Գլխավոր տեղեկություն
Համար
N 401-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.485
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2005 թվականի N 401-Ն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 11
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 31-ի N 401-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացումը լիցենզավորում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 07.07.16 N 698-Ն)

3. Սույն կարգի դրույթները տարածվում են միջուկային տեղակայանքների և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտների վրա, որտեղ օգտագործվում կամ պահվում են միջուկային նյութեր:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը,  հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը։

(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն,  27.12.12 N 1677-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)

4.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(4.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

5. Հայտին կից` պետք է ներկայացվեն`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

գ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի նախագծային սպառնալիքի որոշման մասին հաշվետվությունը.

դ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգի նախագիծը.

ե) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կազմակերպման սխեման.

զ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության գոտևորման սխեման.

է) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի ֆիզիկական պաշտպանության մասին հրահանգները.

ը) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող ղեկավար անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

թ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող անձնակազմի հուսալիության ստուգման մասին հրահանգը.

ժ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունների հակազդման պլանը.

ժա) սույն կետի «գ», «դ», «ե», «զ» ենթակետերում նշված փաստաթղթերի մասին փորձաքննական եզրակացությունը:

(5-րդ կետը փոփ. 29.05.09 N 602-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(6-րդ կետը խմբ. 06.03.14 N 242-Ն)

7. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համապատասխանությունը նախագծային սպառնալիքին.

գ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորման առկայությունը և հուսալիությունը:

7.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

8. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:

9. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

10. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

11. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

12. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում կամ վերաձևակերպվում է, կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(12-րդ կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

Հ Ա Յ Տ _ _ _ _

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

______________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

 

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ________________________________
______________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը ____________________________________
______________________________________________________________

4. Այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, կամ ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի __________________________
_______________________________________________________________

5. Միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը __________________________
_______________________________________________________________

6. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

բ)

գ)

դ)

ե)

 

______________________
(հայտը ներկայացնողի պաշտոնը)

_______________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ __________ 200  թ.

 

(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, 06.03.14 N 242-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)

(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, լրաց., խմբ. 06.03.14 N 242-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)


 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 31-ի N 401-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
________________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________

Տրված է ____ ________________ 200  թ.

Կոմիտեի նախագահ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(ձևը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան