Գլխավոր տեղեկություն
Համար
N 661-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.08.23/15(971)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2016 թվականի N 661-Ա

 

ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների կառավարման միասնական համակարգի ստեղծման նպատակով`

1. Ստեղծել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել`

1) ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 25

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 25-ի N 661-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 25-ի N 661-Ա
որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

2. Հանձնաժողովի գործունեության նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականությանը, ռազմավարական ծրագրերին ու միջոցառումներին և բնագավառին վերաբերող այլ հարցերի քննարկումը.

2) գերակա խնդիրների վերհանումը.

3) ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում բոլոր շահագրգիռ մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներգրավվածության ապահովումը:

3. Հանձնաժողովն իր գործունեության նպատակներին համապատասխան`

1) կազմակերպում է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերին վերաբերող խորհրդաժողովներ, հանդիպումներ.

2) աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացմանը.

3) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ և լրացումներ է կատարում դրանցում:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստում որոշվում է հաջորդ հերթական նիստի օրը:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել գիտական, կրթական, միջազգային (այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի) և հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ` իրենց համաձայնությամբ:

9. Հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան ոլորտի մասնագետների, տալ նրանց հանձնարարականներ: Աշխատանքային խումբը կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում հանձնաժողովին:

 

IV. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 15 օր առաջ հարց ներկայացնել:

11. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

12. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

13. Հանձնաժողովի գործունեության կազմակերպատեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, այն է՝

1) հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.

3) հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում:

 

V. ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը:

15. Նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

16. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:

17. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստի արձանագրությունը հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո թղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է հանձնաժողովի անդամներին:

18. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն ու նիստերի արձանագրությունները.

3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.

4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը:

21. Հանձնաժողովի անդամները`

1) իրավունք ունեն՝

ա. ներկայացնելու հարցեր` հանձնաժողովի օրակարգում ընդգրկելու համար,

բ. հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնելու բանավոր կամ գրավոր առաջարկություն,

գ. մասնակցելու որոշումների ընդունման համար քվեարկությանը,

դ. ներկայացնելու հանձնաժողովի որոշումների վերաբերյալ գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մասը: Դրա մասին արձանագրության մեջ կատարվում է գրառում.

2) պարտավոր են`

ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,

բ. կատարել հանձնաժողովի որոշումները և հանձնաժողովի ու նրա նախագահի հանձնարարականները:

22. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

2) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը.

3) հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա ապահովում է արձանագրությունների լրամշակման գործընթացը:

 

VII. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան