ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 1241-Ն
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ ու 36-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (քաղ. Երևան, Մոլդովական 70/1) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 170.898.369 դրամ արժեք, 21037.02 քառ. մետր մակերես և 2.642487 հեկտար հողամաս ունեցող գույքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
(1-ին կետը փոփ. 22.11.12 N 1462-Ն)
2. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(4-րդ կետը փոփ. 02.04.15 N 345-Ն)
5. Ստեղծել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
6. Հաստատել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
7. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման աշխատանքների իրականացումը.
2) (ենթակետն ուժը կորցրել է 02.04.15 N 345-Ն)
(7-րդ կետը փոփ. 02.04.15 N 345-Ն)
8. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը գրանցել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:
(8-րդ կետը խմբ. 02.04.15 N 345-Ն)
8.1. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում իրականացնել ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների) պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության ապահովման, աղբահանության կազմակերպմանն ուղղված սպասարկման աշխատանքներ:
(8.1-ին կետը լրաց. 02.04.15 N 345-Ն)
9. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում պետական սեփականություն հանդիսացող հողեր, նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք:
10. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` տարածքների սպասարկման աշխատանքների իրականացում:
(10-րդ կետը փոփ. 02.04.15 N 345-Ն)
11. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությանը:
(11-րդ կետը փոփ. 02.04.15 N 345-Ն)
12. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարվում են սեփական միջոցների հաշվին:
13. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հատկացնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
14. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը.
3) լուծարման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով և դրա կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում նշված մարմինների ներկայացուցիչներին:
(14-րդ կետը փոփ. 07.03.12 N 250-Ն, 22.11.12 N 1462-Ն, 02.04.15 N 345-Ն)
15. Սահմանել, որ «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ հանձնաժողովը պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը հանձնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնելու նպատակով:
(15-րդ կետը լրաց. 02.04.15 N 345-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է (այսուհետ` կազմակերպություն):
2. Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշմամբ` հիմնադրման միջոցով:
3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
4. Հիմնադրի և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք:
6. Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
8. Կազմակերպության անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` «Հանրակացարաններ» ՊՈԱԿ.
3) անգլերեն լրիվ` «Hanrakacaranner» State Non Comertion Organization.
4) անգլերեն կրճատ` «hanrakacaranner» SNCO:
9. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մոլդովական 70/1:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
10. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման, հանրակացարաններում բնակվողների սպասարկման աշխատանքների կատարումն է:
11. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության «Տարածքի՝ վարձակալությամբ տրամադրում» տեսակը:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Կազմակերպության իրավունակությունը ծագում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
13. Կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով:
14. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:
15. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի, իսկ հիմնադիրը` կազմակերպության պարտավորությունների համար:
16. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով:
17. Կազմակերպությունը պարտավոր է`
1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.
2) ապահովել կազմակերպության փաստաթղթերի պահպանումը:
18. Կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրանում առանձին ծախսատեսակների նորմատիվները (ներառյալ աշխատավարձը) և հաստիքացուցակը հաստատվում են լիազորված պետական մարմնի կողմից:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
19. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը և գործադիր տնօրենը:
20. Կազմակերպության հիմնադրի բացառիկ իրավասության հարցերն են`
1) կազմակերպության հիմնադրումը.
2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
4) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.
5) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
6) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:
21. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
1) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
2) կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.
3) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
4) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
5) կազմակերպության գործադիր տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.
6) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
7) կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
8) օրենքով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:
22. Կազմակերպության գործադիր տնօրենը գործում է սույն կանոնադրության, հիմնադրի և լիազոր մարմնի կողմից տրված հանձնարարականների համաձայն:
23. Կազմակերպության գործադիր տնօրենը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և դրա հետ կապված`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է կազմակերպության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները) և գործարքներ կնքում կազմակերպության անունից.
2) ներկայացնում է կազմակերպությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
3) գործում է առանց լիազորագրի և տալիս լիազորագրեր.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
5) բանկերում բացում է կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
6) սահմանում է կազմակերպության կառուցվածքը.
7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և հսկում դրանց կատարումը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է ընդունում կազմակերպության աշխատողներին.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերի առկայության դեպքում աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին.
10) կազմակերպության աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, հիմնադրի և լիազոր մարմնի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
24. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող ու կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից, ինչպես նաև՝ կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներից:
25. Կազմակերպությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ, տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
26. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
27. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
28. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
29. Կազմակերպությունը, սույն կանոնադրությամբ նախատեսված խնդիրներն իրականացնելիս, ստացված շահույթն ամբողջությամբ ուղղում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը:
30. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո մնացած կազմակերպության շահույթը կազմակերպության լիազորած պետական մարմնի թույլտվությամբ ուղղվում է կազմակերպության տեխնիկական զարգացման ֆոնդին:
VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
31. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
32. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
33. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
34. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
35. Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
36. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
37. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գտնվելու վայրը |
Արժեքը, շենքը, շինության |
1. |
Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 70/1 |
29.166879 դրամ արժեքով, 6226.0 քառ. մետր մակերեսով և 0.37613 հա հողամասով (Մոլդովական 70/2 շենքի հողամասի հետ միասին) |
2. |
Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 70/2 |
56.730753 դրամ արժեքով, 2144.53 քառ. մետր մակերեսով |
3. |
Քաղ. Երևան, Շիրակի 2ա |
7.495252 դրամ արժեքով, 2273.7 քառ. մետր մակերեսով և 0,87562 հա հողամասով |
4. |
Քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., N 68 |
16929274 դրամ արժեքով, 669.3 քառ. մետր մակերեսով և 0,114202 հա հողամասով |
5. |
(կետն ուժը կորցրել է 26.05.16 N 543-Ն) | |
6. |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան |
32337604 դրամ արժեքով, 4856.59 քառ. մետր մակերեսով և 0.1102 հա հողամասով |
7. |
ՀՀ Արարատի մարզ, գ. Դարբնիկ, |
19053914 դրամ արժեքով, 2605.3 քառ. մետր մակերեսով և 1.07 հա հողամասով |
(հավելվածը փոփ. 22.11.12 N 1462-Ն, 26.05.16 N 543-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.04.2023, N 459-Ն | 15.02.2024, N 1241-Ն | |
16.05.2019, N 574-Ն | 30.05.2019, N 1241-Ն | |
20.10.2016, N 1070-Ն | 03.11.2016, N 1241-Ն | |
26.05.2016, N 543-Ն | 18.06.2016, N 1241-Ն | |
02.04.2015, N 345-Ն | 16.04.2015, N 1241-Ն | |
22.11.2012, N 1462-Ն | 06.12.2012, N 1241-Ն | |
07.03.2012, N 250-Ն | 22.03.2012, N 1241-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|