Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2017-06.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.196
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616229

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.

ք. Երևան

N 35-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ընդունել`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) տարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի,

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 35-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:

2. Հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով` օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա: Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և նրա գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք), այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ և անհատական իրավական ակտեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման հանրապետության ողջ տարածքում:

5. Հանձնաժողովի անունից պաշտոնական տեղեկատվություն, մամուլի հաղորդագրություն տալիս են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը կամ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` Հանձնաժողովի անդամը:

6. Հանձնաժողովի կրճատ անվանումն է` ՀՀ ԿԸՀ:

7. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, Հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:

8. Հանձնաժողովի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան-0009, Գ. Քոչարի 21ա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

Հանձնաժողովի կազմավորումը և աշխատանքների կազմակերպումը

 

9. Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Հանձնաժողովի նախագահը և անդամները ընտրվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Հանձնաժողովի նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Հանձնաժողովի անդամներին:

Հանձնաժողովի անդամը կարող է յուրաքանչյուր պաշտոնի համար առաջարկել միայն մեկ թեկնածու:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ:

Եթե Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:

11. Վիճակահանությունը կազմակերպելու և ընտրված թեկնածուին որոշելու համար, առավել կողմ ձայներ ստացած թեկնածուների թվին համապատասխան, պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից մեկի վրա նշվում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվում վիճակահանության արկղի մեջ: Թեկնածուներն ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:

Ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը:

12. Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները` պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու կամ պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում` եռօրյա ժամկետում, հրավիրվում է Հանձնաժողովի նիստ` Հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանձնաժողովի քարտուղար ընտրելու համար: Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

13. Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները, որպես Հանձնաժողովի անդամի, վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի նոր անդամի նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, Օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

14. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի և Հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականությունները

 

15. Հանձնաժողովի նախագահը`

1) ներկայացնում է Հանձնաժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը.

2) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական որոշումներ և կարգադրություններ.

4) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.

5) վարում է Հանձնաժողովի նիստերը.

6) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

7) անցկացնում է խորհրդակցություններ.

8) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

9) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքը.

10) տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին.

11) հաստատում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների անցկացման ժամանակացույցը.

12) ընդունում է պատվիրակություններ և հյուրեր, կազմում պատվիրակություններ.

13) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` Աշխատակազմ) կառուցվածքը.

14) նշանակում և ազատում է Աշխատակազմի ղեկավարին, Աշխատակազմի ղեկավարի տեղակալին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի քաղաքացիական ծառայողներին, Հանձնաժողովի նախագահի օգնականին, Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, խորհրդականին.

15) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

16) հաստատում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերը, նշանակում այդ հանձնաժողովների նախագահներին և քարտուղարներին.

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

16. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.

2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

3) կազմակերպում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը.

4) ապահովում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների առաքումը տեղամասային ընտրական հանձնաժողովի այդ անդամին նշանակած կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին):

17. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.

2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.

3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին.

4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը.

5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.

6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների առաքումն ըստ պատկանելիության.

8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և Օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:

19. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:

20. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում Հանձնաժողովի նախագահի կողմից նրա լիազորությունները կարող են դրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

21. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.

3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն.

4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.

5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում.

6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.

7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.

8) Աշխատակազմից ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն:

22. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները.

2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.

3) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.

4) ուսումնասիրել իրեն հասցեագրված դիմումը և դիմումի վերաբերյալ ներկայացնել որոշման նախագիծ.

5) իր կողմից կազմված որոշման նախագիծը, առկայության դեպքում նաև` Աշխատակազմի իրավաբանական վարչության եզրակացությունը ներկայացնել Հանձնաժողովի նախագահին և անդամներին` Հանձնաժողովի նիստից առնվազն 2 ժամ առաջ: Որոշման նախագծի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված լրացուցիչ նյութերը կարող են ներկայացվել նաև Հանձնաժողովի նիստում.

6) իր կողմից նիստի օրակարգում լրացուցիչ հարց ներկայացնելու դեպքում` մինչև օրակարգի հաստատումը, որոշման նախագիծը տրամադրել Հանձնաժողովի նախագահին և անդամներին.

7) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

Հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը

 

23. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:

24. Արտահերթ նիստ հրավիրվում է`

1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.

2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում:

25. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:

26. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի վարչական շենքում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:

27. Նիստի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:

28. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

29. Նիստի օրակարգում, Հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող են ներկայացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը` ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում և Աշխատակազմի ղեկավարը` ֆինանսատնտեսական հարցերի վերաբերյալ:

30. Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից բացի կարող են հրավիրվել`

1) Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, Աշխատակազմի աշխատակիցները.

2) այլ անձինք:

31. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք, այցելուները վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական:

Նիստին ներկա գտնվող անձինք նիստի ընթացքում պարտավոր են պահպանել պատշաճ կարգ ու կանոն:

32. Նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:

33. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը Հանձնաժողովի անդամները ստանում են նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ:

34. Որոշման նախագծերը նիստի օրակարգ ընդգրկելուց առաջ ներկայացվում են Աշխատակազմի իրավաբանական վարչություն` եզրակացության: Որոշման նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ լինելու դեպքում Աշխատակազմի իրավաբանական վարչությունը նախագծին կցում է իր եզրակացությունը` հիմնավորումներով և առաջարկություններով:

35. Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տրվում է նիստի օրակարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը

 

36. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալը:

37. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու, ինչպես նաև օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն կամ առաջարկություն լինելու դեպքում անցկացվում է քվեարկություն:

38. Նիստը վարողը, ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով` փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:

39. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում.

2) հարցեր զեկուցողին.

3) առաջարկություններ.

4) ելույթներ` մինչև 5 րոպե, իսկ նիստը վարողը` մինչև 7 րոպե.

5) քվեարկություն:

40. Նիստը վարողը`

1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.

2) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.

3) ձայն է տալիս հրավիրված անձանց.

4) նախազգուշացնում է նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց Հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ սույն կանոնակարգը խախտելու, ինչպես նաև Հանձնաժողովի կամ նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում.

5) հեռացնում է վստահված անձին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչին, դիտորդին նիստերի դահլիճից Օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է Հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

41. Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նիստում կայացվող արձանագրային որոշմամբ:

Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին Հանձնաժողովի նիստից հեռացնելու արձանագրային որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:

42. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:

43. Նիստ վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:

Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:

44. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:

45. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստ վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը` ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:

46. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:

47. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:

Հանձնաժողովի անդամների 2/3-ի համաձայնությամբ Հանձնաժողովը կարող է ընդունել հարցումով որոշումներ, որոնք ստորագրում են կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամները:

48. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա Հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի:

49. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:

50. Նիստը համառոտ արձանագրվում է:

 

 

Հավելված N 2
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 35-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ԳԼՈՒԽ 1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) մշտական հիմունքներով գործող պետական մարմին է:

2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք), այլ օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:

5. Հանձնաժողովն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան կնիք, կարող է ունենալ ձևաթուղթ, իր գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

Հանձնաժողովի կազմավորումը և աշխատանքների կազմակերպումը

 

6. Հանձնաժողովը կազմավորվում է 6 տարի ժամկետով: Հանձնաժողովի անդամներին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև Հանձնաժողովի լիազորությունների ավարտը:

7. Հանձնաժողովների առաջին նիստերի օրը և ժամը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

8. Հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար:

Հանձնաժողովի առաջին նիստը մինչև Հանձնաժողովի նախագահի ընտրվելը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

9. Հանձնաժողովի նախագահը, Հանձնաժողովի նախագահի տեղակալը և Հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով:

10. Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները` պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու կամ պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում` եռօրյա ժամկետում, հրավիրվում է Հանձնաժողովի նիստ` Հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանձնաժողովի քարտուղար ընտրելու համար: Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

11. Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները, որպես Հանձնաժողովի անդամի, վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի նոր անդամի նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, Օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

12. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի և Հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականությունները

 

13. Հանձնաժողովի նախագահը`

1) ներկայացնում է Հանձնաժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը.

2) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

3) Օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական որոշումներ.

4) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.

5) վարում է Հանձնաժողովի նիստերը.

6) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

7) պահանջում է հրավիրել տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ.

8) անցկացնում է խորհրդակցություններ.

9) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

10) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքը.

11) արձանագրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման փաստը.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

14. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.

2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

3) ապահովում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը.

4) տեղեկություն է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Հանձնաժողովի որոշման մասին:

15. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

16. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.

2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.

3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին.

4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը.

5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.

6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների առաքումն ըստ պատկանելիության.

8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և Օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:

17. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի քարտուղարը իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:

18. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում Հանձնաժողովի նախագահի կողմից նրա լիազորությունները կարող են դրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

19. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.

3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն.

4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.

5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում.

6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.

7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.

8) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմից ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն:

20. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները.

2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.

3) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.

4) ուսումնասիրել իրեն հասցեագրված դիմումը և դիմումի վերաբերյալ ներկայացնել որոշման նախագիծ.

5) իր կողմից կազմված որոշման նախագիծը ներկայացնել Հանձնաժողովի նախագահին և անդամներին` Հանձնաժողովի նիստից առնվազն 2 ժամ առաջ: Որոշման նախագծի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված լրացուցիչ նյութերը կարող են ներկայացվել նաև Հանձնաժողովի նիստում.

6) իր կողմից նիստի օրակարգում լրացուցիչ հարց ներկայացնելու դեպքում` մինչև օրակարգի հաստատումը, որոշման նախագիծը տրամադրել Հանձնաժողովի նախագահին և անդամներին.

7) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

Հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը

 

21. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:

22. Արտահերթ նիստ հրավիրվում է`

1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.

2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում:

23. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:

24. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նստավայրում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:

25. Նիստերի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:

26. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

27. Նիստերին կարող են ներկա գտնվել`

1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.

2) միջազգային և տեղական դիտորդները, այցելուները.

3) Հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք.

4) Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների լիազոր ներկայացուցիչները, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն կամ նրանց լիազոր ներկայացուցիչը գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` յուրաքանչյուր թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` խորհրդակցական ձայնի իրավունքով.

5) դիմումատուն (բողոք ներկայացնողը)` իր դիմումի (բողոքի) քննարկման ժամանակ:

28. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, այցելուները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական:

29. Նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը

 

30. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալը:

31. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու, ինչպես նաև օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն կամ առաջարկություն լինելու դեպքում անցկացվում է քվեարկություն:

32. Նիստը վարողն ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:

33. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում.

2) հարցեր զեկուցողին.

3) առաջարկություններ.

4) ելույթներ` մինչև 5 րոպե, իսկ նիստ վարողը` մինչև 7 րոպե.

5) քվեարկություն:

34. Նիստը վարողը`

1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.

2) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.

3) ձայն է տալիս հրավիրված անձանց,

4) նախազգուշացնում է նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց Հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ սույն կանոնակարգը խախտելու, ինչպես նաև Հանձնաժողովի կամ նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում.

5) հեռացնում է վստահված անձին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչին, դիտորդին նիստերի դահլիճից Օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է Հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

35. Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նիստում կայացվող արձանագրային որոշմամբ:

Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին Հանձնաժողովի նիստից հեռացնելու արձանագրային որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:

36. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է Հանձնաժողովի քարտուղարը:

37. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:

38. Նիստը վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:

Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:

39. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:

40. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստ վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը` ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:

41. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:

42. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:

43. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի:

44. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստ վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:

45. Նիստը համառոտ արձանագրվում է:

 

 

Հավելված N 3
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 35-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրական տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները:

2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք), կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:

5. Հանձնաժողովի նիստերը գումարվում են տեղամասային կենտրոնում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

Հանձնաժողովի կազմավորումը և աշխատանքների կազմակերպումը

 

6. Հանձնաժողովը կազմավորվում, Հանձնաժողովի անդամները նշանակվում են Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը նշանակվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` Օրենսգրքով սահմանված կարգով:

Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:

7. Հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է Հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` 3-րդ օրը, ժամը 12.00-ին:

8. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված կարգով` 7-օրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

9. Եթե սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով Հանձնաժողովի անդամ չի նշանակվել, ապա Հանձնաժողովի անդամների թափուր տեղերը լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանցից: Այս դեպքում, եթե սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով Հանձնաժողովի նշանակվող անդամը պետք է զբաղեցներ Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը, ապա տարածքային հանձնաժողովի նախագահի նշանակած անդամն է նշանակվում այդ պաշտոնում:

10. Հանձնաժողովի անդամի և Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմումը դիմումատուն ներկայացնում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին և այդ մասին անհապաղ տեղեկացնում իրեն նշանակողին:

11. Դիմումը պետք է պարունակի դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, դիմում ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը:

12. Հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

13. Վերաքվեարկություն անցկացվելու դեպքում Հանձնաժողովի նախագահին, քարտուղարին և անդամներին լրացուցիչ վարձատրություն չի տրվում:

14. Հանձնաժողովի նախագահին, քարտուղարին կամ անդամին վարձատրություն չի տրվում, եթե նա չի ստորագրել քվեարկության արդյունքների արձանագրությունը, կամ եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:

15. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են ընտրության ավարտից հետո` համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքներն ամփոփելուց 7 օր հետո` բացառությամբ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքի:

16. Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում Հանձնաժողովի լիազորությունները դադարում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի քարտուղարի և Հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականությունները

 

17. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով.

4) ստորագրում է նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

5) ապահովում է Օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով նախատեսված պահանջների կատարումը, անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատում տեղամասային կենտրոնում.

6) լիազոր մարմնից ստանում է տեղամասային կենտրոնում փակցվող և Հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները (առկայության դեպքում` լրացուցիչ ցուցակը), ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները և քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը.

7) փակցնում է ընտրողների ցուցակի, այդ թվում` լրացուցիչ ցուցակների օրինակը, տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում.

8) ստանում է քվեարկության կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ընտրական փաստաթղթերը, քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրական տեղամասի համար տպագրված ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը (սարքավորումները), Հանձնաժողովների կնիքը, Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան անհատական կնիքները, գրենական պիտույքները և այլ պարագաները և ապահովում սահմանված կարգով դրանց պահպանումը.

9) հայտարարում է քվեարկության սկիզբը և ավարտը.

10) կազմակերպում և վերահսկում է քվեարկության անցկացումը, անհրաժեշտության դեպքում օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց և մասնագետին ժամանակավոր բացակայության դեպքում.

11) Օրենսգրքով սահմանված պարբերականությամբ տարածքային ընտրական հանձնաժողով հաղորդում է ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը.

12) քվեարկության ընթացքում` քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց արգելում է մուտք գործել կամ ներկա գտնվել Հանձնաժողովում և քվեարկության սենյակում.

13) սահմանափակում է քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը, եթե ընտրողների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը, բայց ոչ պակաս, քան 15 ընտրող` ընտրողներին քվեարկության սենյակ թողնելով հերթով` մեկ-մեկ.

14) թույլտվություն է տալիս ոստիկանության ծառայողներին տեղամասային կենտրոն զենքով մուտք գործելու` քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքում.

15) ստորագրում և կնքում է Հանձնաժողովի կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ, նշում լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը.

16) հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, արձանագրության մեկ օրինակը փակցնում տեղամասային կենտրոնում.

17) տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տալիս է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք` Օրենսգրքով սահմանված կարգով.

18) ստորագրում է փաթեթավորված ընտրական փաստաթղթերի փաթեթների, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկի վրա, սահմանված կարգով փակում է ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը.

19) ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ չօգտագործված քվեաթերթիկները, քվեարկության արդյունքների արձանագրության 2 օրինակը, գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեխնիկական սարքավորումը, քվեատուփը, քվեախցիկները ներկայացնում է տարածքային ընտրական հանձնաժողով.

20) իրականացնում է Օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.

2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

3) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.

4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ գրառումներ է կատարում գրանցամատյանում, օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց և մասնագետին ժամանակավոր բացակայության դեպքում.

6) իրականացնում է Օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է կատարել Հանձնաժողովի այլ անդամ:

20. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.

3) ներկայացնելու առաջարկություններ, առարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն.

4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.

5) հայտնելու քվեարկության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.

6) իրականացնելու Օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները.

2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.

3) մասնակցել ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին.

4) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.

5) կրել Օրենսգրքով սահմանված այլ պարտականություններ:

22. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի առաջին նիստում, ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

Հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը

 

23. Հանձնաժողովների հերթական նիստերը գումարում են Օրենսգրքով սահմանված դեպքերում և ժամկետում:

24. Հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով:

25. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է Հանձնաժողովի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրն ստորագրում է իր ազգանվան դիմաց:

26. Նիստերն անցկացվում են տեղամասային կենտրոնում:

27. Նիստերի օրակարգը սահմանված է Օրենսգրքով:

28. Քվեարկության օրը Հանձնաժողովն անցկացնում է երկու նիստ`

1) ժամը 7.00-ին, որի ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է ընտրողներին գրանցող, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող, ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամներին, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամին և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը.

2) քվեարկության ավարտից ժամը 20.00-ից հետո, որի ժամանակ Հանձնաժողովը սկսում է տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփումը:

29. Հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության օրը` քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել`

1) կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները` համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ.

2) Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մինչև 2 վստահված անձ.

3) համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ և Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ.

4) յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող 1 լրագրող և 1 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 1 օպերատոր.

5) յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև 2 դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ.

6) տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից` 1 դիտորդ.

7) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների և այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները` այցելուի կարգավիճակով.

8) թեկնածուն` միայն տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին:

30. Հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, այցելուները վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական:

31. Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա Հանձնաժողովն իրավասու է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանելու քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը: Որոշումը պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և ամեն դեպքում այդ որոշմամբ սահմանված թիվը չի կարող նվազ լինել 15-ից:

Եթե քվեարկության սենյակում, արդեն իսկ ներկա են սույն կետով սահմանված առավելագույն թվով դիտորդներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ապա Հանձնաժողովի նախագահն իրավասու է արգելել նոր դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մուտքը քվեարկության սենյակ:

Սույն կետի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում Հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:

32. Սույն կանոնակարգի 28-րդ կետում սահմանված սահմանափակումը չի տարածվում այցելուների, միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա:

33. Հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ սույն կանոնակարգը խախտելու, ինչպես նաև Հանձնաժողովի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում` վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի, դիտորդի նկատմամբ կիրառվում է նախազգուշացնում:

Նախազգուշացումից հետո, եթե վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի, դիտորդի կողմից Օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը վստահված անձը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը, դիտորդը հեռացվում են Հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը` քվեարկության սենյակից և տեղամասային կենտրոնից:

Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին Հանձնաժողովի նիստից և տեղամասային կենտրոնից հեռացնելու որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:

34. Քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը սահմանելու, ինչպես նաև դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին նախազգուշացնելու, Հանձնաժողովի նիստից և տեղամասային կենտրոնից հեռացնելու մասին Հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում է Հանձնաժողովի որոշում` նշելով պատճառը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման, որոշումների ընդունման և արձանագրությունների կազմման կարգը

 

35. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` Հանձնաժողովի քարտուղարը:

36. Նիստում հարցերը քննարկվում և գործառույթներն իրականացվում են Օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված հաջորդականությամբ և կարգով:

37. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:

38. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի:

39. Քվեարկության ավարտից հետո` մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, Հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

40. Հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո, ավարտում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության կազմումը: Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2022, N 53-Ն 05.08.2022, N 35-Ն
26.08.2021, N 212-Ն 06.09.2021, N 35-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան