ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (կից առարկությամբ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-715 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
քաղ. Երևան ԱԺՈ-232-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ադրբեջանի Հանրապետության կողմից 2005 թվականի մայիսի 16-ին ստորագրված՝ «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ կատարված հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ: