Գլխավոր տեղեկություն
Համար
N 1385-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.04/81(1170).1 Հոդ.1044.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1385-Ն

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4.1-ին մասը, «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ու 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 23.06.16 N 642-Ն)

1. Սահմանել պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերը և կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ նախատեսված պաշտոնական էլեկտրոնային փոստի կառավարման գործառույթները վերապահել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի կառավարման նպատակով կնքվող պայմանագրերում սահմանել, որ էլեկտրոնային փոստի կառավարիչը պատասխանատվություն չի կրում այլ անձանց կողմից ուղարկված հաղորդագրության բովանդակության, ինչպես նաև օգտատիրոջ կողմից սահմանված վերահասցեագրման ենթակա էլեկտրոնային փոստի կամ բջջային հեռախոսահամարի հասանելիության և դրանց վերջնական օգտատերերին էլեկտրոնային տվյալների պատշաճ փոխանցման կամ արտացոլման, ինչպես նաև դրանց արդյունքում օգտատերերի կրած վնասների համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական էլեկտրոնային կայքերում որպես պաշտոնական էլեկտրոնային փոստ մատնանշվում է սույն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված՝ տվյալ մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն, որը զետեղվում է տվյալ մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի առնվազն գլխավոր էջի ակնհայտ տեսանելի մասում՝ «պաշտոնական էլեկտրոնային փոստ՝» բառակապակցությունից անմիջապես հետո։

5. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նույնականացման քարտեր ունեցող անձանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն տրամադրվում է սույն որոշման հավելվածով սահմանված կարգով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 12-ի N 1385-Ն որոշման

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի տրամադրման, այդ թվում՝ շնորհման, ակտիվացման, ստացված հաղորդագրությունների վերահասցեագրումը վերջիններիս կողմից սահմանված այլ էլեկտրոնային փոստի հասցեով ու բջջային հեռախոսների համարներին ուղարկելու համար հրահանգներ կատարելու և էլեկտրոնային փոստի կառավարչից ստացված և ուղարկված հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու դեպքերը և կարգը:

2. Պաշտոնական էլեկտրոնային փոստը գտնվում է համացանցում հասանելի www.e-citizen.am տիրույթում, ֆիզիկական անձի, իսկ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ համապատասխանաբար դրա գործադիր մարմնի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի կամ տարածքային ստորաբաժանման ղեկավարի (այսուհետ՝ օգտատեր) համար այն շնորհվում և հաղորդագրություններ ստանալու նպատակով օգտագործվում է անվճար:

3. Ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն կազմված է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարի և «@e-citizen.am» բառերի համակցությունից: Պաշտոնական էլեկտրոնային փոստն ակտիվացված է համարվում տվյալ ֆիզիկական անձի համար նույնականացման քարտի տրամադրման պահից:

4. Իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն կազմված է տվյալ իրավաբանական անձի կոդի, պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի իրավաբանական անձի կոդի և «@e-citizen.am» բառերի համակցությունից:

5. Ցանկացած ֆիզիկական անձի համար Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտի թողարկման պահից շնորհվում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե, և դրա օգտագործման իրավունքը ծագում է նույնականացման քարտը տալու հետ միաժամանակ:

6. Իրավաբանական անձին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե շնորհվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում իրավաբանական անձի կոդը գրանցելու պահից: Դրա օգտագործման իրավունքը ծագում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար՝ նույնականացման քարտ ունեցող աշխատակազմի ղեկավարին կամ տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ որպես այդպիսին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստրում հաշվառելու պահից։

7. Պաշտոնական էլեկտրոնային փոստում ստացված տեղեկությունները և ծանուցագրերը կարդալու համար օգտատերն իր նույնականացման քարտի միջոցով, որպես գրանցված օգտատեր, պետք է մուտք գործի www.e-citizen.am պորտալում տեղակայված իր անձնական պաշտոնական էլեկտրոնային փոստարկղ:

8. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ տարածքային ստորաբաժանման ղեկավարի փոփոխության դեպքում տվյալ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի տեղեկությունները և կառավարման բոլոր իրավունքներն ամբողջ ծավալով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում համապատասխանաբար՝ որպես նոր գործադիր մարմնի ղեկավար կամ աշխատակազմի ղեկավար գրանցում ստացած անձանց։

9. Առաջին անգամ պաշտոնական էլեկտրոնային փոստից օգտվելիս՝ օգտատերը պետք է կատարի www.e-citizen.am կայքում տեղադրված հղումով կառավարչի կայքում (www.ekeng.am) զետեղված օգտատիրոջ համար նախատեսված ուղեցույցի (այսուհետ՝ ուղեցույց) հրահանգները՝ պահպանելով դրանում սահմանված բոլոր ցուցումները և իրականացման ենթակա գործողությունների հաջորդականությունը։

10. Պաշտոնական էլեկտրոնային փոստով ապագայում ստացվող հաղորդագրություններն օգտատերը կարող է վերահասցեագրել ցանկացած այլ էլեկտրոնային փոստի (ոչ ավելի, քան 3 էլեկտրոնային փոստի հասցե) կամ դրանք ստանալ բջջային հեռախոսին հաղորդագրության տեսքով՝ ուղեցույցում նախատեսված հրահանգները պատշաճ կատարելու դեպքում:

11. Բջջային հեռախոսին կարճ հաղորդագրությունների տեսքով պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված ծանուցումներն ստանալու համար օգտատերը www.e-citizen.am կայքում կարող է ուղեցույցով սահմանված կարգով մուտքագրել նաև իր նախընտրած բջջային հեռախոսահամարը, որով ցանկանում է ստանալ այդ կարճ հաղորդագրությունները: Բջջային հեռախոսին հաղորդագրությունների տեսքով պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հաղորդագրությունների համար վճարում է միայն հաղորդագրություն ուղարկող մարմինը կամ անձը՝ կառավարչի հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով:

12. Պաշտոնական էլեկտրոնային փոստին հաղորդագրություններ կարող են ուղարկել կառավարչի հետ սպասարկման պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև հետևյալ իրավաբանական անձինք՝

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված և (կամ) լիցենզավորված բանկերը, օտարերկրյա բանկերի հայաստանյան մասնաճյուղերը, վարկային բյուրոները, ապահովագրական բյուրոները, դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները (ապահովագրական բրոքերները), ներդրումային ընկերությունները, արժեթղթավորման հիմնադրամները, ներդրումային ֆոնդի կառավարիչները և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերը, արժեթղթերը կարգավորող շուկայի օպերատորները, կենտրոնական դեպոզիտարիան, վարկային կազմակերպությունները, գրավատները, ներդրումային ֆոնդերը և կենսաթոշակային ֆոնդերը.

2) հանրային ծառայություններ՝ էլեկտրաէներգիա, գազամատակարարում, ջրամատակարարում, ջրահեռացում և հեռահաղորդակցություն (էլեկտրոնային հաղորդակցություն), մատուցող ընկերությունները:

13. Օգտատերը համարվում է պատշաճ ծանուցված այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ինչը կատարվում է օգտատիրոջ կողմից տեղեկատվությունն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում նույն հաղորդագրության մեջ առկա էլեկտրոնային հղումը սեղմելու և հետադարձ էլեկտրոնային ծանուցում ուղարկելու միջոցով: Նշված ժամկետում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը չստանալու դեպքում ծանուցումն իրականացվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:

14. Եթե Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին անհայտ է ֆիզիկական անձ հանդիսացող օգտատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ապա համարանիշը կամ տեղեկանքի համարն ստանալու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը բնակչության պետական ռեգիստրը վարող պետական մարմնին է տրամադրում տվյալ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը կամ նույնականացման քարտի համարը: Բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը համարանիշը կամ տեղեկանքի համարը սույն կետում նշված մարմիններին տրամադրում է երկօրյա ժամկետում:

(14-րդ կետը լրաց. 23.06.16 N 642-Ն)

15. Իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պաշտոնական էլեկտրոնային փոստով հաղորդագրություն ուղարկելու նպատակով ուղարկողի համար իրավաբանական անձի կոդը, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի իրավաբանական անձի կոդն անհայտ լինելու դեպքում տվյալ տեղեկությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պաշտոնական ինտերնետային կայքում (www.e-register.am) տվյալ իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ամբողջական անվանումը մուտքագրելու եղանակով անվճար որոնում կատարելու միջոցով։

16. Պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրության ուղարկման, ստացման կամ մշակման վերաբերյալ տվյալները և արխիվացված հաղորդագրություններից քաղվածքները կառավարչի կողմից սահմանված վճարի դիմաց կարող են տրամադրվել տվյալ հաղորդագրությունն ուղարկողի կամ ստացողի գրավոր կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված դիմումի հիման վրա: Սույն կետում նշված տեղեկատվությունն այլ անձանց պահանջով կարող է տրամադրվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

17. Կառավարչի կողմից սպասարկվող և վարվող տվյալների շտեմարաններում ուղարկված և մշակված հաղորդագրությունների վերաբերյալ տվյալները ենթակա են պահպանման՝ 3 տարի ժամկետով։

18. Սույն հավելվածի 17-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո շտեմարաններում մշակված և ուղարկված հաղորդագրությունների վերաբերյալ տվյալները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում ստեղծված և վերջինիս կողմից վարվող կենտրոնական արխիվ, որտեղ դրանք պահպանվում են 10 տարի ժամկետով:

(հավելվածը լրաց. 23.06.16 N 642-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2016, N 642-Ն 09.07.2016, N 1385-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան