Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1271
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.23/39(1219) Հոդ.415
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.05.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 մայիսի 2016 թ.

 

ԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՍԱՔԵՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողների ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Այվազյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Լ. Ալեքսանյանի, Ն. Սաքեյանի, Հ. Վարդանյանի և Գ. Ավետիսյանի՝ 2016 թվականի հունվարի 11-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Նոտարիատի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքները, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2001թ. դեկտեմբերի 4-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2001թ. դեկտեմբերի 27-ին և ուժի մեջ է մտել 2002թ. մարտի 1-ից:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի` «Նոտարի գույքային պատասխանատվությունը» վերտառությամբ 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը սահմանում է.

«Նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում»:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004թ. փետրվարի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2004թ. մարտի 16-ին և ուժի մեջ է մտել 2004թ. դեկտեմբերի 31-ից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` «Հիմնական հասկացությունները» վերտառությամբ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, որը լրացվել է 17.12.14թ. ՀՕ-257-Ն օրենքով, ամրագրում է՝

«Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) վարչական մարմիններ` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ`

ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ...»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Ֆ. Մկրտչյանն այլ անձի պատկանող անձնագրի օգտագործմամբ 04.07.2007թ. գնել է Երևան քաղաքի Շերամի փողոցի 113-րդ շենքի հ. 81 բնակարանը և ստացել սեփականության իրավունքի գրանցման վկայական:

04.08.2007թ. Ֆ. Մկրտչյանը ներկայանալով այլ անձի անունով` ներկայացնելով կեղծ անձնագիր, «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտարի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագրով վերը հիշատակված բնակարանը վաճառել է դիմող Լուսինե Ալեքսանյանին և դրա դիմաց նրանից ստացել 11.390.000 ՀՀ դրամին համարժեք 34.500 ԱՄՆ դոլար: Նույն օրը Ֆ. Մկրտչյանը կրկին ներկայացնելով նշված անձնագիրը` «Շենգավիթ» նոտարական գրասենյակի նոտարի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագրով այդ բնակարանը վաճառել է դիմող Նարինե Սաքեյանին և վերջինից տարբեր տարադրամներով ստացել 10.938.916 ՀՀ դրամին համարժեք գումար:

06.08.2007թ. Ֆ. Մկրտչյանը վերը նշված եղանակով «Մալաթիա» նոտարական գրասենյակի նոտարի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագրով նույն բնակարանը վաճառել է նաև դիմող Հասմիկ Վարդանյանին և դրա դիմաց նրանից ստացել 11.459.360 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար: Նույն օրը Ֆ. Մկրտչյանը վերստին ներկայացնելով վերը նշված կեղծ անձնագիրը` «Նոր Նորք» նոտարական գրասենյակի նոտարի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագրով նույն բնակարանը 10.054.282 ՀՀ դրամին համարժեք 29.800 ԱՄՆ դոլար գումարով վաճառել է դիմող Գագիկ Ավետիսյանին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 06.09.2011թ. ԵԿԴ/0047/01/11 դատավճռով Ֆ. Մկրտչյանը, ի թիվս այլ հանցագործությունների, մեղավոր է ճանաչվել նաև սույն գործով դիմողների առանձնապես խոշոր չափերով գումարները խարդախությամբ հափշտակելու համար և դատապարտվել ազատազրկման: Դատարանը վճռել է նաև Ֆ. Մկրտչյանից հօգուտ սույն գործով դիմողների, որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում, բռնագանձել առուվաճառքի պայմանագրերով նրանց վճարած գումարները:

Դատապարտյալին պատկանող գույքի բացակայության պատճառով հանցագործության հետևանքով դիմողների կրած գույքային վնասի հատուցման մասին դատարանի դատավճիռը չի կատարվել:

05.05.2014թ. դիմողների ներկայացուցիչները դիմել են ՀՀ արդարադատության նախարարին` նոտարների գործողությունների հետևանքով իրենց կրած գույքային վնասի հատուցման պահանջով: ՀՀ արդարադատության նախարարությունը 23.05.2014թ. N 10/3396-14 գրությամբ վերադարձրել է դիմումը` պատճառաբանելով. «... դիմումով առաջադրված պահանջը չի մտնում ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ որևէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ...»:

Վերը նշված դիմումով ակնկալվող բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին դիմողներն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը 2014թ. դեկտեմբերի 25-ի վճռով (վարչական գործ թիվ ՎԴ/3369/05/14) հայցը մերժել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2015թ. հուլիսի 8-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի վերը նշված վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել է: Միաժամանակ, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում դիմողների անունից «… գործի վարույթը կասեցնելու, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ» միջնորդություն է ներկայացվել, որը Վերաքննիչ դատարանի 18.06.2015թ. արձանագրային որոշմամբ մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2015թ. նոյեմբերի 4-ի որոշմամբ գտել է, որ նշված վարչական գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ հիմքեր չկան և դիմողների անունից ներկայացված բողոքի վարույթ ընդունելը մերժել է:

 

3. Դիմողները գտնում են, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը` բացառելով նոտարի ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը` նոտարին չդիտելով որպես վարչարարություն իրականացնող մարմին, հակասում են ՀՀ Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 1-ին, 3, 23, 28, 61, 63, 66, 10 և 59, 76, 75-րդ հոդվածներին:

Դիմողները գտնում են, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը նոտարի ներկայությամբ կնքելը և դրա նոտարական վավերացումը կողմերի հայեցողությանը թողնված չէ՝ դա կամավոր գործողություն չէ, այլ կողմերի պարտականությունն է, որը չկատարելն իրավունքի ուժով հանգեցնում է գործարքի առոչնչության:

Դիմողները գտնում են, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով ապահովված չէ արդյունավետ կառուցակարգ անձանց գույքային իրավունքների պաշտպանության և կրած վնասի վերականգնման համար, քանի որ «նոտարի իրավունակության և/կամ գործունակության դադարելու ցանկացած դեպքում որևէ մեկը պատասխանատվություն չի կրում նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար կամ նոտարի պաշտոնավարումը դադարելուց հետո, նյութաիրավական տեսանկյունից, նոտարի իրավահաջորդ գոյություն չունի: … Հնարավոր են նաև դեպքեր, երբ բացակայում է առանձին վերցված նոտարի մեղքը, սակայն կառուցակարգերի անկատարության պատճառով անձինք դարձել են իրավունքի խախտման զոհ»:

Ըստ դիմողների` խնդրո առարկա իրավակարգավորման հետևանքով անձինք, այդ թվում նրանք, ովքեր նոտարի ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով ունեն «տուժողի» կարգավիճակ, զրկվում են իրավական պաշտպանության իրավունքից:

Իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողները վկայակոչում են սեփականության իրավունքի երաշխավորման, ապահովման և պաշտպանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի 12.07.2011թ. ՍԴՈ-983 որոշումը և այդ որոշմամբ վկայակոչված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) Մեծ պալատի` Օներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի գործով (Oneryildiz v. Turkey 48939/99) 2004թ. նոյեմբերի 30-ի վճռի 134-րդ կետը:

Ինչ վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետին, ապա այն դիմողների համոզմամբ պարունակում է իրավական բաց, քանի որ չի ներառում նոտարներին՝ որպես հանրային ծառայություններ, գործառույթներ իրականացնող վարչական մարմնի: Դիմողները գտնում են, որ օրենսդիրը դրանով արտադատական իրավական պաշտպանությունից և վերահսկողությունից դուրս է թողել մի ամբողջ ոլորտ՝ նոտարների հետ իրավահարաբերությունները:

 

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկներին` գտնում է, որ վիճարկվող իրավադրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Ըստ պատասխանողի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի «վարչական մարմիններ» հասկացության մեջ նոտարները ներառվել չեն կարող, քանի որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը և, հետևաբար, որպես անհատ ձեռնարկատեր նրանք գործունեություն են իրականացնում իրենց ռիսկով, որի համար, ինչպես այլ անհատ ձեռնարկատերերի դեպքում, պետությունը պատասխանատվություն չի կրում:

Պատասխանողը գտնում է, որ նոտարի գործունեության հանրային բնույթ կրելը պայմանավորված է արդարադատությանը նպաստելու` նոտարների առաքելությամբ, որը, վարչական մարմիններին բնորոշ գործադիր-կարգադրիչ գործունեություն չլինելով, վարչարարություն չի հանդիսանում:

Ըստ պատասխանողի` նոտարիատի գործող համակարգն արդյունավետ կառուցակարգ է քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման համար: Այն, որ կոնկրետ գործով անձանց վնաս է պատճառվել խարդախության միջոցով, չի կարող տուժողների մոտ իրավաչափ ակնկալիք առաջացնել, որ հանցագործությամբ պատճառված վնասը պետք է հատուցվի պետության կողմից: Պետությունը չի կարող այնպիսի մեխանիզմ ներդնել, որով կբացառվի հանցագործությունների և դրանց հետևանքով անձանց վնաս պատճառելու հանգամանքը, կամ էլ կհատուցվի բոլոր հանցագործությունների հետևանքով տուժողներին պատճառված նյութական վնասը: Որպես նման վնասները հատուցելու մեխանիզմ պետությունը սահմանել է դրանք վնաս պատճառած անձանց կողմից հատուցելու պարտականություն:

 

5. ՀՀ նոտարական պալատը սահմանադրական դատարանի պահանջով ներկայացրել է դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, մասնավորապես հայտնելով, որ.

- Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող նոտարական համակարգը փոխառված է ռոմանագերմանական իրավական համակարգի երկրներում լայնորեն կիրառվող լատինական մոդելից, որտեղ նոտարներն իրավակիրառ գործընթացում կոչված են ապահովելու հանրային և մասնավոր շահերի զուգակցումը: Ու թեև նոտարն իրականացնում է հանրային գործառույթներ, իր լիազորություններն ստանում է պետությունից և դրանք իրականացնում պետության անունից, սակայն վերջինս չի հանդիսանում պետական մարմին, օժտված չէ պետաիշխանական լիազորություններով, որը կապահովի վերջինիս կամքի պարտադիրությունն իրավահարաբերության մյուս կողմի համար, այլ գործում է անկախ և սեփական պատասխանատվությամբ,

- ինչպես միջազգային պրակտիկայում, այնպես էլ ՀՀ օրենսդրությամբ նոտարական գործողությունների հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով օրենսդրական մակարդակով ամրագրված է ինչպես նոտարի գույքային պատասխանատվության, այնպես էլ նոտարի կողմից իր պատասխանատվության ռիսկն ապահովագրելու պարտադիր պահանջ,

- ամփոփելով նոտարի իրավական կարգավիճակի և պատասխանատվության վերաբերյալ համանման իրավական կարգավորումներն այլ պետություններում` նոտարական պալատը հանգել է այն հետևությանը, որ, որպես կանոն, պետությունները նոտարի գործողություների համար պատասխանատվություն չեն կրում:

Նոտարական պալատը գտնում է, որ, հաշվի առնելով նոտարի գործունեության հանրային նշանակությունը` պետությունը նոտարի կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետևանքով անձանց պատճառված վնասի համար գույքային պատասխանատվության և այդպիսի պատասխանատվության ապահովագրության պարտադիր պահանջի օրենսդրական ամրագրմամբ ապահովել է սեփականության իրավունքի պաշտպանությունը:

 

6. Սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավադրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ելնել հանրային իշխանության կողմից մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից և այդ համատեքստում պարզել և գնահատել.

 - նոտարների իրավական կարգավիճակի առանձնահատկությունները, նրանց գործունեության և դրա հետևանքով անձին պատճառված վնասի հատուցման իրավական հիմքերը,

- արդյոք նոտարի գործունեության հետևանքով պատճառված վնասի համար գույքային պատասխանատվություն կրելուն ուղղված իրավադրույթներն անձի խախտված իրավունքի վերականգնումն ապահովող անհրաժեշտ իրավակազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր են նախատեսում:

 

7. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Սահմանադրական հիշյալ դրույթը հանրային իշխանությունների վրա դնում է երկու հստակ պարտականություն` հարգել, մասնավորապես, ձեռնպահ մնալ որևէ անհարկի միջամտությունից, և պաշտպանել, այսինքն` որոշակի գործողությունների ամբողջության միջոցով երաշխավորել, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չխախտվեն կամ խախտվելու դեպքում՝ վերականգնվեն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գնահատելու համար, թե արդյոք հանրային իշխանությունը կատարել է նշված պարտականությունները, անհրաժեշտ է անդրադառնալ համապատասխան հիմնական իրավունքին կամ ազատությանն առնչվող սահմանադրական դրույթներին: Սույն գործի շրջանակներում սահմանադրաիրավական վեճն առնչվում է սեփականության իրավունքի իրացմանը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Նշված դրույթը յուրաքանչյուրի համար երաշխավորում է ոչ միայն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները, այլ նաև` օրինական հիմքով սեփականություն ձեռք բերելու իրավունքը, ինչը պետությունից պահանջում է օրինական հիմքն այնպես կարգավորել, որ դրանից անձը վնաս չկրի, այլ երաշխավորվի սեփականություն ձեռք բերելու իրավունքը:

Նշված իրավունքների իրականացման արդյունավետ իրավակազմակերպական կառուցակարգեր և համապատասխան ընթացակարգեր չնախատեսելու դեպքում անձին կարող է վնաս հասցվել:

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի համաձայն՝ ՄԻԵԿ անդամ պետությունները պարտավոր են ոչ միայն ձեռնպահ մնալ ՄԻԵԿ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված` անձի սեփականության իրավունքը խախտելուց, այլ նաև ընդունեն այնպիսի օրենսդրություն, որը կպաշտպանի անձի սեփականության իրավունքն այլ անձանց ոտնձգություններից (Սովտրանսավտո հոլդինգն ընդդեմ Ուկրաինայի (Sovtransauto holding v. Ukraine, 25/07/2002թ. վճիռ, գանգատ թիվ 48553/99, կետ 96):

Այս առումով ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել ՍԴՈ-983 որոշմամբ արտահայտած իր իրավական դիրքորոշումն առ այն, որ «Հանցագործությունից տուժած անձանց գույքային իրավունքների պաշտպանության խնդիրը դիտարկելով պետության` սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պոզիտիվ պարտականությունների համատեքստում` սահմանադրական դատարանը գտնում է, որ սեփականության անձեռնմխելիության սկզբունքը ոչ միայն նշանակում է, որ սեփականատերը` որպես սուբյեկտիվ իրավունքների կրող, իրավասու է պահանջելու, որպեսզի այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նաև ենթադրում է պետության պարտականությունը` անձի սեփականությունը պաշտպանելու անօրինական ոտնձգություններից: Պետության այս պարտականությունը խնդրո առարկա իրավիճակում պահանջում է ապահովել արդյունավետ կառուցակարգ հանցագործությունից տուժած անձանց գույքային իրավունքների պաշտպանության և կրած վնասի վերականգնման համար»:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ամրագրվել է նոր դրույթ` ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածը, որն օրենսդրին ուղղակիորեն պարտավորեցնում է հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս սահմանել այնպիսի կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կերաշխավորեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը:

 

8. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է այդ օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ, այդ թվում` փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու միջոցով:

Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, «Հայաստանի Հանրապետության անունից» հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը: Նրա ստորագրությամբ ու կնիքով վավերացված կամ հաստատված փաստաթուղթն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ:

Օրենսդիրը հանրային իշխանությանը բնորոշ որոշ գործառույթների իրականացումը պատվիրակել է նոտարին: Ընդ որում, նոտարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տալիս է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիք, որի վրա նշված են «Հայաստանի Հանրապետություն» բառերը, և որով վավերացվում են համապատասխան փաստաթղթերը: Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալն ընդգծում է տվյալ գործառույթի կարևորությունը հանրային կյանքի կազմակերպման տեսանկյունից: Ուստի նոտարը չի կարող պարզապես համարվել որպես իր ռիսկով գործող անհատ ձեռնարկատեր, ինչպես ներկայացվում է պատասխանողի կողմից:

Միաժամանակ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/5014/05/09 վարչական գործով ընդունված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` նոտարի իրավական կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում ունի երկակի` հանրային-իրավական և մասնավոր-իրավական բնույթ:

Վերլուծելով նոտարի իրավական կարգավիճակի սահմանադրաիրավական բնույթը` Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Նոտարիատի մասին» առանձին օրենքով օրենսդիրը կարգավորել է նոտարների գործունեությունը, հետևաբար` վարչական մարմինների ցանկում նոտարներին չընդգրկելն օրենսդրական բաց համարվել չի կարող: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ նոտարների նկատմամբ, այն վերաբերում է միայն վարչարարություն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց գործունեության իրավական հիմքերն այլ են:

ՀՀ սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում նաև, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Կ-902-24.11.2015-ՊԻ-010/0) օրենսդրական նախաձեռնություն:

ՀՀ կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում պետք է ամրագրվի 2-րդ մաս, ըստ որի` «... վարչական մարմին է համարվում նաև այն մարմինը կամ անձը, որին օրենքով ուղղակիորեն վերապահվել է վարչարարություն իրականացնելու լիազորություն»: Փոփոխության նախագծի հիմնավորումներում նշվում է, որ «վարչական մարմին» հասկացությունը չի կարող ներառել միայն տվյալ հոդվածում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քանի որ կան նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ չհանդիսացող այլ մարմիններ և անձինք, որոնց օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերապահվել է վարչարարություն իրականացնելու լիազորություններ:

Սահմանադրական դատարանը կարևորում է այնպիսի իրավակարգավորումների անհրաժեշտությունը, որոնց շրջանակներում իր որոշ վարչական լիազորություններ մասնավոր անձանց փոխանցելու միջոցով պետությունը չի կարող հրաժարվել այդ լիազորությունների ոչ արդյունավետ իրականացման համար պատասխանատվությունից:

 

9. Անդրադառնալով այն հարցին, թե որքանով են պետության կողմից ստեղծված ընթացակարգերը երաշխավորում նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետևանքով պատճառված վնասի ամբողջական հատուցումը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն պետք է գնահատել նույն օրենքի համակարգային առումով փոխկապակցված այլ դրույթների հետ և արձանագրում է հետևյալը.

նախ. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթուղթն անվավեր ճանաչելը, կամ այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրած կամ հաստատած նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավեր ճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տված օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտման պատճառով: Բոլոր դեպքերում, խոսքը կարող է վերաբերել միայն մեղքի առկայության դեպքում պատասխանատվությանը։ Դատարանի կողմից պետք է հաստատված լինի նոտարի մեղքը խախտման կամ օրենսդրությանը հակասող նոտարական գործողության կատարման մեջ։

Երկրորդ` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությանը համապատասխան` նոտարը գույքային պատասխանատվություն է կրում միայն իր կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետևանքով նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիտավորությունը մեղքի միայն մի ձևն է: Մեղքի մյուս ձևերը բացահայտված են ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Չբացառելով իրականության մեջ նոտարի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում անձին անզգուշությամբ, մասնավորապես, անփութության հետևանքով վնաս պատճառելու հնարավորությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս պարագայում նման տարբերակված մոտեցումը, երբ նոտարի պատասխանատվությունը նախատեսված է միայն նոտարի կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետևանքով նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար, որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը (Ռուսաստան, Ուկրաինա, Լիտվա, Էստոնիա, Բուլղարիա, Սլովենիա) վկայում է այն մասին, որ երկրների մեծ մասում կիրառվում է «մեղավոր գործողությամբ» կամ «իր մեղքով» ձևակերպումը, ինչը նշանակում է, որ գույքային պատասխանատվություն կրելու համար նշանակություն չունի, թե մեղքի ինչ ձևով է թույլ տրվել խախտումը, որի արդյունքում վնաս է պատճառվել:

Երրորդ` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից: Այն հանգամանքը, որ նոտարը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը, վկայում է այն մասին, որ օրենսդիրը փորձել է ամրագրել այնպիսի ընթացակարգ, որի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության արդյունքում պատճառված վնասի հատուցումը կլինի երաշխավորված: Սակայն հարկ է նշել, որ ապահովագրվող պատասխանատվության ռիսկի նշված նվազագույն չափը միշտ չէ, որ կարող է բավարար համարվել նոտարի մեղքով պատճառված վնասի իրավաչափ հատուցման համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի նշված դրույթները, որոնք կարգավորում են նոտարի պատասխանատվության վերաբերյալ հարցերը, հաշվի չեն առնում հնարավոր իրավիճակների ամբողջ բազմազանությունը և բավարար կառուցակարգեր և ընթացակարգեր չեն սահմանում անձի խախտված սեփականության իրավունքի պաշտպանության համար, որպիսի պարտականություն ՀՀ Սահմանադրության 3-րդ և 75-րդ հոդվածների համաձայն կրում է պետությունը:

ՄԻԵԿ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում անդրադառնալով պետության պոզիտիվ պարտավորությանը` ՄԻԵԴ-ը Բլումբերգան ընդդեմ Լատվիայի (Blumberga v. Latvia, 14/10/2008թ. վճիռ, գանգատ թիվ 70930/01, կետ 67) գործով արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի` պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել անձի իրավունքների պաշտպանությունն ազգային օրենսդրությամբ սահմանված արդյունավետ մեխանիզմների միջոցով, այդ թվում անհրաժեշտության դեպքում ապահովել վնասների հատուցման իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա օրենսդրական ընթացակարգերը չեն երաշխավորում նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետևանքով պատճառված վնասի իրավաչափ հատուցումը և անձի սահմանադրական իրավունքների երաշխավորված պաշտպանությունը:

Ինչ վերաբերում է պատճառված վնասի համար պետության պատասխանատվությանը, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն որևէ կերպ չի նշանակում, որ վնասի հատուցումը պարտադիր պետք է տեղի ունենա բացառապես պետական միջոցների հաշվին: Տվյալ դեպքում պետության գույքային պատասխանատվությունը կարող է բացառվել, եթե պետության կողմից ստեղծված կառուցակարգերը և ընթացակարգերը երաշխավորեն Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետևանքով պատճառված վնասի ամբողջական հատուցում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող:

2. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի հոկտեմբերի 31-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։

3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


10 մայիսի 2016 թ.

ՍԴՈ-1271

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան