Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.08/59(1239).1 Հոդ.767.19
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3297/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3297/02/14
2016թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ`

Ա. Խառատյան

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2015 թվականի որոշման դեմ` ըստ Նախարարության Մաշտոցի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ Գագիկ Խաչատրյանի, երրորդ անձինք Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն և Արսեն Խաչատրյանների` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Երևանի Օհանովի փողոցի 76-րդ շենքի թիվ 10 բնակարանի` ընդհանուր սեփականության իրավունքով պարտապան Գագիկ Խաչատրյանին պատկանող բաժնեմասի վրա բռնագանձում տարածել, ինչպես նաև վճիռ կայացնել բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համապատասխան:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Կարապետյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.09.2015 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.04.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ սույն գործով ընդհանուր սեփականության մասնակիցները պատասխանողի կողմում ներգրավված են եղել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք և պատշաճ ծանուցված լինելու պայմաններում զրկված չեն եղել ընդհանուր սեփականության` Գագիկ Խաչատրյանին պատկանող բաժնեմասի գնման իրենց իրավունքն իրացնելուց: Հետևաբար բաժնային սեփականատերերի կողմից իրենց իրավունքը չիրացնելը դիտվում է որպես ձեռքբերման իրավունքից հրաժարում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ վարչական դատարանի 26.04.2010 թվականի թիվ ՎԴ/15016/03/10 օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ ստացած վճարման կարգադրության համաձայն` Գագիկ Խաչատրյանից հօգուտ Տեսչության ենթակա է բռնագանձման 720.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձման բաժնի (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարող Էդ. Զորօղլյանի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 08.02.2012 թվականի որոշման համաձայն` ՀՀ վարչական դատարանի կողմից 28.10.2011 թվականին տրված թիվ ՎԴ/15016/03/10 կատարողական թերթով Գագիկ Խաչատրյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 720.000 ՀՀ դրամ: Կատարողական գործողությունների ընթացքում Տեսչությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` պարտապան Գագիկ Խաչատրյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Թիվ ՎԴ/15016/03/10 կատարողական թերթը կատարելու վերաբերյալ 24.11.2011 թվականին հարուցված թիվ 01/11-2348/11 կատարողական վարույթն ավարտվել է (հատոր 1-ին, գ.թ. 9):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 26.03.2012 թվականի թիվ ԿԽ-1/844 գրության համաձայն` Երևանի Օհանովի փողոցի 76-րդ շենքի թիվ 10 բնակարանը բաժնային սեփականության իրավունքով գրանցված է Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն, Արսեն, Գագիկ Խաչատրյանների անվամբ` Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն, Արսեն, Գագիկ Խաչատրյանների` բոլորը 6/7 բաժնեմասով, Հռիփսիկ, Հրաչյա Խաչատրյանների` 1/7 բաժնեմասով (հատոր 1-ին, գ.թ. 10):

4) Սույն գործով երրորդ անձինք Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն և Արսեն Խաչատրյանները պատշաճ կերպով ծանուցվել են դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել դատարան (հատոր 1-ին, գ.թ. 45-58):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության ընթացքում ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից բաժնեմասի գնման իրենց իրավունքի իրացման հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

Այսինքն` ընդհանուր սեփականության մասնակիցների մոտ պարտապանի մասը գնելու իրավունքի ծագման համար անհրաժեշտ է երկու նախապայմանի առկայություն. երբ պարտապանի բաժինը բնեղենով անհնար է առանձնացնել կամ դրա դեմ կա առարկություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված նյութական նորմի վերլուծությանը, արձանագրել է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգը զուգակցում է ինչպես ընդհանուր սեփականության մեջ պարտապան մասնակցի, պարտատիրոջ, այնպես էլ մյուս սեփականատերերի շահերը: Մասնավորապես` վերջիններիս շահերից ելնելով` սահմանված է, որ բաժնի վրա բռնագանձում տարածելը հնարավոր է միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում: Ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք ունեն շուկայական գնով գնելու գույքի այն բաժինը, որի վրա բռնագանձում է տարածվում: Ընդ որում, վաճառքից ստացված գումարը կուղղվի պարտքի մարմանը: Իսկ պարտատիրոջ շահերի պաշտպանության համար սահմանված է, որ վերջինս իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև իրավունք ունի առաջարկելու ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին գնել պարտապանի բաժինը, իսկ վերջիններիս կողմից հրաժարվելու դեպքում` պահանջել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել հրապարակային սակարկություններով (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դերենիկ, Վոլոդյա, Դեղձուհի, Էմմա, Արմինե, Հարություն, Տաթևիկ Մարգարյանների թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովելու ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում: Օրենսդիրը, ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների համար իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ սահմանելով հանդերձ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, այն է՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության, ինչպես նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու պարագայում, նախատեսել է այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, որի նպատակն է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների և պարտատիրոջ իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելը: Նման իրավիճակում օրենսդիրը պարտատիրոջ իրավունքների պաշտպանության միակ հնարավոր միջոց է համարել պարտատիրոջ իրավունքը՝ պահանջելու ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ դրանից ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելով և բռնագանձումը պարտապանի բաժին գումարի վրա տարածելով:

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,

2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,

3. պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,

4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը (տե՛ս, Լաուրա Դավթյանն ընդդեմ Արսեն Մակարյանի, Լիաննա Ղազարյանի և Ալլա Մակարյանի թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի` պարտապանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջի դեմ առարկելու դեպքում ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք են ստանում գնելու ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժինը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջի քննության պայմաններում ընդհանուր սեփականության մասնակիցներից պահանջվում է կոնկրետ և համարժեք գործողությունների կատարում, որոնք ուղղված են ընդհանուր սեփականության մեջ պարտապանի բաժնի գնմանը` օրենքով սահմանված կարգով: Հակառակ դեպքում օրենսդիրը նախատեսել է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժնի առանձնացման և/կամ դրա իրացման կարգ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված գործողությունները լիարժեք կարող են իրականացվել` ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության մասնակիցներին գործին մասնակից դարձնելով, նրանց ներկայությունը դատական քննությանը պատշաճ ապահովելով, նրանց կողմից իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները բարեխիղճ իրականացվելու միջոցով:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վարչական դատարանի 26.04.2010 թվականի թիվ ՎԴ/15016/03/10 օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ ստացած վճարման կարգադրության համաձայն` Գագիկ Խաչատրյանից հօգուտ Տեսչության ենթակա է բռնագանձման 720.000 ՀՀ դրամ: Ծառայության 08.02.2012 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ 28.10.2011 թվականին տրված թիվ ՎԴ/15016/03/10 կատարողական թերթով պետք է Գագիկ Խաչատրյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 720.000 ՀՀ դրամ: Միաժամանակ կատարողական գործողությունների ընթացքում Տեսչությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` պարտապան Գագիկ Խաչատրյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Գործում առկա՝ Կադաստրի 26.03.2012 թվականի թիվ ԿԽ-1/844 գրությամբ նշվել է, որ Երևանի Օհանովի փողոցի 76-րդ շենքի թիվ 10 բնակարանը բաժնային սեփականության իրավունքով գրանցված է Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն, Արսեն, Գագիկ Խաչատրյանների անվամբ: Ընդ որում, Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն, Արսեն, Գագիկ Խաչատրյանների` բոլորը 6/7 բաժնեմասով, իսկ Հռիփսիկ, Հրաչյա Խաչատրյանների` 1/7 բաժնեմասով:

Սույն գործով երրորդ անձինք Հռիփսիկ, Հրաչյա, Աննա, Արմեն և Արսեն Խաչատրյանները պատշաճ կերպով ծանուցվել են դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել դատարան:

Դատարանը, արձանագրելով, որ պարտատերը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ առաջարկել է երրորդ անձանց գնել պարտապանի բաժնեմասը, պատճառաբանել է, որ «հիմք ընդունելով ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանության` ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կարևորված անհրաժեշտությունը, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու համար անհրաժեշտ ոչ բոլոր պայմանների առկայությունը, գտնում է, որ առկա է արգելք` բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու համար», ուստիև հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, իր որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որով ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչությունն ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին առաջարկել է գնել պարտապանին պատկանող բաժնեմասը, իսկ նրանք հրաժարվել կամ չարձագանքելով իրենց կատարված առաջարկին` այդպիսով հրաժարվել են պարտապանի բաժինը գնելուց: Նման պայմաններում, երբ առաջարկ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին չի ուղարկվել, վերջիններս այդպիսին չեն ստացել, չի կարող հաստատված համարվել այն, որ վերջիններս հրաժարվել են պարտապանի բաժինը ձեռք բերելուց»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Երևանի Օհանովի փողոցի 76-րդ շենքի թիվ 10 բնակարանի` ընդհանուր սեփականության իրավունքով պարտապան Գագիկ Խաչատրյանին պատկանող բաժնեմասի վրա բռնագանձում տարածել, ինչպես նաև վճիռ կայացնել բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համապատասխան: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ Դատարանին ներկայացնելով` Տեսչությունը, ըստ էության, կամահայտնություն է դրսևորել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի կանոնների պահպանմամբ հասնել գույքի վաճառքին` ստացված գումարից իր պարտքը ստանալու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարան արձանագրում է, որ սույն գործով ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները, ներգրավված լինելով որպես դատավարության կողմ և պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չեն իրացրել պարտապանին ընդհանուր սեփականությունում պատկանող բաժնեմասի գնման` օրենքով իրենց վերապահված իրավունքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գործի քննության վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված ընդհանուր սեփականության մասնակիցների կողմից իրենց սուբյեկտիվ իրավունքների իրացման ուղղությամբ անգործության դրսևորման պայմաններում պարտատիրոջ իրավունքները չեն կարող անտեսվել, հետևաբար սույն գործի քննության ընթացքում ընդհանուր սեփականության մասնակիցների` որպես դատավարության կողմ ներգրավված լինելու պայմաններում արդեն իսկ գործել է այն կանխավարկածը, որ պարտատերն ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին առաջարկել է գնել պարտապանին պատկանող բաժնեմասը, հետևաբար պարտատերն իր շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից բաժնեմասի գնման իրենց իրավունքի չիրացման պայմաններում պետք է ապահովվեր պարտատիրոջ իրավունքների պաշտպանությունը, ինչը գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննություն չկատարելու պայմաններում, չի ապահովվել:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան