Գլխավոր տեղեկություն
Համար
N 711-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.20/55(1235) Հոդ.690
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2016 թվականի N 711-Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՒ ԲՐԵՆԴԻԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ, ՍՊԻՐՏԱՀՈՒՄՔԻ, ՍՊԻՐՏԱՋՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏ ՋՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ ՈՒ ԹՈՐՎԱԾՔԱՀՈՒՄՔԻ ԹՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ, 32-րդ և 40-րդ հոդվածների 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 7

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 7-ի N 711-Ն որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՒ ԲՐԵՆԴԻԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ, ՍՊԻՐՏԱՀՈՒՄՔԻ, ՍՊԻՐՏԱՋՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏ ՋՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ ՈՒ ԹՈՐՎԱԾՔԱՀՈՒՄՔԻ ԹՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Հայկական կոնյակն ու բրենդիի գինենյութը, սպիրտահումքը, սպիրտաջուրը, բուրավետ ջուրը և խաղողի օղու գինենյութն ու թորվածքահումքը թորվում են այդ նպատակով նախատեսված պարբերական կամ անընդհատ գործողության թորման սարքերով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 678-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով:

 

III. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՒ ԲՐԵՆԴԻԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ, ՍՊԻՐՏԱՀՈՒՄՔԻ, ՍՊԻՐՏԱՋՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏ ՋՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ ՈՒ ԹՈՐՎԱԾՔԱՀՈՒՄՔԻ ԹՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Պարբերական գործողության «Շարանտական» տեսակի թորման սարքը պարունակում է հետևյալ պարտադիր բաղկացուցիչ մասերը` թորման կաթսա, դեֆլեգմատոր, սառնարան, ինչպես նաև թորման կաթսան, դեֆլեգմատորն ու սառնարանն իրար միացնող խողովակներ:

4. Միապատիկ գործողության «Զոհրաբյան» տեսակի թորման սարքը պարունակում է հետևյալ պարտադիր բաղկացուցիչ մասերը` թորման կաթսա, հարստացնող աշտարակ, դեֆլեգմատոր, սառնարան, ինչպես նաև թորման կաթսան, դեֆլեգմատորն ու սառնարանն իրար միացնող, սարքի սպասարկման ու թորման գործընթացն ապահովող խողովակներ: Հարստացնող աշտարակը պարունակում է հարստացնող ափսեներ:

5. Պարբերական գործողության «Շարանտական» տեսակի առաջին փուլով թորման համար նախատեսված սարքի թորման կաթսայի առավելագույն ծավալը կազմում է 1100, իսկ երկրորդ փուլով թորման համար նախատեսված սարքի թորման կաթսայի առավելագույն ծավալը` 500 դեկալիտր:

6. Միապատիկ գործողության «Զոհրաբյան» տեսակի թորման սարքի թորման կաթսայի առավելագույն ծավալը կազմում է 600, իսկ թորվող հումքի առավելագույն քանակությունն այդ կաթսայում` 500 դեկալիտր:

7. Միապատիկ գործողության «Զոհրաբյան» տեսակի թորման սարքի հարստացնող աշտարակի ափսեների թիվը չի գերազանցում հինգը:

8. Անընդհատ գործողության թորման սարքը պարունակում է հետևյալ պարտադիր բաղկացուցիչ մասերը` աղքատացնող և հարստացնող մասերից բաղկացած թորման աշտարակ, հումքի նախնական դեֆլեգմատոր-տաքացուցիչ-խտացուցիչ (կոնդենսատոր), գազանջատիչ (սեպարատոր), խտացուցիչ, սպիրտային գոլորշիների որսիչ, սառնարան, ինչպես նաև այդ մասերն իրար միացնող, թորման գործընթացն ու սարքի սպասարկումն ապահովող խողովակներ: Աղքատացնող և հարստացնող աշտարակները պարունակում են աղքատացնող և հարստացնող ափսեներ:

9. Անընդհատ գործողության թորման սարքի դեֆլեգմատորը, աղքատացնող և հարստացնող աշտարակները սնամեջ տարաներ և (կամ) գլաններ են, որոնք նախատեսված են թորվող հումքի գոլորշիների մասնակի խտացման (ֆլեգմայի առաջացման), առաջացած ֆլեգման թորման կաթսա և (կամ) ափսեներ մասնակիորեն վերադարձնելու համար:

10. Անընդհատ գործողության թորման սարքի ափսեն պղնձյա և (կամ) իներտ նյութից պատրաստված միջնապատ է: Այն նախատեսված է թորվող հումքի և դրա գոլորշիների` իրար նկատմամբ հանդիպակաց շարժումն ապահովելու համար: Ափսեն լինում է միջանցիկ անցքերով և պարունակում է փոխլցնող խողովակներ:

11. Անընդհատ գործողության թորման սարքի ափսեի վրայի կտրվածքների մակերեսների գումարը կազմում է աշտարակի հորիզոնական կտրվածքի մակերեսի 10-15 տոկոսը:

12. Անընդհատ գործողության թորման սարքի աղքատացնող աշտարակի ափսեների թիվը չպետք է պակաս լինի 16-ից, իսկ հարստացնող աշտարակի ափսեների թիվը չպետք է գերազանցի 7-ը:

13. Պարբերական գործողության թորման սարքերի թորման կաթսան, դեֆլեգմատորը, հարստացնող աշտարակը, դրանց ափսեները և թորման կաթսան, դեֆլեգմատորը, հարստացնող աշտարակն ու սառնարանն իրար միացնող խողովակները, իսկ անընդհատ գործողության թորման սարքերի դեֆլեգմատորն ու սառնարանի օձագալարը պետք է պատրաստված լինեն պղնձից:

14. Թորման սարքերի բոլոր այն բաղկացուցիչ մասերը, որոնք անմիջականորեն շփման մեջ են գտնվում թորվածքի գոլորշիների և (կամ) թորվածքների հետ, պետք է պատրաստված լինեն միայն սննդային պղնձից, որում պղնձի պարունակությունը պետք է կազմի նվազագույնը 99,5 տոկոս:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան