Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.09.01/18(561) Հոդ.767.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1096/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1096/02/13
2016թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան

Դատավորներ՝  

Գ. Կարախանյան

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

2016 թվականի ապրիլի 22-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արամ Ավետիսյանի, երրորդ անձ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ)` վարձակալության պայմանագիրը լուծելու, վարձակալությամբ հանձնված անշարժ գույքը վերադարձնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է լուծել ՊՈԱԿ-ի և Արամ Ավետիսյանի միջև 11.08.2006 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ 585 պայմանագիրը` վարձակալին պարտավորեցնելով զբաղեցրած հողամասը վերադարձնել ՊՈԱԿ-ին և Արամ Ավետիսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 554.980 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հունանյան) 11.10.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Պետրոսյան, Ա. Խառատյան, Կ. Չիլինգարյան) 06.03.2014 թվականի որոշմամբ Արամ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.05.2014 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2014 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 25.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ՊՈԱԿ-ի և Արամ Ավետիսյանի միջև 11.08.2006 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ 585 պայմանագիրը լուծվել է, Արամ Ավետիսյանը պարտավորեցվել է զբաղեցրած հողամասը վերադարձնել ՊՈԱԿ-ին, իսկ Արամ Ավետիսյանից գումարի բռնագանձման պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2015 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.12.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով Դատարանը կողմերի միջև ապացուցման բեռը բաշխել է դատավարական կանոնների խախտմամբ: Այսպես, թե´ Դատարանը և թե´ Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերի հիմքում դրել են այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի ապացուցել ՊՈԱԿ-ի և Արամ Ավետիսյանի միջև կնքված վարձակալության պայմանագրի առարկա հողամասի՝ Արամ Ավետիսյանի կողմից օգտագործվելու փաստը: Մինչդեռ վիճելի վարձակալության պայմանագրի առարկա հանդիսացող հողամասը վարձակալի կողմից չօգտագործվելու փաստը վկայակոչվել է ոչ թե ՀՀ գլխավոր դատախազության, այլ Արամ Ավետիսյանի կողմից և այն մատնանշված է եղել վերջինիս ներկայացրած հայցադիմումի պատասխանում: Հետևաբար սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այդ փաստի ապացուցման բեռը պետք է կրի ոչ թե ՀՀ գլխավոր դատախազությունը, այլ` Արամ Ավետիսյանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՊՈԱԿ-ի և Արամ Ավետիսյանի միջև 11.08.2006 թվականին կնքված ««Սևան» ազգային պարկի 1908,0 (հազար ինն հարյուր ութ) մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասի վարձակալության մասին» թիվ 585 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն՝ համապատասխան վարձավճարի դիմաց ՊՈԱԿ-ը՝ վարձատուն, Արամ Ավետիսյանի՝ վարձակալի տիրապետմանն ու օգտագործմանն է տրամադրել Կարճաղբյուր գյուղի ափամերձ հատված վայրում գտնվող 22.000 քմ մակերես ունեցող հողամասը: Պայմանագրի համաձայն՝

- վարձակալության հանձնվող հողամասն օգտագործելու համար վճարը՝ վարձավճարը, կազմել է տարեկան 222.000 ՀՀ դրամ (Պայմանագրի 10-րդ կետ),

- վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների՝ ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա քսանհինգը (Պայմանագրի 13-րդ կետ),

- վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով (Պայմանագրի 16-րդ կետ),

- Պայմանագիրը կնքվում է 3 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում սահմանված կարգով` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում իրավունքների պետական գրանցման պահից (Պայմանագրի 17-րդ կետ),

- Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը և օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցնելը հիմք չի հանդիսանում պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա՝ վարձակալած հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում (Պայմանագրի 19-րդ կետ) (հատոր 1-ին, գ.թ. 7-8, 29-32)։

2) Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2128563 վկայականի՝ Պայմանագրի առարկա հողամասի նկատմամբ 02.11.2006 թվականին իրավունքների պետական գրանցման 4-րդ մատյանի 767 համարի ներքո գրանցվել է Արամ Ավետիսյանի վարձակալության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 9-10)։

3) ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից 02.04.2013 թվականին տրված թիվ 25-153 տեղեկանքի համաձայն՝ Պայմանագրով սահմանված վարձավճարի գծով Արամ Ավետիսյանի ունեցած պարտքը 01.03.2013 թվականի դրությամբ կազմում է 554.980 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 11)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞վ պետք է կրի վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալի կողմից վարձակալության պայմանագրի առարկայի օգտագործումը դադարեցնելու փաստական հանգամանքի ապացուցման պարտականությունը, եթե այդ փաստական հանգամանքը վկայակոչվել է հայցապահանջի դեմ պատասխանողի կողմից ներկայացված առարկության հիմքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:

Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներում անդրադառնալով քննարկվող հարցին, գտել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):

Ապացուցման պարտականությունը որպես սուբյեկտիվ պարտականություն` բովանդակային առումով ներառում է հետևյալ երկու տարրերը.

1) պահանջների կամ առարկությունների հիմքում որոշակի փաստական հանգամանքներ դնելու պարտականություն (հաստատման ծանրություն), որը դիտարկվում է որպես պահանջները և առարկությունները փաստերով հիմնավորելու՝ պահանջների և առարկությունների հիմքում որոշակի փաստական հանգամանքներ դնելու և օրենքով սահմանված ձևով դատարանին ներկայացնելու անհրաժեշտություն,

2) ապացույցներ ներկայացնելու պարտականություն (բացահայտման ծանրություն), որն իրենից ներկայացնում է գործին մասնակցող անձի կողմից պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց ներկայացնելու անհրաժեշտություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման, և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաներում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից: Ապացուցման պարտականությունը բաշխելու նորմերը կազմված են ընդհանուր և հատուկ կանոններից: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը ձևակերպված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետում, որի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Բացի նշված ընդհանուր կանոնից, գոյություն ունեն նաև ապացուցման պարտականությունը բաշխելու հատուկ կանոններ, որոնք սահմաված են նյութական և դատավարական օրենսդրության նորմերով: Ընդ որում, ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով տվյալ փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը բխում է քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքից և իր տրամաբանությամբ հանգում է հետևյալին. քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը (հայցվորը կամ դիմողը) պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, քանի որ այդ փաստերի հետ են իրավունքի նորմերը կապում որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ եթե պատասխանողը չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, ապա նա պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:

ՀՀ սահմանադրական դատարանը, իր 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.

1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,

2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):

Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերից հետևում է, որ ՊՈԱԿ-ի և Արամ Ավետիսյանի միջև 11.08.2006 թվականին կնքված Պայմանագրի համաձայն՝ Արամ Ավետիսյանը 3 տարի ժամկետով վարձակալել է Սևանա լճի ափամերձ հատվածում (ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Կարճաղբյուր) գտնվող 22.000 քմ մակերեսով հողամաս՝ պարտավորվելով վճարել վարձավճար` տարեկան 220.000 ՀՀ դրամի չափով: Պայմանագրով նախատեսվել է, որ վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:

Սույն քաղաքացիական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումի հիման վրա, որով վերջինս, իրացնելով պետական շահերի պաշպանությամբ հայց հարուցելու իր լիազորությունը, ի թիվս այլ հայցապահանջների, պահանջել է Արամ Ավետիսյանից բռնագանձել 554.980 ՀՀ դրամ՝ որպես Պայմանագրով սահմանված վարձավճարի գծով 01.03.2013 թվականի դրությամբ Արամ Ավետիսյանի ունեցած պարտքի գումար: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումի՝ Արամ Ավետիսյանը, տիրապետելով և օգտագործելով վարձակալության հանձնված անշարժ գույքը, չի կատարել Պայմանագրով ստանձնած պարտավորությունները և չի վճարել վարձավճար, որի հետևանքով ոտնահարվել են պետության գույքային շահերը:

Արամ Ավետիսյանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում վերջինս առարկել է ՀՀ գլխավոր դատախազության հայցի դեմ՝ իր առարկության հիմքում դնելով նաև այն հանգամանքը, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով Պայմանագրով վարձակալված հողամասի նպատակային նշանակությամբ օգտագործումը դարձել է անհնարին, և այդ պահից Արամ Ավետիսյանի պարտավորությունները դադարել են:

Դատարանը սույն գործը դատաքննության նախապատրաստելիս կատարել է ապացուցման բեռի բաշխում կողմերի միջև, որը գումարի բռնագանձման հայցապահանջի մասով հանգում է հետևյալին.

- ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է ապացուցեր Արամ Ավետիսյանի և ՊՈԱԿ-ի միջև վարձակալության պայմանագրի կնքված լինելու հանգամանքը, ինչպես նաև բռնագանձման ենթակա գումարի հաշվարկը,

- Արամ Ավետիսյանը պետք է ապացուցեր վարձակալության ժամկետն ավարտվելու և վարձատուի առջև վարձավճարի գծով պարտավորության բացակայության հանգամանքները:

Հիմք ընդունելով սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման պարտականության վերը նշված բաշխումը և արձանագրելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի ապացուցել վարձակալված գույքի ժամկետանց տիրապետման և օգտագործման հանգամանքը՝ Դատարանը վճռել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը՝ Արամ Ավետիսյանից գումարի բռնագանձման պահանջի մասով, մերժել:

Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի վերոգրյալ եզրահանգումը, իր որոշմամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ իր հերթին պատճառաբանելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի ապացուցել վարձակալությամբ հանձնված անշարժ գույքն Արամ Ավետիսյանի կողմից Պայմանագրի ժամկետի ավարտից հետո օգտագործվելու հանգամանքը:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների վկայակոչված եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար առաջին հերթին պետք է պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով սույն գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Այսպես, սույն գործով Արամ Ավետիսյանից գումարի բռնագանձման հայցապահանջի հիմքում ՀՀ գլխավոր դատախազությունը դրել է այն հանգամանքը, որ Արամ Ավետիսյանը Պայմանագրով սահմանված վարձավճարի գծով 01.03.2013 թվականի դրությամբ վարձատուին պարտք է 554.980 ՀՀ դրամ: Իսկ Արամ Ավետիսյանը, ներկայացնելով հայցադիմումի պատասխան, առարկել է նշված հայցապահանջի դեմ և այդ առարկության հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով Պայմանագրով վարձակալված հողամասի նպատակային նշանակությամբ օգտագործումն անհնարին դառնալու հետևանքով ինքը Պայմանագրով սահմանված եռամյա ժամկետի ավարտից հետո չի օգտագործել Պայմանագրով վարձակալված անշարժ գույքը և չունի վարձավճար վճարելու պարտականություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարձակալված անշարժ գույքն ամբողջությամբ կամ դրա մի մասը Պայմանագրով սահմանված եռամյա ժամկետի ավարտից հետո Արամ Ավետիսյանի կողմից օգտագործվելու կամ չօգտագործվելու փաստն էական նշանակություն ունի սույն գործով ներկայացված գումարի բռնագանձման հայցապահանջի մերժման կամ բավարարման հարցը լուծելու համար, քանի որ Պայմանագրի համաձայն՝ Արամ Ավետիսյանի՝ որպես վարձակալի պարտականությունները պահպանվում են վարձակալած հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում: Հետևաբար Արամ Ավետիսյանը Պայմանագրի ժամկետի ավարտից հետո չի կարող կրել Պայմանագրով նախատեսված վարձակալի պարտականությունները (այդ թվում նաև՝ Պայմանագրով սահմանված չափով և կարգով վարձավճար մուծելու, վարձավճարի մուծումն ուշացնելու համար սահմանված տուգանքները վճարելու պարտականությունները), եթե Պայմանագրի ժամկետի ավարտից հետո չի շարունակել օգտագործել վարձակալված անշարժ գույքը: Այլ կերպ ասած` Արամ Ավետիսյանից գումարի բռնագանձման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հայցապահանջի մերժման կամ բավարարման հարցը լուծելու համար անհրաժեշտ է նախևառաջ պարզել, թե արդյոք Արամ Ավետիսյանը Պայմանագրի ժամկետի ավարտից հետո շարունակել է օգտագործել վարձակալված հողամասը, թե՝ ոչ, և արդյոք ամբողջ հողամասի կամ դրա մի մասի չօգտագործումը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի բարձրացումով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամ Ավետիսյանի կողմից վկայակոչված այն փաստը, որ ինքը չի օգտագործել Պայմանագրով վարձակալված անշարժ գույքը, Արամ Ավետիսյանի համար ունի իրավադադարեցնող իրավաբանական փաստի նշանակություն, քանի որ վարձակալված անշարժ գույքի օգտագործումը չշարունակելու հետ է Պայմանագիրը կապում Արամ Ավետիսյանի կողմից Պայմանագրով ստանձնած վարձակալի պարտավորությունների դադարումը: Փաստորեն, Արամ Ավետիսյանի կողմից Պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասը չօգտագործելու փաստը վկայակոչվել է Պայմանագրով վերջինիս ստանձնած վարձակալի պարտավորությունները դադարեցնելու նպատակով և ունի իրավադադարեցնող իրավաբանական փաստի բնույթ: Հետևաբար Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով պայմանավորված Արամ Ավետիսյանի կողմից Պայմանագրով վարձակալված անշարժ գույքը կամ դրա մի մասը Պայմանագրի ժամկետի ավարտից հետո օգտագործելու անհնարինության փաստը պետք է ապացուցվի այդ փաստը վկայակոչած անձի՝ Արամ Ավետիսյանի կողմից, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Ընդ որում, նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ վարձակալության իրավահարաբերությունների առանձնահատկություններից ելնելով՝ վարձակալության հանձնված գույքի կամ դրա մի մասի օգտագործումը դադարեցնելու փաստի վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու ավելի մեծ հնարավորություններ ունի վարձակալը, որը և պետք է շահագրգռված լինի ձեռնարկելու բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով գումարի բռնագանձման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հայցապահանջի մերժման կամ բավարարման հարցը լուծելու համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման բեռը պետք է կողմերի միջև բաշխվի հետևյալ կերպ.

1) ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է ապացուցի այն փաստը, որ Արամ Ավետիսյանի մոտ գոյություն ունի Պայմանագրով սահմանված վարձավճարի գծով առաջացած՝ վարձատուին 554.980 ՀՀ դրամ վճարելու չկատարված պարտավորություն՝ ներկայացնելով այդ պարտավորության ծագման հիմքերը, ժամանակահատվածը և հիմնավորելով այդ գումարի հաշվարկը,

2) Արամ Ավետիսյանը պետք է ապացուցի այն փաստը, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ է եղել վարձակալությամբ տրամադրված հողը, որի հետևանքով էլ անհնարին է դարձել Պայմանագրով սահմանված եռամյա ժամկետի ավարտից հետո Սևանա լճի ափամերձ հատվածում (ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Կարճաղբյուր) գտնվող վարձակալված հողամասի լրիվ կամ մասնակի նպատակային նշանակությամբ օգտագործումը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի օգտագործումը չշարունակելու (կամ դադարեցնելու) փաստի ապացուցման պարտականությունը դնելով ՀՀ գլխավոր դատախազության վրա, սույն գործով ներկայացված գումարի բռնագանձման հայցապահանջի մասով կողմերի միջև ճիշտ չեն կիրառել ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման բեռի ճիշտ բաշխման և դրա հիման վրա գումարի բռնագանձման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հայցապահանջի մերժման կամ բավարարման հարցը լուծելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 09.04.2015 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Դատարանի 25.12.2014 թվականի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի 09.04.2015 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն գումարի բռնագանձման պահանջի մասով, հետևաբար գործը նոր քննության է ուղարկվում միայն այդ պահանջի մասով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործը՝ գումարի բռնագանձման պահանջի մասով, ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի որոշումը և գործն՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արամ Ավետիսյանի, երրորդ անձ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության` գումարի բռնագանձման պահանջի մասով, ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան