Գլխավոր տեղեկություն
Համար
N 353-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.20/33(1213) Հոդ.349
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2016 թվականի N 353-Ն

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 15-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի անվտանգ վերադարձի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

 2016 թ. ապրիլի 8

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 353-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված այն դրույթը, որի համաձայն անվտանգ վերադարձի կազմակերպումը, որպես աջակցության տեսակ, տրամադրվում է այն զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին, ովքեր օտարերկրացի են և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, կամ ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ և գտնվում են օտարերկրյա պետությունում:

2. Զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի վերադարձի` որպես աջակցության տեսակի նպատակն է կազմակերպել նրանց վերադարձն այն պետություն, որի քաղաքացի են նրանք կամ որտեղ ունեն բնակության (այսուհետ` ծագման պետություն) իրավունք կամ փախստականի կարգավիճակ` ապահովելով զոհի իրավունքների պաշտպանությունը:

3. Օրենքի շրջանակներում զոհի վերադարձը կազմակերպվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչի կամավոր, կշռադատված որոշման հիման վրա, միայն անվտանգության անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկելուց հետո:

4. Անվտանգ վերադարձի կազմակերպումը համակարգում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

5. Օտարերկրացի զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի անվտանգ վերադարձն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, աջակցություն տրամադրող իրավասու մարմնի միջնորդությամբ և նույնացման հանձնաժողովի որոշմամբ, աջակցությունը դադարեցվել է և ավարտվել է աջակցության գործընթացը:

6. Օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ որպես զոհ ճանաչվելու դեպքում, օտարերկրացի զոհն իր, իսկ հատուկ կատեգորիայի զոհի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի ցանկությամբ ենթակա է անվտանգ վերադարձի այն պետություն, որի քաղաքացի է կամ որտեղ ունի բնակության իրավունք:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց, համապատասխան ճամփորդական փաստաթղթերի և անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, աջակցություն տրամադրող իրավասու մարմնի միջնորդությամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, համագործակցելով ծագման պետության համապատասխան իրավասու մարմինների հետ, աջակցում է օտարերկրացի զոհին նրա անվտանգ վերադարձը կազմակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերով ապահովելու հարցում:

8. Զոհի անվտանգությանն սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր նախաձեռնությամբ կամ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված իրավասու մյուս մարմինների միջնորդության հիման վրա կազմակերպում է անվտանգ վերադարձի ընթացքում օտարերկրացի զոհի ուղեկցումը մինչև նրա ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից, միաժամանակ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով իրավասու մարմիններին միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով տեղեկացվում է զոհի ժամանելու, նրան դիմավորելու և պաշտպանության անհրաժեշտության մասին:

9. Հատուկ կատեգորիայի օտարերկրացի զոհի վերադարձն իրականացվում է իր օրինական ներկայացուցչի, հոգեբանի կամ ոստիկանի ուղեկցությամբ:

10. Այն դեպքում, երբ զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի վերադարձը կարող է վտանգել նրանց կյանքին կամ առողջությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախաձեռնությամբ օտարերկրացի զոհին կամ օտարերկրացի հատուկ կատեգորիայի զոհին կամ օտարերկրացի հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչին օրենքով սահմանված կարգով կարող են տրվել նաև Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ և (կամ) Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք:

11. Օտարերկրյա պետություններում գտնվող զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ Հայաստանի Հանրապետությունում ունեն փախստականի կարգավիճակ անվտանգ վերադարձը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցչություն)՝ համագործակցելով դեսպանընկալ պետության իրավասու մարմինների հետ:

12. Դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի անվտանգ վերադարձը կազմակերպում է դեսպանընկալ պետության իրավասու մարմնի միջնորդությամբ կամ զոհի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից դիվանագիտական ներկայացուցչությանն անձամբ դիմելու դեպքում:

13. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը չունի անձը հաստատող կամ ճամփորդական փաստաթուղթ, ապա դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով ստուգում է զոհի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունենալու փաստը և աջակցում է բացակայող փաստաթղթերի վերականգնմանը կամ ձեռքբերմանը:

14. Դիվանագիտական ներկայացուցչությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի անձնական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես տեղափոխելով նրան անվտանգ վայր, որտեղ զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը կարող է գտնվել մինչև սահմանված կարգով նրա վերադարձի կազմակերպումը:

15. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կամ նրա օրինական ներկայացուցչի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնալու դեպքում, պաշտպանության նպատակով, դիվանագիտական ներկայացուցչությունը դիմում է դեսպանընկալ պետության համապատասխան իրավասու մարմիններին՝ զոհերի անձնական անվտանգությունն ապահովելու համար:

16. Սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաղթերն ստանալուց հետո դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցչի ուղեկցությամբ կազմակերպվում է օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող զոհի մեկնումը պետությունից՝ նախապես դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետությունում գտնվող զոհի օրինական ներկայացուցչին և (կամ) ոստիկանությանը՝ վտանգ սպառնալու դեպքում զոհին դիմավորելու և պաշտպանությունն ապահովելու համար:

17. Օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող հատուկ կատեգորիայի զոհի վերադարձը կազմակերպվում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված անձանց ուղեկցությամբ՝ նախապես տեղեկացնելով սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դիմավորողներին հատուկ կատեգորիայի զոհի Հայաստանի Հանրապետություն ժամանելու վայրի և ժամանակի մասին` նշելով զոհի անվտանգությանն իրական վտանգ սպառնալու հանգամանքը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան