Գլխավոր տեղեկություն
Համար
N 648-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.27/56(1236).1 Հոդ.630
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2016 թվականի N 648-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Առնվազն վերջին երեք տարում երեխայի իրավունքներով զբաղվող և (կամ) կրթության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ), ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները մրցույթին կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով:».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-21.9-րդ կետերով.

«21.1. Հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ընտրությանը կարող են մասնակցել՝ նախապես գրանցվելով:

21.2. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել հաստատության խորհրդի նախագահին՝ նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով հասարակական կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, կազմակերպության վերջին երեք տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը:

21.3. Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները՝ նաև օպերատոր):

21.4. Խորհրդի նախագահը սույն կարգի 21.2-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում դիտորդ գրանցելու կամ մերժելու մասին՝ այդ մասին տեղեկացնելով (գրավոր կամ էլեկտրոնային փոստով) կազմակերպությանը: Մերժման հիմք կարող է հանդիսանալ հասարակական կազմակերպության գործունեության անհամապատասխանությունը սույն կարգի 21-րդ կետում նշված պահանջին:

21.5. Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև մրցույթի մեկնարկը (մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ) ներկայանալ մրցույթի անցկացման վայր՝ խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

21.6. Մրցույթին ներկա դիտորդների թվից կախված՝ խորհուրդը կարող է որոշում ընդունել մրցույթը տվյալ հաստատության այլ տարածքում անցկացնելու վերաբերյալ:

21.7. Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը՝ մասնակիցներից որոշակի հեռավորության վրա՝ պահպանելով լռություն:

21.8. Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս իրավունք ունի՝

1) գրառումներ կատարելու.

2) խորհրդին իր դիտարկումները ներկայացնելու:

21.9. Դիտորդի կողմից սույն կարգի 21.7-րդ կետով սահմանված պահանջների չկատարման պարագայում խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու դիտորդին մրցույթի անցկացման վայրից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև տեղեկացնելու համապատասխան կազմակերպությանը, որի ներկայացուցիչն է հանդիսանում դիտորդը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 28

Երևան