ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2012 թվականի N 1207-Ն
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) ախտաբանաանատոմիական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականիսեպտեմբերի 20-ի N 1207-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Բիոպսիոն հետազոտություն
2. Ցիտոլոգիական հետազոտություն
3. Ախտաբանաանատոմիական հերձում (աուտոպսիա)
4. Ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտություն
5. Ընկերքի հետազոտություն
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականիսեպտեմբերի 20-ի N 1207-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ախտաբանաանատոմիական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Ախտաբանաանատոմիական հետազոտությունների իրականացման հիմնական խնդիրներն են՝
1) պացիենտի կյանքի ընթացքում ախտորոշման և իրականացվող բուժման արդյունավետության որոշումը.
2) մահվան պատճառների հայտնաբերումը և բուժական-ախտորոշիչ միջամտությունների որակի վերահսկումը.
3) Հայաստանի Հանրապետությունում հիվանդացության և մահացության հանգամանքների հետազոտումը` հիվանդության ընթացքի և մահացության պատճառների մասին ճշգրիտ վիճակագրական տվյալների ստացման նպատակով.
4) կազմակերպչական, կանխարգելիչ և այլ միջոցառումների մշակումը և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող մասնագետներին ներկայացնելը՝ բժշկական հաստատությունների աշխատանքի որակի բարելավման նպատակով.
5) բժշկական միջամտության հետևանքների գնահատումը.
6) հիվանդությունների հետմահու ախտորոշումը.
7) մահվան անմիջական պատճառի, առաջնային և հիմնական հիվանդությունների որոշումը, սուր վարակիչ և հատուկ վտանգավոր վարակների հայտնաբերումը:
II. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները կատարվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար լիցենզավորված հաստատությունում (այսուհետ` հաստատություն)՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետ-բժիշկների կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
4. Բիոպսիոն հետազոտությունը նախավիրահատական և հետվիրահատական շրջանում հյուսվածքների ու օրգանների՝ մորֆոլոգիական մեթոդներով իրականացվող ախտաբանաանատոմիական հետազոտությունն է, որն իրականացվում է կենդանության օրոք հիվանդության ախտորոշման և անցկացվող բուժման արդյունավետության նպատակով:
5. Ցիտոլոգիական հետազոտությունը նախավիրահատական և հետվիրահատական շրջանում հյուսվածքների՝ ցիտոլոգիական մեթոդներով իրականացվող ախտաբանաանատոմիական հետազոտությունն է, որն իրականացվում է՝ կենդանության օրոք հիվանդության ախտորոշման նպատակով:
6. Ախտաբանաանատոմիական հերձումը (աուտոպսիա) հանգուցյալի մարմնի ախտաբանաանատոմիական հետազոտությունն է, որն իրականացվում է մահվան պատճառի և բուժական պրոցեսի հսկողության նպատակով:
7. Ախտաբանաանատոմիական հերձման նյութի հիստոլոգիական հետազոտությունն ախտաբանաանատոմիական հերձման արդյունքում վերցված հյուսվածքների և օրգանների հիստոլոգիական հետազոտությունն է, որն իրականացվում է մահվան պատճառը հաստատելու նպատակով:
8. Ընկերքի հետազոտությունն ախտաբանաանատոմիական հետազոտությունն է՝ ուղղված պտղի և (կամ) մոր հիվանդությունների վրա ազդեցություն ունեցող ախտաբանական պրոցեսների ախտորոշմանը:
9. Ախտաբանաանատոմիական հերձման և բիոպսիոն հետազոտության արդյունքում իրականացվում է վերցված հյուսվածքների, օրգանների արխիվացում՝ առնվազն երեք տարով:
10. Ախտաբանաանատոմիական հետազոտության արդյունքում կազմվում է եզրակացություն, որում նշվում են պացիենտի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, տարիքը, գործիքային ու լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
11. Ախտաբանաանատոմիական հետազոտությունից հետո ախտորոշումը և եզրակացությունը գրանցվում կամ կցվում են հիվանդության (ծննդաբերության) պատմությանը:
12. Հետազոտության կատարման ընթացքում ախտաբանաանատոմը`
1) պահպանում է պացիենտի պատիվն ու արժանապատվությունը.
2) ցուցաբերում է հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտի նկատմամբ.
3) պահպանում է հետազոտության ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիությունը` բացառությամբ սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
4) ախտաբանաանատոմիական հետազոտության արդյունքում հանգում է գիտականորեն հիմնավորված և օբյեկտիվ եզրակացությունների.
5) պահպանում է սույն կարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջները:
III. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
13. Հետազոտության կատարման ընթացքում ստացված տեղեկությունները, ինչպես նաև հետազոտության վերաբերյալ եզրակացությունը համարվում են բժշկական գաղտնիք և պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Հետազոտության արդյունքները հաստատության ղեկավարի կողմից տրամադրվում են`
1) պացիենտին կամ օրինական ներկայացուցչին.
2) ախտաբանաանատոմիական հերձման վերաբերյալ եզրակացությունը` նաև ընտանիքի անդամներին` վերջիններիս պահանջի դեպքում.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը, քննչական կոմիտեին, հատուկ քննչական ծառայությանը, դատարանին:
(14-րդ կետը լրաց. 29.07.16 N 796-Ն)
15. Ախտաբանաանատոմիական հետազոտության վերաբերյալ եզրակացությունը սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված անձանց տրամադրվում է ախտաբանաանատոմիական հետազոտության ավարտից հետո 5-օրյա ժամկետում, իսկ սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված մարմիններին` հարցումն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում:
(հավելվածը լրաց. 29.07.16 N 796-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.03.2021, N 288-Ն | 15.03.2021, N 1207-Ն | |
29.07.2016, N 796-Ն | 14.08.2016, N 1207-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|