայականությունները կանխելու, տնտեսավարող սուբյեկտների, բոլոր տեսակի սեփականատերերի իրավունքները պաշտպանելու, պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման նկատմամբ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ինչպես նաև պետական կամ պետական բաժնեմաս ունեցող օբյեկտների ղեկավարության պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով, որոշում եմ.

1. Հաստատել ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կցվում է):

2. Լուծարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների վերստուգիչ-վերահսկիչ վարչությունները և բաժինները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության:

3. Լուծարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ունեցվածքի պահպանության վարչությունը և նրա տեղական ստորաբաժանումները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

Մշակել և գործունեության մեջ դնել համալիր միջոցառումներ` պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման նկատմամբ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարների, պետական կամ պետական բաժնեմաս ունեցող օբյեկտների տնօրենների պատասխանատվության հետագա բարձրացման ուղղությամբ.

կանոնակարգել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության գործունեությունը` այն նպատակաուղղելով բացառապես երթևեկության անվտանգության կանոնների պահպանությանը, վերացնելով տարբեր գերատեսչությունների կողմից հանրապետության ավտոճանապարհներին անհարկի տեղակայված արգելափակոցները:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում սահմանված կարգով ստուգումներ անցկացնելիս ղեկավարվել սույն հրամանագրով` ստուգումների կազմակերպման և անցկացման մասին գերատեսչական ակտերը համապատասխանեցնելով սույն հրամանագրի պահանջներին:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատին` ստուգումներ կատարելիս հաշվի առնել սույն հրամանագրի պահանջները:

7. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
1 օգոստոսի 1994 թ.
ՆՀ-353

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ նախագահի
1994 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ՆՀ-353 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման ու անցկացման կանոնակարգը (այսուհետև` կանոնակարգ) կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների (այսուհետև` ստուգվող օբյեկտներ) գործունեության ստուգումների կազմակերպման ու անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն Կանոնակարգին համապատասխան ստուգումներ իրականացնող պետական մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն Կանոնակարգով:

3. Արգելվում է ստուգումների ընթացքում ստուգվող օբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեության միջամտությունը:

 

II. ՍՏՈՒԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

 4. Հայաստանի Հանրապետության տարածքում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են`

ա) Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր վերահսկողական ծառայությունը.

բ) Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարություն.

գ) Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության մարմինները.

զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.

է) Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը.

ը) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը.

թ) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը.

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ատոմային հսկողության վարչությունը.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը.

ժգ) Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության մարմինները.

ժդ) Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայությունը.

ժե) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը.

ժզ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը` պետական պատվերի մասով:

(4-րդ կետը լրաց., փոփ. 18.05.95 ՆՀ-443, լրաց. 25.08.98 ՆՀ-107)

5. Սույն Կանոնակարգի 4-րդ կետում նշված պետական մարմինները ստուգումներն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ օրենսդրական ակտերով, իրենց վերապահված իրավասության շրջանակներում:

Նշված մարմիններից բացի այլ պետական մարմիններ ստուգումներ կատարելու իրավասություն չունեն` բացառությամբ այն դեպքերի, երբ նման իրավասություն նրանց տրված է Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով:

6. Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր վերահսկողական ծառայությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի և կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ու կարգադրությունների ժամանակին և ճշգրիտ կատարումը:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր վերահսկողական ծառայությունը, վերը նշված ոլորտից դուրս, առանձին ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումներ կարող է կատարել միայն Հայաստանի Հանրապետության նախագահի, փոխնախագահի կամ վարչապետի հանձնարարությամբ:

 

III. ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Ստուգումը սկսելուց առաջ համապատասխան պետական մարմինը (պաշտոնատար անձը) ստուգվող օբյեկտի ղեկավարին ներկայացնում է ստուգում իրականացնելու մասին հրամանը (որոշումը), որի մեջ նշվում են` ստուգման նպատակը, ժամկետը, ստուգումն անմիջականորեն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), ստուգման իրավական հիմքերը:

Նշված հրամանի (որոշման) պատճենի մեկ օրինակը տրվում է ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, իսկ երկրորդ օրինակը ստորագրվում է ստուգվող օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից և հանձնվում ստուգող պետական մարմնին:

8. Ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 օր:

9. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի հրամանի (որոշման) մեջ նշված ժամկետին: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ այն կարող է երկարացնել միայն համապատասխան ստուգող նախարարության, պետական վարչության և գերատեսչության ղեկավարը` այդ մասին տեղեկացնելով ստուգվող օբյեկտի ղեկավարին:

10. Ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանի (որոշման) մեջ նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի:

Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքերում ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ ստուգման նպատակները և շրջանակները կարող են փոփոխվել համապատասխան պետական մարմնի կողմից:

11. Եթե ստուգման ընթացքում ծագում են այնպիսի հարցեր, որոնք դուրս են գալիս ստուգումն իրականացնող պետական մարմնի իրավասության շրջանակներից, ապա համապատասխան իրավասու պետական մարմնին այդ մասին տեղեկացվում է:

12. Ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ ստուգվող օբյեկտներում կարող են իրականացվել տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ: Կրկնական ստուգումներ կարող են իրականացվել հետևյալ դեպքերում`

ա) օբյեկտի լուծարման դեպքում.

բ) օբյեկտի ղեկավարի խնդրանքով.

գ) պետական կամ պետական բաժնեմաս ունեցող օբյեկտի պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ կամ խնդրանքով.

դ) ստուգումն իրականացնող պետական մարմնի ղեկավարի թույլտվությամբ.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:

13. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կողմից ստուգվող օբյեկտներում ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(13-րդ կետը լրաց. 13.03.95 ՆՀ-422)

14. Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ, որում արձանագրվում են` ակտը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և ստուգվող օբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ստուգվող օբյեկտի ներկայացուցիչների բացատրությունները (հատուկ կարծիքը), ակտի օրինակների քանակը և ակտի հերթական համարը: Կազմված ակտը ստորագրում է ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում, այդ մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում:

Ակտը ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք: Տարաձայնություններ առաջանալու դեպքում ստուգող պաշտոնատար անձանց կարծիքները արձանագրվում են ակտում:

Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող օբյեկտին: Եթե վերջինս պետական կամ պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկություն է, ապա ակտի պատճենի մեկ օրինակը ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմնին:

 

IV. ՍՏՈՒԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 15. Ստուգումն իրականացնող անձինք իրավունք ունեն`

ա) իրենց լիազորություններն իրականացնելիս ստուգվող օբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող օբյեկտ և դրա ցանկացած արտադրական, պահեստային և այլ շինություններ, եթե չեն խախտվել սույն Կանոնակարգի 7-10-րդ կետերի պահանջները.

բ) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

գ) անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով, ստուգումներին ներգրավել ստուգվող օբյեկտի մասնագետներին.

դ) պահանջել սահմանված ժամկետում վերացնելու բացահայտված թերություններն ու խախտումները.

ե) վերցնել փաստաթղթեր, իրենց փորձանմուշները և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել ներգործության համապատասխան միջոցներ.

է) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

16. Ստուգումն իրականացնող անձինք պարտավոր են`

ա) պահպանել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը.

բ) չհրապարակել ստուգվող օբյեկտի մասին ցանկացած, այդ թվում նաև առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

գ) պահպանել ստուգվող օբյեկտի օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը.

դ) չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքին.

ե) ծանոթացնել ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց իրենց իրավունքներին ու պարտականություններին:

17. Փաստաթղթեր և իրեր ժամանակավորապես վերցնելու կամ առգրավելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող ղեկավարին: Ստուգումն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած կամ առգրաված փաստաթղթերի, իրերի պահպանության համար:

18. Արգելվում է ստուգման ընթացքում կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր և այլն: Վերջիններիս ամենօրյա հաշվառման և շահագործման նպատակով ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով` ստուգվող օբյեկտի և ստուգումն իրականացնող անձանց մասնակցությամբ:

 

V. ՍՏՈՒԳՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 19. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) արգելել ստուգումն իրականացնող անձանց մուտքը ստուգվող օբյեկտ, եթե վերջիններիս կողմից խախտվել են սույն Կանոնակարգի 7-10-րդ կետերի պահանջները.

բ) ծանոթանալ ստուգումների ակտերի հետ.

գ) ներկայացնել բացատրություններ, հարուցել միջնորդություններ, սահմանված կարգով գանգատարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները.

դ) պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

ե) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից չբխող պահանջները.

զ) ստուգվող օբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգումներին մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, աուդիտային ծառայության ներկայացուցիչների, փաստաբանների:

20. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները և ցուցումները.

բ) ներկայացնել պահանջվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ.

գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.

դ) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերությունները և խախտումները:

 

VI. ՍՏՈՒԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

 21. Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն պետական մարմնին, որին անմիջապես ենթարկվում է ստուգող անձը (անձինք):

Գանգատները քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30-օրյա ժամկետում:

Նշված ժամկետում գանգատի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում գանգատում բերված պատճառաբանությունները համարվում են ընդունված:

Ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը իրավունք ունի այն գանգատարկելու պետական կառավարման վերադաս մարմնին կամ դիմել դատարան:

22. Ստուգվող օբյեկտին պատճառված վնասները, այդ թվում և բաց թողնված օգուտները, ենթակա են հատուցման ստուգումն իրականացնող պետական մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(կանոնակարգը լրաց. 13.03.95 ՆՀ-422, լրաց., փոփ. 18.05.95 ՆՀ-443, լրաց. 25.08.98 ՆՀ-107)