Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1282
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.01/51(1231) Հոդ.618
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.06.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 հունիսի 2016 թ.

 

ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Լիլիթ Մուսեյանի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Կ. Տոնոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լիլիթ Մուսեյանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Լիլիթ Մուսեյանի՝ 2016թ. փետրվարի 1-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքն ընդունվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից`1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից:

Օրենսգրքի` «Վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները» վերտառությամբ 32-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը սահմանում է. «Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ»:

Հիշյալ հոդվածում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել 06.12.05թ. ՀՕ-26-Ն, 21.02.07թ. ՀՕ-73-Ն, 26.12.08թ. ՀՕ-239-Ն, 07.02.12թ. ՀՕ-2-Ն, 19.06.13թ. ՀՕ-94-Ն, 21.12.15թ. ՀՕ-178-Ն ՀՀ օրենքներով: Վիճարկվող դրույթով հոդվածը լրացվել է 06.12.05թ. ՀՕ-26-Ն օրենքով, իսկ ներկայիս խմբագրությամբ ձևակերպումն ստացել է 21.02.07թ. ՀՕ-73-Ն, 26.12.08թ. ՀՕ-239-Ն ՀՀ օրենքներով:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողին պատկանող ավտոմեքենան տեսանկարահանվել է Երևան քաղաքի Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկի հատվածում: Ըստ դիմողի՝ ինքը եղել է ավտոմեքենայի ուղևորը, իսկ ավտոմեքենան վարել է այլ անձ: Ընդ որում, ավտոմեքենայի ուղևորի համար նախատեսված դռնից` դիմողի, իսկ վարորդի համար նախատեսված դռնից տղամարդու իջնելու և հեռանալու հանգամանքներն արձանագրված են նշված տեսագրության մեջ: ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, 17.07.2013թ. համադրելով տեխնիկական միջոցի հատկանիշներն իրավախախտման հատկանիշների հետ, կայացրել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1300747448 որոշումը: Նշված որոշմամբ դիմողի վրա դրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված` 5000 դրամ տուգանք վճարելու պարտականություն: Դիմողի անունից վերը նշված որոշման առոչինչ լինելը հաստատելու մասին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը թիվ ՎԴ/8455/05/13 վարչական գործով 26.12.2014թ. կայացրել է վճիռ, որով ճանաչվել է բողոքարկված որոշման առոչինչ լինելը: Նշված վճիռը ՀՀ ոստիկանության կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որն իր` 20.05.2015թ. որոշմամբ բավարարել է ՀՀ ոստիկանության վերաքննիչ բողոքը, ամբողջությամբ բեկանել և փոփոխել է վարչական դատարանի վճիռը և հայցը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը դիմողի անունից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որն իր որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

 

3. Դիմողը գտնում է, որ իր համար «բացասական իրավական հետևանք է առաջացրել Վերաքննիչ դատարանի կողմից թիվ ՎԴ/8455/05/13 գործով 20.05.2015թ. որոշմամբ կիրառված և դրանում անմիջականորեն վկայակոչված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը», որը, ըստ դիմողի, հակասում է ՀՀ Սահմանադրության 65, 66 և 71-րդ հոդվածներին:

Ըստ դիմողի` վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը «համապատասխանում են «քրեական մեղադրանք» հասկացությանը»: Վարչական տույժը պատասխանատվության միջոց է, այն կիրառվում է օրենքները պահպանելու ինչպես իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից` նոր իրավախախտումների կատարումը կանխելու նպատակով, ինչն էլ հիմք է պնդելու, որ վարչական պատասխանատվության ենթարկելիս անհրաժեշտ նախապայման է, որ վարչական մարմինը հիմնավոր ներկայացնի կատարված իրավախախտման բնույթը, զանցանք կատարողի անձը, մեղքի աստիճանը, գույքային դրությունը և այլն:

Վերոթվարկյալ հանգամանքները կարևորելով` դիմողն ընդգծում է, որ վիճարկվող նորմն իր նկատմամբ, ի թիվս այլնի, բացասական իրավական հետևանքներ է առաջացրել այն առումով, որ ինքն անհիմն մեղադրվում է զանցանքի կատարման մեջ, քանի որ չի ցանկանում ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավորի վերաբերյալ:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ֆալքն ընդդեմ Նիդեռլանդների գործով 2004թ. հոկտեմբերի 19-ին կայացված վճռում արտահայտած իրավական դիրքորոշումները, համադրելով ՀՀ Սահմանադրության 65-րդ և 66-րդ հոդվածների ձևակերպումները 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի ձևակերպումների հետ, պատասխանողը գտնում է, որ անմեղության կանխավարկածը «... բացարձակ իրավունք չէ և ենթակա է իրավաչափ սահմանափակումների», ինչը, ըստ պատասխանողի, «...իր կնիքն է թողել նաև ՀՀ գործող Սահմանադրության տեքստում»:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները`պատասխանողը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած, որ դիմողի հիմնավորումները «...կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին»:

 

5. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները և ելնելով սույն գործով դիմողի փաստարկներից և եզրահանգումներից` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

ա) վիճարկվող իրավակարգավորման իրավական նպատակները և հիմքերը,

բ) վիճարկվող իրավակարգավորման պարագայում ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքների իրացման իրավական երաշխավորվածությունը և ապահովումը:

 

6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների համակարգային վերլուծության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի խնդիրներն են՝ վարչական իրավախախտումներից (զանցանքներից) պաշտպանել պետական կամ հասարակական կարգը, սեփականությունը, քաղաքացիների իրավունքները և ազատությունները, կառավարման սահմանված կարգը, որոնց շրջանակներում պահպանության են ենթակա, մասնավորապես, ճանապարհային երթևեկության կանոնները: Այդ խնդիրների իրականացման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքն ամրագրում է վարչական պատասխանատվության հիմքը, որոշում, թե հակաիրավական որ արարքներն են համարվում վարչական իրավախախտումներ (զանցանքներ), և սահմանում է վարչական պատասխանատվության տեսակները, վարչական պատասխանատվության ենթարկելու ընդհանուր կանոնները:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունները բացահայտված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետում, որի 4-րդ պարբերության համաձայն` տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Ի իրացումն վերը նշված սահմանադրաիրավական դրույթի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված են սեփականության իրավունքի սահմանափակման շրջանակները: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները:

Ընդ որում, վերը նշված դրույթում «այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն» բառակապակցությունը ներառում է, ի թիվս այլնի, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման պարտականությունը: Իսկ նշված պարտականությունը, իր հերթին, ներառում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ` տրանսպորտային միջոցն այն անձի փաստացի օգտագործմանը հանձնելու պարտականությունը, ով թույլ չի տա ճանապարհային երթևեկության կանոնների խախտում` դրանով իսկ խախտելով այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 695-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն`փոխատուն պատասխանատվություն է կրում գույքի օգտագործման հետևանքով երրորդ անձին պատճառված վնասի համար, եթե չի ապացուցում, որ վնասը դիտավորությամբ պատճառել է փոխառուն կամ այն անձը, որի մոտ այդ գույքը հայտնվել է փոխատուի համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` տրանսպորտային միջոցը համարվում է առավել վտանգի աղբյուր, և դրանով պատճառված վնասը հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա: Առավել վտանգի աղբյուրի սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 20-րդ կետի ուժով տրանսպորտային միջոցը ենթակա է հաշվառման դրա սեփականատիրոջ անվամբ:

Տվյալ օրենքի 2-րդ և 13-րդ հոդվածների ուժով տրանսպորտային միջոցի պետական հաշվառումը տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի, ինչպես նաև դրա սեփականատիրոջ ազգանվան, անվան, հասցեի վերաբերյալ տեղեկությունների հավաքման և ամրագրման գործառույթ է:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ կետի ուժով տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից (տրանսպորտային միջոցը ձեռք բերելուց) հետո մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն այդ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների դեպքում օրենսդրությամբ սեփականատիրոջ համար նախատեսված պատասխանատվությունը կրում է գնորդը, եթե վաճառողն ապացուցում է, որ իրենց միջև կայացել է պատշաճ գործարք:

Օրենսդիրը վարչական պատասխանատվության ենթարկելու ընդհանուր կանոնները սահմանելիս քննարկվող դեպքում վարչական պատասխանատվության սուբյեկտ է դիտարկել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը` հաշվի առնելով վերջինիս սեփականության իրավունքի իրացումից ծագող պարտականությունը, այն է` հանձնելու տրանսպորտային միջոցն այն անձի փաստացի օգտագործմանը, ով այն պետք է շահագործի ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան` դրանով իսկ չխախտելով այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը: Վիճարկվող իրավակարգավորումը նպատակաուղղված է անձանց իրավունքների պաշտպանությանը և պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված` տրանսպորտային միջոցի վարորդի պարտականությունների կատարման, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարած անձի առավել արագ բացահայտման և պատասխանատվության ենթարկման անհրաժեշտությամբ, ինչը ևս ուղղված է այլ անձանց իրավունքների ու օրենքով պահպանվող շահերի պահպանմանը:

Տվյալ իրավահարաբերություններում տրանսպորտային միջոցի սեփականատերը և իրավաչափ ձևով իր սեփականության օգտագործողը գտնվում են որոշակի իրավապայմանագրային հարաբերությունների մեջ, որը, ի մասնավորի, ենթադրում է նաև տրանսպորտային միջոցի օրինաչափ օգտագործման պարտավորություն և իրավախախտման համար պատասխանատվության անխուսափելիություն: Կարևոր է նաև, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ պարտավորություններ է սահմանում տրանսպորտային միջոցի ինչպես սեփականատերերի, այնպես էլ վարորդների համար` տարանջատելով դրանք միմյանցից:

ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն այլ անձի կողմից մեկ այլ անձին պատկանող սեփականության օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելիս որդեգրել են իրավակարգավորման միևնույն ուղղվածությունը, այն է` պատասխանատվությունը դնել սեփականատիրոջ վրա, քանի դեռ վերջինս չի ապացուցել, որ գույքը փաստացիորեն օգտագործել է այլ անձ:

Միևնույն ժամանակ, ելնելով մեղքի առկայությամբ պատասխանատվության, պատժի անհատականացման ընդհանուր սկզբունքներից`օրենսդիրը քննարկվող դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը վարչական պատասխանատվության սուբյեկտ է դիտարկում, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ: Նման իրավակարգավորում սահմանելու նպատակը ոչ միայն մեղքի առկայությամբ պատասխանատվության ընդհանուր սկզբունքի պահպանումն է, այլև տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ` սեփականության իրավունքի իրացումից ծագող պարտականության չկատարման դեպքերը կանխելը, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարած անձի պատասխանատվության անխուսափելիության երաշխավորումը:

 

7. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրության 65 և 66-րդ հոդվածներով:

ՀՀ Սահմանադրության՝ «Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը» վերտառությամբ 65-րդ հոդվածը սահմանում է, որ՝ «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր»:

ՀՀ Սահմանադրության՝ «Անմեղության կանխավարկածը» վերտառությամբ 66-րդ հոդվածը սահմանում է, որ՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքները համանման կարգավորմամբ ամրագրված էին նաև 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 21 և 22-րդ հոդվածներով:

Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի իրավունքներն ուղղակի կամ անուղղակի ամրագրված են նաև մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: Մասնավորապես` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում են անմեղության կանխավարկածի իրավունքը: Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Saսոders v. The Սnited Kingdom (Application no. 19187/91) գործով իր 1996 թվականի դեկտեմբերի 17-ի վճռում արտահայտել է այն դիրքորոշումը, համաձայն որի` թեև լռելու իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածում հիշատակված չեն, այնուամենայնիվ, դրանք հանդիսանում են հանրաճանաչ միջազգային չափորոշիչներ, որոնք ընկած են արդար դատաքննության հիմքում: Նույն վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև եզրահանգել է, որ լռելու իրավունքը սերտ փոխկապակցված է անմեղության կանխավարկածի հետ:

ՀՀ սահմանադրական դատարանը ևս իր որոշումներում անդրադարձել է ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքների լիարժեք իրացման երաշխավորվածության և ապահովման խնդիրներին: Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վկայակոչել իր` 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշման մեջ արտահայտած, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումը.

«... անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ նպատակ ունենալով պաշտպանել անձին հանիրավի մեղադրանքից, միաժամանակ չի կարող բացառել իրավասու մարմնի կողմից նրան քրեական հանցագործության մեջ կասկածելու հանգամանքը՝ մինչև այն պահը, երբ այդ կասկածներն այդ մարմնի իրավաչափ գործողությունների արդյունքում հնարավոր չի եղել հիմնավորվել»:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքների իրացման իրավական երաշխիքներն օրենսդիրն ապահովել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, մասնավորապես՝ «Անմեղության կանխավարկածը» վերտառությամբ 18-րդ հոդվածով և «Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը» վերտառությամբ 20-րդ հոդվածով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում են վերոհիշյալ իրավունքների իրացման ապահովման այլ երաշխիքներ ևս: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ցուցմունքներ տալը կամ ցուցմունքներ տալուց հրաժարվելը, բացատրություններ տալը կամ բացատրություններ տալուց հրաժարվելն ամրագրվել են որպես կասկածյալի (63-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետեր) և մեղադրյալի (65-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետեր) իրավունքներ: Բացի դրանից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է կասկածյալին (211-րդ հոդվածի 3-րդ մաս) և մեղադրյալին (212-րդ հոդվածի 8-րդ մաս) նրանց իրավունքները` ներառյալ ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը, հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչի կողմից բացատրելու, ինչպես նաև վկային իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին առերեսման սկզբում քննիչի կողմից նախազգուշացնելու (216-րդ հոդվածի 2-րդ մաս) և իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ վկայելուց հրաժարվելու նրա իրավունքը հարցաքննությունից առաջ նախագահողի կողմից պարզաբանելու (339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) իրավական պահանջները:

Պետք է նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Ցուցմունք տալուց հրաժարվելը» վերտառությամբ 339-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ՝ «Իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց հրաժարված անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»:

Համադրելով վերոգրյալը սույն գործով դիմողի եզրահանգումների հետ` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ բացարձականացնել այն հանգամանքը, որ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերն անվերապահորեն «համապատասխանում են քրեական մեղադրանք հասկացությանը»` առավել ևս այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է կողմերի փոխպայմանավորված ու կանխատեսելի վարքագծի հիման վրա կատարված գործողությունների արդյունք հանդիսացող ու քրեորեն ոչ պատժելի վարչական իրավախախտումներին, ինչպիսին, մասնավորապես, սույն գործով վեճի առարկան է:

Հարկ է նկատել նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասով անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում ապացուցման պարտականությունը թեև դրված է վարչական մարմնի վրա, այնուամենայնիվ, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ եթե վերը նշված վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:

 

8. Տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների վերաբերյալ գործերով անմեղության կանխավարկածի և ցուցմունք տալու պարտականությունից զերծ մնալու իրավունքների հարցերին է անդրադարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Օ' Հալորանը և Ֆրանսիսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Case օf O'Halloran and Francis v. The Սnited Kingdom, Application no. 15809/02) գործով 29.06.2007թ. կայացված վճռին (գանգատ թիվ 15809/02), ինչպես նաև Տելֆների (Case of Telfner v. Austria, Application no. 33501/96) գործին: Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խախտում չի հայտնաբերել և իբրև ցուցմունք տալու հարկադրանքը թույլատրելի դարձնելու կարևոր գործոն նշել է, որ ավտոմեքենա ձեռք բերող անձը որոշ չափով պետք է համաձայնած լինի ստանձնել ցուցմունք տալու պարտականություն՝ կապված իր մեքենայի ներգրավմամբ ճանապարհային երթևեկության իրավախախտումների հետ: Նկարահանված փոխադրամիջոցների սեփականատերերի վրա դնելով իրավական պարտավորություն` բացահայտելու արագության գերազանցման կամ այլ իրավախախտման պահին մեքենան վարող անձի մասին տվյալները, հաշվի են առնվում իրավախախտման և պատժամիջոցի թեթև բնույթը, ճանապարհների անվտանգությունն ապահովելու նկատմամբ հանրային հետաքրքրությունը և այն փաստը, որ վկայություն տալու պարտավորության կանոնակարգված պարտադրման կիրառումը կարող էր կանխատեսվել փոխադրամիջոցը գնելիս:

 Իսկ մեկ այլ` Ֆալքն ընդդեմ Նիդեռլանդների (Falk v. Tհe Netհerlaոds, Applicatiօո ոօ. 66273/01) գործով 19.10.2004թ. կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիմումն անընդունելի է համարել` պատճառաբանելով, մասնավորապես, նրանով, որ քրեական գործով անմեղ ենթադրվելու և քրեական մեղադրանքը հիմնավորելու բեռը կրելու պահանջի` անձի իրավունքը բացարձակ չէ, եթե հաշվի է առնվում պահպանվող շահի կարևորությունը և պաշտպանության իրավունքը: Տվյալ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ պատասխանատվության կանոնը ներկայացվել է, որպեսզի ապահովվի արդյունավետ ճանապարհային անվտանգություն` ապահովելով, որ տեխնիկական կամ այլ միջոցներով արձանագրվող երթևեկության խախտումները կատարած վարորդը, ում անձը չի կարող պարզվել որոշակի ժամանակահատվածում, անպատիժ չմնա: Դատարանը նաև նշել է, որ չի գտնում, որ իրավակարգավորումը, որով պարտավորություն է սահմանվել ավտոմեքենայի գրանցված սեփականատիրոջ համար ենթադրվելու պատասխանատու մեկ այլ անձին իր ավտոմեքենան օգտագործելու թույլտվություն տալու համար, անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հետ:

Վերոշարադրյալի հիման վրա հետևությունն այն է, որ վեճի առարկա իրավակարգավորումն իրավաչափ նպատակ է հետապնդում, հենվում է իրավահարաբերության սուբյեկտների փոխհամաձայնեցված և կանխատեսելի վարքագծի վրա, ուղղված է մարդկանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, երաշխավորում է սեփականության ոչ օրինաչափ օգտագործման դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը և բացառում է խտրականությունը նման պատասխանատվության հարցում` պայմանավորված փոխհամաձայնությամբ իրավահարաբերության մեջ մտած սուբյեկտների սոցիալական փոխառնչություններով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


21 հունիսի 2016 թ.

ՍԴՈ-1282

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան