Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1285
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.01/51(1231) Հոդ.621
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.06.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 հունիսի 2016 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի մարտի 23-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 03.06.2016թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագիրն (Համաձայնագիր) ստորագրվել է 2016թ. մարտի 23-ին Երևանում` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության տրամադրման իրավական հիմքի ամրապնդման նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 Համաձայնագրին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան` քուվեյթյան կողմին տրամադրել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն, եթե այն գործողությունը, որի առնչությամբ դիմում է ներկայացվել, քրեորեն պատժելի է Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության օրենքներով,

արտակարգ իրավիճակներում՝ մինչև դիմումների բնօրինակները ներկայացնելը, որպես հայցվող կողմ, անմիջապես կատարել իրավական օգնության մասին հեռատիպի, ֆաքսի, էլեկտրոնային նամակի տեսքով կամ հաղորդակցման այլ ձևերով ներկայացված դիմումը և հայցող քուվեյթյան կողմին տեղեկացնել արդյունքների մասին,

 որպես հայցվող կողմ՝ իրավական օգնության տրամադրումը հետաձգելու կամ մերժելու մասին որոշում կայացնելու պարագայում, ՀՀ կենտրոնական մարմնի միջոցով այդ մասին տեղեկացնել հայցող կողմին` նշելով այդ որոշման պատճառները,

 որպես հայցող կողմ՝ անհրաժեշտության դեպքում ապահովել Համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածք հանձնված կամ դիմումի համաձայն ներկայացած անձի պաշտպանությունը և այլն:

3. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի մարտի 23-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


21 հունիսի 2016 թ.

ՍԴՈ-1285

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան