Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-270
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.08.2000-18.12.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/24
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
21.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու, դրա արդյունավետությունը բարձրացնելու, նշված բնագավառում գործադիր իշխանության մարմինների ու կազմակերպությունների ջանքերն ու հնարավորությունները առավելագույնս օգտագործելու, այդ աշխատանքները համակարգելու, ինչպես նաև թմրամոլության դեմ մղվող պայքարում հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, որոշում եմ.

1. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ծրագրերի մշակման ու իրականացման գործում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքների համադրման կազմակերպական ապահովման նպատակով ստեղծել Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի ղեկավարությամբ` հանձնաժողովի կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության, արդարադատության, առողջապահության, պետական եկամուտների, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների տեղակալներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալին, Երևանի քաղաքապետի տեղակալին, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետների տեղակալներին:

Հանձնարարել հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

(1-ին կետը փոփ. 27.11.95 ՆՀ-523, խմբ. 25.06.96 ՆՀ-604, փոփ. 23.06.97 ՆՀ-758, խմբ., փոփ. 21.10.98 ՆՀ-140, խմբ. 08.08.00 ՆՀ-639)

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության, պետական եկամուտների, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություններին` ելնելով իրենց աշխատանքների ֆունկցիոնալ ուղղվածությունից և մեծապես կարևորելով թմրաբիզնեսի և թմրամոլության հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, մեկամսյա ժամկետում մշակել այդ երևույթների դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների գերատեսչական ծրագրեր և ներկայացնել սույն հրամանագրով ստեղծված պետական միջգերատեսչական հանձնաժողովին` հանրապետական համալիր ծրագիր կազմելու, պայքարի պրոֆիլակտիկ, բուժական և վերականգնողական փուլերում շահագրգիռ բոլոր մարմինների ջանքերը համակարգելու, հակաթմրամոլային պրոպագանդա իրականացնելու և այդ բնագավառում հասարակական կարծիք ձևավորելու նկատառումներով:

(2-րդ կետը փոփ. 08.08.00 ՆՀ-639)

3. (կետը հանվել է 08.08.00 ՆՀ-639)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ղեկավարվելով ՄԱԿ-ին առընթեր թմրադեղերի վերահսկման միջազգային կոմիտեի դրույթներով` մշակել թմրադեղերի, հոգեներգործուն, ուժեղ ազդող և թունավոր դեղերի արտադրության, ներմուծման, արտահանման, պահպանման, հաշվառման և օգտագործման կարգ.

հանրապետությունում արտադրվող և հանրապետություն ներմուծվող դեղամիջոցների հսկողությունը ուժեղացնելու նպատակով նախարարության կազմում ստեղծել անհրաժեշտ կառույցներ.

ներքին գործերի նախարարության, հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնել դեղամիջոցների առևտրի համակարգը կանոնավորելու, թմրանյութեր պարունակող դեղամիջոցների վաճառքի նկատմամբ խստագույն հսկողություն սահմանելու ուղղությամբ.

խստորեն վերահսկել առողջապահության հիմնարկների բուժծառայությունների կողմից թմրամիջոցների պահպանության և օգտագործման կարգը.

ստեղծել թմրամոլության գաղտնի երաշխավորված բուժման համակարգ` հանրապետության խոշոր քաղաքներում և բնակավայրերում ձևավորելով համապատասխան ծառայություններ.

ներքին գործեր նախարարության հետ համատեղ առաջարկություններ ներկայացնել թմրամոլության դեմ հարկադրական բուժման համակարգ ստեղծելու մասին:

(4-րդ կետը փոփ. 08.08.00 ՆՀ-639)

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության նախարարության, շահագրգիռ մյուս մարմինների ու կազմակերպությունների հետ համատեղ, երկամսյա ժամկետում, առաջարկություններ ներկայացնել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 08.08.00 ՆՀ-639)

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` արդարադատության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարում միջպետական իրավական դաշտ ստեղծելու նպատակով համապատասխան պայմանագրեր ու համաձայնագրեր կնքելու վերաբերյալ:

(6-րդ կետը փոփ. 08.08.00 ՆՀ-639)

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` ուժեղացնել հսկողությունը թմրամոլությամբ հիվանդների հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության մասին գործող օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու նկատմամբ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

 քննության առնել սույն հրամանագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ու նյութատեխնիկական հնարավորություններ ստեղծելու, նպատակային կարգով անհրաժեշտ հատկացումներ կատարելու հարցերը.

քննության առնել ուսանողների արտալսարանային ստեղծագործական զբաղվածության համար պայմաններ ստեղծելու հարցը` մշակել և իրականացնել հատուկ ծրագիր հանրակացարանաբնակ ուսանողության առողջ ապրելակերպի կազմակերպման համակարգի վերաբերյալ.

միջոցներ ձեռնարկել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի բնագավառում հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով.

տասնօրյա ժամկետում հաստատել թմրանյութերի և հոգեկան խիստ ներգործող նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանրապետական համակարգիչ խորհրդի կազմը և սահմանել նրա գործունեության կարգը.

եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդին ինֆորմացիա ներկայացնել սույն հրամանագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

(8-րդ կետը փոփ. 08.08.00 ՆՀ-639)

9. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 21 դեկտեմբերի 1993 թ.
ՆՀ-270