Գլխավոր տեղեկություն
Համար
N 1504-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2016-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.08/61(795) Հոդ.1414
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2010 թվականի N 1504-Ն

 

Հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների սերիայի եվ համարի գեներացման կարգերը հաստատելու մասին

(վերնագիրը խմբ. 18.08.15 N 946-Ն)

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 18-րդ, 20-րդ և 20.1-ին հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.05.13 N 550-Ն)

1. Հաստատել՝

1) էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

3) հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) դուրս գրված հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 07.07.11 N 989-Ն, փոփ. 18.08.15 N 946-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 26
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման հետ կապված հարցերը, ինչպես նաև սահմանվում են համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հարկային հաշիվների դուրսգրման ձևերը, էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը:

2. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս են գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգի միջոցով: Հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգը ծրագրային համակարգ է, որում ներառվում են հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրումն ապահովող, հարկային հաշիվների մասին տեղեկությունների համադրման և այլ հարակից ծրագրեր, ինչպես նաև հարկային հաշիվների, դրանց մասին և հարկային հաշիվների շրջանառությանն առնչվող այլ տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):

3. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվները կարող են դուրս գրվել հետևյալ ձևերով՝

1) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրում.

2) հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերով հարկային հաշիվների դուրսգրում.

3) հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով։

(3-րդ կետը լրաց. 27.02.14 N 191-Ն)

4. Հարկ վճարողները կարող են հարկային հաշիվներ դուրս գրել սույն կարգի 3-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերով սահմանված ձևերով, իսկ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագիր կիրառողները` նաև սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևով: (նախադասությունները հանվել են 18.08.15 N 946-Ն)

(4-րդ կետը փոփ. 18.08.15 N 946-Ն)

5. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պետք է պարունակեն չկրկնվող և սահմանված կարգով գեներացված սերիա և համար (այսուհետ` սերիա-համար), որը հաշիվը նույնականացնող հիմնական վավերապայմանն է: (նախադասությունը հանվել է 18.08.15 N 946-Ն) Հարկային հաշիվների սերիա-համարների գեներացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման N 3 հավելվածով:

(5-րդ կետը փոփ. 18.08.15 N 946-Ն)

6. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պարտադիր վավերացվում (հաստատվում) են նման իրավասություն ունեցող առնվազն մեկ անձի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվ դուրս գրելու իրավասություն ունեն օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող այն անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք՝ ապրանքի մատակարարում համարվող գործարք իրականացնելու և հարկ վճարողի հաշվառման համար ունենալու դեպքում, որոնք, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան, հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ:

(6-րդ կետը փոփ. 31.05.12 N 681-Ն, 18.08.15 N 946-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

8. Անձինք, անկախ տվյալ պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից, կարող են վավերացնել ստացված հարկային հաշիվները:

(8-րդ կետը խմբ. 18.08.15 N 946-Ն)

9. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, օգտագործումը, դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվները կամ հարկային հաշիվների չեղյալ ճանաչումը հաշվառվում են հարկային մարմնում:

(9-րդ կետը լրաց. 31.05.12 N 681-Ն, փոփ. 18.08.15 N 946-Ն)

10. Սույն կարգին համապատասխան՝ անձինք ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանում իրականացրած ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել՝ անկախ դուրսգրման պահին օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային հաշիվ կարող են դուրս գրել ապրանքի մատակարարում համարվող գործարք իրականացնելու և հարկ վճարողի հաշվառման համար ունենալու դեպքում:

(10-րդ կետը խմբ. 04.08.11 N 1084-Ն, 31.05.12 N 681-Ն, 29.05.13 N 550-Ն, 18.08.15 N 946-Ն)

11. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հարկային հաշիվները կարող են շրջանառվել (այդ թվում` ապրանքներ ձեռք բերողին կամ ծառայություններ ստացողներին տրամադրվել) կամ պահպանվել էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակներով:

12. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հարկային հաշիվը ենթակա չէ փոփոխման:

13. Վերադաս հարկային մարմինը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն է ստեղծում, հարկ վճարողների համար էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարներից ելնելով, հարկային հաշվների վավերականության ստուգման համար:

14. (կետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

15. Դուրս գրված հարկային հաշիվները և (կամ) դրանց սերիա-համարները չեղյալ են ճանաչվում կամ դրանց փոխարեն ճշգրտող հարկային հաշիվներ են դուրս գրվում հարկ վճարողների կողմից` սույն կարգով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում:

(15-րդ կետը լրաց. 31.05.12 N 681-Ն, խմբ. 18.08.15 N 946-Ն)

 

II. ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆ ժԱՄԱՆԱԿՈՒՄ` ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

16. Ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվներ (այսուհետ` ինտերնետային հարկային հաշիվներ) դուրս գրելու իրավունք ունեն սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պայմանները բավարարող անձինք:

(16-րդ կետը խմբ. 31.05.12 N 681-Ն)

17. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրումն իրականացվում է համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով: Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրը (այսուհետ` սույն բաժնում՝ ծրագիր) տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

18. Ծրագիրը բեռնվում և տեղադրվում (installation) է ավելացված արժեքի հարկ վճարողի համակարգչում (համակարգիչներում):

19. Ծրագիրն առաջին անգամ գործարկվելու համար պահանջում է հարկ վճարողի հաշվառման համարի, օգտվողի մուտքի անվան (login) և գաղտնաբառի (password) մուտքագրում:

(19-րդ կետը փոփ. 31.05.12 N 681-Ն)

20. Մեկ համակարգչում ծրագիրը կարող է տեղադրվել մեկ անգամ: Ծրագիրը հնարավոր է օգտագործել տարբեր հարկ վճարողների տվյալները (ՀՎՀՀ-ն, օգտագործողի անունը, գաղտնաբառը) մուտքագրելով: Ծրագրով հարկային հաշիվներ դուրս են գրում, դուրս գրված և ստացված հարկային հաշիվների մասին տեղեկություններ և այլ գործողություններ են կատարում այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ ծրագիրն ակտիվացվել է կամ ակտիվացվել և մուտք է գործվել հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգ:

21. Հարկային հաշվում այն դուրս գրողին վերաբերող պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը լրացվում են հարկային հաշիվների համակարգի միջոցով՝ տեղեկատվական բազայում առկա տվյալներով:

(21-րդ կետը խմբ. 29.05.13 N 550-Ն)

22. Ծրագիրը գործում է ինտերնետային ցանցում և ինտերնետային ցանցից դուրս ռեժիմներում: Ինտերնետային ցանցից դուրս ռեժիմում հնարավոր է լրացնել միայն սևագիր հարկային հաշիվներ կամ խմբագրել դրանք: Հարկային հաշիվների դուրսգրումը և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը կատարվում են ինտերնետային ցանցին միացած լինելու դեպքում (ինտերնետային ցանցում ռեժիմում):

23. Հարկ վճարողը հարկային հաշիվ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված՝ հարկային հաշվի տեսակը (ապրանքի մատակարարման, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման) և ձևը (հարկ վճարողի անունից, հատուկ, մատակարարի անունից, հանձնարարողի (պրինցիպալի) անունից, համատեղ գործերը վարողի անունից, ԱԱՀ-ի վերադարձի, ճշգրտող հաշիվ) և լրացնում այն: Հարկային հաշիվների ձևերը սահմանվում են վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված` ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքով, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1403-Ն որոշմամբ:

(23-րդ կետը խմբ. 29.05.13 N 550-Ն, լրաց. 18.08.15 N 946-Ն)

24. (կետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

25. Լրացված հարկային հաշիվը չի կարող վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ, եթե դրանում լրացված չէ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):

26. Հարկային հաշիվը ենթակա չէ վավերացման, եթե դրանում բացակայում են դրանում լրացման ենթակա նվազագույն տվյալները: Հարկային հաշվի նվազագույն տվյալներ են համարվում դրանում ավելացված արժեքի հարկով հարկված (ավելացված արժեքի հարկի գումարի և դրույքաչափի նշումով) որևէ գործարքի մասին հարկային հաշվի հաշվարկային մասում լրացվող տվյալները:

27. Լրացված ինտերնետային հարկային հաշիվը վավերացվում է ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատվող էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար:

28. Դուրս գրված ինտերնետային հարկային հաշիվները գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում:

(28-րդ կետը  փոփ. 18.08.15 N 946-Ն)

29. (կետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

30. (կետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

31. Ինտերնետային հարկային հաշիվ հնարավոր է դուրս գրել հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերում լրացված տվյալներն ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրով լրացվող հարկային հաշվի ձևի մեջ ներմուծելու միջոցով, եթե այդ տվյալները գրանցված են վերադաս հարկային մարմնի սահմանած ձևաչափով: Հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերից ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագիր տվյալների արտահանման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կողմից կամ հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:

32. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրում լրացված տվյալները (հարկային հաշիվները) հնարավոր է արտահանել հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր, եթե այդ ծրագրերն ունեն համապատասխան ծրագրային միջոցներ, որոնք ապահովում են վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով տվյալներ ընդունելու հնարավորություն: Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրից հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր տվյալների ներմուծման համար անհրաժեշտ ծրագրային միջոցների առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կողմից կամ հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:

33. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրն ինտերնետային ցանցում ռեժիմում հնարավորություն է տալիս դիտելու իր և այլ անձանց կողմից տվյալ հարկ վճարողի անվամբ (որպես ապրանքների գնորդ կամ ծառայություններ ստացող կամ հանձնակատարի, գործակալի կամ համատեղ գործունեության մասնակցի կողմից) դուրս գրված հարկային հաշիվները, հաստատելու էլեկտրոնային հարկային հաշվի ստացումը` հարկային հաշվում դնելով էլեկտրոնային ստորագրություն: (նախադասությունը հանվել է 18.08.15 N 946-Ն)

(33-րդ կետը փոփ. 07.03.13 N 196-Ն, լրաց. 29.05.13 N 550-Ն, փոփ. 18.08.15 N 946-Ն)

34. Ծրագիրը թույլ է տալիս դուրս գրված և ստացված հարկային հաշիվների ցանկերը, հաշվետվությունը վերածել «էմ էս էքսել» (MS Exel) ֆայլի` այդ ծրագրի հնարավորություններն օգտագործելով հաշվապահական և այլ հաշվառման նպատակով անհրաժեշտ հաշվարկներ կատարելու համար:

(34-րդ կետը փոփ. 18.08.15 N 946-Ն)

35. (կետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

36. Ինտերնետային հարկային հաշիվների մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրում կամ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում կիրառվող ծրագրերում այնպիսի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չգրանցվող հարկային հաշիվ կամ հարկային հաշիվների համակարգում գրանցվում է դուրս գրված հարկային հաշվում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչված սերիա-համարով հարկային հաշիվ:

(36-րդ կետը լրաց. 31.05.12 N 681-Ն)

 

III. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ` ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱ-ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

37. Հարկային մարմնից ստացված` հարկային հաշիվների սերիա-համարներով հարկ վճարողի կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգչային ծրագրերի միջոցով հարկային հաշիվների դուրսգրման դեպքում հարկ վճարողի և հարկային մարմնի միջև տեղեկատվության հոսքն իրականացվում է բացառապես ծրագրային միջոցներով (առանց մարդու միջամտության)` ինտերնետային կապի միջոցով կամ հեռահաղորդակցության այլ միջոցով (օրինակ, օպտիկա-մանրաթելային կապով), եթե հարկ վճարողն ապահովել է կապի այդ միջոցի կիրառումը: Սույն բաժնում նշվող «ուղարկում», «ստացում» կամ «տրամադրում» բառերը նշանակում են միայն կապի միջոցով, համապատասխան ծրագրային միջոցների կիրառմամբ տեղեկատվության (տվյալների) ուղարկում, ստացում կամ տրամադրում, եթե սույն կարգով ուղղակիորեն այլ բան սահմանված չէ:

38. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել այն անձինք՝

1) ովքեր կիրառում են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագիր (ծրագրեր).

2) որոնց կողմից յուրաքանչյուր օրացուցային ամսվա որևէ (ցանկացած) օրվա ընթացքում դուրս գրվող հարկային հաշիվների թիվը գերազանցում է հազարը և՝

3) ովքեր բավարարում են սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պայմանները:

(38-րդ կետը խմբ. 31.05.12 N 681-Ն)

39. Սույն կարգի կիրառման առումով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրեր (այսուհետ` բիլինգային համակարգեր) են համարվում այն ծրագրերը, որոնք, օգտագործելով մատուցված ծառայությունների ծավալի հաշվառման (օրինակ, ծառայությունների մատուցման ժամանակահատվածի և (կամ) ծավալի հաշվառման) այլ ծրագրերի կամ հաշվիչ սարքերի հաշվարկած տվյալները կամ մատակարարված ապրանքների քանակի հաշվառման ծրագրերի կամ այլ հաշվիչ սարքերի տվյալները, գեներացնում (կազմում) են հաշվարկային փաստաթղթեր` ապրանքներ ձեռք բերողներին կամ ծառայություններ ստացողին ներկայացնելու (տրամադրելու) և հատուցում ստանալու նպատակով: Որպես հատուկ ծրագրեր չեն կարող համարվել հաշվապահական հաշվառման ծրագրերը, որոնց միջոցով ևս հնարավոր է կամ իրականացվում է հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում:

40. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվներ դուրս գրելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` բիլինգային համակարգ կիրառող անձինք) հարկային հաշիվների սերիա-համարներ տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից կիրառվող համակարգչային ծրագրով ուղարկված հայտի հիման վրա:

41. Բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից հարկային հաշիվների սերիա-համարների ստացման հայտ ներկայացնող ծրագիրը մշակվում է բիլինգային համակարգ կիրառողի կողմից։

42. Էլեկտրոնային հայտը ներկայացնելու ձևաչափը (protocol) սահմանում է հարկային մարմինը և գրավոր տրամադրում է բիլինգային համակարգ կիրառողին` բիլինգային համակարգի կիրառումից առնվազն 3 ամիս առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողը պատրաստ է այդ համակարգը կիրառել ավելի վաղ ժամկետից կամ առանց ձևաչափ ստանալու:

43. Էլեկտրոնային հայտը պետք է ստորագրված լինի հարկային մարմնում՝ հարկային հաշիվների սերիա-համարներ ստանալու լիազորություն ունեցող անձի վավերական էլեկտրոնային ստորագրությամբ: Լիազոր անձի ստորագրությունը հարկային մարմնում գրանցվում է էլեկտրոնային հաշվետվություններն ստորագրելու լիազորություն ունեցող անձանց համար սահմանված գրանցման կարգին համապատասխան:

(43-րդ կետը փոփ. 31.05.12 N 681-Ն)

44. Հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրով ստուգվում է հայտում պարունակվող էլեկտրոնային ստորագրության վավերականությունը, և այն վավերական լինելու դեպքում ապահովվում է հայտի հետագա ընթացքը: Եթե հայտում նշված էլեկտրոնային ստորագրությունը վավերական չէ, ապա հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրով ուղարկվում է ստորագրության անվավեր լինելու հիմքով հայտը մերժելու վերաբերյալ հաղորդագրություն:

45. Վավերական հայտի (այսուհետ` հայտ) դեպքում ծրագիրն ստուգում է հայտով պահանջված քանակությունները տվյալ անձի համար սահմանված` հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափում լինելու հանգամանքը:

46. Բիլինգային համակարգ կիրառող յուրաքանչյուր անձի համար սահմանվում (հաշվարկվում) է հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափ: Հարկային մարմնից ստացվող հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը տվյալ հարկ վճարողի նկատմամբ կիրառելու առաջին չորս ամսում հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը որոշվում է հարկ վճարողի դիմումի հիման վրա, իսկ հետագա ամիսներին հաշվարկվում է նախորդ երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշիվների ընդհանուր քանակի 120 տոկոսի չափով:

47. Եթե հայտում պահանջված սերիա-համարների թիվը տրամադրվելու դեպքում չի խախտվում հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը, ապա հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրային համակարգի միջոցով գեներացվում և հարկ վճարողի ծրագրին են ուղարկվում պահանջվող թվով սերիա-համարներ: Սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը համարվում է խախտված, եթե չմարված սերիա-համարների և հայտով պահանջված սերիա-համարների ընդհանուր թիվը գերազանցում է հարկ վճարողի համար սահմանված ռեզերվային սահմանաչափը: Սույն կետի կիրառման առումով՝ չմարված սերիա-համարներ են համարվում հարկ վճարողին տրամադրված այն սերիա-համարները, որոնցով համարակալված հարկային հաշիվների մասին հարկային մարմին չի ներկայացվել սույն կարգով սահմանված տեղեկատվությունը:

48. Սերիա-համարները կարող են տրամադրվել մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով:

49. Եթե հայտով պահանջված սերիա-համարների քանակությունը տրամադրելու դեպքում խախտվում է հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը, ապա հայտը մերժվում է, և հարկ վճարողին է ուղարկվում ռեզերվային սահմանաչափը խախտելու մասին հաղորդագրություն: Մերժում ստանալուց հետո բիլինգային համակարգ կիրառողի կողմից կարող է ուղարկվել նոր հայտ:

50. Ստացված սերիա-համարները տեղադրվում են բիլինգային համակարգում՝ դրանցով համարակալված հարկային հաշիվներ դուրս գրելու համար:

51. Բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հարկային հաշիվներում արտացոլված` հարկային մարմին ներկայացման ենթակա տեղեկատվությունը, մինչև այդ հաշիվները որևէ ձևով գնորդներին (ապրանքներ ձեռք բերողներին կամ ծառայություններ ստացողներին) տրամադրումը, պետք է ուղարկվի հարկային մարմին: Մինչև հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների տվյալ (ցանկացած) սերիա-համարով հարկային հաշվի մասին ներկայացման ենթակա տեղեկատվության ստացումը՝ տվյալ սերիա-համարով հարկային հաշիվն անվավեր է, իսկ տվյալ սերիա-համարը հարկային հաշիվների համակարգի կողմից դիտվում է որպես գոյություն չունեցող:

52. Բիլինգային համակարգ կիրառողի կողմից հարկային մարմին ուղարկման ենթակա են`

1) հարկային հաշիվներում պարտադիր լրացման ենթակա տվյալները.

2) հարկային հաշվում պարտադիր լրացման ոչ ենթակա, սակայն բիլինգային համակարգի կողմից դուրս գրվող հարկային հաշվում լրացված և ապրանքներ մատակարարողին (ծառայություններ մատուցողին), ապրանքներ ձեռք բերողին (ծառայություններ ստացողին), պայմանագրին վերաբերող տվյալները.

3) տվյալ հարկային հաշվով մատակարարվող ապրանքների ընդհանուր արժեքին, հաշվարկված ավելացված արժեքի հարկի ընդհանուր գումարին, հարկային հաշվի համաձայն վճարման ենթակա ընդհանուր գումարին, իսկ ընդհանուր քանակությունը (ծավալը) հաշվարկելու հնարավորության դեպքում` նաև մատակարարված ապրանքների ընդհանուր քանակին (ծառայության ընդհանուր ծավալին) վերաբերող տվյալները:

53. Հարկային մարմին ուղարկման ենթակա տվյալների (տեղեկատվության) ցանկը սահմանում է վերադաս հարկային մարմինը` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջներից: Հարկային մարմնի կողմից սահմանվող` հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա տվյալները պարտադիր են բիլինգային համակարգ կիրառող բոլոր հարկ վճարողների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, ելնելով գործունեության ոլորտի առանձնահատկություններից, առանձին հարկ վճարողների համար պարտադիր լրացման ենթակա առանձին տվյալներ ենթակա են փոփոխման:

54. Բիլինգային համակարգի միջոցով գեներացված (կազմված) հարկային հաշիվները համարվում են դուրս գրված` հարկային մարմին ուղարկման ենթակա տեղեկությունները հարկային մարմնի կողմից ստանալու պահից, անկախ այն հանգամանքից, թե այդ հաշիվներն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով տրամադրվել են ապրանքներ ձեռք բերողներին (ծառայություններ ստացողներին), թե ոչ:

55. Բիլինգային համակարգի միջոցով գեներացված (կազմված) հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացման ենթակա տեղեկատվությունը հարկային մարմին է ուղարկվում մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով` հարկային մարմնի կողմից սահմանված ծավալներով:

56. Բիլինգային համակարգի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներում արտացոլված տեղեկատվությունը հարկային մարմին ներկայացված լինելու դեպքում՝ բիլինգային համակարգ կիրառողի կողմից այդ հարկային հաշիվների մասին օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին չեն ներկայացվում: Դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկություններ ներկայացնելը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ կապի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկություններ ներկայացնել:

57. Դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկությունների փաթեթը պետք է ստորագրված լինի հարկային մարմնում որպես համապատասխան լիազորությամբ գրանցված անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

(57-րդ կետը փոփ. 29.05.13 N 550-Ն)

58. Հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրի միջոցով պետք է ստուգվի էլեկտրոնային ստորագրության վավերականությունը, և այն վավերական լինելու դեպքում պետք է ապահովվի ստացված տեղեկությունների հետագա ընթացքը: Եթե տեղեկություններում նշված էլեկտրոնային ստորագրությունը վավերական չէ, ապա հարկ վճարողին ուղարկվում է համապատասխան հաղորդագրություն: Ոչ վավերական ստորագրությամբ հարկային հաշիվների մասին տեղեկությունները հարկային հաշիվների համակարգում չեն գրանցվում:

59. Ներկայացված տեղեկությունները վավերական լինելու դեպքում ստուգվում է հարկային մարմնի հարկային հաշիվների մասին ստացված տեղեկատվության մեջ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա տվյալները յուրաքանչյուր հաշվում լրացված լինելու հանգամանքը: Այն հարկային հաշիվները, որոնցում բացակայում են պարտադիր լրացման ենթակա տվյալները, հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չեն գրանցվում: Հարկ վճարողին ուղարկվում է հաղորդագրություն բիլինգային համակարգի միջոցով կազմված հաշիվների մասին տեղեկատվության ընդունումը մերժելու վերաբերյալ:

60. Բիլինգային համակարգ կիրառողներից ստացված և հարկային հաշիվների համակարգում գրանցված բոլոր հարկային հաշիվներն ստորագրվում են հարկային մարմնի կողմից հատուկ առանձնացված էլեկտրոնային ստորագրությամբ և գրանցվում ապրանքներ ձեռք բերողների կամ ծառայություններ ստացողների համար վարվող՝ ստացված հարկային հաշիվների էլեկտրոնային դարանում, բիլինգային համակարգ կիրառողի կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ կազմվող էլեկտրոնային տեղեկանքում: Ստացված սերիա-համարներով հարկային հաշիվները գրանցվում են վավերական հարկային հաշիվների ցանկում:

61. (կետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

62. Բիլինգային համակարգ կիրառողից ստացված` այն հարկային հաշիվների մասին տեղեկատվությունը, որոնցում լրացված են պարտադիր լրացման ենթակա բոլոր տվյալները, գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում` դրանց հետագա ընթացքն ապահովելու համար:

63. Սերիա-համարները կարող են տրամադրվել մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով:

64. Անհրաժեշտության դեպքում (գործունեության դադարեցում, այն գործունեության դադարեցում, որի մասով կիրառվում է բիլինգային համակարգը և այլն) հարկ վճարողի նախաձեռնությամբ նախկինում ստացված սերիա-համարները վերադարձվում են հարկային մարմին:

 

IV. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

(բաժինը լրաց. 27.02.14 N 191-Ն)

 

65. Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու իրավունք ունեն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող և սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պայմանները բավարարող անձինք:

66. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս են գրվում իրական ժամանակում՝ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում:

67. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաները գործում են միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրող սարք՝ այն օբյեկտներում, որոնցում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել նաև տրանսպորտային միջոցներում տեղադրված ՀԴՄ-ների միջոցով:

(67-րդ կետը լրաց. 09.10.14 N 1104-Ն)

68. Հարկային մարմնում որպես հարկային հաշիվներ դուրս գրելու իրավասություն ունեցող գրանցված անձը հարկային հաշիվներ դուրս գրելու համար ՀԴՄ-ն գործարկելուց հետո մուտքագրում է հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անունը (login) ու գաղտնաբառը: Սույն կարգի 67-րդ կետում նշած օբյեկտներում կիրառվող ՀԴՄ-ների միջոցով հարկային հաշիվներ դուրս գրելու համար հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անվան (login) ու գաղտնաբառի մուտքագրումն իրականացվում է ՀԴՄ-ն գործարկելուց (վերագործարկումից) հետո «ՀԴՄ» և «Հարկային հաշիվներ» համակարգերից «Հարկային հաշիվներ» համակարգն ընտրելուց հետո:

69. ՀԴՄ-ի հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրը հնարավորություն է տալիս՝

1) դուրս գրելու հարկային հաշիվներ.

2) դիտելու իր կողմից դուրս գրված (այդ թվում՝ էլեկտրոնային այլ եղանակներով դուրս գրված) և ստացված հարկային հաշիվները.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ հաստատված՝ հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգով չեղյալ ճանաչելու դուրս գրված հարկային հաշիվները, ինչպես նաև դուրս գրելու ճշգրտող հարկային հաշիվներ.

4) ՀԴՄ-ի թղթային ժապավենի օգնությամբ սույն կարգով սահմանված տվյալներով դուրս գրելու հարկային հաշիվներ.

5) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու ստացված հարկային հաշիվները.

6) ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա ստեղծելու նմուշներ (օրինակներ).

7) ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա ստեղծելու հարկային հաշիվներում լրացվող տվյալների բառարաններ: Սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված գործողությունները հնարավոր է իրականացնել միայն ինտերնետային ցանցին միացած լինելու և կապի առկայության պայմաններում (ինտերնետային ցանցի ռեժիմում), իսկ 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված գործողությունները՝ ինչպես ինտերնետային կապի առկայության, այնպես էլ դրա բացակայության պայմաններում: ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվները դուրս են գրվում դրանք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում:

(69-րդ կետը խմբ. 18.08.15 N 946-Ն)

69.1. Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված հարկային հաշվի թղթային՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված տարբերակը չի պահպանում հարկային հաշվի ձևը, սակայն պետք է պարունակի հարկային հաշվում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները:

(69.1-ին կետը լրաց. 09.10.14 N 1104-Ն)

70. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներն չեղյալ են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ սահմանված՝ հարկային հաշիվների  չեղյալ ճանաչման կարգով: (նախադասությունը հանվել է 18.08.15 N 946-Ն)

(70-րդ կետը փոփ. 18.08.15 N 946-Ն)

71. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրվող հարկային հաշիվներում պարտադիր լրացման ենթակա՝ մատակարարի (ծառայություն մատուցողի) անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու կամ բնակության վայրը, ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը նշելու դեպքում՝ գնորդի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը, լրացվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգի միջոցով:

72. Հարկ վճարողը հարկային հաշիվ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված հարկային հաշիվների տեսակը և լրացնում այն: Հարկային հաշիվը կարող է լրացվել հարկային հաշիվների նմուշի հիման վրա կամ բառարաններից անհրաժեշտ տվյալներ ներմուծելու միջոցով:

73. Լրացված հարկային հաշիվը չի կարող վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ, եթե դրանում լրացված չէ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):

74. ՀԴՄ-ի միջոցով լրացված հարկային հաշիվը ենթակա չէ վավերացման, եթե դրանում բացակայում են դրանում լրացման ենթակա նվազագույն տվյալները: Հարկային հաշվի նվազագույն տվյալներ են համարվում դրանում ավելացված արժեքի հարկով հարկված (ավելացված արժեքի հարկի գումարի և դրույքաչափի նշումով) որևէ գործարքի մասին հարկային հաշվի հաշվարկային մասում լրացվող տվյալները:

75. ՀԴՄ-ի միջոցով լրացված հարկային հաշիվը վավերացվում է ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար: Հարկային հաշիվը դուրս է գրվում հարկային հաշիվն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում: Հարկային հաշիվը կարող է վավերացվել «CoSign» համակարգի կամ նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրության միջոցով: Նույնականացման քարտի միջոցով հարկային հաշիվն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու դեպքում կիրառվում է ՀԴՄ-ի քարտ ընթերցող հանգույցը:

76. (կետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

77. (կետն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

78. ՀԴՄ-ի թղթային ժապավենի միջոցով տպագրվող հարկային հաշվում տպագրվում է հարկային հաշվի սերիա-համարը, հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը և ժամը, մատակարարի ԱԱՀ-ն վճարողի հաշվառման համարը, գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը մատակարարված ապրանքի (մատուցված ծառայության) ընդհանուր արժեքը, ավելացված արժեքի հարկի գումարը, հարկային հաշիվը դուրս գրողի անունը և ազգանունը:

 79. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվը դուրս գրողի կողմից կարող է հայտարարվել չեղյալ` դուրսգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում, եթե հարկային հաշիվը չեղյալ համարելու պահին տվյալ հարկային հաշիվը վավերացված չէ տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ:

80. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում ՀԴՄ-ի հարկային հաշիվների դուրսգրման ծրագրում կամ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում կիրառվող ծրագրերում այնպիսի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չգրանցվող հարկային հաշիվ կամ հարկային հաշիվների համակարգում գրանցվում է դուրսգրված հարկային հաշվում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչված սերիա-համարով հարկային հաշիվ:

(բաժինը լրաց. 27.02.14 N 191-Ն)

 

V. ՃՇԳՐՏՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

(բաժինը լրաց. 18.08.15 N 946-Ն)

 

81. Գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չկատարվելու, հարկային հաշվում նշված պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ:

82. Սույն կարգի իմաստով գործարքը համարվում է հարկային հաշվում նշված պայմաններով չկատարված կամ հարկային հաշվում նշված պայմանները համարվում են փոփոխված՝

1) եթե գնորդը (ծառայություն ստացողը) հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը), կամ մատակարարը (ծառայություն մատուցողը) հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը).

2) եթե գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է և համաձայն գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրի՝ գնորդի կողմից այդ ապրանքները չիրացնելու հետևանքով դրանք վերադարձվում են մատակարարին.

3) գործարքի պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում, երբ պայմանների փոփոխման արդյունքում մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների ծավալները նվազում են:

83. Սույն կարգի 82-րդ կետով սահմանված դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ: Ճշգրտող հարկային հաշվում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հարկային հաշվի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հարկային հաշվում արտացոլվում են հետ վերադարձվող ապրանքների կամ մատուցված ծառայության չընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում նշված տվյալները (միավորի գինը, արժեքը, ԱԱՀ գումարը, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դեպքում՝ ակցիզային հարկի գումարը) և հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալները: Մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում ապրանքների վերադարձման կամ մատուցված ծառայությունների արդյունքների չընդունման (չհանձնման) օրը:

84. Ճշգրտող հարկային հաշվի դուրսգրման դեպքում գործարքի կողմեր համարվող ԱԱՀ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել համապատասխան ճշգրտող հարկային հաշվի դուրսգրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներում, իսկ օրենքով սահմանված դեպքում ԱԱՀ վճարող համարվելուց դադարելու դեպքում՝ ԱԱՀ վճարող համարվելու ժամանակահատվածի վերջին օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում:

85. Անկախ սույն կարգի դրույթներից` ծառայությունների մատուցմանը վերաբերող ճշգրտող հարկային հաշիվ չի կարող դուրս գրվել, եթե այդ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) մատուցվել են գործարքի իրական պայմաններին համապատասխանող` դուրս գրված հարկային հաշվում նշված պայմաններով կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ ծառայության արդյունքի հետ հանձնումն ուղղակի անհնարին է: Ապրանքի մատակարարման դեպքում ճշգրտող հարկային հաշիվ չի կարող դուրս գրվել, եթե ապրանքը չի կարող վերադարձվել:

(բաժինը լրաց. 18.08.15 N 946-Ն)

(հավելվածը խմբ. 04.08.11 N 1084-Ն, փոփ., լրաց., խմբ. 31.05.12 N 681-Ն, փոփ., խմբ. 07.03.13 N 196-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.05.13 N 550-Ն, լրաց. 27.02.14 N 191-Ն, 09.10.14 N 1104-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.08.15 N 946-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 18.08.15 N 946-Ն)

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ

 

1. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հարկային հաշիվները համարակալվում են հարկային հաշիվների համարակալման միասնական համակարգի (ծրագրի) կողմից գեներացված սերիա-համարներով:

(1-ին կետը փոփ. 18.08.15 N 946-Ն)

2. Հարկային հաշիվների սերիա-համարները (սույն որոշման ամբողջ տեքստում` հարկային հաշիվների սերիա-համարները) գեներացման համակարգն ապահովում է սերիայի և համարի ամբողջությամբ առնվազն երեք տարվա ընթացքում առանց կրկնվելու հարկային հաշիվների սերիա-համարների գեներացումը:

(2-րդ կետը փոփ. 18.08.15 N 946-Ն)

3. Սերիա-համարները բաղկացած են հայերեն այբուբենի մեկ մեծատառ ունեցող սերիայից և տասանիշ թվից բաղկացած համարից:

4. Հարկային հաշիվների համարը բաղկացած է նույնականացնող ութ նիշից և 2-նիշանոց ստուգիչ նիշերից: Ստուգիչ նիշերով հարկային հաշվի համարն ստուգվում է ծրագրի միջոցով:

5. Հարկային հաշիվների նույնականացնող նիշերում թվերը գեներացվում են ծրագրի միջոցով` գաղտնի ալգորիթմով՝ այնպես, որ հնարավոր չլինի կանխատեսել, թե որևէ համարի գեներացումից հետո որ թիվն է գեներացվելու համակարգի կողմից:

6. Հարկային հաշիվների սերիա-համարների համակարգը վարում է համակարգի կողմից գեներացված և հարկ վճարողներին տրամադրված հարկային հաշիվների սերիա-համարների հաշվառում:

(հավելվածը փոփ. 18.08.15 N 946-Ն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

 նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ

(վերնագիրը խմբ. 18.08.15 N 946-Ն

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 20.1-ին հոդվածին համապատասխան հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում «ապրանքների մատակարարում», «ծառայությունների մատուցում», «գործարք» հասկացությունները կիրառվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառված իմաստով, իսկ «կնքված պայմանագիր» հասկացությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (մասնավորապես` օրենսգրքի 436-րդ, 448-րդ հոդվածներով) սահմանված իմաստով՝ անկախ կնքման ձևից (օրինակ` բանավոր):

3. Սույն որոշմամբ սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվները կարող են հարկային հաշիվ դուրս գրող անձի կողմից չեղյալ ճանաչվել սույն կարգին համապատասխան՝ սխալներով լրացված լինելու դեպքում: Սույն կարգի իմաստով հարկային հաշվի սխալներով լրացված լինելու հիմքերն են`

1) ապրանքներն առաքվել (ծառայությունները մատուցվել) են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով.

2) ապրանքների մատակարարմանը (ծառայությունների մատուցմանը) վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).

3) հարկային հաշվով մատակարարվող ապրանքի (մատուցվող ծառայության) ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:

4. Սխալներով լրացված և դուրս գրված հարկային հաշիվը չեղյալ է ճանաչվում ինտերնետային կապի միջոցով հարկային հաշիվների դուրսգրման ծրագրի միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան: Տվյալ դեպքում հարկային հաշվի թղթային տարբերակի վրա դուրս գրողի կողմից սույն կարգի 3-րդ կետում նշված հարկային հաշիվը չեղյալ ճանաչելու հիմքի (պատճառի) վերաբերյալ գրառում է կատարվում: Ընդ որում, եթե չեղյալ ճանաչելու պահին հարկային հաշիվը վավերացված է տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ, ապա այդ գրառումը ստորագրվում է նաև ստացողի կողմից: Հարկային հաշվի լրացման հետ կապված այն դեպքերում, երբ ապրանքներն առաքվել են գնորդին կամ ծառայությունները մատուցվել են ստացողին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով, հարկային հաշիվը չեղյալ է ճանաչվում, եթե հարկային հաշվի թղթային տարբերակի վրա առկա է ապրանքներ ձեռք չբերելու կամ ծառայություններ չստանալու վերաբերյալ այն անձի ստորագրությամբ գրառումը, ում անունով դուրս է գրվել հարկային հաշիվը: Սույն կետով սահմանված կարգով հարկային հաշիվը չեղյալ է ճանաչվում հիմքերից որևէ մեկն առաջանալու օրվան հաջորդող մինչև 15-րդ օրը:

5. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, տնտեսավարող սուբյեկտի գործունեության կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված, հարկային հաշիվը նախօրոք դուրս գրվելու դեպքում (պայմանով, որ ապրանքները պետք է մատակարարվեն կամ ծառայությունները պետք է մատուցվեն հարկային հաշվում նշված համապատասխան օրը) հարկային հաշիվը չեղյալ է ճանաչվում սույն կարգի 4-րդ կետի պայմանների պահպանման դեպքում:

6. Այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը հայտնի է դարձել սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետից հետո, ապա սույն կարգի 4-րդ կետի պահանջների պահպանմամբ հարկային հաշիվը չեղյալ ճանաչվելու դեպքում հարկային հաշվի վրա նշվում է նաև հարկային հաշվի չեղյալ ճանաչման հիմքը հայտնի դառնալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:

7. Այն գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվները, որոնց մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ իրավական այլ ակտերով հարկային հաշիվներ դուրս չեն գրվում, չեղյալ չեն ճանաչվում: Նշված դեպքում հարկ վճարողը չի ազատվում դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից, եթե գործարքը կատարվել է:

8. Սույն կարգին համապատասխան՝ անմիջականորեն հարկային հաշիվներ դուրս գրած անձի (հանձնակատարի, գործակալի, համատեղ գործունեության մասնակցի) կողմից չեղյալ են ճանաչվում նաև հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնած անձի անունից դուրս գրված հարկային հաշիվները:

(հավելվածը լրաց. 07.07.11 N 989-Ն, 29.05.13 N 550-Ն, խմբ. 18.08.15 N 946-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան