ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
3 հունիսի 2016 թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի մարտի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության պայմանների, անձեռնմխելիությունների և արտոնությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի մայիսի 30-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության պայմանների, անձեռնմխելիությունների և արտոնությունների մասին համաձայնագիրն (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի մարտի 18-ին` Երևանում:
Համաձայնագրի նպատակն է սահմանել 2015 թվականի մայիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրով ստեղծված հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) կեցության պայմանները, անձեռնմխելիությունները և արտոնությունները:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2015 թվականի հունիսի 22-ի ԱԺՈ-164-Ն որոշմամբ:
2. Համաձայնագրով սահմանվում է, որ Կենտրոնի տարածքները և գույքն անձեռնմխելի են և օգտվում են խուզարկության, բռնագրավման, կալանքի և ցանկացած կատարողական գործողությունների կիրառման անձեռնմխելիությունից: Միաժամանակ, Կենտրոնի արխիվները և փաստաթղթերն անձեռնմխելի են: Համաձայնագրի համաձայն՝ Կենտրոնի պաշտոնական թղթակցությունը նույնպես անձեռնմխելի է և ենթակա չէ ոչ հրապարակման, ոչ առգրավման (հոդվ. 2):
3. Համաձայնագրով Կենտրոնին իրավունք է վերապահվում իր տարածքներում և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ համաձայնեցված այլ վայրերում անցկացնելու համաժողովներ, սեմինարներ, դասընթացներ և այլ միջոցառումներ` հրավիրելով երրորդ պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների (հոդվ. 6):
4. Ըստ Համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության տարածքում Կենտրոնն իրավունք ունի`
- օրենքով սահմանված կարգով ստանալ ցանկացած արտարժույթ, տիրապետել, օգտագործել և տնօրինել այն,
- ցանկացած բանկում և ցանկացած արժույթով ունենալ հաշիվներ, տնօրինել դրանք,
- օրենքով սահմանված կարգով ստանալ միջոցներ` ցանկացած տեսակի հիմնադրամներ ստեղծելու համար և տնօրինել դրանք,
- օրենքով սահմանված կարգով փոխանցել իր հիմնադրամները, արտարժույթը մի երկրից մյուսը կամ ՀՀ սահմաններում (հոդվ. 9):
5. Համաձայնագրով Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում օգտվում են անձնական, բնակարանի, գույքի և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի անձեռնմխելիության իրավունքից, ինչպես նաև 1961 թվականի ապրիլի 18-ի` «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային համապատասխան Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան վարչատեխնիկական անձնակազմին տրամադրվող արտոնություններից և անձեռնմխելիությունից, ազատ են միգրացիայի սահմանափակումներից (հոդվ. 11):
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- ՀՀ կառավարության և ՀՀ իրավասու մարմինների միջոցով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Կենտրոնի տարածքներում անվտանգության, աշխատանքի նորմալ պայմանների ապահովման և իրավախախտումների կանխարգելման, ինչպես նաև Կենտրոնի տարածքների պատշաճ ապահովման և սպասարկման համար (հոդվ. 3 և 4),
- Կենտրոնին իր գործունեության իրականացման ընթացքում տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին` փոստային, հեռագրային, ֆաքսային, ֆաքսիմիլային, հեռախոսային և կապի այլ միջոցների սարքավորումների տեղադրման և շահագործման ժամանակ, ինչպես նաև` կապված համապատասխան ծառայություններից օգտվելու սակագների հետ (հոդվ. 5),
- Կենտրոնի գործունեության ապահովման համար նախատեսված ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ Կենտրոնին ազատել բոլոր տեսակի մաքսային տուրքերի, հարկերի վճարումից և դրանց հետ կապված գանձումներից և վճարներից, իսկ եթե չկան լուրջ հիմքեր ենթադրելու, որ ապրանքների ներմուծումն ու արտահանումն արգելված են օրենքով կամ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության սանիտարահիգիենիկ կանոններով, ապա ներմուծման և արտահանման ժամանակ այդ ապրանքներն ազատել մաքսային զննումից (հոդվ. 7),
- Հայաստանի Հանրապետության տարածքում ազատել Կենտրոնին և նրա գույքի մասով գանձվող բոլոր տեսակի հարկերից, տուրքերից և վճարներից, իսկ Կենտրոնի գործունեության համար նախատեսված ապրանքների ու ծառայությունների համար ազատել նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի վճարումից (հոդվ. 8),
- Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչներին և նրանց ընտանիքների անդամներին ազատել բոլոր տեսակի հարկերից, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում գործող այս կամ այն սոցիալական ապահովության համակարգով վճարներից (հոդվ. 10),
- Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչներին և նրանց ընտանիքների անդամներին տալ համապատասխան վկայական, որը հաստատում է նրանց անձը (հոդվ. 13),
- Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ և անարգել տեղաշարժման իրավունք` բացառությամբ այն օբյեկտների և տարածքների, որոնց այցելության համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պահանջվում է հատուկ թույլտվություն (հոդվ. 14),
- Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջոցով Կենտրոնին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների համար բնակարանի ընտրության և վարձակալման, նրանց բժշկական սպասարկման և այլ սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում (հոդվ. 15),
- Կենտրոնի կարիքների համար Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ավտոտրանսպորտը և հատուկ տեխնիկան գրանցել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից` համապատասխան սերիայի դիվանագիտական համարանիշների տրամադրմամբ (հոդվ. 19) և այլն:
7. Համաձայնագրի 22-րդ և 23-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքներից ելնելով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ՝
ա) Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում Կենտրոնի տեղակայման հետևանքով չի կրում միջազգային իրավական պատասխանատվություն Կենտրոնի և նրա պաշտոնատար անձանց գործողությունների համար, բացառությամբ այն պատասխանատվության, որ Հայաստանի Հանրապետությունը կրում է որպես Կենտրոնի մասնակից պետություն,
բ) Կենտրոնը և սույն Համաձայնագրով համապատասխան արտոնություններից ու անձեռնմխելիությունից օգտվող անձինք պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և ազգային ավանդույթները,
գ) սույն Համաձայնագրով համապատասխան արտոնություններից ու անձեռնմխելիությունից օգտվող անձինք պարտավոր են չմիջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին:
8. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի մարտի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության պայմանների, անձեռնմխելիությունների և արտոնությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
ՍԴՈ-1280 |