«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. ք. Երևան |
N 39-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության (այսուհետ` վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն) գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (այսուհետ` ծառայություն) իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն:
Ծառայությունը վերահսկողություն է իրականացնում նաև հանրաքվեի քարոզչության հիմնադրամներում կատարված մուծումների և դրանց օգտագործման նկատմամբ` «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի դրույթներին համապատասխան:
2. Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կարգով:
3. Ծառայությունը գործում է ընտրական հանձնաժողովներից անկախ և հաշվետու չէ նրանց: Ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցված:
4. Ծառայությունը գործում է մշտական հիմունքներով:
5. Ծառայությունը կարող է ունենալ ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
6. Ծառայությունը կազմված է ծառայության ղեկավարից և ծառայության երկու աշխատակիցներից: Ծառայության աշխատանքները ղեկավարում է ծառայության ղեկավարը, որը ներկայացնում է ծառայությունը:
7. Ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է, ծառայության աշխատակիցների պաշտոնները քաղաքացիական ծառայության պաշտոններ են:
8. Ծառայության ղեկավարը նշանակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ յոթ տարի ժամկետով: Ծառայության ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
9. Ծառայության ղեկավարը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
10. Ծառայությունը.
1) վերահսկողություն է իրականացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ.
2) թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրը մեկ ստանում է համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ` թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ այն բանկերից, որտեղ նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար բացվել են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, դրանք ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, ստուգման արդյունքներով կազմում է տեղեկանք և այն տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.
3) թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ընտրության արդյունքերի ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն և ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով.
4) վերահսկողություն է իրականացնում կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ.
5) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին և 115-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված դեպքերում` ընտրությունները նշանակելու իրավասություն ունեցող սուբյեկտի` ընտրություններ նշանակելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից` 10-օրյա ժամկետում, ընտրությունների կազմակերպմամբ և անցկացմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պարտականությունների վերաբերյալ իրազեկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրած բանկերի ցանկում ընդգրկված այն առևտրային բանկերին, որոնցում ընտրություններին մասնակցող թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են նախընտրական հիմնադրամ բացել:
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Ծառայությունն իրավունք ունի`
1) անհրաժեշտության դեպքում նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ բացած բանկերից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեներ` թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ.
2) անհրաժեշտության դեպքում համապատասխան բանկերից, կուսակցություններից և ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեներ` կուսակցությանը վճարված անդամակցության վճարների, կուսակցությանը կատարված նվիրատվությունների, բյուջետային ֆինանսավորման, քաղաքացիական իրավական գործարքներից ստացված դրամական միջոցների և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերի և ծախսերի վերաբերյալ.
3) անհրաժեշտության դեպքում թեկնածուներից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ նախընտրական հիմնադրամներից կատարված ծախսերի, կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիմնավորման վերաբերյալ.
4) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագծեր և դրանք ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը.
5) մասնակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների անցկացման ֆինանսական ապահովման նպատակով ընդունվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին:
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
12. Ծառայության գործունեության ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը կատարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի պահպանման համար պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|