Գլխավոր տեղեկություն
Համար
N 1370-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.07.2016-01.04.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.28/72(1012).1 Հոդ.1156.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1370-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1916-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) էլեկտրոնային ձևով գնումների կատարման դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթները` հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված առանձնահատկությունները.

2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պատվիրատուները, ներառյալ քաղաքային համայնքների կառավարչական հիմնարկները, բացառությամբ գյուղական համայնքների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների հիմնարկների, օրենքով սահմանված շրջանակային համաձայնագրերի միջոցով, ինչպես նաև բաց, պարզեցված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված՝ բացառությամբ նշված կարգի 74-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության երկրորդ նախադասությամբ սահմանված դեպքի և օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված ընթացակարգերով գնումներն իրականացնում են սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով.

(2-րդ կետը խմբ. 25.12.14 N 1493-Ն, 21.05.15 N 527-Ն, լրաց. 17.03.16 N 274-Ն)

3) Էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման վերաբերյալ ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

3. (կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1493-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին կետով.

«31.1. Սույն կանոնադրության 31-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցները ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում ծախսման անհրաժեշտության բացակայության դեպքում կենտրոնի պետի հրամանով կարող են ուղղվել նույն ենթակետով նախատեսված այլ ուղղությունների:»:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» N 1916-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Սույն կարգի նպատակն էլեկտրոնային ձևով գնումների իրականացումն ու ապահովումն է, որը պարունակում է էլեկտրոնային սարքավորումներ, գործիքներ և ծրագրեր, որոնք հեռակարգավորման, հեռահաղորդագրման և էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակման հնարավորություն են տալիս: Բոլոր սարքավորումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված վայրում:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) համակարգ` www.armeps.am կայքի միջոցով էլեկտրոնային ձևով գնումների իրականացումն ապահովող համակարգ.

2) պատվիրատու (համակարգում պայմանագրային պատվիրատու)՝ սույն կարգով էլեկտրոնային ձևով գնում իրականացնող և համակարգում գրանցված` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պատվիրատու.

3) մասնակից (համակարգում՝ տնտեսական օպերատոր)` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով էլեկտրոնային գնմանը մասնակցելու ցանկություն ունեցող և համակարգում գրանցված` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված մասնակից.

4) հայտ՝ հրավերի հիման վրա մասնակցի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող առաջարկ.

5) կենտրոն՝ «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` համակարգի սպասարկումը և սույն կարգով նախատեսված լիազորություններն իրականացնող իրավաբանական անձ.

6) տեխնիկական սպասարկող՝ համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիազորված (ընտրված) իրավաբանական անձ.

7) օգտվողներ՝ համակարգի շահագործման և դրանից օգտվելու թույլտվություն ունեցող անձինք:

4. Համակարգն ունի տվյալները կոդավորելու և մինչև հայտերի բացման պահն այդ տվյալների ապակոդավորման անհնարինությունն ապահովելու հնարավորություն:

5. Համակարգը պարունակում է էլեկտրոնային տեղեկագիր, էլեկտրոնային տեղեկագրի գրատախտակ, մասնակիցների գրանցամատյան, պատվիրատուների գրանցամատյան և այլ անհրաժեշտ տարրեր:

6. Մասնակիցը, սույն կարգի համաձայն գնումներին մասնակցելիս, իրավունք ունի էլեկտրոնային եղանակով`

1) ստանալու հրավեր.

2) ստանալու ծանուցում.

3) ներկայացնելու հայտ և անհրաժեշտ փաստաթղթեր.

4) ներկայացնելու պարզաբանում ստանալու պահանջ:

7. Էլեկտրոնային գնումը ներառում է՝

1) էլեկտրոնային ընթացակարգը (e-Tender), որը ներառում է տվյալ գնման գործընթացի իրականացումն էլեկտրոնային եղանակով.

2) էլեկտրոնային ծանուցումը (e-Notification), որը պատվիրատուի կողմից մասնակիցներին գնման գործընթացի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով ծանուցումն է.

