Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1269
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.11/37(1217) Հոդ.387
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.04.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

29 ապրիլի 2016 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ին ստորագրված վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Վարկառու) և Զարգացման ֆրանսիական գործակալության (այսուհետ՝ Վարկատու) միջև վարկային համաձայնագիրն (այսուհետ՝ Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին:

Վարկային համաձայնագրի անբաժանելի մասն են հանդիսանում. Հավելված 1Ա. «Սահմանումներ», Հավելված 1Բ. «Մեկնաբանություն», Հավելված 2. «Ծրագրի նկարագրություն», Հավելված 3. «Ֆինանսավորման պլան», Հավելված 4. «Նախապայմաններ», Հավելված 5Ա. «Առհանման հայտի ձև», Հավելված 5Բ. «Առհանման հաստատման ձև և դրույք», Հավելված 6. «Մեղմացման միջոցառումներ բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականության համատեքստում», Հավելված 7. «Ազդեցության ցուցիչների վերաբերյալ հաշվետվության ձև» և Հավելված 8. «Տեղեկություններ, որոնք կարող են հրապարակվել Ֆրանսիայի կառավարության և Վարկատուի կայքերում»:

 

2. Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է յոթանասունհինգ միլիոն (75.000.000) եվրո գումարի չափով վարկ (այսուհետ՝ Վարկ)՝ Վարկային համաձայնագրի պայմաններին և դրույթներին համապատասխան՝ Արարատյան հարթավայրում ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը բարելավելու ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնելու նպատակով: ՀՀ կառավարության մասնակցությունը Ծրագրին կազմում է տասնհինգ միլիոն եվրո` ԱԱՀ-ի մասով (Հավելվածներ 2 և 3):

Ծրագիրը բաղկացած է 2 բաղադրիչներից` Բաղադրիչ 1. «Վեդու ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարություն», Բաղադրիչ 2. «Ոռոգելի մակերեսի վերականգնում, արդիականացնում, ընդլայնում» (Հավելված 2, մաս II):

Ծրագրով նախատեսվում է՝ Վեդու ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարության շնորհիվ ապահովել 29 մլն մ3  ծավալով վարարաջրերի ամբարումը և, հետևաբար, կրճատել ջրառը Սևանա լճից և գրունտային ջրերից, ոռոգման ինքնահոս համակարգերի միջոցով ապահովել 3200 հա մշակովի հողերի ոռոգումը և 11 պոմպակայանների փակման շնորհիվ խնայել տարեկան 19 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա կամ 1,9 մլն եվրո, ջրանցքների վերականգնման և ընդլայնման, ոռոգման նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ոռոգման ցանցի արդյունավետությունը 50-60%-ից հասցնել 75-80%-ի, iii) նվազեցնել ոռոգման ծախսերն ու դժվարությունները և մեծացնել բերքատվությունը` խրախուսելով 4500 ֆերմերների զբաղվել ավելի բարձրարժեք մշակաբույսերի (խաղողի և պտղատու այգիներ, բանջարեղեն) մշակմամբ (Հավելված 2, մաս I):

 

3. Ըստ Վարկային համաձայնագրի՝ Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո Վարկի մայր գումարը պետք է մարվի 28 կիսամյակային մասնաբաժիններով` 2022 թվականի մայիսի 31-ից մինչև 2035 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը չի թույլատրվում Վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամ մարում (հոդված 6):

Վարկը տրամադրվելու է մի քանի Առհանումներով` պայմանով, որ Առհանումների թիվը չգերազանցի 20-ը: Առհանման գումարը պետք է լինի նվազագույնը երեք մլն (3.000.000) եվրո կամ Հասանելի վարկին համարժեք գումար, եթե այդ գումարը երեք մլն (3.000.000) եվրոյից պակաս է (հոդված 3, կետ 3.1): Առհանման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է, Ծրագրի տեխնիկական ավարտի օրը` 2021 թվականի մարտի 31-ը, Վարկի արժույթը` եվրոն (Հավելված 1Ա):

 

4. Վարկային համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր Առհանման նկատմամբ կիրառելի տոկոսադրույքը պետք է լինի ստորագրման օրվանից մինչև համապատասխան դրույքի սահմանման օրն ընկած ժամանակահատվածում ինդեքսային դրույքի տատանումից ավելացող/նվազող ֆիքսված հաշվարկային դրույքը, իսկ ժամկետանց վճարումների գծով տույժը` տվյալ ժամանակահատվածի համար կիրառելի տոկոսադրույքին գումարած 3,5%: Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն` պարտավճարը կազմելու է Վարկի տարեկան 0,5%-ը, գնահատման միանվագ վճարը` 0,5%-ը, Վարկի լրիվ կամ մասնակի չեղարկման վճարը` Վարկի չեղարկված գումարի 2,5%-ը:

 

5. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- օգտագործել սույն Վարկով փոխառված բոլոր գումարները բացառապես ֆինանսավորման նպատակով, բացառությամբ հարկերի, Ծրագրի նկարագրությանը (Հավելված 2) և Ֆինանսավորման պլանին (Հավելված 3) համապատասխան (2-րդ հոդվ., 2.2 կետ),

- ստորագրման օրվանից ոչ ուշ Վարկատուին տրամադրել Հավելված 4-ի (Նախապայմաններ) I մասում սահմանված բոլոր փաստաթղթերը (2-րդ հոդվ., 2.4 կետ, ա) ենթակետ),

- Ծրագրի անունով բացել և վարել հաշիվ ՀՀ կենտրոնական բանկում (Հաշվի բանկ), հրաժարվել և ապահովել, որ Հաշվի բանկը հրաժարվի հաշվանցման ցանկացած իրավունքից, որ Կողմը կարող է ունենալ Ծրագրի հաշվի նկատմամբ և Հաշվի բանկում Հայաստանի Հանրապետության անունից բացված ցանկացած այլ հաշվի կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ պարտքի նկատմամբ (3-րդ հոդվ., 3.4.2.1 կետ),

- համաձայնել, որ Առհանման ժամանակահատվածում Ծրագրի հաշիվը պետք է աուդիտի ենթարկվի տարեկան կտրվածքով. աուդիտները կատարվում են Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված անկախ և հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից` պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը առարկություն չունենա աուդիտորական առաքելության և Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված աուդիտորական ընկերության նշանակման առնչությամբ, ինչպես նաև կրել աուդիտորական բոլոր ծախսերը (3-րդ հոդվ., 3.4.2.8 կետ),

- Վարկատուի պահանջով 20 օրացուցային օրվա ընթացքում վերադարձնել բոլոր այն գումարները, որոնց օգտագործումը պատշաճ կամ բավարար կերպով չի հիմնավորվել Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3.4.2.7-րդ կետով (Օգտագործման վերջնաժամկետ)` որպես օգտագործման վերջնաժամկետ սահմանված օրվա դրությամբ, Ծրագրի հաշվին առկա բոլոր մյուս գումարների հետ միասին (3-րդ հոդվ., 3.4.2.9 կետ),

- յուրաքանչյուր Վճարման օր վճարել Առհանման (Առհանումների) նկատմամբ կուտակված տոկոսները, ընդ որում՝ տոկոսագումարը հավասար է Չմարված մայր գումարի համար Հայաստանի Հանրապետության կողմից վճարման ենթակա տոկոսի գումարին` յուրաքանչյուր Առհանման մասով, որը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ համապատասխան Առհանման մասով Հայաստանի Հանրապետության կողմից վճարման ենթակա մայր գումարը` վճարմանն անմիջապես նախորդող օրվա կամ, առաջին Տոկոսային ժամանակահատվածի դեպքում, համապատասխան Առհանման օրվա դրությամբ, որպես հիմք ընդունելով տարին երեք հարյուր վաթսուն (360) օրը` համապատասխան Տոկոսային ժամանակահատվածի ընթացքում կուտակված օրերի ճշգրիտ թիվը, և Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.1 կետի (Տոկոսադրույք) դրույթներին համապատասխան որոշված կիրառելի Տոկոսադրույքը, այն է՝ ստորագրման օրվանից մինչև համապատասխան դրույքի սահմանման օրն ընկած ժամանակահատվածում Ինդեքսային դրույքի տատանումից ավելացող կամ նվազող Ֆիքսված հաշվարկային դրույքը, որը Հայաստանի Հանրապետությունը կարող է նշել Առհանման յուրաքանչյուր հայտում, և որը չպետք է գերազանցի տարեկան 6.25 %-ը կամ չպետք է ավելի ցածր լինի տարեկան 0.25%-ից` անկախ Տոկոսադրույքի ցանկացած նվազումից (հոդված 4, կետեր 4.1 և 4.2),

- ժամկետանց վճարման և պարտավորության չկատարման դեպքում վճարել Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.3-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված տոկոսը և տույժը,

- ստորագրման օրվանից սկսվող` 4 ամիսը լրանալուց հետո առաջին օրվանից վճարել տարեկան պարտավճար` 0,5%-ի չափով, որը հաշվարկվում է լրացած օրերի փաստացի թվի համար համամասնորեն բաշխված Հասանելի վարկի գումարի նկատմամբ` ավելացրած այն Առհանման գումարը, որը Վարկատուի կողմից պետք է տրամադրվի դեռևս չբավարարված Առհանման հայտին համապատասխան (հոդվ. 5, կետ 5.1, 1 և 2 մասեր),

- վճարել կուտակված պարտավճարը յուրաքանչյուր Վճարման օր Առհանման ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող Վճարման օրը, և Հասանելի վարկն ամբողջությամբ չեղարկելու դեպքում` դրան հաջորդող Վճարման օրը (հոդվ. 5, կետ 5.1, մաս 4),

- նախքան առաջին Առհանումը և Ստորագրման օրվանից ոչ ուշ, քան չորս ամիս հետո վճարել գնահատման վճար` 0,5%-ի չափով (հոդվ. 5, կետ 5.2),

- Վարկի լրիվ կամ մասնակի չեղարկման դեպքում չեղարկմանն անմիջապես հաջորդող վճարման օրը վճարել չեղարկման վճար` Վարկի չեղարկված գումարի 2,5%-ի չափով (հոդվ. 5, կետ 5.3),

- արտոնյալ ժամկետի ավարտից անմիջապես հետո Վարկի մայր գումարը մարել 28 կիսամյակային մարումներով (հոդվ. 6),

- լրացուցիչ ծախսերի, պարտավորության չկատարման, վարկային միջոցների օգտագործումը չհիմնավորելու և այլ դեպքերի վերաբերյալ Վարկատուից ծանուցում ստանալով՝ անմիջապես կատարել Վարկի ամբողջական կամ մասնակի մարում (հոդվ. 7, կետ 7.2),

- Վարկի ցանկացած վաղաժամ մարման դեպքում վճարել տույժ` կուտակված տոկոսների և չվճարված վճարների հետ միասին (հոդվ. 7, կետ 7.5),

- ուղղակիորեն Վարկատուին վճարել կամ, եթե կիրառելի է, Վարկատուի կողմից վճարված կանխավճարի դեպքում փոխհատուցել սույն Համաձայնագրի բանակցման, նախապատրաստման ու ստորագրման և դրանից հետո կատարված ֆինանսական ցանկացած այլ փաստաթղթի կապակցությամբ Վարկատուի կրած բոլոր ծախքերի և ծախսերի գումարը, որը սահմանափակվում է 15.000 եվրոյով`բացառությամբ ԱԱՀ-ի (հոդվ. 8, կետ 8.1),

- վճարել կամ վճարված կանխավճարի դեպքում փոխհատուցել ֆինանսավորման փաստաթղթերի հնարավոր փոփոխությունների հետ կապված դրոշմատուրքերի, գրանցման և նմանատիպ այլ հարկերի հետ կապված ծախսերը, շահութահարկից ազատել կամ համապատասխան չափով փոխհատուցել Վարկատուին վճարվող բոլոր վճարումները, ինչպես նաև փոխհատուցել Վարկատուի վճարած` Հայաստանի Հանրապետության հաշվի հետ կապված բոլոր ծախսերը և/կամ հարկերը (հոդվ. 8, կետեր 8.3.1 և 8.3.2),

- Վարկատուի պահանջով 10 աշխատանքային օրվա ընթացքում վճարել պատշաճ կերպով հիմնավորված Վարկատուի բոլոր լրացուցիչ ծախսերը, (հոդվ. 8, կետ 8.4),

- սույն Համաձայնագրի կամ որևէ հրամանի, վճռի կամ որոշման ներքո Վարկատուին վճարման ենթակա գումարը վճարման արժույթից այլ արժույթի փոխարկելու դեպքում Վարկատուի պահանջով 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարել փոխարկումից առաջացող ցանկացած ծախսի, կորստի կամ պարտավորության գումարը, ներառյալ փոխարժեքների տարբերությունը, հրաժարվել վճարել սույն Համաձայնագրով վճարման ենթակա ցանկացած գումար վճարման սահմանված արժույթից բացի այլ արժույթով կամ ՀՀ դրամով (հոդվ. 8, կետ 8.5),

- Վարկատուին վճարման ենթակա ցանկացած տույժ կամ փոխհատուցում վճարել տվյալ տույժին կամ փոխհատուցմանը հանգեցրած հանգամանքներին անմիջապես հաջորդող Վճարման օրը (հոդվ. 8, կետ 8.6),

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բացառել ֆինանսավորման փաստաթղթերի գրանցումը, հաշվառումը, դատական մարմիններում մուտքագրումը և դրանցով նախատեսված գործարքների համար կամ դրանց առնչությամբ դրոշմատուրքերի, գրանցման հարկերի կամ նման այլ հարկերի կամ վճարների վճարումը, (հոդվ. 9, կետ 9.4),

- ապահովել Վարկատուին վճարման ենթակա բոլոր գումարների (մայր գումար, տոկոսավճար, տույժեր, չնախատեսված ծախսեր) ազատ փոխանցումը Ֆրանսիա կամ այլ երկիր և դրա համար պատշաճ կերպով եվրոյի ձեռքբերումը (հոդվ. 9, կետ 9.5),

- ապահովել, որ Վարկատուին տրամադրվող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը լինեն ճշգրիտ, հավաստի և թարմացված տրամադրման օրվա դրությամբ (հոդվ. 9, կետ 9.9),

- ապահովել համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության և/կամ Ծրագրի վրա տարածվող օրենքներին ու կանոնակարգերին (մասնավորապես` շրջակա միջավայրի պաշտպանության, անվտանգության և աշխատանքային օրենսդրությանը) և Ծրագրի փաստաթղթերով նախատեսված իր բոլոր պարտավորություններին (հոդվ. 10, կետ 10.1),

- ժամանակին ձեռք բերել օրենքով կամ կանոնակարգով պահանջվող ցանկացած թույլտվություն, ապահովել դրա համապատասխանությունը և ձեռնարկել այն ուժի մեջ պահելու համար բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի կարողանա կատարել սույն Համաձայնագրով և Ծրագրի փաստաթղթերով նախատեսված իր պարտավորությունները (հոդվ. 10, կետ 10.2),

- Վարկատուին տրամադրել Ծրագրի փաստաթղթերում ցանկացած փոփոխության պատճենը և առանց Վարկատուի համաձայնության Ծրագրի փաստաթղթերում չկատարել (չհամաձայնել կատարել) որևէ էական փոփոխություն (հոդվ. 10, կետ 10.3),

- իրականացնել Ծրագիրը` անվտանգության համընդհանուր ճանաչված սկզբունքներին և գործող տեխնիկական չափորոշիչներին համապատասխան, պահպանել Ծրագրի գույքը՝ աշխատանքային ու տեխնիկական սպասարկման բարվոք պայմաններում, և այն օգտագործել դրա նպատակներին և օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան (հոդվ. 10, կետ 10.4),

- Ծրագրի իրականացման կապակցությամբ բավարարել Գնումների ուղեցույցի պահանջները և իրականացնել դրանք, ձեռնարկել Գնումների ուղեցույցի արդյունավետ իրականացման բոլոր քայլերը և մրցառքային փաստաթղթերում ներառել բնապահպանական և սոցիալական պատասխանատվության դրույթներ (հոդվ. 10, կետ 10.5),

- չլրամշակել կամ չփոփոխել Ֆինանսավորման պլանը`առանց նախապես Վարկատուի գրավոր համաձայնությունն ստանալու, և ֆինանսավորել Ֆինանսավորման պլանով չնախատեսված լրացուցիչ ծախսերն այնպիսի պայմաններով, որոնցով երաշխավորվում է Վարկի մարումը (հոդվ. 10, կետ 10.7),

- պարտավորվել` i) ապահովել, որ սույն Համաձայնագրով նախատեսված վճարման Հայաստանի Հանրապետության պարտավորությունները ցանկացած ժամանակ դասակարգվեն իբրև առնվազն հավասարազոր իր ներկա և հետագա` չապահովված և չստորակարգված այլ պարտավորություններին, ii) այլ վարկատուների չտրամադրել առաջնահերթություն կամ երաշխիքներ` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ըստ Վարկատուի պահանջի տրվում են հօգուտ նրա (հոդվ. 10, կետ 10.8),

- լիազորել Վարկատուին և նրա ներկայացուցիչներին իրականացնել ստուգումներ, դրա ընթացքում համագործակցել և աջակցություն ու տեղեկություններ տրամադրել նրանց, փոխհատուցել տարեկան մեկ ստուգման հետ կապված ծախսերը, պահպանել Թույլատրելի ծախսերին վերաբերող բոլոր փաստաթղթերն Առհանման վերջնաժամկետից հետո 10 տարվա ընթացքում (հոդվ. 10, կետ 10.11),

- ապահովել, որ Ծրագրի իրականացմանը մասնակցողները ներառված չլինեն ֆինանսական պատժամիջոցների որևէ ցանկում, և չֆինանսավորել ՄԱԿ-ի, ԵՄ-ի կամ Ֆրանսիայի կողմից էմբարգոյի ենթարկված մատակարարումները կամ սեկտորները (հոդվ. 10, կետ 10.13),

- Վարկատուին տրամադրել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին պարտքի, ինչպես նաև երաշխավորված վարկերի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որը Վարկատուն ողջամտորեն կարող է պահանջել (հոդվ. 11, կետ 11.1),

- առանց նախապես Վարկատուի համաձայնությունն ստանալու` Վարկառուն չպետք է բացահայտի Համաձայնագրի բովանդակությունը որևէ երրորդ կողմի, բացառությամբ այն անձի, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ունի բացահայտման պարտավորություն` կիրառելի օրենքներին, կանոնակարգերին կամ դատական վճռին համապատասխան (հոդվ. 14, կետ 14.9):

 

6. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ քննության առարկա Համաձայնագրում նախատեսված է, որ պարտավորությունների չկատարման դեպք տեղի ունենալու պահին կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, Վարկատուն, առանց պաշտոնական պահանջի կամ դատական կամ արտադատարանական ընթացակարգ սկսելու, Հայաստանի Հանրապետությանը գրավոր ծանուցելով՝ կարող է չեղարկել Հասանելի Վարկը և/կամ հայտարարել, որ Վարկն ամբողջությամբ կամ մասամբ` կուտակված կամ չվճարված տոկոսավճարների և Համաձայնագրի ներքո չմարված բոլոր մյուս գումարների հետ միասին, ենթակա է անհապաղ վճարման (հոդվ. 12, կետ 12.2):

Ընդ որում, քննության առարկա Համաձայնագրում, ի թիվս այլնի, որպես պարտավորությունների չկատարման դեպք նշվում է Վարկառուի երկրում տեղի ունեցած «քաղաքական իրավիճակի փոփոխությունը» (հոդվ. 12, կետ 12.1, ենթակետ է), առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ հանգամանքներ, դեպքեր կամ փաստեր կարող են որակվել որպես այդպիսին: Սակայն փոփոխության գնահատումն իրականում թողնված չէ Վարկատուի սուբյեկտիվ գնահատականին, քանի որ 1Ա հավելվածում սահմանված է «էական բացասական ազդեցություն» եզրույթը, որից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է այնպիսի բացասական (այդ թվում` քաղաքական) փոփոխություններին, որոնք կարող են էականորեն վտանգել Ծրագրի իրականացումը, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների կատարումը, Համաձայնագրի կիրարկումը և դրա շրջանակներում Վարկատուի պաշտպանության միջոցները:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ սույն Համաձայնագրով հիմք են ընդունվում նաև մի շարք պայմաններ, որոնց առնչությամբ Սահմանադրական դատարանն իր 2016 թվականի ապրիլի 5-ի ՍԴԱՈ-23 որոշմամբ պաշտոնական պարզաբանումներ և հիմնավորումներ է պահանջել քննության առարկա գործով ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչից: Դրանք, մասնավորապես, վերաբերում են Համաձայնագրի 9.7, 9.8, 9.12, 9.13, 9.14, 10.9, 12.1, 12.2, 14.2, 14.4, 14.5, 14.9, 16.1 և 16.2 կետերին:

 

7. Քննության առարկա Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունների սահմանադրականությունը գնահատելիս ՀՀ սահմանադրական դատարանը հաշվի է առնում, որ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասում, մասնավորապես, ամրագրված է. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և միջազգային հանրային իրավունքի նորմերով (այսուհետ` միջազգային իրավունք) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և միջազգային իրավունքի սուբյեկտի, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմավորումների միջև ստորագրված և սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած և Հայաստանի Հանրապետության համար պարտադիր դարձած գրավոր համաձայնություն է, որը տվյալ միջազգային պայմանագրով որոշված կարգավորման առարկայի առնչությամբ պայմանագրի կողմերի համար սահմանում է իրավունքներ և պարտականություններ, փոփոխում կամ դադարեցնում է դրանք»:

Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ «Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որ ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որևէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով»։

Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով։

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ. «Հայկական կողմից միջազգային պայմանագրի սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրը ում անունից է կնքվել։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի մյուս կողմից հանդես եկող սուբյեկտներ կարող են լինել միջազգային իրավունքի սուբյեկտները` օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, միջազգային իրավունքի այլ սուբյեկտները, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմավորումները»։ Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ կարող են լինել նաև խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական կամ ֆինանսատնտեսական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով՝ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորումները»։

ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ /2005թ. խմբագրությամբ` հոդված 81, 2015թ. խմբագրությամբ` հոդված 116/ միանշանակ սահմանված է, որ վավերացման ենթակա են այն միջազգային պայմանագրերը, որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական պարտավորություններ:

Բացի դրանից, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայով (հոդվածներ 2, 14), ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ կետի ե) ենթակետով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով (հոդվ. 24) սահմանված է նաև, որ վավերացման են ենթակա բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնցով նախատեսվում է վավերացում:

Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ին ստորագրված վարկային համաձայնագրի 4-րդ հավելվածի 2-րդ մասի ա) կետով որպես առաջին առհանման նախապայման է սահմանված հետևյալը. «Արտաքին գործերի նախարարության կողմից գրավոր ծանուցման տրամադրում, որով հաստատվում է Վարկառուի պետական հաստատությունների կողմից սույն Համաձայնագրի ստորագրման, ուժի մեջ մտնելու և Վարկառուի համար այդ ստորագրումը պարտադիր դարձնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունների կատարումը` ներառյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից սույն Համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ որոշումը և սույն Համաձայնագրի հաստատումը /վավերացումը/ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ, ինչպես նաև ցանկացած այլ գործողություն, որը կարող է անհրաժեշտ համարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով»:

Բերված իրավակարգավորումների և գործում առկա նյութերի համադրված վերլուծությունից հետևում է, որ.

1. քննության առարկա Համաձայնագիրը միանշանակ ենթակա է վավերացման,

2. վավերացնելուց հետո այդ Համաձայնագրի նորմերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառելի են միջազգային սույն Համաձայնագրի նորմերը,

3. ըստ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացված՝ գործում առկա գրավոր բացատրությունների` քննության առարկա Համաձայնագիրը հանդիսանում է «...մասնավոր իրավահարաբերությունների սուբյեկտի հետ կնքված գործարք, և որպես այդպիսին վերջինիս շրջանակներում պետության կողմից պարտավորությունների ստանձնումը հանդիսանում է jսre gestiօոis (մասնավոր իրավական), այլ ոչ թե jure imperii (հանրային իրավական) գործողություն»,

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը հանգում է նաև նրան, որ սույն Համաձայնագրի առարկան վերաբերում է միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կազմավորման հետ ձեռք բերված` ֆինանսատնտեսական աջակցության ոլորտին առնչվող հարցերին:

ՀՀ սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ ըստ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունների՝

1. «...պետության կողմից օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ կնքված առևտրային գործարքները կարգավորվում են միջազգային մասնավոր իրավունքով», և որ նման գործարքները «...ի թիվս այլոց ներառում է նաև վարկային պայմանագրերը և այլ ֆինանսական բնույթի պայմանագրերը»,

2. Համաձայնագրի 9.7, 9.8, 9.12, 9.13, 9.14, 14.2, 14.4-րդ կետերի դրույթները չեն հանդիսանում պարտավորություններ՝ որպես այդպիսին, այլ, մասնավորապես, հավաստումներ են, այսինքն` փաստերի հաստատում ՀՀ կառավարության կողմից, որոնք նախապայման են Փոխառուի կողմից գումարի փոխանցման համար,

3. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված Համաձայնագրի 9.7-րդ և 14.2-րդ կետերում առկա են թարգմանության սխալներ, որոնք բովանդակային խնդիրներ են առաջացնում,

4. Համաձայնագրի մասնավոր-իրավական բնույթից են բխում 10.9, 12.1, 12.2, 16.1, 16.2-րդ կետերով ստանձնված պարտավորությունները:

ՀՀ սահմանադրական դատարանը կարևոր է համարում շեշտել նաև, որ Համաձայնագրի 9.13-րդ կետի համաձայն` «Վարկառուի համար Գնումների ուղեցույցը պայմանագրորեն պարտադիր է այնպես, ինչպես պարտադիր կլիներ, եթե Գնումների ուղեցույցը հղումով ներառված լիներ սույն Համաձայնագրում...»:

Սակայն դիմումի հետ նման ուղեցույց ՀՀ սահմանադրական դատարան չի ներկայացվել: Այն ներկայացվել է 25.04.2016թ.` Սահմանադրական դատարանի պահանջով, որպես հիշյալ նորմի ուժով տվյալ Համաձայնագրի բաղկացուցիչ մաս:

Գնումների ուղեցույցի նախաբանում շեշտված է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը պետական մարմին է: Այդ մարմնի Կանոնադրությունը ներառված է 2014 թվականի նոյեմբերի 3-ի խմբագրությամբ Ֆրանսիայի Դրամային և ֆինանսական օրենսգրքում: Օրենսգրքի R513-22 հոդվածով սահմանվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը պետական հանրային արդյունաբերական և առևտրային կազմակերպություն է: Այդ կազմակերպության Կանոնադրության ուսումնասիրությունը վկայում է, որ այն հանդիսանում է հանրային իրավունքի իրավաբանական անձ և կարող է հանդես գալ ինչպես պետության անունից, այնպես էլ որպես միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտ:

 

8. Վերոշարադրյալը նկատի ունենալով, ինչպես նաև արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի իրավասությունը սահմանափակվում է միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության գնահատմամբ, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև դիմողի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, արտահայտում է, մասնավորապես, այն ամփոփ իրավական դիրքորոշումները, համաձայն որոնց.

1. Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով դիմողի ներկայացուցչի դիրքորոշումը, Համաձայնագրի 9.7, 9.8, 9.12, 9.13, 9.14, 14.2, 14.4-րդ կետերի դրույթները` դրանց սահմանադրականության գնահատման տեսանկյունից, չի դիտարկում որպես Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորություններ,

2. Համաձայնագրի 10.9, 12.1, 12.2, 16.1, 16.2-րդ կետերով ստանձնված պարտավորությունները կարող են Հայաստանի Հանրապետության համար կոնկրետ իրավական հետևանքներ առաջացնել միայն այնքանով, որքանով դրանք կճանաչվեն որպես միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտի հետ ստանձնված պարտավորություն,

3. Համաձայնագրի 16.2-րդ կետով ստանձնված պարտավորությունը կարող է մեկնաբանվել միայն որպես Համաձայնագրի մասնավոր իրավական բնույթից բխող դատավարական անձեռնմխելիությունից հրաժարում /«Պետությունների և նրանց գույքի դատավարական անձեռնմխելիության մասին» ՄԱԿ-ի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի կոնվենցիայի 10-րդ հոդվածի իմաստով, ինչն արտացոլում է այս հարցում ձևավորված միջազգային սովորութային իրավունքը/,

4. Օտարերկրյա պետություններում Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող պայմանագրերով նախատեսված գնումների ուղեցույցը Համաձայնագրի 9.13-րդ կետի ուժով հանդիսանում է քննության առարկա Համաձայնագրի բաղկացուցիչ մաս,

5. վավերացման ներկայացնելիս Համաձայնագրում պետք է բացառվեն թարգմանական բնույթի սխալները, որոնք հատկապես բովանդակային խնդիրներ են առաջացնում /մասնավորապես` 9.7, 9.13 և 14.2-րդ կետեր/:

 

9. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության համար սույն Համաձայնագրով ստանձնված պարտավորություններն իրավակիրառ պրակտիկայում կիրառելի են սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով որոշման պատճառաբանական մասի 9-րդ կետի պահանջը, նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովը ՀՀ միջազգային պայմանագրերը վավերացնում է ելնելով դրանց առնչվող` ՀՀ սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ին ստորագրված վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


29 ապրիլի 2016 թ.

ՍԴՈ-1269