ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2016 թվականի N 847-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) կացարանի վարձակալության պայմանագրի կնքման առանձնահատկությունները` համաձայն N 6 հավելվածի:».
2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման համաձայն բնակարաններում տեղավորված անձինք (ընտանիքները) շարունակում են անհատույց օգտագործման իրավունքով բնակվել այդ կացարաններում` սույն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով սահմանված կարգով` 42-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1452-Ն որոշման 4-րդ կետի համաձայն ընտրված կազմակերպության կազմած դրական եզրակացության հիման վրա:».
3) որոշման N 2 հավելվածի 44-րդ կետում «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 6 հավելվածով» բառերով.
4) որոշումը լրացնել նոր` N 6 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. օգոստոսի 22
Երևան
Հավելված |
«Հավելված N 6 |
Ա Ռ Ա Ն Ձ Ն Ա Հ Ա Տ Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԿԱՑԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ
1. Կացարանն զբաղեցրած անձի կամ ընտանիքի (այսուհետ` բնակիչ) և «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև բնակչի զբաղեցրած կացարանի վարձակալության պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա կամ N 2 հավելվածի 42-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:
2. Պայմանագիրը բնակչի հետ կնքվում է կազմակերպության առաջարկության (այսուհետ` առաջարկություն) հիման վրա` կամավորության սկզբունքով` բնակչի համաձայնությամբ:
3. Կազմակերպությունը բնակչին առաջարկությունը ներկայացնում է սույն հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 45 օր առաջ:
4. Կազմակերպությունն առաջարկությունը և պայմանագրի տեքստը ներկայացնում է պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջն ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից՝ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
5. Պայմանագիրը կնքվում է, եթե բնակիչն այն կնքելու մասին գրավոր համաձայնությունը ներկայացնում է կազմակերպություն` կազմակերպության առաջարկությունն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
6. Բնակիչը սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում կարող է կազմակերպություն ներկայացնել իր առարկությունները կամ անհամաձայնությունը պայմանագրի դրույթների վերաբերյալ, որոնք ընդունվում կամ լուծվում են կազմակերպության լիազոր ներկայացուցչի և բնակչի բանակցությունների միջոցով:
7. Պայմանագրում, ի թիվս այլ տեղեկությունների, նախատեսել նաև՝
1) կողմերի վավերապայմանները, այդ թվում՝ կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, կազմակերպության անունից պայմանագիրը կնքող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
2) բնակչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, կացարանի հասցեն.
3) պայմանագրի համաձայն վարձակալության ժամկետը, վարձավճարի չափը, վճարման կարգը (այդ թվում` կացարանի վերանորոգումը կամ այլ աշխատանքներ).
4) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
5) այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք վերաբերում են վարձակալության առանձնահատկություններին` վարձավճարի չափի արտոնությանը.
6) պայմանագիրը փոփոխելու և լուծելու հիմքերը.
7) որ պայմանագրից բխող՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարումներն իրականացվում են վարձակալի միջոցների հաշվին.
8) որ պայմանագրի ժամկետը, պայմանագրով սահմանված վարձակալության վարձավճարի չափը և վճարման կարգը՝
ա. վերանայվում են յուրաքանչյուր հաջորդ տարի` պայմանագրի կնքման օրը.
բ. փոխվելու դեպքում` պայմանագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են կողմերի համաձայնությամբ` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով:
8. Պայմանագրով վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգով:
9. Պայմանագրով վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի չափի արտոնությունները սահմանվում են ստորև թվարկված դեպքերում` համապատասխան չափով`
1) պայմանագրի կամ լրացուցիչ համաձայնագրի կնքման ամսվա դրությամբ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքին` սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի 50 տոկոսի չափով.
2) պայմանագրի կամ լրացուցիչ համաձայնագրի կնքման ամսվա դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող, սակայն ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող ընտանիքներին` սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի 25 տոկոսի չափով:
10. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված համաձայնության բացակայության դեպքում կացարանն ազատվում է նախկինում կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հաջորդ օրը:
11. Կազմակերպությունը`
1) վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպության տնօրինմանն անցած միջոցներն ուղղում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը.
2) գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ հաշվետվություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևին համապատասխան:
12. Սույն հավելվածի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով կացարանում տեղավորված՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքների) վրա:»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|