ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 հունիսի 2016 թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի մարտի 23-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 03.06.2016թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագիրն (Համաձայնագիր) ստորագրվել է 2016թ. մարտի 23-ին Երևանում` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության տրամադրման իրավական հիմքի ամրապնդման նպատակով:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● Համաձայնագրին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան` քուվեյթյան կողմին տրամադրել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն, եթե այն գործողությունը, որի առնչությամբ դիմում է ներկայացվել, քրեորեն պատժելի է Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության օրենքներով,
● արտակարգ իրավիճակներում՝ մինչև դիմումների բնօրինակները ներկայացնելը, որպես հայցվող կողմ, անմիջապես կատարել իրավական օգնության մասին հեռատիպի, ֆաքսի, էլեկտրոնային նամակի տեսքով կամ հաղորդակցման այլ ձևերով ներկայացված դիմումը և հայցող քուվեյթյան կողմին տեղեկացնել արդյունքների մասին,
● որպես հայցվող կողմ՝ իրավական օգնության տրամադրումը հետաձգելու կամ մերժելու մասին որոշում կայացնելու պարագայում, ՀՀ կենտրոնական մարմնի միջոցով այդ մասին տեղեկացնել հայցող կողմին` նշելով այդ որոշման պատճառները,
● որպես հայցող կողմ՝ անհրաժեշտության դեպքում ապահովել Համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածք հանձնված կամ դիմումի համաձայն ներկայացած անձի պաշտպանությունը և այլն:
3. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի մարտի 23-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
ՍԴՈ-1285 |