3) էլեկտրոնային գնահատումը (e-Evaluation), որը ներառում է գնահատման չափանիշներին համապատասխան հայտերի գնահատումը և էլեկտրոնային եղանակով արդյունքների մասին բոլոր մասնակիցներին տեղեկացումը:

8. Համակարգից օգտվողներն են՝

1) պատվիրատուի ղեկավարը (համակարգում՝ ՊՊԳՀ), ով՝

ա. նշանակում է առնվազն հինգ անդամից բաղկացած ընթացակարգը գնահատող հանձնաժողով՝ երկու բացող (համակարգում՝ ԲԱ) և առնվազն երեք գնահատող անդամից (համակարգում՝ ԳԱ), որոնցից մեկը հանձնաժողովի նախագահն է (համակարգում՝ ԳԱՊ) և սահմանում է հանձնաժողովի քարտուղար (համակարգում՝ Մհմ),

բ. համակարգում գրանցում է նոր օգտվողներ,

գ. հաստատում է գնահատման մասին հաշվետվությունը,

դ. կնքում է պայմանագիրը,

ե. իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.

2) գնահատող հանձնաժողովը (համակարգում՝ ՊՊԳՊ), որը՝

ա. բացում է հայտերը,

բ. գնահատում է հայտերը,

գ. որոշում է ընտրված մասնակցին,

դ. իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.

3) հանձնաժողովի քարտուղար-պատվիրատուի ղեկավարի օգնականը (համակարգում՝ ՊՊԳՀԱ), ով՝

ա. համակարգում հրապարակում է գնահատող հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգի հրավերը (ծանուցումը) և հայտարարությունը,

բ. իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանված այլ լիազորություններ,

գ. համակարգում հրապարակում է տեղեկություններ:

9. Պատվիրատուները համակարգում գրանցվելու և այն շահագործելու նպատակով փաստաթղթային եղանակով կենտրոն են ներկայացնում իրենց`

1) անվանումը` հայերենով և անգլերենով.

2) անվանման հապավումը՝ հայերենով.

3) գտնվելու վայրը` հայերենով և անգլերենով (նշելով հասցեն և քաղաքը).

4) պատվիրատուի ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը և էլեկտրոնային փոստի հասցեն:

10. Կենտրոնը սույն կարգով նախատեսված փաստաթղթերն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է պատվիրատուին և էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է համակարգում գրանցված մականունն ու գաղտնաբառը:

11. Օգտվողներն առաջին անգամ համակարգ մուտք գործելիս՝ տրամադրված գաղտնաբառը պարտադիր փոխարինում են նոր գաղտնաբառով, ընդ որում, գաղտնաբառը պետք է բաղկացած լինի առնվազն 8 նիշից, այդ թվում` 8 նիշում առնվազն մեկ տառից և մեկ թվանշանից: Կենտրոնը պատասխանատվություն չի կրում համակարգում օգտվողների և մասնակիցների անունից չարտոնված գործողությունների (անգործության) համար:

12. Համակարգում որպես մասնակից գրանցվելու նպատակով մասնակիցը մուտք է գործում www.armeps.am կայք և լրացնում համապատասխան պահանջվող տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված գործարքի թիվը մուտքագրում է իր էջում և կենտրոնին տրամադրում է (առձեռն կամ փոստով կամ register@armeps.am էլեկտրոնային փոստի միջոցով) հետևյալ փաստաթղթերը`

1) հայտարարություն համակարգում գրանցվելու ցանկություն ունենալու և դրանից բխող քաղաքացիաիրավական պարտավորությունները և պատասխանատվությունն ընդունելու վերաբերյալ: Հայտարարության տեքստը տեղադրված է www.armeps.am կայքում, իսկ թղթային տարբերակը կենտրոնը տրամադրում է նման պահանջ ստանալու դեպքում՝ անմիջապես.

2) պետական գրանցման վկայականի՝ ներառյալ բոլոր ներդիրների պատճենները` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում` իր երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված իրավաբանական անձի գրանցման համապատասխան փաստաթղթի պատճենը, եթե այն կազմված է անգլերենով կամ ռուսերենով: Գրանցման փաստաթուղթն այլ լեզվով կազմված լինելու դեպքում ներկայացվում է նոտարական կարգով վավերացված թարգմանությունը` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.

3) անձնագրի պատճենը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու դեպքում՝ անձը հավաստող փաստաթղթի պատճենը, եթե այն կազմված է անգլերենով կամ ռուսերենով: Անձը հավաստող փաստաթուղթն այլ լեզվով կազմված լինելու դեպքում ներկայացվում է նոտարական կարգով վավերացված թարգմանությունը` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

(12-րդ կետը լրաց. 07.07.16 N 700-Ն)

13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնը հաստատում է մասնակցի գրանցումը համակարգում:

14. Համակարգում օգտվողներին և մասնակիցներին գրանցելուց հետո համակարգն էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուրին տեղեկացնում է իր անձը համակարգում հաստատող գործարքի թվի մասին: Գրանցված օգտվողները և մասնակիցները 30 օրացուցային օրվա ընթացքում պետք է մուտք գործեն համակարգ և մուտքագրեն էլեկտրոնային ուղերձ-նամակով ստացված գործարքի թիվը, հակառակ դեպքում համակարգում վերջիններիս գրանցումը կհամարվի անվավեր և կպահանջվի նոր գրանցում:

15. Պատվիրատուն սույն կարգի համաձայն գնում կատարելու համար՝

1) համակարգում հրապարակում է գնման ընթացակարգի մասին հայտարարության և հրավերի տեքստերը, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները: Հայտարարության և հրավերի տեքստերը միաժամանակ հրապարակվում են www.gnumner.am և www.azdarar.am կայքերում: Գերակա է համարվում www.armeps.am կայքում տեղադրված տեղեկատվությունը: Ընդ որում, շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու դեպքում ծանուցումն ավտոմատ եղանակով ուղարկվում է տվյալ ընթացակարգի համար համակարգում գրանցված հնարավոր մասնակիցներին.

2) էլեկտրոնային եղանակով կազմակերպում և անցկացնում է գնման ընթացակարգեր.

3) էլեկտրոնային եղանակով ներկայացնում է պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ:

16. Էլեկտրոնային ձևով գնումներն իրականացնելու համար պատվիրատուն կարող է կիրառել շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու, բաց, պարզեցված, օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված ընթացակարգեր՝ բացառությամբ նշված կարգի 74-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության երկրորդ նախադասությամբ սահմանված դեպքի (համակարգում՝ Մհ): Պատվիրատուի էլեկտրոնային գնման ընթացակարգերն ստեղծվում են համակարգում բոլոր պարտադիր դաշտերում համապատասխան տեղեկատվության մուտքագրման միջոցով, որից հետո համակարգը հրապարակում է հայտարարություն գնման ընթացակարգի մասին:

(16-րդ կետը խմբ. 17.03.16 N 274-Ն)

17. Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը (օրերով/ժամերով).

2) պատվիրատուի անվանումը.

3) ընթացակարգի ծածկագիրը (ՄՀ ՊՊ առանձնահատուկ հերթական համարը).

4) առաջին տեղն զբաղեցրած մասնակցին որոշելու սկզբունքը.

5) գնման առարկայի համառոտ նկարագիրը.

6) գնման տեսակը (ապրանք, աշխատանք, ծառայություն).

7) գնման ձևը.

8) գնումների միասնական անվանացանկի կոդը (համակարգում՝ ԳԸԲ).

9) պարզաբանումներ պահանջելու ժամկետը.

10) հայտերի բացման ամսաթիվը.

11) հայտարարության հրապարակման օրը.

12) հայտարարության դաշտով և գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:

18. Հանձնաժողովի քարտուղարը համակարգում ստեղծում է ընթացակարգ և կազմակերպում դրա անցկացումը:

19. (կետն ուժը կորցրել է 17.03.16 N 274-Ն)

20. Հայտերի բացման օրը և ժամը համընկնում են դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: Համակարգում հանձնաժողովի բացող անդամների գործառույթներն աստիճանակարգված են: Աստիճանակարգումը որոշվում է գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից: Գնահատող հանձնաժողովի առաջին բացող անդամն իր կատարած նշումներով երկրորդ բացող անդամի դիտարկմանն է ներկայացնում բացման ենթակա այն հայտերի ցուցակը, որոնց համակարգը դիտել է որպես ներկայացված (պիտանի) հայտեր, որից հետո երկրորդ բացող անդամը հաստատում է իրեն ներկայացված հայտերի ցուցակը: Հաստատումից հետո բեռնվում է հայտերի բացման մասին արձանագրությունը (համակարգում՝ հաշվետվություն), որը հայտերի բացման օրը հանձնաժողովի քարտուղարը ոչ ավտոմատ եղանակով տրամադրում է մասնակիցներին:

21. Գնահատման գործընթացը կատարվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

22. Գնահատման արդյունքները վավերացվում են գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից, որից հետո հայտերը դասակարգվում են ըստ գնահատման արդյունքների՝ նվազագույն գնային առաջարկից մինչև առավելագույն գնային առաջարկը:

23. Գնահատող հանձնաժողովի նախագահն անմիջապես ստեղծում է գնահատման մասին արձանագրությունը՝ էքսել (MS-Excel) ֆայլով:

24. Գնահատող հանձնաժողովի անդամները հայտերի գնահատման նիստի ավարտին հաստատում կամ մերժում են գնահատող հանձնաժողովի նախագահի ստեղծած արձանագրությունը:

(24-րդ կետը փոփ. 17.03.16 N 274-Ն)

25. Պատվիրատուի ղեկավարը հաստատում կամ մերժում է արձանագրությունը: Մերժելու դեպքում պատվիրատուի ղեկավարը պահանջում է հայտերի վերագնահատում, որից հետո վերջնական հաստատում է արձանագրությունը:

26. Բացառությամբ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով գնումների կատարման դեպքի, գնահատող հանձնաժողովի քարտուղարը նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին՝ գնահատող հայտերի գնահատման արդյունքների հաստատման օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ոչ ավտոմատ եղանակով ծանուցում է՝ վերջինիս որակավորումը հավաստող փաստաթղթերը ներկայացնելու մասին:

(26-րդ կետը փոփ. 17.03.16 N 274-Ն)

27. Մասնակիցը պահանջվող փաստաթղթերը հրավերով սահմանված ժամկետում ուղարկում է հրավերում նշված պատվիրատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին: Պատվիրատուն պարտավոր է մասնակցի որակավորման փաստաթղթերն ստանալու օրը հաստատել փաստաթղթերն ստանալը՝ հրավերում նշված իր պաշտոնական էլեկտրոնային փաստից մասնակցի էլեկտրոնային փոստին հավաստում ուղարկելու միջոցով: Մասնակիցը սույն կետով նախատեսված՝ պատվիրատուի հավաստումը չստանալու դեպքում կրկին հրավերում նշված պատվիրատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկում է պահանջվող փաստաթղթերը:

28. Ընտրված մասնակցին որոշելուց հետո գնահատող հանձնաժողովի քարտուղարը՝

1) ոչ ավտոմատ եղանակով համակարգում նշում է ընթացակարգի բավարար գնահատված մասնակիցներին՝ նրանց դասակարգելով ըստ գնահատման արդյունքների և գնային առաջարկների.

2) ընթացակարգի մասնակիցներին համակարգի միջոցով ուղարկում է՝

ա. հայտարարություն գնահատման արդյունքների մասին՝ կցելով հայտերի գնահատման մասին արձանագրությունը.

բ. հայտարարություն՝ պայմանագիր կնքելու որոշման մասին, որը հրապարակում է նաև gnumner.am և armeps.am կայքերում:

29. Անգործության ժամանակահատվածի (համակարգում՝ պարապուրդի շրջան) ավարտից հետո գնահատող հանձնաժողովի քարտուղարը պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ է ներկայացնում ընտրված մասնակցին:

30. Պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ ստացած մասնակիցը պարտավոր է կայքի միջոցով ընդունել կամ մերժել իրեն ներկայացված առաջարկը:

31. Մասնակցի կողմից պայմանագիրը կնքելու վերաբերյալ առաջարկն ընդունվելուց հետո պատվիրատուի ղեկավարը կնքում է պայմանագիրը, իսկ գնահատող հանձնաժողովի քարտուղարը համակարգում ստեղծում ու հրապարակում է պայմանագրի կնքման մասին հայտարարություն:

32. Շրջանակային համաձայնագրերի միջոցով էլեկտրոնային գնում կատարելու ընթացակարգի կիրառման դեպքում ընթացակարգին մասնակցելու իրավունք ունեն կենտրոնի հետ շրջանակային համաձայնագիր կնքած այն մասնակիցները, որոնք սույն կարգին համապատասխան գրանցվել են համակարգում և կենտրոն են ներկայացրել դիմում իրենց տվյալ էլեկտրոնային շրջանակային համաձայնագրին կցելու մասին: Կենտրոնը նման դիմում ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին համակարգում կցում է էլեկտրոնային շրջանակային ընթացակարգին:

(32-րդ կետը փոփ. 17.03.16 N 274-Ն)

33. Պատվիրատուն գնման ընթացակարգի վերաբերյալ արձանագրությունը կազմում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

(հավելվածը խմբ., փոփ. 17.03.16 N 274-Ն, լրաց. 07.07.16 N 700-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան