Գլխավոր տեղեկություն
Համար
N 1694-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.2016-31.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.23/67(801) Հոդ.1556
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1694-Ն


«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ:

2. «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

3. Հաստատել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

4. «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արա Մանուկյանին (անձնագիր` AH0585586, տրված` 012-ի կողմից, 21.05.2008 թ.):

5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի պետական գրանցումը.

2) «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

3. Հիմնադրամի գործունեության սկզբունքներն են` օրինականությունը, մարդասիրությունը, կամավորությունը, ժողովրդավարությունը և հրապարակայնությունը:

4. Իր գործունեության ընթացքում հիմնադրամը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հիմնադրամների մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ.

2) անգլերեն լրիվ` «Disaster Risk Reduction National Platform» foundation.

2.1) ռուսերեն լրիվ՝ «Национальная платформа по снижению риска бедствий».

3) հայերեն կրճատ` ԱՌՆԱՊ հիմնադրամ.

4) անգլերեն կրճատ` DRRNPF (ARNAP).

4.1) ռուսերեն կրճատ՝ НПСРБ (АРНАП):

(5-րդ կետը փոփ., լրաց. 13.09.13 N 1008-Ն)

6. Հիմնադրամի գործունեության ժամկետը սահմանափակված չէ:

7. Հիմնադրամի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության բնակիչները, արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման և հետևանքների վերացման գործունեություն իրականացնող պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:

8. Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում` տվյալ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

9. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0054, Դավթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

10. Հիմնադրամն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

11. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:

12. Հիմնադրամն իրավունք ունի`

1) իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

13. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր (իր անվանման հայերենով պարտադիր նշումով), ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Հիմնադրամի նպատակը Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմի հիմնմանը, տեխնածին և տարերային բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանն օժանդակելն է:

15. Հիմնադրամն իր նպատակներն իրագործելու համար`

1) աջակցում է աղետների ռիսկի նվազեցման դերակատարների պարտավորությունների և իրավասությունների հստակեցման, ենթագերատեսչական շահերի ներդաշնակեցման, աղետների ռիսկի նվազեցման համակարգում ներգրավված մարմինների ու կազմակերպությունների գործունեության և համագործակցության ապահովման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործընթացներին.

2) օժանդակում է`

ա. գիտական և կրթական ներուժի զարգացմանը, հանրային իրազեկման ապահովմանը և վերլուծական կարողությունների հզորացմանը,

բ. արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների իրականացմանը,

գ. արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումների իրականացմանը,

դ. արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրմանը, հնարավոր հետևանքների նվազեցմանը,

ե. սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացմանը,

զ. արտակարգ իրավիճակներում տուժած բնակչությանն օգնության ցուցաբերմանը.

2.1) աջակցում է Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկը նվազեցնող կառույցներին` զարգացնելու կարողությունները, հզորացնելու նյութատեխնիկական բազան.

2.2) աջակցում է կամավորական փրկարարական շարժմանը և կամավորական փրկարարական հենակետի ստեղծմանը, այդ նպատակով ծրագրերի մշակմանը, իրականացմանը և ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավմանը.

3) իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցառումներ:

(15-րդ կետը լրաց. 13.09.13 N 1008-Ն, 19.05.16 N 696-Ն)

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Հիմնադրամն ինքնուրույն որոշում է իր կառուցվածքը և գործունեության ձևերը:

17. Հիմնադրամն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար` օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

1) անարգել տարածելու իր գործունեության մասին տեղեկություններ.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ.

4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու, ստանալու, վարձակալելու կամ այլ պայմաններով, այդ թվում` նաև անվճար, օգտագործելու անշարժ գույք, հիմնական միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ գույք.

6) օտարելու կամ վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք.

7) ինքնուրույն կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` դրամաշնորհների, նվիրատվությունների, ներդրումների, փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալու փոխառություններ (վարկեր), դրամաշնորհներ, նվիրատվություններ, այդ թվում` արտարժույթով.

8) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

18. Հիմնադրամը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` կարող է անդամակցել միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.

2) կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն միայն այն դեպքում, երբ դա ծառայում է իր նպատակներին: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

19. Հիմնադրամն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն սույն կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:

20. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

21. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրանց ընձեռել հնարավորություն` իր կանոնադրությանը, կանոնադրության մեջ կատարվող լրացումներին և փոփոխություններին ծանոթանալու համար:

22. Հիմնադրամը և հիմնադրամի պաշտոնատար անձինք օրենքով սահմանված պատասխանատվություն են կրում անօրինական գործունեություն ծավալելու համար:

23. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

24. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Հիմնադրամն իր նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) տարերային և տեխնածին բնույթի աղետների կանխարգելմանն ուղղված գործունեություն (փլուզումների, սողանքային երևույթների կանխարգելման աշխատանքներ).

2) փրկարարական աշխատանքների կատարում` լեռնային և այլ վայրերում հովեկների խմբերի ուղեկցում, ջրափրկարարական ծառայությունների մատուցում, հակահրդեհային պաշտպանության իրականացում` կազմակերպությունների պատվերով, բարձրահարկ շենքերի և այլ կառույցների հակահրդեհային, օդափոխության և այլ համակարգերի տեղադրում, սպասարկում.

3) գիտական և հետազոտական ուսումնասիրությունների կատարում, նորագույն տեխնոլոգիաների մշակում և ներդրում:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ առանձնացված գույք (այդ թվում` դրամական միջոցներ, արժեթղթեր և գույքային իրավունքներ):

27. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են`

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական, իրավաբանական անձանց, այդ թվում` նաև օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները, նվիրաբերությունները, փոխառությունները, վարկերը, ներդրումները.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը` ներառյալ արտակարգ իրավիճակների բնագավառում կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ներգրավվող փոխառությունները.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները.

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

28. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերը:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

29. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

Հիմնադրամի մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը և տնօրենը:

30. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ):

31. Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած` գործունակ ֆիզիկական անձինք:

32. Խորհուրդը բաղկացած է 18 անձից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը: Խորհրդի կազմում ընդգրկվում են`

1) ութ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից.

2) մեկական ներկայացուցիչ`

ա. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմից (համաձայնությամբ),

բ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից,

դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից,

ե. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից,

է. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից,

ը. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից,

թ. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից,

ժ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:

(32-րդ կետը խմբ. 13.09.13 N 1008-Ն)

33. Խորհրդի անդամները միաժամանակ չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

34. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում` նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ:

35. Հոգաբարձուների խորհրդի անդամն իր լիազորություններն ստանձնում է 4 տարի ժամկետով: Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) խորհրդի նախագահին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա.

2) եթե նա նշանակվել է ի պաշտոնե` նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.

3) նրա կողմից իր պարտականությունների պատշաճ չկատարման դեպքում` հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.

4) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.

5) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

6) նրա մահվան դեպքում.

7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում:

(35-րդ կետը լրաց. 13.09.13 N 1008-Ն)

36. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է առկա և առցանց նիստերի միջոցով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

(36-րդ կետը լրաց. 13.09.13 N 1008-Ն)

37. Խորհրդի նախագահի, տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ կանոնադրության` նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

38. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների (2/3) մեծամասնությամբ:

39. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

40. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ընդհանուր քաղաքականության և ռազմավարության ուղենիշների հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրանում կատարվող փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների, հաստիքացուցակի, հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

4) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

5) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրությունը` նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.

6) տնտեսական ընկերությունների, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

7) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

8) տարեկան առնվազն մեկ անգամ տնօրենի հաշվետվությունը լսելը.

9) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

10) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

11) այլ խորհրդակցական մարմինների կազմի և աշխատակարգի հաստատումը.

12) հիմնադրամի ներքին կանոնակարգերի հաստատումը.

13) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

14) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

15) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

16) խորհրդի նախագահի, տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

17) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

18) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

19) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

41. Խորհրդի իրավասության ենթակա հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

42. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները` իրենց կազմից:

43. Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

44. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը:

45. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

46. Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:

47. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը:

48. Հիմնադրամի տնօրենը նշանակվում է մրցութային կարգով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է խորհուրդը: Տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է խորհուրդը:

49. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով: Տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

50. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` խորհրդի իրավասության ենթակա հարցերի: Տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:

51. Տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը գերազանցող գործարքները համաձայնեցնելով խորհրդի նախագահի հետ.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի ընթացիկ, հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատանքային կանոնակարգը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

10) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

52. Հիմնադրամն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

53. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը հաշվառվում են հիմնադրամի այլ ծախսերից` առանձնացված կարգով:

54. Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Անկախ աուդիտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

55. Հիմնադրամը վերակազմակերպվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

56. Հիմնադրամը վերակազմակերպվում է խորհրդի որոշմամբ:

57. Հիմնադրամի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

58. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա: Հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:

59. Հիմնադրամը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 13.09.13 N 1008-Ն, լրաց. 19.05.16 N 696-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան