ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 հունիսի 2016 թ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԳՈԳԱՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ)» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 3 ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի մարտի 22-ին և 2016 թվականի ապրիլի 15-ին ստորագրված` «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 8 հունիսի 2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությունն ստորագրվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից 2016թ. մարտի 22-ին, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից` 2016թ. ապրիլի 15-ին` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2012 թվականի օգոստոսի 7-ին Երևանում ստորագրված` «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն) (Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (Բանկ) միջև 2012 թվականի օգոստոսի 7-ին Երևանում ստորագրված` «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն) (Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է Ազգային ժողովի 2012 թվականի դեկտեմբերի 3-ի ԱԺՈ-038-Ն որոշմամբ (ՍԴՈ-1055):
3. Ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությամբ նախատեսվում է ավելացնել նշված Ֆինանսական պայմանագրով տրամադրված վարկի 30.316.000 եվրո գումարը 534.000 եվրո գումարի չափով, ինչի արդյունքում ընդհանուր գումարը կկազմի 30.850.000 եվրո:
4. Ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (Բանկ) միջև 2012 թվականի օգոստոսի 7-ին Երևանում ստորագրված` «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի 30.316.000 եվրո գումարն ավելանում է 534.000 եվրո գումարի չափով` կազմելով 30.850.000 եվրո:
Այսպիսով, վերոնշյալ 534.000 եվրո գումարի ներգրավումը Հայաստանի Հանրապետության համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
5. Փոփոխությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ֆինանսական պայմանագրի Ներածական 3-րդ դրույթը, Ներածական 4-6-րդ դրույթները, 1.01 հոդվածը փոփոխել և ընդունել Փոփոխությամբ սահմանված բովանդակությամբ:
6. Փոփոխությամբ, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետությունը հաստատում է, որ Ֆինանսական պայմանագրի 6-րդ հոդվածի ներքո (Վարկառուի հանձնառություններ և հաստատումներ) Հայաստանի Հանրապետության կողմից կատարման ենթակա կամ կրկնված հաստատումներն ու երաշխիքներն ստույգ են բոլոր առումներով` Հայաստանի Հանրապետության կողմից Փոփոխության նամակի համաստորագրման ամսաթվի դրությամբ, ինչպես նաև համաձայնում է, որ Ֆինանսական պայմանագրի 11-րդ հոդվածը (Օրենք և ընդդատություն) համապատասխան փոփոխություններով (mսtatis mսtaոdis) կիրառվում է Փոփոխության նամակի և Հայաստանի Հանրապետության կողմից դրա պայմանների ընդունումից բխող համաձայնության նկատմամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի մարտի 22-ին և 2016 թվականի ապրիլի 15-ին ստորագրված` «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող ՍԴՈ-1287
Գ. Հարությունյան
21 հունիսի 2016 թ.