Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2017-05.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.198
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616231

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.

ք. Երևան

N 37-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, այցելուների, վստահված անձանց կողմից քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 37-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, այցելուների, վստահված անձանց կողմից քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու հետ կապված հարաբերությունները:

2. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները և վստահված անձինք, իրավունք ունեն տպագրության ողջ ընթացքում տպարանում հետևելու քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրմանը:

3. Տպագրության ընթացքում միաժամանակ կարող են ներկա գտնվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մեկ վստահված անձ, իսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մինչև երկու վստահված անձ:

Տպագրության ընթացքում միաժամանակ կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ:

Տպագրության ընթացքում տպարանում ներկա գտնվելու և քվեաթերթիկների ու ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրմանը հետևելու համար դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, այցելուն, վստահված անձը պարտավոր են պարտադիր կարգով տեսանելի ձևով կրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված սահմանված նմուշի վկայականը:

4. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները և վստահված անձինք կարող են իրենց միջոցներով ուղեկցելու քվեաթերթիկները և ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրատնից տարածքային ընտրական հանձնաժողով, ինչպես նաև քվեարկության նախորդ օրը` տարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից տարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան:

5. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները և վստահված անձինք կարող են քվեարկության նախորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովում հետևելու քվեաթերթիկները և ինքնասոսնձվող դրոշմանիշերը տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին:

6. Քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները և վստահված անձինք չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին կարող են հետևել քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի հաշվարկման և պահպանման գործընթացներին:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփման, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթացը կազմակերպում են այնպես, որ դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուներն ու վստահված անձինք հնարավորություն ունենան հետևել քվեաթերթիկների վավերականության որոշման, քվեաթերթիկների տեսակավորման, քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի հաշվարկման գործընթացներին:

8. Ընտրական հանձնաժողովներում քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու ընթացքում դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, այցելուների և վստահված անձանց համար գործում են ընտրական հանձնաժողովների նիստերին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ներկա գտնվելու կանոնակարգումները: