Գլխավոր տեղեկություն
Համար
N 631-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2016-01.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.22/15(558).1 Հոդ.603
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2016 թվականի N 631-Ն

 

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 164-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 922-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 164-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել ու հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության վերաբերյալ մեթոդական ուղեցույց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 21

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 2-ի N 631-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով, իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորություններ ու կրում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտականություններ:

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են: Երևանում խնամակալության և հոգաբարձության մարմնին վերապահված լիազորությունները քաղաքապետի անունից իրականացնում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:

3. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ:

4. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում, ըստ անհրաժեշտության, համագործակցում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշմամբ սահմանված՝ իրենց սպասարկման տարածքների սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների), զբաղվածության տարածքային կենտրոնների, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների, ուսումնական հաստատությունների, առողջապահական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների, հասարակական կազմակերպությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական սոցիալական համագործակցության մյուս կողմերի հետ:

5. Խնամակալության և հոգաբարձության մարմինները երեխաների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության, իրավական ակտերի ու փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցների վերաբերյալ խորհրդատվություն, աջակցություն ու տեղեկատվություն ստանում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Խնամակալության և հոգաբարձության մարմիններն անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն ու տեղեկատվություն կարող են ստանալ նաև մարզպետարաններից, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև մասնագիտական համապատասխան որակավորում ունեցող անհատ փորձագետներից և այդ ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից ու հիմնադրամներից:

6. Խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

II. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Խնամակալության և հոգաբարձության մարմինների խնդիրներն են`

1) անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների, ինչպես նաև երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը.

2) երեխայի՝ ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու իրավունքի ապահովումը.

3) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը, այդ թվում՝ նրանց հրատապ օգնության, անհրաժեշտության դեպքում նաև անհապաղ տեղավորման ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ խնդիրներ:

 

III. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Խնամակալության և հոգաբարձության մարմինները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում՝

1) սահմանում են՝

ա. խնամակալություն տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ,

բ. հոգաբարձություն 14-18 տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ.

2) իրականացնում են՝

ա. երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը` ծնողների մահվան, նրանց ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողներին անգործունակ ճանաչելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու (այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողների հրաժարվելու դեպքերում), ինչպես նաև ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում,

բ. համայնքի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշմամբ սահմանված կարգով,

գ. խնամատար ծնողների ընտրությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ,

դ. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ, 16-րդ, 60-րդ կետերով և N 2 հավելվածի 65-րդ ու 66-րդ կետերով սահմանված գործառույթները,

ե. խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը,

զ. հսկողություն խնամակալների և հոգաբարձուների գործունեության նկատմամբ, այդ թվում՝ մշտադիտարկումների միջոցով,

է. վերահսկողություն խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ, այդ թվում՝ մշտադիտարկումների միջոցով,

ը. երեխայի դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն.

3) ապահովում են՝

ա. ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքը՝ ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում,

բ. երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը մինչև նրա տեղավորման հարցի լուծումը (կենսաբանական ընտանիք վերադարձնելը կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը կամ խնամատար ընտանիքում տեղավորելը կամ որդեգրումը կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը).

4) թույլատրում են՝

ա. հոգաբարձուին 16 տարին լրացած խնամարկյալից առանձին ապրել, եթե դա բացասաբար չի անդրադառնա խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների և շահերի պաշտպանության վրա,

բ. ծնողական սահմանափակված իրավունքներով ծնողներին երեխայի հետ շփումը, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա,

գ. խնամակալին կնքել, իսկ հոգաբարձուին` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, գույքը գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, նրա գույքը բաժանելուն կամ դրանից բաժիններ առանձնացնելուն կամ խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարքների, ինչպես նաև վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու գործարքներ.

5) բացահայտում են՝

ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին տեղեկությունները,

բ. ծնողների, ծնողական խնամքի բացակայության, ծնողական խնամքից զրկվելու այլ դեպքերը և ապահովում երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը,

գ. համայնքներում երեխայի ծննդյան փաստի՝ օրենքով սահմանված կարգով չգրանցման, ինչպես նաև երեխաների մահացության դեպքերը և դրա մասին իրազեկում մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին), միաժամանակ նախաձեռնում դրանց պետական գրանցման գործընթացը.

6) հաշվի են առնում 10 տարին լրացած երեխայի կարծիքը` նրա իրավունքներին և շահերին առնչվող ցանկացած հարց քննարկելիս և որոշում կայացնելիս, երեխային վերաբերող բոլոր հարցերում պատշաճ ուշադրության են արժանացնում իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համոզմունքներն ու կարծիքը՝ նրա տարիքին և հասունությանը համապատասխան.

7) «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն իրազեկում են համայնքներում երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի մասին.

8) ընտրում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքներում տեղավորելու ձևերը (խնամակալ, հոգաբարձու նշանակելը, խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության հանձնելը)` ելնելով երեխայի օրինական շահերի ապահովման սկզբունքից, ինչպես նաև ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքներից.

9) մասնակցում են`

ա. դատարանում երեխաների որդեգրման հաստատմանը և որդեգրման վերացմանը վերաբերող գործերի քննությանը,

բ. երեխայից առանձին ապրող ծնողի ծնողական իրավունքների իրականացման հարցում ծագած կամ երեխայի դաստիարակության հետ կապված վեճերը քննող դատական նիստերին,

գ. դատարանում ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերի քննությանը,

դ. դատարանում ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերի քննությանը,

ե. դատարանում ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերի քննությանը,

զ. դատարանում 16 տարեկան դարձած անչափահասին լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին գործերի քննմանը` օրենքով սահմանված դեպքերում,

է. երեխաների շահերի պաշտպանության նպատակով ժառանգության բաժանման վերաբերյալ համաձայնությունը կազմելուն կամ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը,

ը. քրեական վարույթում՝ որպես օրինական ներկայացուցիչ չունեցող անչափահաս տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչ.

10) աջակցում են`

ա. խնամատար ընտանիքին` երեխայի կյանքի և դաստիարակության անհրաժեշտ պայմանների ստեղծման համար,

բ. երեխային խնամատար ընտանիքում ինտեգրվելուն, ինչպես նաև երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձնելու գործընթացին,

գ. խնամակալներին ու հոգաբարձուներին խնամարկյալների խնամքի և դաստիարակության, նրանց հանգիստը կազմակերպելու գործում,

դ. երեխային մանկավարժահոգեբանական կենտրոն ուղղորդելուն՝ համագործակցելով ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ.

11) քննության են առնում խնամակալների և հոգաբարձուների գործողությունների կամ անգործության մասին դիմումներն ու բողոքները.

12) լուծում են ծնողների միջև երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետևանքով առաջացած տարաձայնությունները.

13) քննարկում են ընտանիքի, կանանց և երեխաների, ինչպես նաև համայնքում կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների վերաբերյալ առկա հիմնախնդիրները.

14) նշանակում են քաղաքացու օգնական (պատրոն)՝ այն չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով և համաձայնությամբ, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները.

15) կատարում են համայնքում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակի մշտադիտարկում՝ ընդհանուր առմամբ և համայնքում բնակվող այն ընտանիքների հայտնաբերում, որոնցում առկա է երեխայի իրավունքների կամ շահերի խախտման վտանգ և այդ ընտանիքներում ապրող երեխաների իրավիճակի հատուկ մշտադիտարկում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի, հանրակրթական ուսումնական հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, ընդ որում մշտադիտարկման ժամկետները և հաճախականությունը սահմանվում են ըստ կարիքի՝ ելնելով իրավիճակից, որի մասին ամեն երեխայի համար ընդունվում է առանձին որոշում, իսկ դրանց արդյունքները, ըստ անհրաժեշտության, կարող են ներկայացվել և քննարկվել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովում.

16) իրականացնում են աշխատանքներ երեխաների իրավունքների խախտումները և շահերի ոտնահարումները կանխարգելելու նպատակով՝ համայնքում երեխաների ու ծնողների հետ, ինչպես նաև խնամք տրամադրող ու կրթական հաստատություններում իրազեկող հանդիպումների և միջոցառումների կազմակերպման ու անցկացման միջոցով՝ այդ նպատակով համագործակցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի հետ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ներգրավելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ փորձագետների, ընդ որում, հանդիպումների քանակը, հաճախականությունը, ժամկետները որոշելիս և ծրագրերը կազմելիս հաշվի են առնվում համայնքի կարիքները, առանձնահատկություններն ու երեխաների իրավունքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակը.

17) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարան են ներկայացնում երեխայի ու նրա դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կյանքի հետազոտության ակտը և դրա հիման վրա՝ վեճի էության մասին եզրակացությունը.

18) կնքում են՝

ա. գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր իր կողմից նշանակված կառավարչի հետ` խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում,

բ. պայմանագիր խնամատար ծնողների (ծնողի) հետ երեխային խնամատար ընտանիքին հանձնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշմանը համապատասխան.

19) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում նշանակում են անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի կառավարիչ՝ վերջինիս հետ կնքելով հավատարմագրային կառավարման պայմանագիր.

20) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում դիմում են դատարան` անձին մահացած ճանաչելու համար.

21) խնամակալին կամ հոգաբարձուին ազատում են իր պարտականությունների կատարումից՝

ա. երեխային իր ծնողներին վերադարձնելու կամ նրան որդեգրելու դեպքում,

բ. խնամարկյալին համապատասխան դաստիարակչական, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանօրինակ այլ հաստատությունում տեղավորելիս, եթե դա չի հակասում խնամարկյալի շահերին,

գ. հարգելի պատճառների (հիվանդություն, գույքային դրության փոփոխություն, խնամարկյալի հետ փոխըմբռնման բացակայություն և այլն) առկայության դեպքում՝ խնամակալի կամ հոգաբարձուի խնդրանքով,

դ. խնամակալի կամ հոգաբարձուի կողմից իր պարտականություններն անպատշաճ կատարելու՝ ներառյալ խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական նպատակներով օգտագործելու կամ խնամարկյալին առանց հսկողության և անհրաժեշտ օգնության թողնելու դեպքերում՝ միաժամանակ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով նրան օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար.

22) երեխայի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում երեխային վերցնում են ծնողներից կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, անհապաղ ապահովում են երեխայի ժամանակավոր տեղավորումը և 7-օրյա ժամկետում դիմում դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով.

23) դիմում են դատարան 14-18 տարեկան երեխայի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը սահմանափակելու կամ նրան այդ իրավունքից զրկելու միջնորդությամբ.

24) կարգավորում են անչափահաս ծնողների և երեխայի խնամակալի միջև առաջացած տարաձայնությունները.

25) մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում կարող են պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին չխանգարելու այդ շփմանը.

26) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում են խնամակալների ու հոգաբարձուների.

27) երեխայի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ ընդունում են որոշում անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) մասին.

28) ընդունում են որոշում ընտրված երեխային խնամատար ընտանիքին հանձնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշման համաձայն.

29) տալիս են համաձայնություն անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս` վերջինիս ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում.

30) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքում կայացնում են որոշում առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության անձին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելու վերաբերյալ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) եզրակացության հիման վրա.

31) իրենց գործառույթներն իրականացնելիս հաշվի են առնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական սոցիալական համագործակցության որևէ կողմից ստացված մասնագիտական եզրակացությունը տվյալ խնդրի վերաբերյալ, իսկ այն հաշվի չառնելու դեպքում իրենց որոշման մեջ անդրադառնում են այդ փաստին՝ նշելով այն հանգամանքները (հիմնավորումները, մրցակցող շահերը և իրավունքները, ուշադրության արժանի այլ հանգամանքներ), որոնք հիմք են հանդիսացել միջգերատեսչական սոցիալական համագործակցության որևէ կողմից ստացված մասնագիտական եզրակացությունը մասամբ կամ ամբողջությամբ հաշվի չառնելու համար, ինչպես նաև կարող են առաջարկել եզրակացության վերանայում կամ այլընտրանքային եզրակացություն՝ ներկայացված այլ մասնագետի կողմից.

32) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրենց վերապահված այլ լիազորություններ:

10. Երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինները շարունակում են երեխային իր կենսաբանական ընտանիք վերադարձնելու կամ խնամակալություն սահմանելու, կամ որդեգրելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ ընտանեկան միջավայրում որևէ այլ միջոցով խնամք ապահովելու ուղղությամբ աշխատանքները՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների), «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ աջակցող ցանցի այլ անդամների, ինչպես նաև երեխաներին խնամք տրամադրող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների և այլ կազմակերպությունների հետ:

 

IV. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

11. Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որը խորհրդակցական մարմին է և գործում է հասարակական հիմունքներով:

12. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել երեքից մինչև ինն անձ: Հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն: Հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշմամբ սահմանվում է նաև հանձնաժողովի նախագահը, ով իր հերթին, հանձնաժողովի կազմից նշանակում է հանձնաժողովի նախագահի տեղակալ և քարտուղար:

13. Հանձնաժողովը կարող է ունենալ աշխատակարգ, որը հաստատվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:

14. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) աշխատողներ, համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողներ, բուժաշխատողներ, համայնքի մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատանքի մասնագետներ և իրավաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

15. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի նիստի օրվանից առնվազն երեք օր առաջ հանձնաժողովի անդամներին պատշաճ կերպով տեղեկացնում է հանձնաժողովի նիստի օրվա, ժամի, վայրի (հասցեն, սենյակը կամ դահլիճը) մասին և համապատասխան տեղեկատվություն է փակցնում տեղական ինքնակառավարման մարմնի նստավայրի հայտարարությունների վահանակին:

16. Հանձնաժողովի նիստը նախապատրաստելու և զեկուցմամբ հանդես գալու համար հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ հանձնաժողովի կազմից նշանակվում է հիմնական զեկուցող:

17. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում վճռորոշ է հանձնաժողովի նախագահի ձայնը:

18. Խնամակալության և հոգաբարձության մարմնի առաջարկով, հանձնաժողովը կազմում ու խնամակալության և հոգաբարձության մարմնին է ներկայացնում քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրակացություն, որն արտացոլում է քննարկվող հարցի վերաբերյալ հանձնաժողովի դիրքորոշումը և ունի բացառապես խորհրդատվական բնույթ: Հանձնաժողովի անդամը հանձնաժողովի ընդհանուր դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում ունենալու դեպքում կարող է քննարկվող հարցի վերաբերյալ գրավոր ներկայացնել իր հատուկ դիրքորոշումը (կարծիքը):

19. Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այն անձինք, որոնց վերաբերում է քննարկումը, նրանց օրինական ներկայացուցիչները և (կամ) լիազորված անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հանձնաժողովի նիստերին որպես դիտորդ կարող են ներկա գտնվել նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ այն անձի (անձանց) համաձայնության դեպքում, որին (որոնց) վերաբերում է տվյալ քննարկումը:

20. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի՝ նիստին ներկա անդամները: Հանձնաժողովի նիստին ներկա անդամի հատուկ կարծիքը կցվում է արձանագրությանը և համարվում է արձանագրության անբաժանելի մասը: Նիստի արձանագրությունը տրամադրվում է հանձնաժողովի բոլոր անդամներին, իսկ դրա՝ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից ստորագրված քաղվածքը կարող է տրամադրվել նիստին մասնակցած այլ անձանց կամ նրանց ներկայացուցիչներին:

21. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի նիստերին, կարող են հարցեր ուղղել զեկուցողին, հանդես գալ առաջարկություններով, հայտնել իրենց դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան